Գրքեր

Ի՞նչ պտուղներ է Աստված ակնկալում մեզանից

«Մեզնից ամեն մեկն ավետարանական թզենու նման տնկվել է Աստծո այգում, այսինքն՝ Եկեղեցու հովանու ներքո և ինչպես այգետերն է պտուղներ ակնկալում ծառից, այնպես էլ Աստված մեր մեջ պիտի փնտրի այն պտուղները, որոնց համար Նա մեզ ստեղծեց և բերեց Իր Եկեղեցի: Աստված մեզ ժամանակ է տալիս, որպեսզի ինքներս մեզ հարց տանք, թե ի՞նչ բարի գործեր եմ անում ես: Որո՞նք են այն պտուղները, որ Աստված ակնկալում է մեզնից: Դրանք քրիստոնեական առաքինություններն են` սերն Աստծո ու մարդկանց հանդեպ, գթությունը, արդարամտությունը, խոնարհությունը, մեծահոգությունը, արիությունը և այլն: Երբ մենք տալիս ենք այս պտուղները, ապա Տերն ուրախանում է մեզնով: Աստված շատ գթառատ Տեր է: Նա երկար ժամանակ է համբերում, մենք կարող ենք հուսալ, որ Նա կհամբերի մի փոքր ևս, բայց չենք կարող հույս ունենալ, որ Նա անվերջ կտանի մեր անպտուղ կյանքը»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն իր ծառայասիրությամբ փորձում է պտղաբեր կյանքով ապրել՝ ուրախացնելով Տիրոջը Նրա ակնկալած պտուղներով: Հունվարի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Դավթյան Հասմիկին (37 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Հասմիկն իր որդու՝ Դավթյան Իսահակի (9 տ.) հետ բնակվում է Նոր Խարբերդ թաղամասի 27 փ. 419/1 հասցեում: Հասմիկը միայնակ է խնամում իր զավակին: «Տղաս չափավոր հետամնացություն ունի և տառապում է էպիլեպսիայով: Նա գիշերօթիկ դպրոցում է սովորում: Անցյալ տարի՝ գարնանը, մեր բնակարանը հրդեհվեց. երբ գնացել էի խանութ, Իսահակը լուցկի էր գտել, խաղացել էր, ինչի հետևանքով էլ հրդեհ էր բռնկվել: Երեխայիս մի կերպ փրկեցինք, այժմ ժամանակավոր ուրիշի տանն ենք ապրում, որտեղ բացակայում են տարրական պայմանները: Չգիտեմ, թե որքանով կհաջողվի, բայց պետք է փորձեմ երեխայիս հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարներից խնայողություն անելով, վագոն-տնակ գնել»,- ասաց ընտանիքի մայրը:

Դավթյան Հասմիկն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իր ընտանիքի հանդեպ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:

 

 

Կարինե Սուգիկյան

17.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․