Գրքեր

«Հովնանի պատմությունը» տեսարանի կոմպոզիցիոն լուծումները

Հովնան մարգարեն տասներկու փոքր մարգարեներից է, ով  Աստծուց հրաման էր առել՝ մեկնել Նինվե զղջման քարոզով քաղաքի չարության և ապագա կործանումը զգուշացնելու համար, եթե նրա բնակիչները չզղջան: Փորձելով խույս տալ այդ հրամանից՝ մարգարեն նստեց նավ, ուղևորվելով Թարսիս, որ փյունիկյան գաղութ էր: Ուղևորության ժամանակ նավը փոթորկի մեջ ընկավ, և նավավարները վախեցած վիճակ գցեցին, որ իմանան, թե ում մեղքերի պատճառով են իրենց վրա հրավիրել Աստծո զայրույթը: Վիճակն ընկավ Հովնանին, որը խոստովանեց իր մեղքը և խնդրեց նավավարներին իրեն ծովը նետել, որ նրանք կատարեցին, և Հովնանին կուլ տվեց կետը: Կետի փորում մնալով երեք օր ու երեք գիշեր՝ Հովնանը կետի կողմից ցամաք է շպրտվում: Պատահական չէ, որ Հովնանի պատմությունը առկա է Սուրբ Շաբաթի ընթերցվածներում՝ կապված Քրիստոսի խաչելությունից և թաղումից հետո կատարված անցքերի հետ. Հովնանը վկայված է Մատթեոսի Ավետարանում, որտեղ Քրիստոսը, ի պատասխան փարիսեցիների խնդրանքին նշան տալու, ասում է «Զի որպէս էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս, նույնպէս եւ Որդի Մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս եւ զերիս գիշերս» (Մատթ. 12:40): Ազատվելուց հետո մարգարեն նորից հրաման է ստանում գնալ Նինվե: Նրա քարոզների շնորհիվ քաղաքի բնակիչները ապաշխարեցին, և Աստված նրանց խնայեց: Հովնանը, դառնացած, որ բնակիչների նկատմամբ դատաստան չեղավ, սկսեց սպասել իր մարգարեության կատարմանը՝ իր համար տաղավար սարքելով, որտեղ Աստծո հրամանով աճեց դդմենի: Հաջորդ օրը որդը կերավ դդմենու արմատը, և այն չորացավ, որի համար վշտացավ Հովնանը: Այդ ժամանակ Աստված հասկացրեց, որ եթե նա ափսոսում է դդմենու թուփը, որն աճեց և կործանվեց մեկ օրում, ապա որքան ավելի կարեկցանքի է արժանի ամբողջ քաղաքը:

Պատկերագրության մեջ Հովնանի պատմության մի շարք տեսարաններում Հովնանն ու նավավարները ներկայացված են մերկ, այնպես, ինչպես պատկերված են քրիստոնեական սարկոֆագների վրա: Մինչդեռ քրիստոնյա Արևելքում  ժամանակակից և ավելի հին հուշարձանները նրանց հագուստով են ներկայացրել: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու քանդակագործը պահպանել է նույնիսկ հատկանշական մի մանրամասնություն, որը, վերջին հաշվով, վերցված է հրեական անկանոն գրքից: Ըստ այդ տեքստի՝ «ձկան փորի բարձր ջերմությունը ոչնչացրել էր Հովնանի հագուստները և գլուխը դարձրել ճաղատ»: Հետևաբար, ծով ձգվելիս Հովնանն ունեցել է իր լրիվ մազերը, բայց արտավիժվելուց և դդմենու ներքո հանգստանալու երկու դեպքերը քանդակված են և միայն մեկ անգամ է պատկերված լայնաբաց բերանով հրեշի առաջ պառկած: Բայց Աղթամարի քանդակագործը զարգացրել է Նինվեում Հովնանի քարոզելու պատմությունը, ըստ որում, մեդալիոններում ներկայացված մարդկանց շարժումները հիշեցնում են թագավորի հրամանը՝ «Եվ մարդիկ ու անասուններ քուրձ հագնեն ու բոլոր ուժով Աստծո աղաղակեն» (Հովնան 3:8): Սա նոր մեկնաբանություն է, և շատ ավելի վառ ու կենդանի, քան քաղաքի դարպասների առաջ մարդկանց սովորական ամբոխումը, ինչպիսին պատկերված է բյուզանդական մի շարք ձեռագրերում:

Հեթում Բ արքայի Ճաշոցի մանրանկարներում հոգեվիճակների հաղորդման նկատմամբ առկա է սուր հետաքրքրություն: Միջնադարյան նկարչի համար զարմանալի կենդանությամբ են պատկերված կեցվածքներն ու շարժումները, դիմախաղը, դեմքերի արտահայտությունները՝ բազմապիսի հուզավիճակներով: Կատարվող իրադարձությանը տարբեր են արձագանքում նավում կուտակված նավորդները «Հովնան մարգարեին ծովը նետելու» տեսարանում. ոմանք մատնում են իրենց զգացմունքները, մյուսները մտազբաղ են, Հովնանի դեմքը սարսափ է արտահայտում: Հաղորդելով նրանց կենդանի շարժումները՝ նկարիչը ասես ցուցադրում է կեցվածքների իր դիտողականությունը, ինչպես Հովնանին ծովը նետող երկու երիտասարդների եռանդուն պատկերում:  

Հանդիպում ենք պատկերների, որտեղ սրամիտ կոմպոզիցիոն լուծումներ է տրված. կետի բերանից նետված Հովնանը իր կերպարանքով ճեղքում է շրջանակը և դուրս գալիս կողմնային լուսանցք:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հյուսիսային և հարավային ճակատների վրա քանդակված կոմպոզիցիաները լուսաբանում են Հին Կտակարանից վերցրած դեպքեր: Հովնանի պատմության վերևում ներկայացված է Սոփոնիան այն պատճառով, որ նա կանխագուշակել է Նինվեի կործանումը: Աղթամարի քանդակագործները երբեմն ձևափոխել են իրենց ընդօրինակած պատկերները: Հովնանի պատմության մեջ կետ ձկան երկրորդ պատկերը վերցված է պարսկական «սենմուրվ»-ից կամ ծովաձիուց, որը հաճախ էր վերարտադրվում մահմեդական կամ բյուզանդական գործվածքների վրա: Կորացրած թևով, արմավենազարդ սրունքով և կլորացրած հոդակապով ներկայացված կենդանու առաջամասը ճշմարտացիորեն պատկերում է այս առասպելական գազանի վիզը, բայց նրա ետնամասը, փոխանակ սիրամարգի պոչի ձևով վերջանալու, ներկայացնում է ձկան գալարված պոչ, որը հար և նման է վաղ քրիստոնեական շրջանի սարկոֆագների վրա պատկերված ծովային հրեշի պոչի: Սասանյան և հետսասանյան արվեստում ներկայացված կենդանու ոտքերի շուրջը երբեմն ժապավեններ են կապված, իսկ Աղթամարի քանդակագործը դրանց փոխարեն մի տեղ ներկայացրել է այն գնդակները, որոնք բազեների ոտքերին էին ամրացվում բազեպանների կողմից: Զուտ երևակայությունը այստեղ միահյուսված է ճշգրիտ մանրամասնության հետ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

15.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․