Գրքեր

Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր սաղմոս ընթերցելը

Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը:

Քրիստոսի երկրային կյանքի ուղեկիցն է եղել սաղմոսերգությունը: Սբ. Օգոստինոսը Քրիստոսին անվանել է «սաղմոսների սքանչելի Երգիչ»: Այնուհետև Գործք Առաքելոցում և առաքելական նամակներում տեսնում ենք, որ առաքյալներին և առաջին դարի քրիստոնյաներին ևս հոգեհարազատ էր սաղմոսերգությունը: Սբ. Պողոս առաքյալն եփեսացիներին ուղղված նամակում հորդորում է. «Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեցեք և ձեր սրտերում միշտ երգեցե՛ք ու սաղմո՛ս ասացեք Տիրոջը՝ ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնելով Հայր Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփեսացիներ 5:19-20):

Երբ սկսվեց վանական շարժումը, վանքերում և մենաստաններում վանականների առաջին աղոթագիրքը դարձավ սաղմոսարանը (Նոր կտակարանի և սաղմոսների անգիր իմացությունը պարտադիր է եղել Հայոց վանքերում): Հայ Առաքելական Սբ. եկեղեցին առանձնահատուկ նախասիրություն ունի սաղմոսների նկատմամբ: Հայոց ծիսարանը և մասնավորապես Ժամագիրքը հիմնականում սաղմոսներից է կազմված: Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև Սբ. Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու և այլոց աղոթքները սաղմոսներից են ներշնչված: Մովսես Խորենացին նկարագրել է Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի սաղմոսերգությունն իր վաթսուն աշակերտների հետ միասին, որ նման էր անապատականների աղոթքին: Հին դպրոցներում Սաղմոսարանն օգտագործել են իբրև դասագիրք: Ղազար Փարպեցին վկայում է, որ Սբ. Գրքի թարգմանությունից հետո մեծերն ու փոքրերը սովորել ու ամենուր զվարճացել են սաղմոսներ ասելով: Իսկ ըստ Կիրակոս Գանձակեցու, եթե ուրիշ ազգերը «գրքով են երգում սաղմոսներ», ապա հայերը «անգիր են երգում սաղմոսները»:

Սաղմոսները դարեդար երգվել են ու արտասանվել ռազմի դաշտերում, պանդխտության մեջ, արտերում և այգիներում, եկեղեցիներում և վանքերում, նեղության և ուրախության մեջ: Եղիշե պատմիչը նկարագրում է, որ Ավարայրի ճակատամարտից հետո նախարարները, զինվորները և հասարակ ժողովուրդը, շարունակելով Հայոց երկրի պաշտպանությունը, չէին մոռացել աղոթելը, և պատմիչը գրում է. «Սաղմոսներն էին մրմունջը նրանց երգերի»:

Նշանավոր աստղագետ Ի. Մեդլերը (1794-1874թթ.) իր աստղագիտության մասին գրքի բնաբանում օրինակ է բերել Դավիթ սաղմոսերգուի այս խոսքերը. «Երկինքը պատմում է Աստծո փառքը» (Սաղմոս 18:2):

Այս օրինակները վկայում են, որ սաղմոսների ստեղծման իսկ օրից դարեր շարունակ հավատավոր անձանց համար սաղմոսը համարվել է առանձնահատուկ և սիրելի մի աղոթք ու երգ:

Մշտական սաղմոսացությունն ուշադրությամբ և երկյուղածությամբ, ըստ եկեղեցու հայրերի, մեծ օգուտ է բերում հոգուն, մարդը գտնում է այնտեղ այն, ինչ իրեն հարկավոր է և հոգեշահ, այն հրեղեն մի սյուն է դեպի երկինք բարձրացող:

