1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

«Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ»

Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ (Սաղմոս 118։5)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր Նոր տարվա առաջին օրն է, և այսօր հնչում են այս տարվա սպասելիքների հետ կապված բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ։ Մարդիկ իրենց մաղթանքներով ցանկանում են մոռանալ անցյալ տարվա տխրալից իրադարձությունները և առաջ նայել, ցանկանում են համոզված լինել, որ առջևում նման դժբախտություն չի պատահի մեր երկրի ու զավակների հետ։ Այդ բարեմաղթանքները մեր բոլորի սրտից բխած անկեղծ խոսքեր են։ Եկեղեցին զուտ բարեմաղթանքներ և ցանկություններ չի հայտնում։ Նա մշտապես իր հորդորներով, ուսուցումներով մարդկանց առաջնորդում է դեպի իրական փրկություն և դեպի հավիտենական կյանք։ Եկեղեցու խորանից հնչող մաղթանքներն ու քարոզները բարին կամեցող վերամբարձ խոսքեր չեն, այլ լրջություն և խորհելու ունակություն պահանջող խոսքեր են, որոնց հիմքում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենսատու պատվիրաններն են, որոնք նպատակ են հետապնդում մարդուն կանգնեցնելու ճիշտ ճանապարհին և կանխելու նրա կործանումը։ Այդ պատվիրանները, որ Աստված և եկեղեցին երբեք չեն պարտադրել մարդկանց, հեղհեղուկ չեն, միայն չեն հնչում ու հօդս ցնդում, չեն գործում ըստ ժամանակների, այլ հավիտենական են, ապահովում են մարդու ճիշտ ընթացքը և կյանք են պարգևում նրանցով ապրող մարդկանց։ Եկեղեցու մաղթանքները Աստծու շունչն ունեն, որովհետև մարդու բարին են կամենում և տանում են նրան դեպի փրկություն։ Մարդուն կանգնեցնում են հաստատուն հողի վրա, դարձնում են ամուր ու անսասան իր ձգտումների, խոսքերի, կյանքից սպասելիքների ու իր անելիքների, բնավորության, խառնվածքի, կամքի դրսևորման, կյանքի սկզբունքների ընտրության մեջ։

Աստվածային ճշմարտությունը մեզ սովորեցնում է կյանքը չվերածել կենացների, խոսքերի ու ճառերի, այլ հարկավոր է վերածել գործերի ու քայլերի, որովհետև գործի վերածված խոսքերն են արժեքավոր, և մարդուն դարձնում են հարգարժան և պատվավոր։ Մարդու կյանքը գնահատվում է ըստ նրա կատարած գործերի։ Հակառակ պարագայում կյանքը կլցվի դատարկ խոսքերով, որոնք կարժեզրկվեն ու այլևս վստահություն չեն ներշնչի։ Բոլորը միայն կխոսեն, կմաղթեն, կցանկանան, կխոստանան, բայց ոչինչ չեն անի իրենց խոսքերը գործի վերածելու, ուրիշների կյանքը բարելավելու կամ հոգսերը թեթևացնելու համար։ Իսկ երբ խոսքը կամ բարեմաղթանքը վերածվում են գործի, վկայում են իրական սիրո մասին, որովհետև իրական սերը դրդում է բարեմաղթանք ասողին նաև բարի գործեր կատարել, զգոն լինել սեփական խոսքերի նկատմամբ, պատասխանատվություն ունենալ խոսքը գործի վերածելու հարցում և խուսափել անիրական ճառեր ասելուց։

Շուտով Աստծու Միածին Որդու Սուրբ Ծնունդն է, որը Աստծու խոստման իրագործումն է։ Դարեր շարունակ Տերն Իր մարգարեների միջոցով խոստացել էր ուղարկել Փրկչին, և դա միայն հրեա ժողովրդի համար չէ, այլ ողջ մարդկության, որովհետև Նրա սերը տարածվում է բոլորի վրա։ Նա կամենում է բոլորի փրկությունը և զոհաբերվում է բոլորի փրկության համար։ Սուրբ Ծնունդն է, որ նոր շունչ է հաղորդել ինչպես իր ժամանակին, այնպես էլ ամեն տարի այս օրը հավատքով սպասողներին։ Սուրբ Ծնունդը ամեն տարի Իր ավետիսով լցնում է մեզ նոր հույսերով, գալիս է վերանորոգելու մեզ, սովորեցնելու մեզ կյանքի ճշմարտությունն ու արդարությունը։

