Գրքեր

Հոգևոր արժեքների և կրոնական կյանքում պասիվության մասին

Մեր օրերում հաճախ են ահազանգում կրոնական արժեքների անկման մասին: Իտալիայում կաթոլիկությունն այլևս չի միավորում մարդկանց, Նիդերլանդների ընդունած հանդուգն դիրքը` բարոյականության և էֆթանազիայի հարցում, ոմանց կարծիքով վկայում է այն մասին, որ այդ երկիրը կտրուկ հեռանում է քրիստոնեությունից: Հոգևոր-կրոնական արժեքների անկումը համատարած բնույթ ունի:

«Կրոնական արժեքների անկում» ասելով` հիմնականում պետք է հասկանալ այդ արժեքների հանդեպ բացասական վերաբերմունքը կամ հարգանքի նվազումը, քանի որ արժեքներն ինքնին կան, գոյություն ունեն և չեն կարող արժեզրկվել: Նշված երկրները հիմնականում արևմտյան Եվրոպայի երկրներն են, որտեղ իրականությունն այլ է Հայաստանից: Հատկապես արևմտաեվրոպական երկրներում մենք տեսնում ենք, որ քրիստոնեական բարոյականությանը զուգահեռ ստեղծվում է աշխարհիկ բարոյականություն, և այս գործընթացը հովանավորվում է պետության, իշխանության կողմից: Դա է պատճառը, որ նման երկրներում ընդունվում են օրենքներ միասեռականների ամուսնության, նույնասեռականների կողմից երեխաների որդեգրման, անասնապղծության, կենդանիների հետ կենակցության ընդունելի լինելու մասին, որոշ պետություններում նույնիսկ օրենքի ուժով պարտադրվում է եկեղեցիներին օրհնել ոչ ավանդական ամուսնությունները: Այս հանգամանքը նկատի ունենալով` կարող ենք խոսել կրոնական և աշխարհիկ կամ թեիստական ու աթեիստական զուգահեռ բարոյականությունների մասին, որոնք կարող են և հակառակ սկզբունքներ պարունակել: Երբ աստվածընկալումը մերժվում է բարոյականության ըմբռնման մեջ, ապա այդպիսի բարոյականությունը հաճախ վերածվում է անբարոյականության: Մարդու իրավունքների անվան տակ հասարակության մեջ ներմուծվում են նաև անբարո արարքների ճշմարտացի լինելու գաղափարախոսություններ, աշխատանք է տարվում այդ մերժելի իրողությունը որպես սովորական և ընդունելի երևույթ ներկայացնելու: «Մարդու իրավունքներ» ասելով` այսօր հասկանում են պետության, միջազգային օրենքներին հնազանդություն և միանգամայն ազատություն բարոյական օրենքների հարցում, բարոյական և հատկապես քրիստոնեական պատվիրաններից կախվածության վերացում: Կրոնական իմաստով այսպիսի ազատությունը բարոյականությունից, ընդհակառակը, հանգեցնում է մեղքին ծառայության ու ստրկության և ամբողջապես հակառակ է ազատության քրիստոնեական ընկալմանը, որի մասին ուսուցանում է առաքյալը` ասելով. «Մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որ ձեզ ավանդվեց: Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության» (Հռ. 6.17-18), «Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմյանց» (Գաղ. 5.13): Նաև Պետրոս առաքյալն է կոչ անում. «Ապրեցե՛ք որպես ազատներ և ազատությունը իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծու ծառաներ» (Ա Պետ. 2.16):

