Գրքեր

Հնազանդության մասին

Երուսաղեմի մոտակայքում՝ մի մեծ և խոր ձորի մեջ, ծովի եզերքին, որտեղ կրոնավորների վանքն էր, կար մի բարձր քարայր: Վանքի կրոնավորներից մի երիտասարդ ցանկացավ բարձրանալ այնտեղ և մենակ բնակվել: Սա աղաչեց վանահորը թույլ տալ իրեն այնտեղ բարձրանալ, իսկ վանահայրն արգելեց և ասաց նրան. «Որդյա՛կ, չես կարող մենակ բնակվել այնտեղ, որովհետև դեռևս ճգնավորական կյանքի մեջ չես ամրացել, քո մտքի չար խորհուրդները չես հնազանդեցրել և մյուս կրոնավորների չափին դեռ չես հասել, բայց մի գործ ես ուզում ձեռնարկել, որ քո կարողություններից չափազանց վեր է: Մի՞թե անտեղյակ ես սատանայի չար հնարքներին և խարդախությանը, թե ինչպես է մարտնչում Աստծո ծառաների դեմ: Ավելի լավ է, որդյա՛կ, եղբայրներիդ սպասավորելով՝ նրանց աղոթքները շահես և նրանց հետ սահմանված ժամերին աղոթքի կանգնես և Աստծուն փառաբանես, քան թե միայնակ՝ քարայրում բնակվես և մարտնչես չար խորհուրդների դեմ, որ չարը սերմանում է մարդկանց մտքերում: Քրիստոս ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20), սակայն վա՜յ միայնակին, քանզի եթե ընկնի նեղսրտության մեջ և ձանձրանա իր մտքում, չի լինի մեկը, որ մխիթարի և նեցուկ լինի նրան»: Եվ բազում այլ խրատներ էր տալիս երիտասարդին, սակայն չկարողացավ արգելել այն գործը, որ նա կամենում էր իրագործել, և թույլ տվեց նրան կատարել իր կամքը: Եվ նա այլ կրոնավորների հետ գնաց, դրեցին սանդուղքը, և նա բարձրանալով` բնակվեց այնտեղ, և սանդուղքը վերցրին: Վանահայրը պատվիրեց եղբայրներից մեկին հաց ու ջուր տանել նրան` չափով, իսկ նա կախում էր զամբյուղն ու հանում վերև: Ոչ շատ ժամանակ անց բանսարկուն, որ ի սկզբանե մարդկանց թշնամին էր, սկսեց նեղել նրան չար խորհուրդներով և հպարտություն սերմանել նրա մտքում: Մի օր էլ սատանան այլակերպվեց որպես լուսեղեն հրեշտակ, երևաց նրան և ասաց. «Քո սուրբ ճգնության, անդադար աղոթքների և հրեշտակակրոն վարքի համար Տեր Աստված առաքեց ինձ, որ բնակվեմ քեզ հետ և սպասավորեմ քո սրբությանը»: Մենակյացն ասաց. «Ի՞նչ բարի գործ արեցի, որ հրեշտակն ինձ սպասավորի»: Բանսարկուն ասաց. «Ամեն ինչ, որ անում ես, մեծ է և ընդունելի` Աստծո առաջ, որ թողեցիր երկիրը և նրա բոլոր վայելչություններն ու փափկությունները և վերցրիր քո խաչը, պահքերով ու աղոթքներով գնացիր Քրիստոսի հետևից, և թողնելով վանքը՝ ելար և բնակվեցիր միայն հրեշտակների հետ՝ այս քարածերպ վեմի մեջ. ինչո՞ւ չծառայեն քեզ»: Այսպիսի պատիր խոսքերով տառապյալ մենակյացին գցեց սնափառության մեջ, և ամեն ժամ երևում էր նրան իբրև հրեշտակ և խոսում էր նրա հետ իբրև մարդ: Մի օր գողերը մտան մի մեծահարուստ մարդու տուն, բազում իրեր գողացան և թաքցրին մի ծածուկ տեղում: Այն կողոպտված մարդը տրտմած գնաց մենակյացի մոտ` պատմելու նրան եղելությունը: Մինչ գնում էր, դևն առաջ անցավ նրանից, հասավ քարայր և մենակյացին ասաց. «Մի մարդ է գալիս քեզ մոտ, որի անունը Մարուզան է, և որի տուն գողերը գիշերով մտան, բազում ունեցվածք գողացան և թաքցրին այսինչ տեղում»: Եվ երբ մոտեցավ այդ մարդը քարայրին, ներքևից վերև աղաղակեց և ասաց. «Օրհնի՛ր, հա՛յր սուրբ»: Նա խոնարհվելով՝ այրի անցքից ասաց. «Մի՛ տրտմիր, Մարուզա՛ն, քանզի գողերը, որ գողացան քո ունեցվածքը, թաքցրին այսինչ տեղում. հապշտապ գնա և կգտնես»: Մարդը զարմացավ` իրեն անունով դիմելու և գողության մասին գիտենալու վրա, արագ­արագ գնաց նշված տեղը և գտավ իր ունեցվածքն ամբողջովին: Եվ ողջ երկրով մեկ համբավեց այդ լուրը, թե այն մենակյացը, որ քարածերպ վեմի մեջ է, սուրբ մարգարե է, և պատմում էր, թե ինչպես նախօրոք ասաց իր անունը, գողերի մասին և թաքստոցի տեղը: Այդ գավառի բոլոր կողմերից կանայք ու տղամարդիկ էին գնում նրա մոտ և իբրև մարգարեից` խոսք էին լսում նրանից, և մեծապես փառավորվեց նրա անունը: Եվ ամենայն ժամ դևերը նրան ասում էին այն, ինչ կատարվելու էր, իսկ նա այդ մասին ասում էր նրանց, ովքեր գալիս էին նրա մոտ: Իսկ վանահայրն ու կրոնավորները մեծապես սքանչանում էին և փառավորում էին Աստծուն, որ այդքան կարճ ժամանակում այդպիսի շնորհներ տվեց մենակյացին: Եվ Տիրոջ համբարձման տոնից երկու օր առաջ երևաց նրան սատանան՝ որպես հրեշտակ, և ասաց. «Իմացի՛ր, հա՛յր սուրբ, որ քո արժանավոր աղոթքների համար այլ հրեշտակներ ևս գալու են քեզ մոտ, որպեսզի քեզ մարմնով բարձրացնեն երկինք, և կտեսնես այն երկնային անպատմելի գեղեցկությունների փառքը, որ Աստված պատրաստել է քեզ համար»: Եվ այս ասելով` որպես թե բարձրացավ երկինք: Իսկ ողորմած և մարդասեր Աստված, որ չկամեցավ նրա այսպիսի ճգնությունների կորուստը, խորհուրդ գցեց նրա սիրտը, որ կանչի վանահորն իր մոտ և ամեն ինչ պատմի նրան: Եվ երբ սպասավոր աբեղան տարավ հացն ու ջուրը, նա խոնարհվեց անցքից և ասաց. «Կանչի՛ր ինձ մոտ վանահորն ու նրա հետևից բե՛ր սանդուղքը»: Եվ երբ նրանք եկան, բարձրացավ վանահայրը մենակյացի մոտ, և միմյանց ողջունելուց հետո վանահայրն ասաց. «Ինչո՞ւ ինձ վերև կանչեցիր»: Մենակյացն ասաց. «Ինչո՞վ հատուցեմ այն ամենի փոխարեն, պատվակա՛ն հայր, որ դու արեցիր իմ անարժանության հանդեպ»: Վանահայրն ասաց. «Ի՞նչ բարի բան եմ արել քեզ, որդյա՛կ»: Եվ նա ասաց. «Բազում և մեծամեծ բարություններ արեցիր մեղսավոր անձիս հանդեպ, քանզի քեզանով առա ճգնավորական հրեշտակակրոն կարգը, քեզանով բնակվեցի բարձր քարայրի մեջ, քեզանով արժանի եղա տեսնելու հրեշտակներին և հարաժամ խոսելու նրանց հետ, և Ձեր աղոթքների շնորհիվ ընկալեցի կանխագիտության և մարգարեության շնորհը»: Եվ լսելով այս խոսքերը` վանահայրը զարհուրանքով ապշեց և ասաց. «Վա՜յ ինձ, որդյա՛կ, ո՜վ դու գերի և թշվառական: Դո՞ւ արժանացար հրեշտակներ տեսնելու և մարգարեանալու: Վա՜յ քեզ, եղկելի՛ և չարաշնո՛րհ, քեզ չէ՞ի ասում` մի՛ ել այս քարայրը, որպեսզի քո մտքերը չմոլորվեն չար դևերից: Վա՜յ քեզ, որ խաբվեցիր սատանայից»: Մենակյացն ասաց. «Այդպիսի բաներ մի՛ ասա ինձ, հա՛յր, որովհետև ես քո աղոթքներով հրեշտակներ եմ տեսնում, և Տիրոջ համբարձման օրը բազում հրեշտակներ են իջնելու և ինձ երկինք են բարձրացնելու մարմնով: Ես Քրիստոսին պիտի տեսնեմ և պիտի աղաչեմ նրան, որ քեզ ևս բարձրացնի այնտեղ, և ինձ հետ վայելես անսպառ ուրախությունները»: Հայրը հարվածեց իր երեսին և ասաց. Դիվահարվեցիր, որդյա՛կ, և ցնորվեց քո խելքը, սակայն ես այստեղից չեմ իջնի, մինչև չտեսնեմ, թե ինչ է լինելու: Ես պիղծ հրեշտակներին չեմ տեսնում, սակայն երբ կգան քեզ մոտ, ասա՛ ինձ»: Եվ ցած խոնարհվելով` սպասավորին պատվիրեց՝ այնտեղից հեռացնել սանդուղքը: Այդ երկու օրը մնաց քարայրում՝ մենակյացի մոտ, և մեծագույն ճգնությամբ աղաչում էր Աստծուն խաբված աբեղայի փրկության համար: Եվ երկու օր հետո եկան դևերը` հրեշտակների տեսքով, և աբեղան ասաց. «Հրեշտակները եկան, հա՛յր»: Եվ նա, իր գիրկն առնելով մենակյացին և ձեռքերով պինդ գրկելով նրա պարանոցը, բարձրաձայն աղաղակեց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս և Բա՛ն Աստծո, օգնի՛ր քո մոլորյալ ծառային և մի տո՛ւր բանսարկուի ձեռքը»: Դևերը քաշքշում էին տառապյալ աբեղային և կամենում էին հափշտակել վանահոր գրկից, և նա Աստծո անունով սաստեց նրանց, իսկ նրանք, կորզելով թիկնոցը աբեղայի ուսից, բարձրացրին դեպի վեր և անհետացրին: Երկու ժամ հետո տեսան՝ այն թիկնոցը, որ վերևից էր գալիս, ընկավ և բազմաթիվ մասերի պատռվեց: Եվ վանահայրն ասաց խաբված աբեղային. «Տեսնո՞ւմ ես, ո՜վ տառապյալ, թե դևերն ինչ արին քո թիկնոցի հետ, և նույնը ուզում էին քե՛զ հետ անել, և Սիմոն մոգի պես (Գործք. Ը 9-11, 18-24) ուզում էին քեզ բարձունքներից երկիր տապալել և չարաչար պահանջել քեզանից հոգիդ»: Այնուհետև կանչեց վանահայրը կրոնավորներին և դնելով սանդուղքը` իջեցրեց մենակյացին, տարավ վանք և ծառայության նշանակեց խոհանոցում, որպեսզի սպասավորի եղբայրներին սեղանատանը և թերևս այդպիսով խոնարհեցնի իր հպարտացած միտքը: Եվ պատվիրում էր եղբայրներին` երբեք մտովի չտրվել բանսարկու խաբեբայի պատրանքներին` ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, որովհետև նա երբեք չի դադարում պատերազմել նրանց դեմ, ովքեր կամենում են ապրեցնել իրենց հոգին:

 

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․