Գրքեր

«Հույսը երբեք չի ամաչեցնում»

«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմեացիներ 5:5):

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Օրվա ընթերցվածքը Եսայու մարգարեությունից էր, որտեղ պատմվում է, որ Ասորեստանի Սենեքերիմ արքայի պատգամաբերը գալիս է Հրեաստան և դիմում Եզեկիա թագավորի ներկայացուցչին՝ պահանջելով հանձնվել իր արքային: Եվ հետևյալ հարցն է ուղղում՝ ո՞ւմ վրա է հույս դրել Եզեկիա արքան` եգիպտացիների փարավոնի՞, որը եղեգնյա մի ցուպ է, որի վրա հենվողը պիտի խորտակվի, թե՞ ապավինել է Աստծուն, որի զոհասեղանները ինքը Եզեկիան ավերեց (Եսայի 36:4): Հետևաբար ո՞վ է փրկելու Հրեաստանը և Եզեկիա թագավորին մոտալուտ կործանումից, և ո՞վ է նրանց պաշտպան լինելու:

Սիրելինե՛ր, ահա մի հարց, որ պետք է բոլորս մեզ տանք՝ ո՞ւմ վրա ենք դրել մեր հույսը: Սաղմոսներից մեկում Դավիթ թագավորն ասում է. «Երանի այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է, և որը ունայնությանն ու սուտ մոլորությանը ուշ չի դարձրել» (Սաղմոս 39:5): Անտարակույս, մենք՝ քրիստոնյաներս, մեր հույսը դրել ենք Ճշմարիտ Աստծո վրա, երկնքի և երկրի Արարչի, Որը երբեք մեզ չի լքում: Նա միշտ մեզ հետ է, մեր հզորությունն է, մեր քաջությունն է, մեզ կյանք Պարգևողն է: Մենք երբեք չպետք է կասկածենք կամ երկմտենք դրանում, հուսալքվենք փորձությունների, հիվանդությունների ու պատահարների ժամանակ, քաղցի թե ծարավի, հիվանդության թե աղքատության ժամանակ, պատերազմի թե տարերային աղետների ժամանակ, որովհետև մեր Աստծո ուշադրության կենտրոնից երբևիցե չեն վրիպել կամ չեն անտեսվել մեր կարիքները, մեր ցավերն ու տառապանքները, մեր հուզումներն ու հոգու տենչերը: Պողոս առաքյալը նեղությունների համար այսպես է ասում. «Պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմեացիներ 5:3-5):

Երեմիայի մարգարեության մեջ ներկայացվում է Տիրոջ վրա հույս դնողի օրհնությունը. «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա, նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Երեմիա 17:7,8): Աստծո սիրո և հավատարմության վկայությունը ողջ մարդկության նկատմամբ Նրա Որդու պատարագվելն է հանուն մեր փրկության: «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3:16): Սակայն պետք է նշել, որ վերացական հավատքը ոչինչ փոխել մեր կյանքում չի կարող: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Լեռան քարոզում ասում է. «Ով որ լսում է Իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա, անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված: Իսկ ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս 7:24-27): Կենդանի հավատք է պետք ունենալ, պատվիրանապահությա՛մբ և գործերո՛վ հավատք, այլապես, եթե լսենք Քրիստոսի խոսքերը և չփորձենք դրանք կյանքի կոչել, քրիստոնյա չենք լինի և, ամենակարևորը, Քրիստոսի խոստացած բարիքները չենք կարող ըմբոշխնել մեր կյանքում: Ինչպես համոզվում ենք Ավետարանից, Աստծուն ապավինելը մեզ համար ժայռի վրա տուն կառուցել է նշանակում՝ ամրապինդ և աներեր: Մենք չպետք է դիտենք մեր շուրջը, թե ինչ են անում, ինչպես են ապրում մյուսները: Մեզ համար արդար և արդյունավետ կենցաղավարության համեմատության եզր և չափման միավոր պետք է լինի միմիայն Սուրբ Գիրքը: Քրիստոս ասում է. «Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13,14):

Պատվիրանապահությունն ինչքան էլ որ դյուրին չթվա մեզ, միևնույնն է, հարկավոր է հաստատակամ լինել, որպեսզի շահենք կյանքը: Առակաց գրքի հետևյալ միտքը գալիս գոտեպնդում է մեզ. «Տիրոջից երկյուղ կրելու մեջ վստահ հույս կա, որովհետև Աստված Իր որդիների համար խաղաղ ապավեն է» (Առակներ 14:26): Մեր բոլորի հույսն ու հավատը պետք է Աստված լինի, մեր ակնկալությունը, մեր հույսը՝ մանկությունից սկսյալ (Սաղմոս 70:5): Մեր կյանքի փորձառությունից իսկ գիտենք և համոզվել ենք, որ այս աշխարհում չկա մի բան կամ մեկը, որի վրա մենք հաստատապես կարող ենք հույս դնել, չի՛ք: Աստված է միմիայն, Որի համար մենք կարող ենք վկայել, որ կարող է և ի զորու է մեզ ոտքի կանգնեցնելու, հուսադրելու ու քաջալերելու, ուժ և եռանդ պարգևելու, մեզ զորացնելու և հաղթանակ ընծայելու, փարատելու մեր վշտերը, ամոքելու մեր հիվանդությունները, Նա է «հույսը երկրի բոլոր ծագերի» (Սաղմոս 64:6): Հիշենք Հոբ Արդարին, որի ցավերն ու տառապանքները ոչ միայն ֆիզիկական էին, այլ նաև հոգեկան, ոչ միայն մարմնական վերքերն էին նրան անհանգստացնում, այլ նաև սրտի կսկիծը: Ամեն ինչ կորցրեց, սակայն չուրացավ Աստծուն, հավատարիմ մնաց Նրան, իր սրտի մրմուռն արտահայտեց, բայց երբեք չուրացավ ու չդավաճանեց Աստծուն: Աստված կրկին նրան բարձրացրեց:

Սիրելինե՛ր, երբ զգում եք, որ հուսալքվել եք, մի՛ մոռացեք սաղմոս ընթերցել, աղոթել Դավթի շուրթերով և Նրա բարեխոսությամբ, ընթերցե՛ք Հոբի գիրքը և համոզվեք, որ Աստված մշտապես մեզ հետ է, մեր կողքին, Նրա թողտվությամբ մենք կարող ենք տարբեր իրավիճակներում հայտնվել, սակայն Նա միշտ մեր կողքին է: Հոբի գրքում ասվում է. «Աղոթքդ քեզ համար արուսյակի պես կլինի. կեսօրին կծագի կյանքը քո, ու վստահ կլինես, որ հույս ունես, հոգսերի ու տարակուսանքների միջից խաղաղությունը կերևա քեզ» (Հոբի գիրքը 11:17): Ուստի՝ հարատև աղոթեք՝ սաղմոսելով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ և Աստծու վրա է հույսն իմ: Ձեր հույսը դրե՛ք Նրա վրա, ժողովուրդների ո՛ղջ բազմություններ, բացե՛ք Նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 61:8,9): Մենք՝ քրիստոնյաներս, մեր հույսը դրել ենք ոչ թե սնոտի բաների, այլ Աստծո Ողորմածության վրա, մենք հույսն ունենք հարության, որքան էլ անարժան լինենք, մենք հույս ունենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից փրկության արժանանալու:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

26.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․