Կրոնական արժեքների հանդեպ նվիրումի, հարգանքի նվազումը կապված է նաև եկեղեցական պատմության հետ, որը բոլորովին այլ է Հայաստանում, այլ եվրոպական, ամերիկյան երկրներում: Կաթոլիկ Եկեղեցու միջնադարյան շրջանի պատմությունից գիտենք, որ այդ Եկեղեցին (այստեղ Եկեղեցի ասելով նկատի ունենք եկեղեցական հաստատության կառավարմանը տիրապետող անձանց) հրահրել է պատերազմներ, շահագործել ու նեղությունների մատնել ժողովրդին, ինկվիզիցիայի խարույկների վրա վառել ոչ միայն հերետիկոսներին, ինչը ևս դատապարտելի է, այլև գիտության ներկայացուցիչներին, առաջադեմ միտք և մտածողություն ունեցող անձանց: Մեր եկեղեցական պատմությունը բոլորովին այլ է: Հայ Եկեղեցին խնամել ու առաջնորդել է մեր ժողովրդին, և դրա համար էլ մեր ժողովուրդը մեր Եկեղեցուն կոչում է նաև Մայր Եկեղեցի: Մեզ մոտ նույն միջնադարյան շրջանում գիտությունը, առաջադեմ միտքը ոչ միայն չէին հալածվում, այլև գիտությունը, դպրությունը, արվեստը, մշակույթը զարգանում էին հենց Եկեղեցում, եկեղեցականների կողմից կամ Եկեղեցու հովանու ներքո: Պետականության բացակայության պայմաններում գիտենք, որ Հայ Եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին խնամքով ու ծնողական հոգածությամբ` բերելով մինչև անկախ պետականության վերահաստատումը և այսօր էլ շարունակելով իր հոգածու առաքելությունը:

Եկեղեցական պատմությունը, անցյալի իրադարձությունները ևս վերաբերմունք են ձևավորում Եկեղեցու, քրիստոնեական արժեքների հանդեպ: Կաթոլիկ երկրներում Եկեղեցու և կրոնական արժեքների նկատմամբ հակասական վերաբերմունքի պատճառ են նաև հատկապես վերջին տարիներին կաթոլիկ հոգևորականների մեղսալի գործերի, հատկապես մանկապղծության դեպքերի աղմկալի բացահայտումներն ու դատավարությունները: Ոմանք սրա պատճառ են համարում կուսակրոնությունը, քանի որ հատկապես Կաթոլիկ Եկեղեցու բոլոր հոգևորականներն անխտիր իրավունքն չունեն ամուսնանալու: Բայց մեղավոր ընթացքները խոսում են ոչ թե կուսակրոնության ինստիտուտի թերության, այլ մարդկային գործոնի, մարդու կողմից մեղքն առավել սիրելու արատի մասին: Այսօր եկեղեցական ասպարեզում կուսակրոնությունը բարձրացնում է եկեղեցական նվիրապետության աստիճաններով, ճանապարհ է բացում դեպի Եկեղեցու վարչական լծակները կամ Եկեղեցու կառավարումը, այսինքն` Եկեղեցում վարչական լծակներ ունենալու համար պայման է դրվում առաջին հերթին կուսակրոնությունը: Անցումը Եկեղեցու կառավարման այսպիսի համակարգի նախապես հիմնված չէր ո՛չ Աստվածաշնչի, ո՛չ էլ եկեղեցական վաղ ավանդության վրա, եթե նկատի ունենք վաղ շրջանի Եկեղեցին մինչև 4-րդ դարը: Անցումն այսպիսի համակարգի սահուն եղավ մեր Եկեղեցում 4-րդ դարում: Կարծիք կա, որ դա արվեց Եկեղեցու կալվածքները պահպանելու համար, որպեսզի ամուսնացյալների պարագայում նյութական կարողությունները, կալվածքները նրանց զավակներին իբրև ժառագություն տալիս չմասնատվեր Եկեղեցու ունեցվածքը: Սակայն մեր Հայրերը, իհարկե, առաջին հերթին կարևորել են ամբողջական նվիրումի, համապարփակ նվիրվածությամբ Աստծուն և Եկեղեցուն ծառայելու գաղափարը: Եկեղեցական կառավարման այդ համակարգին անցումը շատ ցավոտ եղավ Կաթոլիկ Եկեղեցում 11-րդ դարում: Գրիգոր 7-րդ պապը, իր կրոնական և տնտեսական հայացքներից ելնելով, ճիշտ համարեց, որ բոլոր եկեղեցականները ոչ ամուսնացյալ հանգամանքով ծառայեն, նույնիսկ նրանք, ովքեր արդեն իսկ ամուսնացած էին: Եվ նա բռնի կերպով քահանաներին բաժանեց իրենց ընտանիքներից: Այդ քաղաքականությունը շարունակեց նաև Ուրբանոս 2-րդ պապը: Կարճ ժամանակ անց քահանաների կանայք և երեխաները մեռան սովի, աղքատության, համաճարակների մեջ դաժան պայմաններում` զրկվելով ընտանիքի խնամակալից: Ուրբանոս պապն անգամ քահանաների կանանց վաճառեց ստրկության, գումարը գնաց եկեղեցու գանձանակ, երեխաները փողոց նետվեցին կամ կրկին ստրկության վաճառվեցին:

