Գրքեր

Հյուրասիրության և օտարասիրության մասին

Հյուրասիրություն և օտարասիրություն. ինչքանո՞վ են տարբեր և ի՞նչ ընդհանրություններ ունեն:

«Հյուրասիրություն» և «օտարասիրություն» բառերը ցույց են տալիս հյուրի, օտարի հանդեպ սիրո դրսևորման երևույթը: Հյուրասիրությունն արտահայտվում է նաև սիրալիրության զգացումով, կերակուր հրամցնելով: Այստեղից էլ հյուրասիրել բայը նշանակում է մեկին ուտելիք կամ ըմպելիք տրամադրելը, նրա հետ հաց կիսելը: Հյուրասիրությունը և օտարասիրությունը նույն երևույթի տարբեր կողմերն են ներկայացնում: Հյուրասիրություն նշանակում է որպես հյուր ընդունել ծանոթ մեկին, իսկ օտարասիրություն` որպես հյուր ընդունել օտարին, անծանոթին:

Հայերը միշտ աչքի են ընկել հյուրասիրությամբ և նույնիսկ հեթանոսական շրջանում ունեցել են հյուրասիրության աստված` Վանատուր անունով: Սա ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը հնուց ի վեր եղել է հյուրասեր և օտարասեր, անգամ այդ ունակությունը հաստատագրել թեկուզ և սխալ կրոնական համոզմունքի ձևով:

 

Հյուրասիրությունը կամ օտարասիրությունը կարո՞ղ են առաքինություն համարվել:

Եթե առաքինությունը համարում ենք բարոյական բարձր չափանիշներին համապատասխան արարքներ կամ վարվեցողություն, ապա հյուրասիրությունը և օտարասիրությունը նույնպես առաքինություններ են: Սակայն այս առաքինությունները կարող են վերածվել նաև մոլորության, երբ եղծվում է դրանց իրական իմաստը: Մեր ժողովրդի պարագայում ցավով կարող ենք արձանագրել, որ մեր օտարասիրությունը հաճախ վերածվում է օտարամոլության: Սա ի հայտ է գալիս հետևյալ իրողություններով: Մարդիկ տարբեր հաստատությունների անվանումներ նախընտրում են հռչակել օտարալեզու անուններով, օտարի հանդեպ վերաբերմունքն ավելի բարեհամբույրությամբ ու հաճությամբ տարբերվում է սեփական հայրենակցի հանդեպ վերաբերմունքից, արտասահմանում բնակվող հայերը նախընտրում են նույնիսկ տանը խոսել օտար լեզվով, և կամ այլ երկրներում ապաստան հաստատած բազմաթիվ հայեր իրենց հայերեն խոսքի մեջ շատ հաճախ ցուցադրության համար օգտագործում են օտար լեզվի բառեր, արտահայտություններ: Երբ օտարասիրությունը լինում է սեփական արժեքների հաշվին` հայրենիքի, լեզվի, ազգակցի, այդ ժամանակ օտարասիրությունը դառնում է օտարամոլություն, և տվյալ առաքինությունը վերածվում է արատի:

 

Մենք միշտ աչքի ենք ընկել մեր հայկական հյուրասիրությամբ, բայց այսօր հյուրասիրության քողի ներքո նաև բացասական երևույթներ են հաստատվել մեր մեջ: Խոսենք հյուրասիրության և ժամանակակից ձևապաշտության մասին:

Հայկական հյուրասիրության մեջ երբեմն նկատվում է առավելաբար սեփական անձի ցուցադրություն, քան հյուրին հյուրասիրելու ձգտում: Հոգեբանության մեջ խոսվում է պերֆեկտիզմի` կատարելապաշտության մասին, որը թերարժեքության զգացումի դրսևորումներից մեկն է: Պերֆեկտիզմով տառապողները որևէ գործ ջանում են անել կատարելությամբ, և եթե ամբողջ գործի մեջ չնչին մի բան չի հաջողվում, ապա ընդհանրապես հրաժարվում են իրենց մտադրությունից, քանի որ վախենում են ուրիշների վրա գերազանց տպավորություն չթողնելուց:

Երբեմն պերֆեկտիզմ զգացվում է նաև հայկական հյուրասիրության մեջ: Մարդիկ կան, որ լավ հյուրասիրություն են կազմակերպում ոչ թե հյուրին հաճույք պատճառելու, այլ նախ և առաջ վատ տպավորություն չթողնելու, հյուրի մոտ ամոթով չմնալու համար: Պատահում է, որ նաև հակառակ երևույթն է լինում: Մարդը, մի ծանոթի հանդիպելով և նրան հյուրընկալելու ու հյուրասիրելու անհրաժեշտության առջև գտնվելով, տխրում է` մտքում հաշվելով, թե որքան նյութական ծախս պիտի անի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, որոնց համար հյուրասիրություն կազմակերպելը մեծ խնդիր է: Պետրոս առաքյալն ասում է. «Հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու» (Ա Պետ. 4.9): Առաքյալի խոսքից երևում է, որ հնուց ի վեր մարդիկ նյութական ծախսերի նկատառումով նաև տրտնջացել են հյուրասիրություն կազմակերպելուց առաջ: Սակայն պետք է իմանալ, որ հյուրասիրությունը քրիստոնեական առաքինություններից մեկն է: «Հետամո՛ւտ եղեք հյուրասիրության» (Հռ. 12.13),- հորդորում է Պողոս առաքյալը: Հին Կտակարանում Աբրահամը մարդկային հասկացողության համար ըմբռնելի կերպարով իրեն ներկայացած Սուրբ Երրորդության անձանց կամ Երրորդությունը ներկայացնող հրեշտակներին օտարասիրությունից մղված առատապես հյուրասիրեց և մեծ օրհնությունների արժանացավ (Ծննդ. 18.2-10): Նոր Կտակարանում ակնարկվում է նաև այս դեպքը և հյուրասիրության ու օտարասիրության հորդորով նշվում, որ հնում հյուրասեր մարդիկ առանց իմանալու նույնիսկ հրեշտակների հյուրընկալեցին. «Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու» (Եբր. 13.2):

