Գրքեր

Հրեա ժողովուրդը

Քրիստոնեական աշխարհի մշակույթի հիմքում ընկած է ոչ թե հունական, հռոմեական կամ եգիպտական հսկա քաղաքակրթությունների հարուստ մշակույթը, այլ հրեական մշակույթը: Քրիստոնեական առաջին շրջանի աշխատությունները, մանրանկարները, հետագայում Վերածննդի շրջանի արվեստի հռչակավոր գործերը, եկեղեցիները զարդարող պերճաշուք նկարները առնչվում են ոչ թե հույն ժողովրդի փիլիսոփայությանը, հին եգիպտացիների զարմանալի և ակնածելի ձեռքբերումներին, հռոմեացիների մեծագույն նվաճումներին և կամ այլ հայտնի հին քաղաքակրթություններին, այլ հրեա ժողովրդի պատմությանը և ազգությամբ հրեա Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների կյանքին ու գործունեությանը:

Մարդկության պատմության մեջ հրեաների եզակի դերակատարությունն այն էր, որ միայն նրանք էին պահպանել միաստվածության գաղափարը, մինչ մյուսները ընկղմված էին կռապաշտության և բազմաստվածության հիմարության մեջ: Հրեաներն Աստծո ընտրյալ ժողովուրդն են, բայց պետք է ասել, որ նաև Աստծո ստեղծած ժողովուրդն են, քանի որ Աստված Ինքն ընտրեց հրեաների նախահայր Աբրահամին (Ծննդ. 12.1-2) և նրա սերունդներին ժողովուրդ դարձրեց` ըստ Իր խոստման (Ծննդ. 15.5): Ճիշտ է, հետագայում Աստծո ընտրյալ, սեփական ժողովուրդ համարվեցին քրիստոնյաները, որպես Նոր Իսրայել` սերած տասներկու առաքյալներից, ինչպես հրեաներն են սերում Աբրահամի սերունդ տասներկու նահապետներից:

Երբ հրեաները սկսեցին շեղվել աստվածահաճո ապրելակերպից, դադարեցին Աստծո ժողովուրդ լինելուց: Քրիստոս, Ով Ինքը մարդկային ծնունդով ազգությամբ հրեա էր, հրեաներին անվանում է սատանայի ժողովուրդ. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել» (Հովհ. 8.44): Նաև ազգությամբ հրեա Հովհաննես առաքյալի հեղինակած Հայտնության մեջ հրեաները համարվում են սատանայի ժողովուրդ. «Տեսա նաև հայհոյությունը նրանց, որ իրենք իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովուրդ» (2.9), «Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին: Նրանք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն և ստում են» (3.9):

Սակայն այն փաստը, որ հրեաների խարդավանքով խաչվեց մեր Տերը` Հիսուս Քրիստոս, և նրանք կոչվեցին սատանայի ժողովուրդ, երբեք չպետք է պատճառ լինի հրեա ժողովրդի հանդեպ ատելության, քանզի նրանց ժամանակավոր անհնազանդությունը Տիրոջը պատճառ եղավ մյուս ժողովուրդների դարձի (Հռոմ. 11.25), ովքեր պատվաստվեցին և հաղորդակից եղան այն արմատին, որ հրեական է (Հռոմ. 11.17): Պողոս առաքյալը, ով հպարտանում է իր հրեա ազգությամբ` Աբրահամի սերնդից և Բենիամինի ցեղից լինելով, շեշտում է, որ Աստծո կողմից Իսրայելի` հրեաների ընտրյալ լինելը և նրանց խոստացված պարգևը անդառնալի են (Հռոմ. 11.28), և մարգարեանում է, որ հրեա ժողովուրդը պիտի փրկվի այն ժամանակ, երբ մյուս ժողովուրդների ամբողջությունը փրկվի (Հռոմ. 11.25-26): Պողոս առաքյալը, նաև արտահայտելով իր մեծ սերը իր ժողովրդի հանդեպ, ասում է. «Իսրայելի անհավատարմությունը մեծ տրտմություն է ինձ և անհատնում ցավ` իմ սրտին, որովհետև ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, որ իսրայելացիներն են. նրանցն է որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը. նրանցն են նահապետները, նրանցից է նաև Քրիստոս` ըստ մարմնի. և Նա° է բոլորի վրա հավիտյանս օրհնյալ Աստված: Ամեն» (Հռոմ. 9.2-4):

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

21.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․