Գրքեր

Հոգևորականի բանախոսությունը «LOFT»-ում՝ «69.120» նախագծի շրջանակներում

Փետրվարի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում երիտասարդներին բանախոսեց «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» թեմայի շուրջ: Կենտրոնը բանախոսությունը կազմակերպել էր «69.120 բարության րոպե» (Մեծ պահքի 48 օրվա րոպեներն են) նախագծի շրջանակներում:

«LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնը կոչված է իր հարկի տակ ներառելու մշակույթի, արվեստի, սպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտների ներկայացուցիչների: Կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշեց, որ «LOFT»-ը գեղեցիկ ավանդույթ ունի. Մեծ պահքի շրջանին, ողջ անձնակազմը պահեցողության շրջան է մտնում իր ռեսուրսներով, իր գործունեության մի մասով, կազմակերպված բարեգործական միջոցառումներով՝ փորձելով հանրությանը, երիտասարդներին իրազեկել պահքի բուն իմաստը և նպատակը: «Ողջ պահքի ընթացքում՝ ամեն շաբաթ ընտրվում է համապատասխան և հարմար մի օր, և «LOFT»-ը վերածվում է ազատ հարթակի, որտեղ բոլորին՝ անկախ կրոնական պատկանելիությունից, հնարավորություն է տրվում ինքնարտահայտվելու: Քննարկումներն ու զրույցներն ընթանում են կրոնի, հավատքի և պահքի վերաբերյալ: Երիտասարդության շրջանում իրոք կա կողմնորոշման խնդիր, իրենք հարցեր ունեն, որոնց ճիշտ պատասխաններ են անհրաժեշտ: Մեծ պահքի ընթացքում, ամեն կիրակի «LOFT»-ը կազմակերպում է նաև ուխտագնացություններ՝ Սուրբ Պատարագի մասնակցությամբ»,- ասաց Արևիկը:

Բանախոսությունը Տեր Վահանը սկսեց «Տերունական աղոթք»-ով: Նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ներկայացրեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության գործունեությունը: Հանդիպմանը ներկա էին նաև միության անդամները:

Ապա, անդրադառնալով ընտրված ավետարանական հատվածին, թե՝ «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48)՝ Տեր Հայրն ասաց, որ հնարավոր չէ ապրել և չմեղանչել, այդ պատճառով անհրաժեշտ է մեղքը ճանաչել, զղջալ՝ անցնելու համար կատարելության ուղին:

-Քրիստոսի այս խոսքերը հասանելի են բոլորին, կատարելության ձգտելով, բոլորս հնարավորություն ունենք կատարյալ լինելու: Ավետարանական տվյալ հատվածին նախորդում է թշնամիներին սիրելու, անիծողներին օրհնելու, ատողներին բարություն անելու և նրանց համար աղոթելու պատգամը, որի կատարման դեպքում անձը կարող է Երկնավոր Հոր որդին համարվել: Գուցե մարդկայնորեն մտածենք, թե հնարավոր չէ այս պատգամն իրագործել, բայց Քրիստոսի միջոցով հնարավոր է այն կյանքի վերածել: Քրիստոնեությունը քարոզ, խոսք, գիր ու գրականություն չէ, կամ քահանան չէ իր սև հագուստով, այլ քրիստոնեությունը կյանք է, որ պետք է ապրել: Եկեղեցու հայրերի կողմից սահմանված Մեծ պահքի այս օրերին լավագույն հնարավորություն է տրված յուրաքանչյուրիս, որպեսզի ապաշխարությամբ և ինքնամաքրումով հասնենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը,- նշեց Տեր Հայրը:

Երիտասարդները, Տեր Վահանի բացատրությամբ, մանրամասնորեն ծանոթացան Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթային՝ իր խորհուրդներով:

Ամփոփելով բանախոսությունը՝ Տեր Հայրն ասաց, որ Քրիստոսի մահը մեղքի արդյունք էր, բայց Տերը հաղթեց մեղքին ու մահվանը, և հարություն առավ՝ ասելով. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33): Քրիստոսի հարությունը մեզ համար մեղքերից հարություն առնելու մի կարևոր օրինակ է: Ապաշխարության ընթացքում բոլորս՝ որպես արդար դատավորներ, մեր հոգիների խորքը նայելով, կտեսնենք բազմաթիվ բացթողումներ՝ անտարբերություն, եսասիրություն և այլ մեղքեր: Պահեցողությամբ ինքներս մեզ ապացուցում ենք, որ կարող ենք հանուն Աստծո փառքի ինչ-որ բանից հրաժարվել, այսինքն՝ նաև մեղքից:

Հոգևորականի հետ հանդիպումը վերածվեց զրույց-քննարկման՝ տարբեր թեմաների շուրջ ծավալվելով:

«LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանը և երիտասարդները շնորհակալություն հայտնեցին Տեր Վահան քահանա Առաքելյանին՝ հետաքրքիր հանդիպման և զրույցի համար:

Տեր Հայրը բանախոսությունն ավարտեց «Պահպանիչ» աղոթքով:

 

 

Կարինե Սուգիկյան

25.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․