 

Թեև մեր կյանքի պայմանները գնալով երբեմն ավելի են դժվարանում, բայց հատկապես Ամանորին մեր սեղաններն առատությունից ավելի ու ավելի են ծանրանում: Ինչո՞ւ է այդպես. այս տոնը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հյուրասիրությունը ազգային բնավորությո՞ւն է, թե՞... ճարահատյալ պարտք:

Նախ հարց է, թե ում սեղաններն են առատությունից ծանրանում: Եթե ասում ենք, որ երկրի ու բնակչության տնտեսական վիճակը լավ չէ, և ապա փաստում ենք, որ մարդկանց սեղաններն առատությունից ծանրանում են, ուրեմն այստեղ հակասություն կա: Հստակ է, որ, ցավոք սրտի, անգամ Ամանորին դատարկ են մնում մեր կողքին ապրող, մեր հայրենակից աղքատների սեղանները: Իսկ ովքեր շատ թե քիչ աշխատանքային եկամուտ ունեն, նրանք են, որ Ամանորին սեղանները լցնում են տարբեր ուտեստներով, ոմանք Նոր տարվա համար անգամ պարտք են վերցնում բանկերից, ֆինանսական հաստատություններից: Այս իրավիճակը հետո տարբեր ընտանիքներում մի որոշ շրջան նյութական նեղություն է բերում:

Պետք է ասել, որ վերջին տարիներին զարգացել է մեր ժողովրդի, այսպես ասած, ռեստորանային ճաշակը, քանզի նման վարվելակերպ դրսևորվում է նաև եկեղեցական արարողությունների հետ կապված` ի մասնավորի Պսակի և Մկրտության պարագայում: Շատ մարդիկ անգամ մկրտության չեն գալիս կամ չեն բերում իրենց զավակներին, եթե տվյալ պահին հնարավորություն չունեն եկեղեցում արարողությունից հետո ուրախությունը նշել ռեստորանում: Ավելի ծանր է Պսակի պարագան, երբ հսկայական գումարներ են վերցնում բանկերից` ամուսնությունը ռեստորաններում նշելու համար, և հետո երկար տարիներ աշխատում են` այդ ամուսնությունը նշելու պատճառով գոյացած պարտքը մի կերպ մարելու համար: Երբեմն լինում է նաև այնպես, որ չեն կարողանում պարտքով վերցրած գումարը վերադարձնել բանկերին, որի հետևանքով զրկվում են անգամ իրենց տներից, անշարժ գույքից, կացարաններից: Առիթը թեկուզ և պարտքով նշելու մոլուցքը տարածվել է նաև Ամանորի վրա, որին խառնվում է նաև վերոնշյալ պերֆեկտիզմի բարդույթը: Մինչդեռ Ամանորը` հունվարի մեկը, ընկնում է Սուրբ Ծննդյան պահքի շրջանի մեջ:

 

Այդ դեպքում ինչպե՞ս վարվել Ամանորի տոնական սեղանը զարդարելու համար:

Այսօր մարդիկ ուշադրություն չեն դարձնում Քրիստոսի Ծննդյանը նախորդող պահքին և Նոր տարվա առիթով տները, սեղանները լցնում մսեղեններով, պարարտ կերակուրներով, ոգելից խմիչքներով: Սուրբ Ծննդյան պահքի օրերին տարածվում է կերուխումն ու հարբեցողությունը: Խորհրդային աստվածամերժ և եկեղեցամարտ իշխանության տարիներին առավել արմատավորված այս սովորությունը, հասկանալի է, դժվար է միանգամից վերացնել, և հոգևորականներն էլ ըմբռնումով են մոտենում ամանորյա խնջույքներին: Սակայն Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան խորհրդի, դրա հետ կապված քրիստոնեական կարգուկանոնի մասին առավել եռանդուն քարոզչությամբ պիտի վերահաստատի հունվար ամսվա սկզբին սեղանի ուտելիքների վերաբերյալ պատկերացումը: Այդ ժամանակ ամանորյա սեղանին կլինեն ավելի թեթև կերակուրներ, իսկ Սուրբ Ծննդյան ժամանակ` այս տոնը նշելուն հատուկ ուտեստ ձուկը, և շատ մարդիկ ստիպված չեն լինի ընդունված մտայնության պատճառով հնարներ ճարել` սեղաններն առատ ուտելիքներով լցնելու համար: Բացի դրանից, անգամ ավելի շատ հնարավորություն ունեցողները նախընտրելի է` մի բան քիչ դնեն իրենց սեղաններին, զերծ մնան ավելորդություններից, շռայլություններից և փոխարենը ողորմության գործեր անեն` օգնելով մեր կարիքավոր ազգակիցներին, հայրենակիցներին:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

26.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․