Գրքեր

Հոգևոր տոների մասին

Քրիստոս իրապես հարություն է տալիս մեզ, կյանքի կոչում՝ մեզ հոգևոր բարձունքի վրա բարձրացնելով Իր մեծ սիրով և Իր մեծ ուրախությամբ, որ Իր բոլոր տոների միջոցով սփռում է հավատարիմների հոգիների վրա: Միայն թե ինքներս մասնակցենք այդ տոներին և հոգևոր համն զգանք, որպեսզի դրանք հոգևոր տոնախմբության վերածվեն: Այդժամ մենք հոգևոր խնջույք ենք ունենում և հոգևոր կերպով արբում սրբերի բերած դրախտային գինուց, որ նրանք տալիս են մեզ:

- Հա՛յր, իսկ մարդն ինչպե՞ս կարող է տոնը հոգևոր կերպով վերապրել:

- Տոնը վերապրելու համար անհրաժեշտ է սուրբ օրերի մեջ մտասուզվել, այլ ոչ թե այն գործերի, որոնք պիտի անենք հանուն այդ սուրբ օրերի: Պետք է սուրբ օրերից յուրաքանչյուրի իրադարձությունների մասին մտածել, լինի Սուրբ Ծնունդ, Աստվածհայտնություն, Զատիկ կամ մեկ այլ տոն, և Հիսուսի աղոթքն ասել՝ փառաբանելով Աստծուն: Այսպես մենք յուրաքանչյուր տոն մեծ ակնածանքով կտոնենք: Աշխարհիկ մարդիկ ձգտում են Սուրբ Ծննդյան իմաստը տապակած խոզի, Զատիկը՝ փռում եփված գառան մսի, իսկ Բարեկենդանը փայլփլուն թղթիկների միջոցով հասկանալ: Սակայն ճշմարիտ վանականներն ամեն օր վերապրում են աստվածային իրադարձություններն ու մշտապես ուրախանում: Յուրաքանչյուր շաբաթն ապրում են ինչպես Ավագ շաբաթը: Յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ վերապրում են Ավագ չորեքշաբթին, հինգշաբթին և ուրբաթը՝ այսինքն Քրիստոսի չարչարանքները: Իսկ յուրաքանչյուր կիրակի նրանք վերապրում են Զատիկը՝ Քրիստոսի Հարությունը: Ի՞նչ է, մի՞թե անհրաժեշտ է Ավագ շաբաթվան սպասել Քրիստոսի չարչարանքները հիշելու համար: Կամ աշխարհիկ մարդկանց պես փռի գառան մսով Զատկին սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Քրիստոս ի՞նչ ասաց: «Պատրաստ եղե՛ք» (Մտթ. 24:44), այլ ոչ թե «հիմա սկսեք պատրաստվել»: Այն պահից, ինչ Քրիստոս արտասանեց «պատրաստ եղե՛ք» բառերը, յուրաքանչյուր մարդ, և հատկապես՝ վանականը, պետք է մշտապես պատրաստ լինի: Նա պետք է մշտապես քննի ու վերապրի աստվածային իրադարձությունները: Յուրաքանչյուր տոնի իրադարձությունները քննելով՝ մարդը բնական կերպով կսթափվի ու կսկսի երկյուղածությամբ աղոթել: Բացի այդ, մեր միտքը պետք է տոնվող իրադարձությունների մեջ լինի, և մենք պետք է ակնածանքով հետևենք երգվող շարականներին: Երբ մարդու միտքն աստվածային իմաստներով է զբաղված՝ մարդը սրբազան իրադարձություններ է վերապրում և այդ կերպ փոխվում է: Եթե նման վիճակում գտնվելով, մենք, օրինակ՝ որևէ սրբի մասին ենք մտածում, ում հատկապես երկրպագում ենք կամ ում հիշատակությունն ենք կատարում, ապա մեր միտքը մի փոքր ավելի հեռուն է գնում. գնում է Երկինք: Երբ մենք սրբերի մասին ենք մտածում, սրբերն էլ մեր մասին են մտածում և օգնում են մեզ: Մարդն այդ կերպ ընկերություն է անում սրբերի հետ, իսկ նման ընկերությունն ամենահուսալին է: Այդժամ, մարդը մենակ ապրելով կարող է միաժամանակ ապրել բոլորի հետ՝ և՛

սրբերի, և՛ հրեշտակների, և՛ ամբողջ աշխարհի: Միայնակ լինել և շոշափելիորեն վերապրել այդ ամբողջ ընկերական շփումը, սրբերի կենդանի ներկայությունը: Բոլոր սրբերը Աստծո զավակներն են, իսկ մենք՝ Աստծո դժբախտ զավակները, և նրանք մեզ օգնում են:

Օգնություն ստանալու համար պետք է միշտ ակնածանքով տոնենք սրբերի հիշատակությունը, ովքեր Քրիստոսի սիրո համար արյուն կամ քրտինք ու արցունք հեղեցին: Եվ Վարք սրբոցի ընթերցումը. «Այսօր հիշատակությունն է Սուրբ…» պետք է հոտնկայս լսենք, ինչպես զինվորներն են զգաստ կանգնում, երբ իրենց հերոսաբար զոհված համագնդեցիների անուններն են կարդում. «Այսինչ ամսի այսինչ օրը զինվոր այսինչն ընկավ քաջի մահով այսինչ ռազմաճակատում»:

Տոնական իրադարձությունը շոշափելի կերպով վերապրելու համար չի կարելի աշխատել տոնի օրը: Օրինակ, եթե մարդն ուզում է ինչ-որ բան զգալ, վերապրել Ավագ ուրբաթ օրը, ապա այդ օրը նա պետք է ոչնչով չզբաղվի՝ աղոթքներից բացի: Աշխարհում խեղճ աշխարհիկ մարդիկ աշխատանքով ու գործերով են զբաղված Ավագ շաբաթ, իսկ Ավագ ուրբաթ օրն սկսում են միմյանց զատկական շնորհավորանքներ շռայլել. «Երկար տարիներ ձեզ», «Առողջ եղեք», «Աստված ձեզ հարսնացու ուղարկի»… Չի՛ կարելի այդպես: Ավագ ուրբաթ օրը ես իմ խցում եմ փակվում: Կուսակրոն ձեռնադրվելուց հետո նոր ձեռնադրյալ սքեմավոր վանական-մենակյացը պետք է մեկ շաբաթ լռություն պահի: Լռության այդ օրերը նրան շատ են օգնում, որովհետև աստվածային շնորհը լցնում է նրա հոգին, և վանականը հասկանում է, թե ինչ է իր հետ կատարվել: Տոներին լռությունը նույնպես մեծ օգուտ է բերում: Տոնական օրերին մեզ մի քիչ հանգստանալու, ընթերցելու և աղոթելու հարմար առիթ է ընձեռվում: Այդ կերպ որևէ բարի միտք կծագի մեր գլխում, կքննենք մեր հոգու խորքերը, որոշ ժամանակ կտրամադրենք Հիսուսի աղոթքին և այդ ամենը կօգնի, որ զգալի կերպով ինչ-որ բան վերապրենք տվյալ տոնական օրվա աստվածային իրադարձությունից:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

28.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․