Գրքեր

Հոգևոր հարազատություն

«Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։ Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:19-21)։ 

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Հենց այս ողջույնով եմ կամենում այսօր խոսքս սկսել, որովհետև, ինչպես լսեցինք, օրվա ավետարանական ընթերցվածքում Տերը պարզաբանում է հարազատության հարցը: Պատկերն այսպիսին էր. Հիսուս Քրիստոս, իր աշակերտներով, և իրեն լսել ցանկացող մեծ բազմությամբ շրջապատված, քարոզում էր: Աստծո խոսքն էր մարդկանց ուսուցանում՝ նրանց առջև բացահայտելով դեպի Երկնային Արքայություն տանող ուղին: Եթե ընդամենը մի քանի պարբերություն հետ գնանք Ղուկասի ավետարանում, ապա կտեսնենք, որ դրանից առաջ Քրիստոս սերմնացանի առակը պատմեց ժողովրդին, որ Աստծո խոսքն ընդունելու և իրագործելու միջոցով Աստծո Արքայություն հասնելու մասին է, իսկ այնուհետև այդ առակն իր աշակերտների համար մեկնեց: Եվ դեռ շարունակում էր այս կարևորագույն հարցի շուրջ խոսել, երբ մոտեցան Նրան և ասացին, որ Իր մայրն ու եղբայրները դրսում են և կամենում են Իրեն առանձին տեսնել: Ի՞նչ արեց Տերը: Ընդհատե՞ց Իր խոսքը և Իր հարազատների մոտ շտապեց: Ո՛չ, սիրելինե՛ր: Աստվածորդին երկիր էր եկել, որպեսզի ողջ աշխարհը փրկի և բոլոր մարդկանց Իր եղբայրակիցները դառնալու հնարավորությունը ընձեռի, ուստի այս հարմար պահն էլ օգտագործեց, որպեսզի մեզ համար այնքան կարևոր բառերն ասի. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»: Միգուցե, առաջին հայացքից, մի քիչ խիստ կամ տարօրինակ թվա Տիրոջ այս խոսքն Իր արյունակից հարազատների նկատմամբ, սակայն Ավետարանն ուշադիր ընթերցելուց և վերլուծելուց հետո բացահայտորեն տեսնում ենք, որ այս խոսքերի մեջ Ամենասուրբ Աստվածամոր ու Քրիստոսի արյունակից հարազատների համար ոչ մի վիրավորական ակնարկ չկա: Այլ Տերն. այդ խոսքերով, միայն կամեցավ ընդգծել նորկտակարանյան ողջ ուսուցումն այն մասին, որ հոգևոր հարազատությունը վեր է արյունակցականից, հոգին վեր է մարմնից:

Մարդկության փրկության հարցում Սուրբ Աստվածածնի դերի անգնահատելի մեծության մասին Աստվածաշնչում սկսում է խոսվել դեռևս Ծննդոց գրքից, երբ Աստված օձին ասում է. «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3:15): Կամ Եսայու մարգարեության մեջ, որտեղ ասվում է. «Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Եսայի 7:14): Կամ Դավիթ թագավորի սաղմոսներում (Սղմ. 44:11-18): Այդ էր պատճառը, որ Գաբրիել հրեշտակապետն ավետման պահին Կույս Մարիամին «շնորհընկալ» անվանեց (Ղուկ. 1:28), Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթը, Սուրբ Հոգով լցված, ողջունեց նրան՝ ասելով. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը» (Ղուկ. 1:42)։ Եվ վերջապես, եթե Հիսուս Քրիստոսի կողմից մեծ հարգանք ու սեր չդրսևորվեր Իր մոր հանդեպ, ապա նրա խնդրանքով չէր կատարի Իր առաջին հրաշքը Կանայի հարսանիքի ժամանակ, չնայած դեռ Իր ժամանակը չէր հասել (Հովհ. 2:1-11): Եվ նույնիսկ կրած այդքան տառապանքներից հետո, խաչափայտին գամված, չդադարեց հոգ տանել Իր սիրասուն մոր մասին և նրա հետագա խնամքն իր սիրելի աշակերտին հանձնարարեց (Հովհ. 19:26, 27): Ուստի, վստահաբար կարող ենք ասել, որ Աստվածամոր հանդեպ հարգանքը դեռևս նրա երկրային կյանքի օրոք է սկսվել և ցուցաբերվել է անձամբ Աստվածորդու կողմից: Հետևաբար համոզվում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս, ավետարանական վերոհիշյալ դրվագում, ևս մեկ անգամ կամենում էր հասկացնել մարդկանց, թե որքան կարևոր է Երկնավոր Հոր հոգևոր զավակները լինել: Այս մասին է փաստում նաև Ղուկասի ավետարանի մեկ այլ դրվագ, որ ճշմարիտ երանության մասին է խոսում. «Եվ մինչդեռ Հիսուս այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ քեզ հղացավ և կրծքով սնեց»։ Եվ Հիսուս ասաց. «Մանավանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խոսքը և պահում» (Ղուկ. 11:25, 26)։ 

Այո՛, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Արդարամիտ Դատավորը ևս մեկ անգամ խրատում է մեզ, ցույց տալով, որ երբ խոսքն Աստծո Արքայության մասին է, ապա ոչ ոք չպետք է ապավինի իր արյունակցական կապերին, սոցիալական դիրքին կամ նյութական ունեցվածքին: Այլ հոգևոր առաքինություններն են, որ զարդարում են մարդուն և փրկագործ աստիճաններ հանդիսանում նրա համար դեպի Երկնային Արքայություն տանող ճանապարհին: Աստծո Որդին, Իր Սուրբ Մոր օրինակով, ցույց տվեց, որ եթե Իր Մայրն աստվածային առաքինությունները չունենար, չապրեր Աստծո խոսքով և Նրա սուրբ կամքը չկատարեր, ապա նրա ունեցած այդ ամենասերտ արյունակցական կապն անգամ չէր փրկի նրան: Աստծո կամքի կատարումն է, որ մեզ վեր է բարձրացնում արյունակցական ազգակցությունից և Աստծո հոգևոր զավակների շարքը դասում: «Այսպիսով, չպետք է հպարտանանք ո՛չ արժանափառ զավակներով, եթե ինքներս նրանց առաքինությունները չունենք, և ո՛չ էլ ազնվաբարո ծնողներով, եթե մեր կյանքերով նրանց չենք նմանվում: Քանի որ հնարավոր է և՛ ծնած լինելով՝ հայր չլինել, և՛ ծնած չլինելով՝ լինել հայր»,- ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը:

Սիրելինե՛ր, սակայն միշտ չէ, որ ընտանիքը կամ արյունակից հարազատները պաշտպանում են մեզ մեր հոգևոր կյանքում, ուստի Քրիստոսի վերը հիշված խոսքերը կարող ենք նաև այդ տեսանկյունից դիտարկել: Աստվածորդին, Ինքն էլ, յուրայինների կողմից չընդունվելու դառը փորձն ուներ, երբ իր հայրենի գավառում ուսուցանում էր մարդկանց, իսկ նրանք տարակուսում էին, թե Նա որտեղից ուներ այդ ողջ իմաստությունն ու հրաշագործ զորությունը, որին ի պատասխան ասաց. «Մարգարեն իր հայրենի գավառում և տանը պատիվ չունի» (Մտթ. 13:53-57): Եվ ձեզանից շատերն էլ, միգուցե, ենթարկվել են նման փորձության իրենց ընտանիքի կողմից: Շատ հաճախ մարդկային ցեղի թշնամին հենց մեր ամենամոտ ու հարազատ մարդկանց միջոցով է փորձում խոչընդոտել մեր հոգևոր առաջընթացին: Մենք աշխատում ենք, ջանք ենք թափում հոգևոր ասպարեզում, փորձում ենք դեռևս անվստահ քայլերով առաջանալ քրիստոնեական կյանքում, իսկ մեր հարազատներից կամ ընկերներից ոմանք ոչ միայն չեն կիսում մեր համոզումները, այլև չեն հասկանում, թե մեր ինչին է պետք այդ ամենը և միգուցե նաև ծաղրում ու քննադատում են մեզ: Եվ սա բնական է Կյանքի Ճշմարիտ Լույսից հեռացած մարդկային մեղավոր բնության համար: Այս պատճառով էր, որ Քրիստոս ասաց. «Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն։ Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ» (Մտթ. 10:36, 37)։ Եվ ուշադրություն դարձրեք, սիրելինե՛ր, որ Քրիստոս խոսում է ոչ թե ընդհարապես չսիրելու կամ նրանցից երես թեքելու մասին, այլ զգուշացնում է Իրենից առավել սիրելու, մարդկայինն աստվածայինից վեր դասելու մասին:

Ճիշտ է, ժողովուրդն ասում է «արյունը ջուր չի դառնա», այսինքն արյունակցական կապը երբեք վերջնականորեն չի խզվի, սակայն մեկ այլ իրողություն էլ կա, ըստ որի կարող ես հոգևոր այնպիսի ճշմարիտ և ամուր ընկերություն հաստատել քեզ ոչ արյունակից, սակայն նույն գաղափարներին և հավատին հետևող մարդկանց հետ, որ կարող է վեր լինել նույնիսկ արյունակցական հարաբերություններից: «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34, 35),- ասում է Տերը: Եվ Քրիստոս է, որ միավորում է մեզ այդ սիրո մեջ՝ մեր հոգևոր հայացքներն ուղղելով դեպի մեզ Սիրող Հայրը: Աստծո և միմյանց հանդեպ ունեցած ճշմարիտ սիրով ու միասնականությամբ է, որ եկեղեցու համայնք ենք կազմում, ասել է թե՝ հոգևոր ընտանիք: Երկնավոր Հոր կամքը կատարելով է, որ եղբայրակից ենք դառնում Քրիստոսին ու ժառանգակից՝ Աստծո Արքայության: Եվ խոսքս կկամենայի ավարտել Պողոս Առաքյալի հորդորով, սիրելինե՛ր. «Ապրեցեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք.  կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով. մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ։ Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն, մե՛կ Աստված, Հա՛յր բոլորի, որ է բոլորի վրա, բոլորի հետ և մեր բոլորի մեջ» (Եփես. 4:1-6)։ Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

30.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․