Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսման կիրակի` հիշեցնելով առաջին մարդկանց` Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից (Ծննդ. 3.22-24): Արտաքսման կիրակիի նախորդ կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան` բարի կենդանություն, ուրախություն բառից, որը հիշատակն է դրախտում առաջին մարդկանց երանության:
Դրախտը իրական դրախտ էր ոչ թե այն գեղեցիկ պարտեզի առկայությամբ (Ծննդ. 2.8-10), ուր ապրում էին առաջին մարդիկ, այլ` առաջին հերթին աստվածային ներկայությամբ, այդ ներկայությունը մարդկանց կողմից վայելելու և դրանով երանություն զգալու իրողությամբ: Դրախտից արտաքսելով մարդկանց` Աստված հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները (Ծննդ. 3.24) և անիծեց Ադամին` ասելով. «Թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3.17-19): Քրիստոսի փրկագործությամբ վերացվեց անեծքը, և մարդկության առջև բացվեց դրախտի, Երկնքի Արքայության ճանապարհը: Վերջին ընթրիքից հետո Քրիստոս աղոթեց Գեթսեմանի պարտեզում, որպեսզի պարտեզից վտարված Ադամին և նրա սերնդին դրախտի պարտեզ վերադարձնի: Ղուկասի ավետարանում նշվում է, որ աղոթքի ժամանակ «Նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման` շիթ-շիթ գետին թափվելով» (22.44): Քրիստոս այսպես քրտնեց` բուժելու Ադամին այն անեծքից, որով ասվեց, թե` քո երեսի քրտինքով պիտի ուտես քո հացը (Ծննդ. 3.19): Քրիստոս աղոթելիս ասում էր. «Այս բաժակը Ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե Իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի» (Ղուկ. 22.43): Մարդուն հատուկ է մահից վախենալը: Սակայն այս արարքով Քրիստոս դարձյալ վարվեց Ադամի անհնազանդությանը հակառակ: Ադամը մերժեց Աստծո կամքը և կատարեց սատանայի կամքը, մինչդեռ Քրիստոս մերժեց մարմնի կամքը` հաստատելու համար մարմնի Արարչի կամքը: Աստծո կողմից մարդկանց արտաքսելը աստվածային խստասրտություն չէ, այլ կրկին մարդկանց հանդեպ սիրո արտահայտություն, ինչպես որ ծնողը պատժում է երեխային` միևնույն ժամանակ սիրելով նրան և ջանալով ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Աստվածաշունչը ևս ասում է. «Տերը ում սիրում` նրան խրատում է և պատժում նրան, ում ընդունում է որպես որդի» (Առակներ 3.12): Օրինակ` կինը, որ անտեսեց Աստծո կամքը, զրկումով բերվեց ճշմարիտ աստվածճանաչողության և իր սպանված որդու կորստյան համար ոչ թե դժգոհեց Աստծուց, այլ հետո գոհություն հայտնեց, որ Աստված իր մեռած որդու փոխարեն իրեն նոր որդի տվեց (Ծննդ. 4.25):
Պահքի մեջ մենք պահում ենք այն պատվիրանը, որ խախտեցին առաջին մարդիկ (Ծննդ. 2.16.17), այսինքն` չուտելու պատվիրանը, որով հրաժարվում ենք որոշ տեսակի կերակուրներից` ի նպաստ հոգևորը զորացնելու և աստվածային կամքի կատարման մեջ հաստատվելու: Աստված տեսնելով, որ ուտելու պատճառով մարդիկ զրկվեցին դրախտից, այնպես կարգեց, որ նույն ուտելու միջոցով, այսինքն` Սուրբ Հաղորդությունը ճաշակելով վերարժանանան դրախտային երանության և հավիտենական կյանքի, ինչպես որ ասում է Հիսուս Քրիստոս. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի. և այն հացը, որ Ես կտամ, Իմ Մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6.51-52):
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից