Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Աբբա Եվստոգրիոսի վանքում մի ծեր կար, որի անունը Հովհաննես էր: Երուսաղեմի արքեպիսկոպոս հայր Եղիան կամեցավ նրան վանահայր կարգել, իսկ նա չհամաձայնեց՝ ասելով. «Ես Սինա լեռն եմ գնում. աղոթի՛ր ինձ համար»: Արքեպիսկոպոսը բռնադատելով էլ չկարողացավ արգելել ծերին, և նա գնաց: Պատվիրեց նրան՝ արժանի լինել Վերին հայրապետությանն, և ծերը հրաժեշտ տալով` ճանապարհ ընկավ դեպի Սինա լեռը: Նա իր հետ վերցրեց նաև իր աշակերտին, և երբ անցան Հորդանան գետը, ծերն սկսեց ջերմությունից դողալ, և քանի որ չէր կարողանում գնալ, այնտեղ մի փոքրիկ այր գտան և այնտեղ հանգրվանեցին, որովհետև տենդի մեջ էր ծերը, և այնտեղ մնացին երեք օր: Ծերը տենդի մեջ լսում էր, որ իրեն հարցնում են. «Ասա՛, ծե՛ր, ո՞ւր ես կամենում գնալ»: Պատասխանեց. «Սինա լեռը»: «Մի՛, աղաչում եմ քեզ, մի՛ գնա»: Եվ երբ չկարողացավ համոզել` գնաց նրա մոտից, իսկ տապն առավել ևս սաստկացավ ծերի վրա: Եվ հաջորդ գիշեր դարձյալ նույն այրը նույն զգեստով կանգնեց նրա առաջ և ասաց. «Ինչո՞ւ ես կամենում զուր տանջվել, բարի՛ ծեր, լսի՛ր ինձ և մի՛ գնա ամենևին»: «Իսկ դու ո՞վ ես»,– հարցրեց նրան ծերը: «Ես Հովհաննես Մկրտիչն եմ»,– ասաց հայտնվածը,– «և ահա քեզ ասում եմ՝ այստեղից ամենևին մի՛ գնա, որովհետև այս փոքրիկ այրը առավել է, քան Սինա լեռը, քանզի այստեղ բազում անգամ մեր Տեր Հիսուս Քրիստոս տեսության է եկել ինձ: Խոստացի՛ր, որ այստեղ կբնակվես, և քեզ կյանք կտրվի»: Ծերն իսկույն ընդունեց և խոստացավ   մնալ այրում, և անմիջապես առողջանալով` մնաց այնտեղ իր կյանքի բոլոր օրերին: Այն դարձրեց եկեղեցի և այնտեղ հավաքեց եղբայրներին. դա այն տեղն է, որ կոչվում է  Սափսափաս:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․