Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Թեբայեցիների ծերերից մեկն ասաց. «Ես կուռքերի տաճարապետի որդին էի, և երբ փոքր էի, նստում էի տաճարում և բազմիցս տեսնում էի իմ հորը՝ կուռքերին պատարագներ ու զոհեր մատուցելիս: Մի անգամ ծածուկ եկա նրա հետևից և տեսա՝ սատանան նստած, իսկ նրա առաջ՝ նրա ողջ զորքը, և ահա մի իշխան առաջ գալով` երկրպագեց նրան, իսկ սատանան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Եվ նա ասաց. «Այսինչ երկրում կռիվ գցեցի, խռովություններ և արյունահեղություններ հրահրեցի և այժմ եկա քեզ պատմելու»: Սատանան հարցրեց. «Եվ որքա՞ն ժամանակում կատարեցիր այդ»: Ասաց. «Երեք օրում»: Հրամայեց գանահարել նրան և ասաց. «Այդքան ժամանակում ա՞յդ է քո վաստակը»: Եվ ահա մեկ ուրիշը եկավ և երկրպագեց: Հարցրեց. «Դո՞ւ որտեղից ես գալիս»: Եվ դևն ասաց. «Ծովում էի. մրրիկներ և ալեկոծություններ հարուցեցի, նավերը խորտակեցի և բազում մարդկանց սպանելով` եկա պատմելու քեզ»: Հարցրեց նրան. «Որքա՞ն ժամանակում արեցիր այդ»: Եվ դևն ասաց. «Քսան օրում»: Նրան ևս հրամայեց գանահարել և ասաց. «Ինչո՞ւ այդքան օրում միայն դա ես արել»: Ահա երրորդը ևս եկավ և երկրպագեց նրան, և սրան նույնպես հարցրեց. «Դո՞ւ որտեղից ես գալիս»: Եվ դևն ասաց. «Այսինչ քաղաքում հարսանիք կար, հարս ու փեսայի ձեռքով մեծ արյունահեղություն և պատերազմ սարքեցի, և եկա քեզ պատմելու»: Եվ նա ասաց. «Քանի՞ օրում արեցիր այդ»: Ասաց. «Տասն օրում»: Եվ հրամայեց սաստիկ ծեծել նրան: Սրանցից հետո եկավ մեկ ուրիշը և երկրպագեց նրան: Նրան էլ հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»: Եվ նա ասաց. «Այս քառասուն տարի է` անապատում էի, մարտնչում էի մի կրոնավորի  դեմ, և այս գիշեր գցեցի նրան պոռնկության մեջ»: Այս լսելով` վեր կենալով համբուրեց նրան և վերցնելով իր պսակը՝ դրեց նրա գլխին և իր աթոռի կողքը նստեցնելով՝ ասաց. «Որովհետև այս գործը կարողացար գլուխ բերել, արժանի ես սրան»: Այս տեսա և ասացի. «Այսպե՜ս մեծ է կրոնավորների դասը, և հաճությամբ Աստծո, որ կամեցավ իմ փրկությունը, դուրս ելա և դարձա մենակյաց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․