Կյանքի տարբեր պարագաներում սաղմոսներն օգնում են մարդուն իմաստավորելու իրենց կյանքը՝ գտնելով ուրախություն, հույս և մխիթարություն: Այդ մասին է վկայում մի ընտանիքի պատմություն, որ ապրել է համերաշխ և բարվոք կյանքով: Ընտանիքի հայրը շատ հաճախ էր ընկնում թախծալի տրամադրության մեջ, նա կարիք ուներ որևէ մեկի հետ անկեղծանալու, բայց կինը չէր նկատում իր հոգեվիճակը, իսկ երեխաներն էլ դեռ շատ փոքր էին: Ուստի նա դիմում է հոգևորականին, թե ինչպես կարելի է հաղթահարել թախիծը: Եվ հոգևորականի հորդորն էր՝ սաղմոս ընթերցել: Մի քանի օր հետո ընտանիքի հայրը հոգևորականին ասում է, որ սկսել է սաղմոս ընթերցել, բայց ոչինչ չի հասկանում, իսկ հոգևորականը նրան պատասխանում է Սբ. Ամբրոսիոսի խոսքերով. «Դու չես հասկանում, բայց չարն է շատ լավ հասկանում և փախչում: Շարունակիր կարդալ և մի օր անպայման կհասկանաս կարդացածդ»:

Եկեղեցու հայրերից Հայր Սավվան պատմում է, որ իր կյանքի մի կարճատև շրջան ապրել է որոշ դժվարություններ. ժամանակը չի բավարարել իր անելիքների համար, և ինքը հայտնվել է անօգնական ու հուսահատ վիճակում: Երազում իրեն հայտնվել է Աստվածամայրը և այսպիսի խորհուրդ տվել. «Սաղմոս է անհրաժեշտ կարդալ, չէ՞ որ դա քո կյանքն է»: Այդ օրվանից Հայր Սավվան հաղթահարում է դժվարությունները, չի դադարեցնում սաղմոսացությունը՝ ուսուցանելով այն նաև ուրիշներին: Հայր Սավվան սաղմոսների զորության հետ կապված հետևյալ պատմությունն է գրել. «Մի օր վանքում իրեն մի հիվանդ վանական է դիմում՝ իր համար աղոթելու խնդրանքով: Բժիշկը հիվանդ վանականին նշանակել էր անկողնային ռեժիմ: Հայր Սավվան նրան խորհուրդ է տալիս սաղմոս ընթերցել, բայց հիվանդ վանականն ասում է, որ ի վիճակի չէ և նրա կրկնակի մերժումներին նա Հայր Սավվայից նույն հորդորն է լսում: Մի քանի օր հետո հիվանդ վանականը կարողանում է նստել և նստած կարդալ սաղմոսները, ապա ամբողջովին է առողջանում՝ ևս տասը տարի ապրելով»:

Այն, որ ժամանակի սահմաններից դուրս է սաղմոսների արժեքը և զորությունը, վկայում է հետևյալ պատմությունը: Անցյալ տարի ուխտագնացությանը մի ուխտավոր ինձ պատմեց իր ընկերուհու հետ կատարվածը: Սաղմոսներից նա անգիր էր սովորել 91(90)-րդ սաղմոսը՝ «Աստված մեր ապավենն է» կոչվող և մի օր՝ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալիս, ոչ լուսավոր տարածքում փորձել է մեկն իր վրա հարձակում գործել և 91(90)-րդ սաղմոսից երկու տող էլ դեռ չէր ասել, երբ հարձակվողը կանգ է առել և արագ հեռացել:

Այսպիսով, չմոռանանք սաղմոսացությունը, քանի որ, ըստ սաղմոսերգուի խոսքի, բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Նրա անվանը (Սաղմոս 92(91):2), ինչպես նաև. «Սաղմոսը դա հոգու լռություն է, այն հանդարտեցնում է խռովարար և անհանգիստ միտքը, բարկացկոտ հոգին: Այն ընկերության միջնորդ է, հեռու գտնվողների միավորողը, թշնամացածների հաշտեցնողը: Սաղմոսները հալածում են դևերին՝ օգնություն կանչելով հրեշտակներին, զենք են գիշերային վախերի դեմ, հանգստություն՝ ամենօրյա աշխատանքից հետո, պաշտպանություն՝ նորածիններին, զարդ՝ կանանց և ծաղկուն հասակի մեջ գտնվողների համար և մխիթարություն՝ մեծահասակներին» (Սբ. Վասիլի Մեծ):

 

Կարինե Սուգիկյան

27.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․