23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում

«Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկաս 8:21)

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս Հիսուս.

Օրվա ավետարանական ընթերցվածքում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ են գալիս Նրա մայրն ու ազգակից եղբայրները, սակայն հավաքված բազմության պատճառով չէին կարողանում մոտենալ Նրան: Երբ այդ մասին տեղեկացնում են Նրան, Նա ասում է. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում»: Այս խոսքերով Տերը չի անարգում ո՛չ Սուրբ Կույսին և ո՛չ էլ Իր ազգակից եղբայրներին, քանի որ տասնաբանյա պատվիրաններով ի սկզբանե մեզ հորդորում է պատվել մեր ծնողներին և վարձ է խոստանում. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես…» (Ելք 20:12): Եվ ինչպես Տերն Ինքն է ասում, չի եկել օրենքը կամ մարգարեներին ջնջելու, այլ լրացնելու (Մատթեոս 5:17): Ուստի այժմ արդեն Նա Իրեն մայր, քույր, եղբայր է հրավիրում դառնալու բոլորին, ովքեր կլսեն Աստծո կամքը և կկատարեն: Ոչ մեկի միջև տարբերություն չի դնում՝ ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի: Նա Իր աշակերտներին ուղարկեց քարոզելու աշխարհի բոլոր ծայրերում բոլոր ազգերին, որպեսզի բոլորին մասնակից դարձնի Իր Երկնային Արքայությանը, Իր հավիտենական խնջույքին: Նա Իր սեղանի շուրջ է հավաքում բոլոր ցանկացողներին, բոլորիս ցանկանում է տեսնել մեկ սեղանի շուրջ, որն է՝ սիրո սեղանը: Նա է առաջին հերթին մեզ հրավիրում Իր խնջույքին, որ ճաշակենք Իր Սուրբ Մարմինն ու Արյունը: Առ այսօր մենք եկեղեցի ենք գալիս միանալու մեր Աստծուն, հաղորդվում ենք մեկ բաժակից և միանում միմյանց: Աստվածորդու պատարագվելը Իր Սիրո արտահայտությունն է: Մենք հաղորդվում ենք մեր Աստծուն, մենք դառնում ենք մեկ, հետայդու հաղորդակից ենք դառնում նաև մեկմեկու ուրախությանը, տխրությանը, կարիքներին ու հոգսերին: Հաղորդակից դառնալով միմյանց խնդիրներին՝ պարտավորություն ենք ստանձնում աջակից լինել իրար, օժանդակել ամենատարբեր հարցերում ու պահերին: Մենք ուշադիր պիտի լինենք ոչ միայն մեր մտերիմներին, այլև կյանքի տարբեր խաչմերուկներում մեզ հանդիպած, մեր կարիքն ունեցող մարդկանց: Հատկապես ուշադիր պիտի լինենք միմյանց նկատմամբ եկեղեցում: Ուշադիր պիտի լինենք, որպեսզի Աստծո անվամբ հավաքված մարդկանց մոտենանք սիրով և համբերատարությամբ, ներողամտությամբ և անհիշաչարությամբ, առանց դատելու և բամբասանքի, առանց վեճի ու կռվի, առհասարակ չհեռանանք նեղանալով: Փորձենք խոնարհությամբ գերազանցել միմյանց: Ուշադիր պիտի լինենք հոգևորականին հնազանդորեն լսելու հարցում, ուշադիր պիտի լինենք, որպեսզի եկեղեցուց չվանենք Աստծուն մոտենալ ցանկացողներին: Սիրելինե՛ր, այստեղ տեղին է հիշել Սուրբ Եփրեմ Ասորու հորդորը. «Եղբայրների միակամությունը Տիրոջ բնակարանն է, իսկ թշնամությունը նրանց միջև ուրախացնում է անիրավին»: Եկեք ուշադիր լինենք սիրո և հոգածության, խնամատարության և նրբանկատության հարցում: Եկեք լինենք քաղցրաբարո, աստվածային պատվիրաններով չսարսափեցնենք Աստծուն մոտենալ ձգտողներին, չդատապարտենք մեկս մյուսին՝ միմյանց սխալների ու մեղքերի համար՝ տեսնելով ուրիշների աչքի միջի շյուղը և անտեսելով մեր իսկ սեփական աչքի միջի գերանը (Մատթեոս 7:3-5), այլև մեր խոսքով, գործով, խորհուրդներով, վարքով և արարքներով մարդկանց համար առիթ դառնանք հավատ, հույս ու սեր ձեռք բերելու: Մենք պարտավոր ենք մարդկանց ընդունել սիրով և հոգատարությամբ, չվանել Աստծուց, առաջնորդել նրանց դեպի Աստված, որպեսզի նրանք էլ հաղորդակից դառնան և հաղորդվեն Աստծու հետ, որպեսզի նրանց մեջ էլ ավելանա սերը և ձգտումն առ Երկնային Տերը: Այստեղ՝ երկրի վրա, ոչ միայն Երկնային խնջույքի հրավերն է սկսում, այլև՝ հենց ուրախության խնջույքը: Երբ ճաշակում ենք շարունակաբար մեզ համար պատարագվող Աստծո Մարմինն ու Արյունը, մենք ևս սիրո և զոհաբերության լուծն ենք առնում մեզ վրա, մենք ևս Աստվածային օրհնությամբ զորություն ենք ստանում զոհաբերություններ ունենալու մեր ընտանեկան, գործնական, ընկերային և բազմաթիվ այլ հարաբերություններում ու միջավայրերում, որտեղ մեզ Աստված դնում է: Քանի որ այդ զոհաբերությամբ է, որ կառուցվում է ամեն բան, պատահական չէ, որ մեր Տերն ասում է. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկը ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24): Մեկ անգամ ևս վերհիշենք քրիստոնեական սիրո օրհներգը. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես լույս է տածում, ամեն բանի համբերում» (Կորնթացիներ Ա 13:4-7): Այս սերն է, որ մենք պետք է փորձենք ի կատար ածել, սկզբում՝ դժվարությամբ, ճիգով ու ջանքով, աննահանջ պայքարելով, իսկ հետո՝ արդեն բնավորություն դարձած, սովորական, անկեղծորեն, ինքնաբերաբար: Այս սերն է, որ պետք է մեզ ցույց տա իբրև Քրիստոսի հետևորդներ, այս սերն է, որ պետք է ծառայի ի փառս Աստուծո և ի փրկություն մարդկանց: Ինչպես արդեն գիտեք, երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր հին և նոր, հայտնի և անհայտ բոլոր սրբերի տոնը: Հայտնի է, որ սրբերը իրենց կյանքով արժանացել են երկնային խնջույքին մասնակացելու, ուստի մենք պետք է նրանց բարեխոսությամբ, պատվիրանապահությամբ, զգոնությամբ անցնենք մեր կյանքի ճանապարհը, քանի որ մենք ևս ձգտում ենք Աստծո հավիտենական ուրախություններին մասնակից դառնալու: Բացի այդ, սիրելինե՛ր, երեկ լրանում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տասնութ տարին: Բոլորիս անունից շնորհավորում ենք վեհափառ տիրոջը՝ ցանկանալով նրան արևշատություն և երկարամյա ընթացք: Թող Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և Աստծո օրհնությամբ պսակվեն նրա՝ եկեղեցաշեն և հայրենաշեն բոլոր նախաձեռնությունները:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

05.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․