Գրքեր

Հնազանդության մասին

Ոմն եղբայր բնակվում էր Սկիտեում և կամենում էր հնձի գնալ: Գնաց մի ծերի մոտ և ասաց. «Ինձ խո՛սք ասա, հա՛յր, որովհետև հնձի եմ գնում»: Ծերը նրան ասաց. «Իսկ եթե քեզ խոսք ասեմ` կկատարե՞ս»: Պատասխանեց եղբայրը և ասաց. «Այո՛, կլսեմ քեզ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Գնա՛ հրաժարվիր հնձից և ե՛կ, և ես քեզ կասեմ, թե ինչ անես»: Եղբայրը գնաց և հրաժարվեց հնձից, ապա եկավ ծերի մոտ: Ծերը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և պահի՛ր երեկոյից մինչև երեկո, աղ ու հաց ճաշակի՛ր միայն և եկ՝ ուրիշ բան կասեմ քեզ»: Եղբայրը գնաց և կատարեց այն, ապա գալով՝ պատմեց հորը: Հայրը տեսնելով, որ հնազանդության առաքինի մշակ է, նրան ուսուցանեց սենյակում նստելու կարգը: Եվ գնաց եղբայրն  իր տունը և գետնատարած ընկնելով` երեք օր ողբում էր ջերմ արտասուքներով և զգաստ զղջումով: Դրանից հետո խորհուրդներն սկսեցին շփոթեցնել նրան և ասել. «Ահա մեծ և առաքինի մեկը եղար»: Իսկ նա իր առջև էր դնում իր մեղքերի բազմությունը  և  դրանով  հույժ  խոնարհվում էր: Իսկ նրա խորհուրդները դարձյալ ասում էին. «Սաստիկ մեղավոր ես դու և քեզ փրկության հույս չկա»: Իսկ նա  դարձյալ ասում էր. «Թեպետ և սաստիկ մեղավոր եմ ես, սակայն կկատարեմ իմ սակավ աղոթքներն ու կարգը և, կհուսամ Աստծո անբավ ողորմությանը, որ թերևս կողորմի ինձ»: Եվ երբ երկու կողմերից էլ պարտվեց թշնամին, այնժամ նրան դեմ հանդիման երևաց դևը և ասաց. «Ո՜վ մարդ, ձանձրացա ես քեզ հետ»: Եղբայրն ասաց. «Ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառով»: Դևը նրան ասաց. «Երբ քեզ բարձրացնում եմ` փախչելով իջնում ես դեպի խոնարհություն, իսկ եթե խոնարհեցնում եմ, փութաջանորեն ելնում ես դեպի բարձունք»: Եղբայրը նրան ասաց. «Տերն է իմ զորությունը, և իմ հույսը նրա վրա է»: Եվ դևը հալածվելով՝ անհետացավ: Իսկ եղբայրը կրկին զգաստանալով Աստծո շնորհով և ծերի խրատներով` եղավ ընտիր կրոնավոր` հայրերին հնազանդ լինելու շնորհիվ, և փառավորեց Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․