Կուսակրոնության օգտին բերվող փաստարկներից է Պողոս առաքյալի այն խոսքը, թե ամուսնացածներն առաջին հերթին ձգտում են հաճելի լինել իրենց կանանց, ամուսիններին, իսկ կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին (Ա Կորնթ. 7.33-34): Բայց Պողոս առաքյալն այստեղ չի խոսում նախանձախնդիր կերպով հոգևոր ծառայություն մատուցող անձանց մասին, քանի որ նա նույնիսկ չէր էլ համարձակվի դա ասել Քրիստոսի առաքյալների վերաբերյալ, որոնց մեծ մասն ամուսնացած էր (Մատթ. 8.14-15, Մարկ. 1.29-31, Ղուկ. 4.38-40, Ա Կորնթ. 9.5): Հովհաննու հայտնության մեջ ասվում է, որ կուսակրոն կյանքով ապրածները միշտ Քրիստոսի հետ են լինելու (Հայտն. 14.4): Բայց այդ խոսքերից դեռ շատ առաջ Քրիստոս իր առաքյալներին, որոնց մեծ մասն ամուսնացած էր, ավելի մեծ խոստում տվեց՝ ասելով, որ կնստեն Իր հետ Իր արքայության մեջ Իր սեղանից ուտելու, և նրանց նույնիսկ իշխանություն տվեց դատելու մյուսներին (Մատթ. 26.29, Ղուկ. 22.30): Պողոս առաքյալը վկայում է, որ Քրիստոսի առաքյալները նույնիսկ իրենց կանանց հետ էին շրջում (Ա Կորնթ. 9.5) և, հետևաբար, աշխարհում քրիստոնեության տարածման գործն իրականացվել է ընտանեկան նվիրումով ու քարոզչությամբ, երբ առաքյալների ընտանիքների անդամները նրանց լծակից և օգնական են եղել: Ինչևէ, այժմ ունենք այն իրականությունը, որ կա, և գոհություն ենք հայտնում Աստծուն, որ մեր Եկեղեցում Աստված արժանավոր կուսակրոններ է վեր հանում հատկապես նաև երիտասարդ, նոր սերնդի մեջ, ովքեր ամբողջանվիրումի այդ գաղափարով պիտի ծառայեն Աստծուն և ժողովրդին: Կաթոլիկ Եկեղեցու առնչությամբ պետք է նշել, որ Եկեղեցին ինքնին սրբարար է և կարող է սրբել մաքրել անգամ սայթաքած, մեղք գործած հոգևորականներին, և այստեղ չպետք է նույնացնել Եկեղեցին և եկեղեցականներին: Մենք տեսնում ենք, որ Կաթոլիկ Եկեղեցին` իբրև Եկեղեցի իր բուն նշանակությամբ, տարածում է Քրիստոսի խոսքը, Ավետարանի լույսը, պայքարում է աշխարհում նաև արդիական խնդիրների դեմ, որոնց առչությամբ առաքելահաստատ Եկեղեցիների դիրքորոշումները համընկնում են: Այսինքն` Եկեղեցին առաքելություն է իրականացնում, որպեսզի մարդկությունն ապրի աստվածահաճո կյանքով, Քրիստոսի պատգամների համաձայն:

 

Արևմտյան մասնագետները հաճախ իրենց դիտարկումներում հիմնվում են վիճակագրական այն տեղեկության վրա, որ օրեցօր նվազում է եկեղեցի հաճախողների թիվը: Ինչպիսի՞ն է պատկերը մեզ մոտ:

Այս հարցին պատասխանելուց առաջ նախ կցանկանայի անդրադառնալ բնակչության կենսամակարդակի խնդրին: Լավ է, երբ կենսամակարդակը բարձր է, բայց դա երբեմն անուղղակի կերպով բերում է մեղքերի ավելացման: Սա չի նշանակում, որ չպետք է պայքարենք աղքատության դեմ, բայց կենսամակարդակի բարձրացումը, երբ զատված է կրոնական նախանձախնդրությունից, անուղղակի կերպով բերում է նաև մեղսալի ընթացքի: Դժվար պայմաններում ապրողն աշխատում է իր գոյությունը պահպանելու համար, իսկ առատ նյութական ունեցողը, եթե հեռու է քրիստոնեական արժեհամակարգից, ընկնում է տարբեր մեղքերի մեջ, որով էլ և հեռանում Եկեղեցուց: Գուցե հենց նաև սա նկատի ուներ Քրիստոս, երբ ասում էր, որ ավելի հեշտ է պարանը ասեղի անցքով անցնի, քան հարուստը մտնի Երկնքի արքայություն (Մատթ. 19.24, Մարկ.10.25, Ղուկ. 18.24): Կապիտալիստական հասարակարգի խիստ քննադատությամբ հայտնի, գիտնական, հոգեբան Էրիխ Ֆրոմն իր «Առողջ հասարակություն» աշխատության մեջ ներկայացնում է վիճակագրական տվյալներ տարբեր պետություններում հանցագործությունների, կյանքի արատավոր բարքերի թվի վերաբերյալ: Զարմանալի է, բայց սպանությունների, ինքնասպանությունների, տարբեր հանցագործությունների, հարբեցողության ամենաբարձր ցուցանիշներն աշխարհի տնտեսապես զարգացած երկրներում են` Դանիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլն: Սա նշանակում է, որ մարդը, եթե հեռու է կրոնից, բավարարելով իր բնական կարիքները` անցնում է անբնական, մեղսալի կարիքների բավարարմանը: Հատկապես արևմտյան երկրներում եկեղեցի հաճախողների թվի նվազումը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Մեզ մոտ` Հայաստանում, կա արտագաղթի խնդիրը, որը բավականին մտահոգիչ է, և պետության, հասարակության, քաղաքացիների համար պատասխանատու բոլոր այրերը, հաստատությունները, երկրի իշխանությունները, Եկեղեցին պետք է ջանադիր աշխատանք տանեն այս խնդրի լուծման ուղղությամբ: Արտագաղթը, իհարկե, իր ազդեցությունն է ունենում Հայաստանում եկեղեցի հաճախողների թվի նվազումով և սա տեսանելի է նաև եկեղեցական արարողությունների հաշվարկում: Բայց նվազման տարբերությունը քիչ է, որովհետև քարոզչական գործունեությունը, որ իրականացնում են եկեղեցականները, նաև քարոզչական այնպիսի միջոցները, որոնցից են հեռուստա և ռադիո հաղորդումները, տալիս են իրենց արդյունքները: Արտագաղթողների մեջ շատ են ակտիվ հավատացյալները, ովքեր արդեն եկեղեցի կհաճախեն Հայաստանից դուրս, իսկ այստեղ, ովքեր մինչ այդ պասիվ էին հոգևոր-եկեղեցական կյանքում, քարոզչության շնորհիվ դառնում են ակտիվ հավատացյալներ: Եվ դա է պատճառը, որ հատկապես մեծ տոներին մեր եկեղեցիները միշտ լի են լինում բազմաթիվ հավատացյալներով:

 

Պասիվությունը կրոնական կյանքում նշանակո՞ւմ է, որ մարդիկ ընդհանրապես կորցրել են իրենց վստահությունը կրոնի հանդեպ:

Պասիվությունը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են այլ արժեքներով, որոնք նյութական են և անցողիկ: Երբ մարդը նյութականը վեր է դասում մնացած ամեն ինչից, նա, ինչպես ասում է Քրիստոս, ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մամոնային (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13): Այսինքն` միայն նյութականի վրա կենտրոնանալը վնասում է հավատքը և մարդուն հեռացնում կրոնական բարձր արժեքներից: Քրիստոս չմերժեց նյութականի կարևորությունը մարդու կյանքում: Այս տեսակետից կարող ենք նույնիսկ ասել, որ քրիստոնեությունն անգամ նյութական, մատերիալիստական կրոն է, քանի որ Աստված, որ հոգի է, մարդացավ` նյութականացավ, Աստված ստեղծեց ոչ միայն հոգևոր, երկնային աշխարհը, այլև այս երկիրը, նյութական աշխարհը, տիեզերքը: Քրիստոս «Հայր մեր» աղոթքի մեջ սովորեցրեց աղոթել հանապազօրյա հացի համար (Մատթ. 6.11, Ղուկ. 11.3), ուտելիքի բազմացումով կերակրեց բազմաթիվ մարդկանց (Մատթ. 14.17-21, 15.32-38, Մարկ. 6.41-44, 8. 1-10, Ղուկ. 9-13-17, Հովհ. 6.9-13), սակայն սովորեցրեց նախ և առաջ խնդրել Աստծո արքայությունը, կամքը և Նրա արդարությունը (Մատթ. 6.10, 33, Ղուկ. 11.2): Երբ խախտվում է այս հերթականությունը, և մարդը նյութականը վեր է դասում մնացյալ առավել արժեքավոր իրողություններից, վնասում է իր հավատքը: Հետևաբար, կրոնի հանդեպ վստահության պակասի խնդիրը նախ պետք է տեսնել մարդու անհատական կյանքի դիտարկումով:

 

Ո՞վ պետք է սահմանի բարոյական ու հոգևոր արժեքները: Որքա՞ն մեծ է Եկեղեցու ու հոգևոր հայրերի դերն այս հարցում:

Բարոյական և հոգևոր արժեքներ, անշուշտ, պետք է սահմանի այդ բարձր արժեքները գիտակցողն ու կրողը կամ դրանց վերաբերյալ գիտելիքի աղբյուր հանդիսացողը: Այդպիսի բարձրագույն ատյան է գերմարդկային ատյանը, որտեղից դեռևս երեխայական զարգացման փուլում գտնվող մարդկությանը տրվել են հատուկ սկզբունքներ և պատվիրաններ բարոյական ու հոգևոր արժեքների վերաբերյալ: Այսպես նաև մանուկը իրենից մեծի, հասունի կարիքն ունի դաստիարակության ու կրթության համար: Ֆրանսիացի քրիստոնեական գրողներից Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիանն ասում է. «Քրիստոնեությունը կատարյալ է, մարդիկ են անկատար, իսկ կատարյալ որևէ բան չի կարող անկատարից սկիզբ առնել. հետևաբար, քրիստոնեությունն աստվածային կրոն է»: Իրոք, քրիստոնեության մեջ հրաշքներ են համարվում ոչ միայն նյութական, երևելի, գերբնական զարմանահրաշ նշանները, այլև հոգևոր բարձրագույն գիտելիքները, պատվիրանները, և եթե քրիստոնեությունից հեռացնենք նյութական հրաշքները, այնուամենայնիվ, մնում են հոգևոր-գաղափարական հրաշքները: Քրիստոնեության մեջ հիանալիորեն տրված են այնպիսի գերագույն արժեքներ, ուսուցումներ, որպիսիք չկան այլ կրոններում: Եկեղեցին և հոգևորականները պահպանողն ու տարածողն են այդ գաղափարների ու արժեքների Քրիստոսի կողմից տրված իշխանությամբ ու լիազորությամբ: Այդ մեծ պարտականությունը կատարելու համար հոգևորականներն իրենք պիտի օրինակ լինեն` որպես կրողն այդ արժեքների ու սկզբունքների, հեռու մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են թեկուզ փոքր-ինչ գայթակղության առիթ դառնալ և մարդուն հեռացնել Աստծուց, Եկեղեցուց:

 