Մարդիկ կյանքում միշտ նոր հնարավորություններ են փնտրում՝ անցյալը թոթափելու, մեղքերից մաքրվելու, սխալները ջնջելու, նոր կյանք սկսելու և իրենց համար նոր էջեր բացելու։ Երեխայի ծնունդը նոր սպասումներով է լցնում ծնողների կյանքը։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը բոլոր մարդկանց սպասումների ու հնարավորությունների համար է։ Նոր հնարավորությունների սկիզբն է, որովհետև Նրա ծննդյամբ անցյալը պիտի մոռացվի, և բացվեն նոր դռներ։ Հիսուս Քրիստոս գալիս է անցյալը ջնջելու, անկախ այն բանից, ինչպիսին էլ լինի այն, ինչպես արեց Մարիամ Մագթաղենացու դեպքում, թույլ չտվեց քար նետողներին ձեռք բարձրացնել նրա վրա։ Հիսուս Քրիստոսի ծնունդը նոր կյանք է մեզ համար՝ մեղքերի ներմամբ, բժշկությամբ, հոգու նորոգությամբ և վերածնունդով, սիրո մաքրագործմամբ։ Քրիստոսի ծննդյամբ ուրախանալու գիտակցությունը մեր հոգիներում պետք է իրական լինի, ոչ թե լինի Քրիստոսին մոռացած խնջույքի ու նվերների տոն։ Այդ տոնի բերած լավագույն հնարավորությունները ստեղծվում են մեր կյանքում, եթե դրանք կապվում են Երկնավոր Թագավորի սուրբծննդյան աստղի կարևորությունը հասկանալու և փնտրելու հետ։ Այդ աստղի նկատմամբ հետաքրքրությունն ու խոնարհությունն են, որ պիտի մոգերի պես մեր սրտերը առաջնորդեն դեպի Ամենազոր Աստծու մսուրը՝ ըմբռնելու այդ «մեծ խորհուրդը», որ պիտի վերափոխի մեր բոլորի կյանքը։

Քրիստոս ծնվում է, որպեսզի փարատի խավարը, վիշտն ու ցավը, վանի մարդկանց սրտերից թերահավատությունն ու երկմտությունը, միայն բարու հույսերով չի լցնում մարդկանց հոգիները, այլև մեր կյանք է մտցնում իրական երջանկություն, իր վրա է վերցնում մարդկանց սրտերում բույն դրած հոգսն ու մտահոգությունները, մեզ մենակ չի թողնում մեր ցավի հետ, այլ մեզ հետ է, ուժ է տալիս ու ոտքի է կանգնեցնում։

Այսօր, մեր մաղթանքն է Քրիստոսի Սուրբծննդյան ավետիսի սպասումով, փոխել մեր կյանքը, անտարբեր քրիստոնյաներ չլինել, ապրել հավատքով ու գործերով, Քրիստոսին չհիշել միայն Սուրբ Ծնունդին ու Սուրբ Հարությանը։ Հնարավորություն տալ Տիրոջը նոր էջ բացելու մեր կյանքում, ինչպես եղավ բոլոր նրանց հետ, ովքեր մոտեցան Նրան թե՛ հիվանդություններից ու հաշմանդամությունից բուժվելու, թե՛ մեղքերից մաքրվելու համար։ Քրիստոս ոչ միայն նրանց բուժեց, այլև վերափոխեց նրանց կյանքը։ Մարդիկ հասկացան ու հավատացին, որ իրենց նոր հնարավորություններ են տրված, որ Աստված չի դատապարտում իրենց մեղքերի համար ապաշխարելու և զղջալու դեպքում։

Բնականաբար, ինչպես միշտ, մարդիկ սպասում են, որ տարին փոխվելով իրենց կյանքն էլ պիտի փոխվի, սակայն կյանքը հենց այնպես չի փոխվելու։ Ամեն ինչ կարող է նույն ձևով ընթանալ և նույնիսկ ավելի վատ ընթացքով։ Կյանքը փոխվելու է միայն այն ժամանակ, երբ մենք կփոխվենք Քրիստոսով, երբ մենք Քրիստոսին թույլ կտանք բուժել մեր հոգին, երբ մենք հանձն կառնենք կատարելու նրա պատվիրանները։ Միայն այդ ժամանակ է, որ կտեսնենք մեր կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։ Մաղթում եմ, որ մեր հավատքով, Աստվածպաշտությամբ ու պատվիրանապահությամբ այս նոր սկսվող տարին բարեփոխվի մեր կյանքը։     

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

01.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․