Գրքեր

Հոգևորականության աշխարհիկացումը

- Հա՛յր, դպիրը նույնիսկ ամռանը, տապին պարտադիր պետք է շապիկ հագած լինի՞: Ես ամռան շոգին ուղղակի կորչում եմ քրտինքի մեջ:

- Այ քեզ բա՜ն… Համա թե վանականություն է այժմ… Ի՜նչ ասեմ… Սրբազան Աթանաս Աթոսացին ճգնելիս հաստ հագուստ էր հագնում և շատ ծանր խաչ կախում վզից, իսկ մենք… Ո՜ւր ենք հասել: Երբ Ավստրալիայում էի, մի վանքում կարճ տաբատով դպիր եմ տեսել: «Նման տեսքով,- ասացի նրան,- ծովափ են գնում՝ ծովում լողալու»: «Իսկ ինձ,- պատասխանում է,- այսպես ավելի հարմար է»:

Դրանից սկսում են, կամաց-կամաց առաջ են գնում, իսկ հետո հասնում են այնտեղ, որ ասում են. «Եկեք փարաջաները հանենք, որ արևը մեզ չեփի»: Փարաջան խանգարո՞ւմ է: Հանի՛ր: Գլխաշորը, գլխանոցը խանգարում են, քրտինքո՞վ ես ողողվում: Դրանք էլ մի կողմ նետիր: Այո-այո, դրան ենք հասնում: Եղբա՛յր, եթե շոգ է, ապա յուրաքանչյուր վանական պետք է իր մասին մտածի: Թող կապայի տակից ավելի թեթև հագնվի:

- Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է փարաջան հանել և միայն շապիկով մնալ:

- Իսկ քահանաներն էլ թող կապաները հանեն և տաբատով մնան, հա՞: Ինչ պատասխան տամ քեզ… Փիլոնը վանականի            հանդերձանքն է: Վանականը դրանով է զգեստավորվում ձեռնադրվելիս: Ձեռնադրության ժամանակ ձեռնադրող հոգևորականն է փիլոն հագնում: Ձեռնադրվողին փարաջա հագցնելուց հետո ձեռնադրողը հանում է իր փիլոնը և հագցնում նրան: Երբ Ալեքսանդրիայում էի, ապշել էի, տեսնելով, որ տեղացի որոշ կանայք ոտքից գլուխ սև են հագնված: Այդպիսին է նրանց ավանդույթը: Եվ դա այնտեղի շոգի պայմաններում: Իսկ մենք ինչ է, չե՞նք կարող դիմանալ մեր հայրերից ստացած փարաջաներին:

- Հա՛յր, ոմանք տարակուսում են. «Մի՞թե փարաջան է մարդուն քահանա դարձնում»:

- Իսկ դու, օրինակ, երկու ձիթենիների նայիր. մեկը տերևներ ունի, մյուսը՝ ոչ: Երկուսից ո՞րն ավելի շատ դուր կգա քեզ՝ տերևներո՞վը, թե՞ առանց տերևներինը: Մի անգամ, երբ Սուրբ Խաչի խցում էի ապրում, բակում աճող ձիթենու բնի կեղևը պոկեցի և գրեցի. «Ծառերն իրենց զգեստը մի կողմ են նետում, տեսնենք, թե որքան պտուղ են բերում», իսկ կողքն ավելացրեցի. «Տերտերն անփարաջա՝ բարոյազուրկ կերևա»: Այն ժամանակ բուռն քննարկվում էր քահանաների փարաջա հագնելու վերացման հարցը, և ոմանք գալիս էին դրա համար ինձնից օրհնություն ստանալու հույսով:

- Հա՛յր, մի մարդ մեր մենաստան մի ուղղափառ քահանայի բերեց, ով տաբատով էր: Արդյոք պե՞տք է նրանից օրհնություն վերցնել:

- Ի՞նչ օրհնություն: Ով էլ որ լինի այն քահանային ձեզ մոտ բերողը, պետք է նրան այսպես ասեիք. «Ներողություն ենք խնդրում, բայց մեր մենաստանում ընդունված է փարաջա տալ հոգևորականներին: Ինչպե՞ս կարող է քահանան տաբատով գալ կանանց մենաստան: Դա անպարկեշտ է»: Եթե ո՛չ այդ քահանան է ամաչում, ո՛չ նրան բերողը, ապա դու ինչո՞ւ պիտի ամաչես նրան փարաջա տալուց: Մի անգամ օդանավակայանում արտասահման մեկնող մի երիտասարդ ծայրագույն վարդապետի հանդիպեցի քաղաքացիական հագուստով: «Ես հայր այսինչն եմ»,- ներկայացավ նա ինձ: «Իսկ որտե՞ղ է քո փարաջան»,- հարցրեցի նրան և բնականաբար օրհնություն չվերցրեցի նրանից:

- Իսկ ոմանք պնդում են, հա՛յր, որ հոգևորականությունն ավելի մեծ օգուտ կբերի ավելի ժամանակակից դառնալով:

- Երբ Պատրիարք Դմիտրին, Ամերիկայում գտնվելով, այցելեց Սուրբ Խաչի աստվածաբանական դպրոցը, ապա որոշ ակնածալից ամերիկացի ուսանողներ նրան մոտեցան և ասացին. «Սրբազա՛ն, մեր դարաշրջանում հոգևորականությունը պետք է ավելի ժամանակակից դառնա»: Իսկ Պատրիարքը նրանց պատասխանեց. «Սուրբ Կոսմաս Էթոլիացին ասում է, որ երբ հոգևոր մարդիկ աշխարհիկների վերածվեն, աշխարհիկները դևերի կվերածվեն»: Նա լավ պատասխանեց նրանց, չէ՞: Նրա համար հիանալի սենյակ էին պատրաստել՝ ճոխ մահճակալով, հարուստ հարդարանքով, իսկ նա, այդ ամենը տեսնելով՝ ասաց. «Որտե՞ղ եք ինձ տեղավորելու: Այս սենյակո՞ւմ: Ավելի լավ է մի ծալովի մահճակալ բերեք ինձ համար: Հոգևոր անձն աշխարհիկանալով՝ սատանայի թեկնածու է դառնում»:

- Հա՛յր, հարկ է, որ հոգևորականի ավելի պա՞րզ զգեստներ կարենք: Միգուցե հարուստ ասեղնագործով զգեստները օգուտ չե՞ն բերում քահանաներին:

- Ձեզ պատիվ կբերի, եթե պատվիրատուներին այսպես ասեք. «Ահա, այսպիսի պարզ զգեստներ ենք կարում: Կարող ենք և շատ ասեղնագործով էլ կարել, բայց չենք անում, որովհետև անհանգստանում ենք այն մտքից, թե արդյո՞ք գայթակղության մեջ չենք գցում մարդկանց»: Բացի այդ, անհավատներն էլ են օգտագործում դա: Մեզ լուրեր են հասնում, որ ժողովրդի մեջ խոսում են. «Մենք հաց գնելու փող չունենք, իսկ տերտերները մի կույտ զգեստներ ունեն»: Եթե դուք պարզ ասեղնագործով զգեստներ կարեք, ապա լուրջ քահանաներն էլ կգնեն ձեզնից: Իսկ եթե աշխարհիկ մտածելակերպ ունեցող քահանաները ձեզնից հարուստ ասեղնագործով զարդարուն զգեստներ գնեն, ապա և՛ իրենք ծաղրուծանակի առարկա կլինեն, և՛ ձեզ կվարկաբեկեն: Իսկ ա՛յ Սուրբ Սեղանի, Սկիհի ծածկոցները կարող եք ավելի հարուստ ասեղնագործությամբ զարդարել: Եվ աշխատեք շապիկների, շուրջառների ներքի հատվածներում խաչեր և սրբերի պատկերներ չասեղնագործել: Զգեստների այդ մասերում ինչ-որ պարզ, ոչ սրբազան խորհրդանիշեր պատկերեք: Թե չէ քահանաները նստում են ուղիղ սրբերի, խաչերի վրա… Դա ակնածանք չէ:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

29.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․