Արևմտյան հասարակության մեջ կարծես սովորական է դիտվում, երբ մեկն իր համար ցանկալի հավատալիք է ընտրում կամ ստեղծում` հիմնվելով Սուրբ Գրքի վրա: Քրիստոնեությունը նախընտրողներից լինում են մարդիկ, ովքեր իրենց հարմար թվացող ուսուցումներն ընդունում են, իսկ մյուսները` մերժում: Այդպիսի դիրքորոշում ունեցող մարդը կարո՞ղ է իրեն քրիստոնյա կոչել:

Նման խնդիր կա հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ խրախուսվում է հավատացյալ լինելը, չի քաջալերվում աթեիստական դիրքորոշում ունենալը: Բայց այսպիսի քաղաքականությամբ դրական է համարվում որևէ հավատալիք ունենալը: Ամերիկայում նույն փողոցի վրա կարելի է տեսնել տարբեր եկեղեցական շինություններ, որոնք պատկանում են տարբեր եկեղեցիների ու աղանդների, մարդը, որը որ նախընտրի, կարող է այնտեղ մտնել: Այսպես կրոնը կամ հավատքը կարծես ապրանք է դառնում` որը հավանել ես, այն էլ կարող ես վերցնել: Այսպիսի հասարակություններում կանայք և տղամարդիկ պատահում է, որ ապրում են միասին, ազատ հարաբերություններով` ո՛չ եկեղեցում պսակվելով և ո՛չ էլ նույնիսկ հետագայում ընտանիք կազմելու որոշումով, բայց իրենց համարում են քրիստոնյաներ, որովհետև իրենց այդ կրոնն է դուր եկել: Այդպիսի հասարակություններում նաև արվամոլները կամ իգացողները կարող են եկեղեցու անդամ լինել, մասնակցել եկեղեցական արարողությունների, հաղորդություն ստանալ և իրենց համարել բարեպաշտ քրիստոնյաներ: Քրիստոնյա լինելը միայն բարեպաշտություն և եկեղեցի հաճախել չէ, այլ նաև ամբողջությամբ կատարելն է այն պատվիրաններն ու պատգամները, որոնք կան Աստվածաշնչում, ապրելն է այն կյանքով, որը հաճելի է Աստծուն: Հետևաբար, չի կարելի քրիստոնեությունից դուր եկածն ընտրել, իսկ մյուսներն անտեսել, Սուրբ Գիրքը պետք է տեսնել և ընկալել իր ամբողջության մեջ: Աստվածաշնչի հատվածական ընկալումն է նաև, որ բերում է աղանդավորության ծնունդի, և կամ ինչպես կարող ենք տեսնել որոշ բողոքական արդի եկեղեցիներում` արվամոլ, նույն սեռի մարդու հետ ամուսնացած հոգևորականների, եպիսկոպոսների, կանանց քահանայագործության և եպիսկոպոսության վերաբերյալ ազատ մոտեցումների: Այսպիսով, Աստվածաշունչը պետք է հասկանալ և նրա պատվիրանները պահպանել ամբողջությամբ և ոչ թե ընտրողաբար:

 

Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ Աստված է հաստատում վարքի և բարոյականության ընդունելի նորմերը, բայց Նա ազատություն է տալիս մարդկանց հետևելու դրանց կամ ոչ: Մարդկանց մեծամասնությունը հաճախ կառչած է մնում իր ընտանիքում ընդունված կրոնին և արժեքներին: Մի՞շտ է ճիշտ ծնողների փոխանցած կրոնական արժեքներին հավատարիմ մնալը:

