Գրքեր

«Հրաշքը հավատի զավակն է»

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» խորագրի շրջանակներում այս տարվա առաջին բանախոսությունը տեղի ունեցավ մարտի 7-ին: Այս անգամ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում երիտասարդները օրվա բանախոսի՝ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ քննարկում էին «Հրաշքների մասին» թեման:

Անբացատրելի հրաշքների մասին բանախոսությունը սկսեց Տեր Հայրը՝ ներկայացնելով, որ թե՛ Սուրբ Գրքում, թե՛ եկեղեցու պատմության մեջ բազմաթիվ են հրաշքները. «Ըստ էության՝ հրաշքը անբաժանելի մասն է կազմում մեր կյանքի, այն իրականության մեջ հազվադեպ պատահող մի երևույթ չէ: Ոմանք սխալմամբ կարծում են, թե ժամանակակից աշխարհում հրաշքները քիչ են լինում, որ դա միայն Ավետարաններում է նկարագրված: Այնինչ, եթե ուշադիր լինենք, բազմաթիվ հրաշքների ականատես կլինենք, Աստծո արարչագործության մեջ էլ հրաշքները բազում են»:

Տեր Հայրը փաստեց մեծագույն մի հրաշք, որ աշխարհը ստեղծվել է ոչնչից, օրինակ բերելով գիտնականների վերջին տարիների ուսումնասիրությունը, նշեց, որ ֆիզիկայի որոշ օրենքների համաձայն՝ այս աշխարհը պիտի գոյություն չունենար: Քանի որ, ըստ նրանց ուսումնասիրությունների, բջիջը անվերջ բաժանվելով, հասնում է ոչնչության, չկա նախնական նյութ, այսինքն՝ աշխարհը ստեղծվել է ոչնչից, իսկ ոչնչից չի կարող էվոլյուցիա տեղի ունենալ:

Տեր Զգոնը նշեց, որ քրիստոնեության մեջ կան հրաշքներ, որ գերբնական են և նաև սովորական: Գուցե շատերի համար սովորական են սերմից բույսի աճելը, աղոթքի պատասխանով Աստծո ներգործությունը զգալը, մկրտությամբ մարդու դրական փոփոխությունը, բայց այս բոլորը ինքնին հրաշք են, այլ ոչ թե բնական մի ընթացք:

Ի՞նչ նշանակություն ունի հրաշքը մեր կյանքում

Մինչ հրաշքների նշանակությանը անդրադառնալը՝ Տեր Հայրը օրինակ բերեց Հիսուս Քրիստոսի կողմից գործված բազմաթիվ հրաշքները՝ որպես Աստծո բարեբեր սիրո արդյունքի ներգործություն: «Բացի հրաշքներով հավատ ներշնչելուց, Քրիստոս հրաշագործելուց հետո զգուշացնում էր մարդկանց այդ մասին ոչ մեկին չպատմել: Եվ ի պատասխան հրեաների նշան պահանջելուն՝ Քրիստոս պատասխանեց, որ իրենց նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից, որը խորհրդանշում էր Քրիստոսի խաչելությունը և հարությունը: Երբ մեր Տերը բուժեց դիվահարին, ապա այդ քաղաքի բնակիչները խնդրեցին Նրան հեռանալ իրենց սահմաններից: Հրեաներն ականատես եղան Քրիստոսի կողմից գործված բազմաթիվ հրաշքների, բայց չընդունեցին Նրան, այլ խաչեցին»,- ասաց Տեր Հայրը:

Իսկ հրաշքի նշանակության մասին Տեր Զգոնը հետևյալն ասաց. «Առաջին հերթին հրաշքը ունի բարեբեր ներգործություն մարդու կյանքում: Բայց հրաշքը հավատքի ձևավորման հիմնական դրդապատճառը չէ, այն կարող է սահմանափակ ձևով ազդել նորադարձի վրա, ամրապնդել նրա հավատքը: Հրաշքները մեր խնդրանքների իրականացումն են: Աստվածճանաչողությունը հրաշքի միջոցով էլ է հնարավոր, բայց հիմնականում մարդիկ ճանաչում են Աստծուն հավատի շնորհի միջոցով: Չպետք է անչափ ոգևորվել, գայթակղվել, հրապուրվել հրաշքով կամ այն գործող անձով, քանի որ մաքրագործման ճանապարհը դեպի Աստված պատվիրանապահությունն է»:

Հրաշքը Աստծո՞ւց է, թե՞ չարից

Քանի որ շատ կարևոր է զանազանել հրաշքը Աստծուց է, թե՞ չարից, Տեր Զգոնը մատնանշեց, որ հրաշքները կարող են լինել բարենորոգ և ավերիչ: Եվ որ պատահական մարդը չի կարող հրաշագործել Աստծո օգնությամբ: Մոգերը, քրմերը, գուշակները հրաշքներ են գործում՝ չար ուժերի հետ կապվելով: Չարը կարող է լուսեղեն հրեշտակի, խաչի կամ այլ կերպերով գայթակղեցնել մարդկանց: Ըստ Տեր Հոր՝ գայթակղվելու հավանականությունը մեծ է այսօր և պետք է քննել հրաշքներ գործող անձի անցյալը, նրա գործունեությունը և ըստ այդմ պարզել Աստծո՞ւց է հրաշքը, թե՞ չարից: «Իսկ Սուրբ Հոգու զորությամբ կարող են հրաշքներ լինել սրբակենցաղ մարդկանց, հոգևորականի միջնորդ իշխանության շնորհիվ, համայնքի միասնական աղոթքի շնորհիվ: Քանի որ հրաշագործելու շնորհ ունեցողը հոգևոր զարգացման փուլերով է անցնում՝ կտրվելով նյութական աշխարհից»,- հավելեց Տեր Հայրը:

Բանախոսությունից հետո երիտասարդներին հետաքրքրում էր, թե Տեր Զգոնը ի՞նչ հրաշքների է ականատես եղել կամ այսօր Հայ եկեղեցում տեղի ունեցող հրաշքներին որքանո՞վ են տեղյակ մարդիկ, ի՞նչ վնասներ են կրում մարդիկ չարի կողմից գործված հրաշքներից: Տեր Հայրը ներկայացրեց այն հրաշքները, որոնց ինքն է ականատես եղել, ապա նշեց, որ ոչ միշտ է օգտակար հրաշքների մասին բարձրաձայնելը փառասիրությունից խուսափելու համար, օրինակ ունենալով Քրիստոսին, իսկ չարի ազդեցությամբ գործված հրաշքների վնասները շատ են և սարսափելի:

Ներկաների հարցերից նկատելի էր նաև այն ցավալի հանգամանքը, որ այսօր նույն հեռուստատեսությամբ կամ համացանցով գովազդվում են չարի ներգործությամբ գործող որոշ մարդկանց «զարմանահրաշ» գործունեությունը՝ շփոթեցնելով բազմաթիվ անտեղյակ մարդկանց:

«Չմոռանանք, որ Հիսուս երբեք հրաշք չի գործել մարդկանց մեջ հավատ ծնելու, այլ նրանց կարիքն ու ցավը դարմանելու նպատակով: Հավատն է հրաշք ծնում, որովհետև ժողովրդի կենդանի հավատը անկարելին կարելի է դարձնում, որովհետև ժողովրդական հավատը հրաշքը և՛ ընդունում է, և՛ ստեղծում» (Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյան):

 

 

Կարինե Սուգիկյան

07.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․