Գրքեր

Հիսուսի Փրկագործությունը

«Զի ոչ ետ Աստված ի բարկություն, այլ ի փրկություն կենդանության ի ձեռն Տեառն մերո Հիսուսի Քրիստոսի»: (Ա Թես. 5:9)

 

Աստված չի սահմանել, որպեսզի մենք բարկության առարկաներ լինենք, այլ փրկության: Հին Կտակարանի պատմության մեջ՝ որտեղ Աստծո գործերը պատմվում են այնքան հրաշալի և մեծասքանչ տեսարաններով, Աստված ներկայանում է որպես Իր սիրելի ժողովրդի՝ Իսրայելի պաշտպան, և Իր զորավոր աջով ամեն ժամ հսկում է նրան կատարելության հասցնելու համար: Այնտեղ Աստված ներկայանում է բառիս բոլոր իմաստներով վրեժխնդիր ոգով՝ կայծակներ, շանթեր թշնամի ազգերի վրա՝ ի պաշտպանություն իր ժողովրդի: Այսպես՝ Աստծո բարկությունը երևում է Կայենի թափառական երերման և խելացնորության մեջ, Ղովտի կնոջ քարացած արձանի մեջ, Հեզաբելի լափված արյան մեջ, այն կրակի մեջ, որը ջնջում է ամեն ինչ: Ինչպե՞ս էր հնարավոր, որ տկար մարդը կարողանա ապրել այդ հարվածների և վրեժխնդրությունների ներքո, և ինչպե՞ս խոնարհ հավատացյալը պաշտեր այդ Աստծուն, որը հարվածների ներքո տառապանք է պատճառում Իր ոխերիմին:

Սակայն այդ վրեժխնդրությունը և բարկությունը անհրաժեշտ էր, առանց որի անկարելի էր ուղղության բերել և սրբության մեջ պահել մարդուն, անօրենության և ապերախտության հանդեպ պետք էր այդ վրեժխնդրությունը, մինչև որ ժամանակը գար և լրանար, մինչև որ Իր Որդուն ուղարկեր՝ մեզ փրկության զավակներ դարձնելու համար: Երբ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսը գալիս է, ավետում է թողություն, խաղաղություն, փրկություն: Նա ասում է երկրի վշտացածներին. «Եկեք ինձ մոտ, Ես հեզ եմ և խոնարհ սրտով». թշնամիների համար միայն աղոթք է անում, իսկ չարչարողների և անիծողների համար՝ օրհնություն: Գողգոթայի վրա, որտեղ մարդկությունը ներկայացավ իր ամբողջ անիրավությամբ և ոճրագործությամբ, որտեղ մտամոլոր մարդը չկարողացավ ճանաչել սրբությունն ու արդարությունը, որտեղ իր Աստծուն խաչեց և չարչարեց, նախատեց ու արհամարհեց, պետք չէ՞ր, որ նույն վրեժխնդրության հրով այրեր ու լափեր ոճրագործ պիղծ մարդկանց, պետք չէ՞ր, որ շանթով և կայծակով վայրկենաբար նրանց սպաներ, և սակայն այնտեղ սեր և խաղաղություն է երևում, այնտեղ հեզություն և համբերություն է երևում, այնտեղ թողություն է շնորհվում:

Երկյուղածների և սուրբ սրտերի մեջ տարածված էր այն համոզմունքը, թե այն ժամանակ միայն Աստված պիտի դադարեցներ իր զորությունը, երբ թշնամին չջախջախվեր, կամ երբ թշնամին հաղթանակ տաներ, կամ երբ երկինքը իր վրեժխնդրությամբ աստվածային բարկություն չճայթեր: Այս գաղափարը ունեցավ նաև Եղիայի ոգով սնված Հովհաննես Մկրտիչը. «Ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ պիտի գա», այս խոսքը ասում էր բոլոր նրանց, ովքեր չէին հարգում նրան և չէին ցանկանում լսել նրա խոսքերը:

Սակայն Հովհաննես Մկրտչի այս խոսքը բարեպաշտ հրեայի ոգով ասված մի խոսք էր, ինքնըստինքյան ճշմարտություն չուներ, մաքուր և սուրբ սրտերի բնական հակումն ու գիտակցությունն էր, որ Աստված պիտի վրեժխնդիր լիներ անպատվողներից, սակայն այդ Եկողը, «Գալոցը», որով ակնարկվում է Հիսուս, բարկություն պիտի չլիներ, այլ փրկություն՝ ոչ միայն Իսրայելի, այլ համայն մարդկության. Հովհաննես Մկրտիչը դեռևս չէր կարողացել բնորոշել Նրա փրկագործ հատկությունը, և նույն այդ գաղափարին ծառայելով էր, որ Նրա մոտ ուղարկեց իր տարակուսած աշակերտներին՝ իմանալու, թե արդյոք Նա է Մեսիան:

Ո՛վ հավատացյալներ, անշուշտ բարկությունը չէ, որ պիտի գար, այլ խաղաղությունը, օծությունը, հեզությունը, խոնարհությունը: Քրիստոս չի հիշեցնում պատժող Աստծո սպառնալից բարկությունը: Հրեաները, որ Մեսիայի առումով արքայական գավազան էին երազում, դրա փոխարեն Նա իր ձեռքում եղեգ ուներ, հաղթական փառաշուք պսակի փոխարեն՝ փշե պսակ, ծափողջույների փոխարեն՝ հրապարակային թշնամություն և ատելություն, սակայն Նրա ձայնը փոթորկի և որոտման ձայների նման չի սպառնում, այլ ներողամտություն, թողություն է շնորհում, և խաղաղություն ու փրկություն է ավետում:

Բայց այսօր ինչո՞ւ մեզ հետ բարկացած խոսեց (Մատթ. 23:1-39), ինչո՞ւ Նրան այսօր բարկացած տեսանք, Իր խոսքերն ինչո՞ւ էր այնքան բարկությամբ արտասանում. Նա, որ այնքան ներողամիտ, հեզահամբույր և խոնարհ էր, ինչո՞ւ վրեժխնդիր ոգով, բարկությամբ է խոսում նրանց դեմ, ովքեր միայն օրենքը կետ առ կետ էին կատարում, ինչո՞ւ է բարկությամբ այնքան «վա՜յ»-եր արձակում, ի՜նչ զարհուրելի «վա՜յ»-եր, որոնք փայլակի և որոտի նման յոթ անգամ թնդացին. Ինքը, որ մի ժամանակ յոթ երանիներով սկսեց իր հրապարակախոսությունը, ինչո՞ւ է հիմա այսպես «վա՜յ»-երով, «վա՜յ»-երով վերջացնում, ինչո՞ւ, միթե՞ սիրո ոգին փոխվեց վրեժխնդրության ոգու: Բացահայտ է, ո՜վ հավատացյալներ, այնպիսի մարդկանց առջև էր խոսում, որոնք կեղծավորությամբ ցանկանում էին ծածկել անսուրբ զգացմունքները և ժանգոտած սրտերը, որոնք արտաքնապես սուրբ էին երևում, սակայն ներքնապես պիղծ էին, որոնք այրու տունն ու ինչքերը իրենց մեջ էին բաժանում, որոնք ոսկին տաճարից վեր էին դասում, խեղաթյուրում էին ինչ որ ճշմարիտ է, կրոնը պղծում էին իր կուսության մեջ:

Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս չհանդիմաներ հանցավորներին, ինչպե՞ս չնախատեր կեղծավորությունը, մի՞թե Նա, ով ազնիվ հոգի ունի չպիտի՞ բարկանա, երբ տեսնում է, որ բարոյական օրենքները ոտքի տակ են ընկած, ինչպե՞ս չզայրանա նրանց դեմ, ովքեր Իր Աստվածային գործին արգելք էին լինում, որոնք հեգնում էին Նրա գործը, անպատվում էին Իրեն. արդա՜ր զայրույթ նրանց դեմ, ովքեր հավիտենապես չպիտի կարողանան ընդգրկել Իր սկզբունքները, որոնք ցանկանում էին ամեն կերպ խաբել Աստծուն:

Բայց այս բոլոր պարագաներում Փրկիչը դեռ վրեժխնդիր չէ, քանի որ այդ բարկությունը երբեք վրեժխնդրություն չէ, քանի որ ո՞ր փարիսեցու ճակատին հարվածեց՝ նրա գանգի մեջ եղող աղտոտ գաղափարները դուրս թափելու համար, ո՞ր դպիրի գլխին շանթեր տեղաց, որի աչքերը վառվում էին ամեն տեսակ աղտեղի կրքերով, ո՞ր փարիսեցու լայն վերակրուն պատռեց՝ նրա նենգամտությունը ցույց տալու համար:

Ի՜նչ հրաշալի տեսակետներ ունի Հիսուսն Իր խոսքի մեջ: Տեսե՛ք, ավազակը, որ իր ապիրատ գործերով բոլորի առջև նշավակ էր և մի ստոր գազան էր համարվում, իր անկեղծ խոսքի համար, իր վսեմ հավատքի մեջ փրկության արժանացավ, և արդարև ի՜նչ մեծ հավատք, երբ ասում էր. «Տե՜ր հիշի՛ր ինձ, երբ գաս քո թագավորությամբ», և այդ ավազակին էր, որ Հիսուս ասաց. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես». այդ լսելով ո՞ր փարիսեցին չպիտի փակեր իր ականջները, ո՞ր քահանան չպիտի պատռեր իր զգեստները, ո՞ր դպիրը չպիտի կրճտացներ իր ատամները:

Քրիստոս երբեք վրեժ չի լուծում, վրեժի լուծումը իր չարչարանքների մեջ է գտնում, և այդ չարչարանքով ամբողջ մարդկությանը փրկություն է բաշխում, և փրկություն և կյանք է շնորհում մահվամբ:

Մի՞թե չէր կարող վրեժ լուծել նրանցից, ովքեր եկան Գեթսեմանիի պարտեզից Իրեն տանելու, մի՞թե չէր կարող իրեն Գողգոթայի բարձունքը տանողներին տասներկու գունդ հրեշտակներով գետնին տապալել, մի՞թե չէր կարող խաչը հանողներին երկնային շանթերով ոչնչացնել, բայց ո՛չ, Իր բնության մեջ չկա վրեժխնդրություն, Իր բնությունը ներողամտություն է, փրկություն. վրեժ է առնում միայն Իր չարչարանքով և մահվամբ, որ փրկություն և խաղաղություն է:

Խաչով փրկեց մեզ, հանեց այն խավարից, որի մեջ կորել էր մարդը, և դրեց լույսի մեջ, մեզ փրկեց մահվան կապանքներից, որին ենթարկվել էինք, մեզ փրկեց այն վտանգներից, որոնք կարող էին մեզ անդունդները գլորել. այս փրկությունը բարկության հետևանքով եղավ: Եթե չտեսներ այն պղծությունները, այն խաբեությունները, եթե մարդու ներսը նայած չլիներ, չքններ փարիսեցիների ներսը, ինչպե՞ս պիտի կարողանար մարդուն փրկել իր անկյալ և ստորին վիճակից:

Ո՜վ հավատացյալներ, իմանանք սթափվել և զերծ մնալ այն բարկությունից, որ մեզ վրա է գալիս. մեր գործերի և խորհուրդների մեջ ուղղություն, ճշմարտություն դնենք: Նրա նման հեզ և խոնարհ լինենք, մեզ վրա կրենք Իր դրած լուծը, որպեսզի փրկվենք և հավիտենական կյանքի արժանանանք՝ օրհնելու և գովելու երեքսրբյան Տերությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատորԿՊոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

10.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․