Ճշմարտությունը, հատկապես կրոնի պարագայում, չի կայանում ծնողների կրոնական դիրքորոշման և ոչ էլ կրոնի հնության կամ նորության մեջ: Եթե հակառակ ընկալումով մեր քրիստոնյա հայրերն առաջնորդվեին, ապա երբեք քրիստոնեությունը չէին ընդունի, որովհետև պիտի նայեին իրենց ծնողների հեթանոսական հավատին և մանավանդ կրոնի հնությանը, որովհետև հեթանոսությունն ավելի հին է, քան քրիստոնեությունը: Սա նշանակում է, որ պետք է առաջնորդվել ոչ միայն ավանդությամբ, այլև գիտակցությամբ` տեսնելու, թե որն է առավել ճիշտը, վեհագույնը, առաքինին և աստվածատուրը: Հեթանոսության մեջ կային տարբեր աստվածներ, որոնք մարդկային սահմանափակ մտածողության արդյունք էին: Օրինակ` այսօր ոչ ոք ճիշտ չի համարի արևի աստծո գոյությունը և չի պաշտի արևային աստվածության: Մինչդեռ հնում մարդիկ մտածում էին, որ արևն աստված է` հունական դիցաբանության մեջ Հելիոս անունով, ով իր հրե կառքով երթևեկում է երկնքում: Եվ կամ կայծակի երևույթը ներկայումս ոչ ոք չի բացատրի բարձր լեռան կատարին նստած մի աստծո առկայությամբ, ով զայրույթի պահին վերևից կայծակե զենքով հարվածում է երկրի վրա գտնվողներին: Քրիստոնեությունը նախ իր բարձր գաղափարներով և աստվածային շնորհով հաղթեց հեթանոսությանը: Այսօր մարդկանց համար լրացուցիչ օգնող են նաև գիտության նվաճումներն ու բացատրությունները բնության երևույթների մասին, որոնք նախկինում անհասկանալի էին և պաշտվում էին որպես հեթանոսական աստվածներ:

 

Ինչո՞ւ են մարդիկ պարբերաբար հարցականի տակ դնում բարոյականությանն ու դավանանքին առնչվող տեսակետները:

Հարցականի տակ դնել` նշանակում է կասկածել: Կասկածն ունի տարբեր պատճառներ` կրոնական, հոգեբանական, փիլիսոփայական: Կրոնական տեսակետով կասկածը կարող է լինել սատանայի փորձություն, ինչպես սերմնացանի առակում է ասվում, որ սերմանված բարի սերմերը չարը ջանում է ոչնչացնել (Մատթ. 13.19): Սուրբ Գրքում կասկածի պատճառներից նշվում են նաև գոռոզամտությունը, անբարեպաշտությունը (Ա Տիմ. 6.4), եկեղեցական հեղինակների մոտ` մեղավոր ընթացքը, անօրինությունները: Հոգեբանական պատճառներից են մարդու բնավորության գծերը: Մարդիկ կան, ովքեր կասկածի հակվածություն ունեն: Ընտանեկան դաստիարակությունը, անձնական կյանքի հանգամանքները մարդուն դնում են տարբեր հոգեկան վիճակների մեջ, որոնցով կարող է սրվել կասկածամտության զգացումը: Մեկ այլ բացատրությամբ` կասկածները կարող են պայմանավորված լինել կրոնական իմաստով ֆունդամենտալիզմի բարձր և ցածր աստիճաններով: Այս ոլորտում ֆունդամենտալիստները` կրոնական հավատալիքներին, ավանդույթներին նվիրված անձինք, ցուցաբերում են ֆունդամենտալիզմի բարձր և առավել նվազ աստիճաններ: Ընդգծված ֆունդամենտալիզմով մարդիկ չեն կասկածում Աստծո գոյությանը, Եկեղեցուն, այլ նրանց կասկածները վերաբերում են առավելապես կրոնական իդեալները ապրելու, եկեղեցական ասպարեզում կրոնական բարելավումներ իրականացնելու գործընթացներին: Իսկ նվազ ֆունդամենտալիզմով մարդիկ կարող են կասկածել նաև կրոնի հիմնարար գաղափարներին: Սակայն կասկածը կամ ինչ-որ բան հարցականի տակ դնելը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ հավատքի զորացման գործում, որովհետև կասկած կա, որ կրոնական-ստեղծագործական է. այն օգնում է մտահորիզոնը և ուշադրությունն ավելի սևեռել կասկածի առարկայի վրա, առավել հասկանալ դեռ չըմբռնված իրողությունը և դեպի Աստված ընթանալ ոչ միայն երեխայական վստահությամբ, այլև հասուն ու մտածված քայլերով:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

07.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․