Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Թեբայիդայից գնացինք Նիկոպոլիս քաղաքը և այնտեղ խոսեցինք սոփեստ Փիմամնոնի հետ հոգեշահ շնորհի մասին: Եվ նա պատմեց մեզ և ասաց. «Երմո քաղաքում մի ավազակ կար՝ Դավիթ անունով, որը շատերին կողոպտեց, շատերին սպանեց և բազում չարիքներ գործեց, որ ուրիշ մեկը երբևէ չէր գործել: Մի անգամ լեռան վրա, երբ ավազակության էր դուրս եկել և իր հետ ուներ երեսուն մարդ, իր գործած հանցանքների համար սրտի մեջ զղջում եկավ, և թողնելով իր հետ եկած զինված մարդկանց` գնաց վանք: Եվ երբ բախեց դուռը, դռնապանը դուրս եկավ և ասաց նրան. «Այստեղ ի՞նչ ես փնտրում, ավազակապե՛տ»: Ասաց նրան. «Ուզում եմ մենակյաց դառնալ»: Եվ դռնապանը գնաց և պատմեց վանահորը նրա մասին: Աբբան գնաց և տեսավ նրան, որ արդեն ծերացել էր, ապա ասաց. «Այստեղ չես կարող լինել, որովհետև եղբայրներն այստեղ խիստ ճգնակյաց են, նրանց վաստակը մեծ է, իսկ դու, անընտել լինելով վանքի կանոներին, չես կարող վարժվել»: Իսկ նա ասաց. «Այո՛, անընտել եմ, սակայն արա՛ ինձ համար այդ` ընդունի՛ր ինձ, և ես կջանամ ամեն ինչում»: Եվ աբբան ասաց. «Չես կարող»: Այնժամ նա ասաց. «Իմացի՛ր, որ ես Դավիթ ավազակապետն եմ, և այստեղ եկա նրա համար, որ իմ մեղքերի վրա լամ. եթե չես կամենում ինձ ընդունել, երդվեցրո՛ւ ինձ, և ես կկատարեմ, իսկ եթե ոչ՝ երդվում եմ Նրանով, որ երկնքում է, որ կվերադառման իմ նախկին գործին, այստեղ կբերեմ նրանց, ովքեր ինձ հետ էին, ձեզ բոլորիդ կսպանեմ և ձեր վանքը կկործանեմ»: Այս լսելով` աբբան ընդունեց նրան, կտրեց մազերը և սուրբ սքեմը տվեց նրան: Եվ նա սկսեց առաջադիմել ճգնությունների և վարքի մեջ, խոնարհության և հնազանդության մեջ, ամենքի հանդեպ պատրաստակամ էր և շատերից առաջ անցավ: Մի անգամ իր սենյակում նստած ժամանակ նրա առջև կանգնեց Տիրոջ հրեշտակը և ասաց. «Դավի՜թ, Դավի՜թ, Աստված ներեց քո բոլոր անօրենությունները, այսուհետև կարող ես հրաշքներ  գործել»: Եվ նա հրեշտակին ասաց. «Չեմ կարող քեզ հավատալ, քանզի մեղքերը, որ գործել եմ, ավելի ծանր են, քան ծովի ավազը, և հիմա Աստված այսքան կարճ ժամանակում ինձ թողությո՞ւն տվեց»: Եվ հրեշտակն ասաց. «Զաքարիա քահանան ինձ չհավատաց, երբ ասացի որդի է ունեալու, և ես չխնայեցի նրան, այլ որպես խրատ` կապեցի նրա լեզուն (Ղուկ. Ա 18-22), դու նույնպես իմ խոսքերի հանդեպ անհավատ մի՛ եղիր, այլապես քեզ էլ չեմ խնայի և ամենևին չես կարողանա խոսել»: Եվ աբբա Դավիթը, ծունր դնելով նրա առաջ, ասաց. «Երբ աշխարհում էի, անպատշաճ գործեր էի կատարում և արյուն հեղելով էի խոսում, իսկ այժմ, որ Աստծո ծառայության մեջ եմ, օրհնություն կմատուցեմ Նրան, եթե լեզվիս վրա խոսելու արգելք դնես»: Եվ հրեշտակն ասաց. «Կմնաս օրինավոր խոսքի մեջ, իսկ դատարկաբանության մեջ իսպառ կլռես»: Եվ այդպես եղավ: Բազում հրաշքներ գործեց Աստված նրանով. և նա կարողանում էր սաղմոսել, բայց այլ բաների` մեծ կամ փոքր, չէր կարողանում պատասխանել»: Այս ամենը մեզ պատմեց Փիմամնոն սոփեստը և ասաց. «Բազմիցս տեսա նրան և փառավորեցի Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․