Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Գնացինք Սինա` աբբա Զոսիմոս Ցիլիկիացու մոտ, ով թողնելով եպիսկոպոսությունը՝ եկել և բնակվում էր սինեական կենցաղավարությամբ և բարի գործով: Պատմեց մեզ և ասաց, թե՝ երբ երիտասարդ էի, ելա Սինա լեռը և մտա մի այր, որտեղ մի ծեր կար` սեբենից փիլոն հագած: Երբ ինձ տեսավ, նախքան ողջունելը՝ ասաց. «Ինչի՞ համար եկար այստեղ, Զոսիմե՛, այստեղ չես կարող նստել»: Ծունր դրեցի և ասացի. «Ողորմությո՛ւն արա, աբբա՛, և ասա` որտեղի՞ց ես ճանաչում ինձ»: Եվ նա ասաց. «Երկու օր առաջ երևաց ինձ մեկը և ասաց. «Ահա քեզ մոտ է գալիս մի կրոնավոր` Զոսիմե անունով, թույլ մի՛ տուր նրան բնակվել այստեղ. ուզում եմ նրան հանձնել Բաբելոնի եկեղեցին, որ Եգիպտոսում է»: Հետո ծերը, հեռանալով ինձնից մի քարընկեցի չափ, մոտ երկու ժամի չափ լուռ աղոթեց: Հետո եկավ ինձ մոտ, համբուրեց իմ ճակատն ու ասաց. «Կեցցե՛ս, որդյա՛կ, բարով եկար, Աստված բերեց քեզ այստեղ, որ իմ մարմինն ամփոփես»: Եվ հարցրեց. «Քանի՞ տարի է` այստեղ ես, աբբա՛»: Եվ նա ասաց. «Քառասունյոթն այժմ լրացավ, որդյա՛կ»: Եվ նրա տեսքը հրի նման էր, և ինձ ասաց. «Խաղաղությո՛ւն քեզ, որդյա՛կ, և աղոթի՛ր ինձ համար»: Եվ այս ասելով` հոգին տվեց և հանգավ Աստծո ծառան, իսկ ես փորեցի ու ամփոփեցի նրան և երկու օր անց վերադարձա իմ տեղը` փառավորելով Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․