Գրքեր

Ինչպես կարող են արտահայտվել աղոթքի կերպերը

Սիմեոն Նոր Աստվածաբանն առանձնացնում է աղոթքի և ուշադրության երեք կերպ: Նա ուշադրությունն անբաժան է համարում աղոթքից, ինչպես հոգին՝ մարմնից: Ուշադրությունը պետք է ընթանա աղոթքի առջևից և այն պահպանի չար խորհուրդներից: Ուշադրությունը պետք է առաջինը պայքարի մեղքի դեմ և հակադրվի չար խորհուրդներին, որոնք կարող են մուտք գործել սիրտը: Իսկ աղոթքը պետք է հետևի ուշադրությանը և ոչնչացնի ու կործանի բոլոր այն չար խորհուրդները, որոնց դեմ մինչ այդ ուշադրությունը պայքարում էր, բայց միայնակ չէր կարողանում ոչնչացնել նրանց: Ուշադրության և աղոթքի պայքարի հաջողությունից է կախված հոգու կյանքը: Եթե ուշադրության միջոցով աղոթքը մաքուր է պահվում, ապա հոգևոր առաջընթացը հնարավոր է, իսկ եթե աղոթքը պղծվում է չար խորհուրդներով, ապա հոգևոր առաջընթացը ձախողվում է: Ըստ Սիմեոն Նոր Աստվածաբանի՝ ուշադրության և աղոթքի երեք կերպն էլ օգտակար են հոգևոր առաջընթացի գործում, եթե միայն կիրառվում են ժամանակին և ինչպես հարկն է: Իսկ ով անխոհեմ և ոչ ժամանակին է օգտագործում, նա կործանվում է: Նա ասում է, որ աղոթքի առաջին կերպի բնորոշ առանձնահատկություններից է` եթե մեկը, աղոթքի կանգնած և ձեռքերը երկինք կարկառած և աչքերը երկինք բարձրացած, մտքում պահում է աստվածային մտածումներ և Սուրբ Գրքում կարդացած ամեն ինչը համառոտած հավաքում է մտքում, և աղոթելիս մտածում է այդ մասին` նայելով երկինք, դրանով իսկ հոգին մղում է բաղձալու և սիրելու Աստծուն, իսկ երբեմն արտասուք է քամում աչքերից և լալիս է, ապա սա ուշադրության և աղոթքի առաջին ձևն է: Երբեմն մարդիկ աղոթքի այս ձևի մեջ երևակայում են երկնային բարիքներ, հրեշտակների կարգեր և սրբերի օթևաններ: Բայց եթե մեկը կանգ է առնում աղոթքի այս ձևի վրա, ինչպես Սիմեոն Նոր Աստվածաբանն է ասում, ապա աստիճանաբար գոռոզանում է: Նրան թվում է, թե այդպիսի աղոթքը Աստծո շնորհն է, որն իրեն տրվում է մխիթարության համար: Եվ նա սկսում է աղոթել և խնդրել Աստծուն, որ միշտ այդ վիճակում մնա: Իսկ սա արդեն խաբկանքի նշան է: Սիմեոն Նոր Աստվածաբանը ընդգծում է` եթե այդպես աղոթող մարդը միայնակյաց դառնա՝ կարող է խելագարվել, իսկ եթե չխելագարվի` չի կարող առաքինություն կամ անկրքություն ձեռք բերել: Աղոթքի այս ձևի վրա կանգ առած մարդիկ խաբկանքների մեջ են ընկնում, նաև նրանք, ովքեր մարմնական աչքերով լույս են տեսնում, ձայներ լսում և այլն: Այդպիսի մարդկանցից ոմանք խելագարվել ու շրջմոլիկ են դարձել, ոմանք սատանային լույսի հրեշտակի տեղ են դրել, ոմանք ինքնասպան են եղել և այլն: Իսկ աղոթքի երկրորդ կերպի մասին ասում է` երբ մեկը, աղոթելիս, միտքը ներփակում  է իր մեջ` հեռացնելով իր բոլոր խորհուրդները, որպեսզի դրանք չթափառեն այս աշխարհի ունայն իրերի մեջ և մերթ ուսումնասիրում է իր խորհուրդները, մերթ խորանում է աղոթքի խոսքերի մեջ, մերթ վերադարձնում է իր խորհուրդները, երբ դրանք, սատանայի կողմից գերված լինելով, տարվել էին որևէ ունայն և չար բանով, մերթ մեծ չարչարանքով և ինքնահարկադրանքով լարվում և փորձում է սթափվել, երբ նրան իշխում և հաղթահարում է որևէ կիրք: Աղոթքի այս ձևի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ամեն ինչ տեղի է ունենում մարդու գլխում` մտքերը պայքարում են մտքերի դեմ: Այս կերպ աղոթողը, գտնվելով մտքի ոլորտում, ուշադրություն չի դարձնում սրտին և այնտեղ եռացող կրքերին, որոնք և նրա մտքում առաջացնում են խորհուրդների փոթորիկ: Այս կերպ աղոթողի վիճակն ավելի է բարդանում, եթե նա բռնված է լինում հպարտությամբ: Սակայն աղոթքի այս կերպը բարձր է համարվում աղոթքի նախկին ձևից: Իսկ աղոթքի և ուշադրության երրորդ և կատարյալ ձևին անցնելու համար նախ պետք է վանել բոլոր հոգսերը: Իսկ դա տեղի է ունենում հոգու հնազանդության միջոցով: Այնուհետև անհրաժեշտ է մաքուր պահել խիղճը` Աստծո, այլ մարդկանց և իրերի նկատմամբ: Այդպիսով մարդն իրեն նախապատրաստում է աղոթքի երրորդ` կատարյալ ձևի համար: Աղոթքի այս ձևի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միտքը գտնվում է սրտում և պահպանում է սիրտը, երբ աղոթում է և սրտում պետք է մշտապես պտտվի և այնտեղից` սրտի խորքից առաքի աղոթքն Աստծուն: Սիմեոն Նոր Աստվածաբանը նշում է` այս է ամենը, աշխատիր, մինչև ճաշակես Աստծուն: Իսկ երբ միտքն այնտեղ` սրտում, վերջապես կզգա, թե որքան բարի է Տերը և Նրանով կքաղցրանա (մերը` աշխատանքն է, իսկ այդ ճաշակումը խոնարհ սրտում շնորհի գործողության արդյունք է), այնժամ նա չի ցանկանա հեռանալ սրտից (այդ ժամանակ նա կասի այն խոսքերը, որոնք ասաց Պետրոս առաքյալը. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք» (Մատթ. 17.4) և միշտ արդեն կնայի այնտեղ` սրտի խորքը և անդադար կպտտվի այնտեղ և կվռնդի սատանայի կողմից սերմանվող բոլոր խորհուրդները: Սրբակյաց Հայր Սիվղիանոս Աթոսացին մատնանշում է, որ բնութագրելով աղոթքի այս երեք ձևերը, հոգևոր գրականության մեջ շեշտվում է, որ դրանք վերաբերում են հոգևոր կյանքի հասունության տարբեր փուլերին: Մտքի առաջին շարժումն ուղղված է դեպի դուրս, երկրորդը` վերադարձ դեպի ինքն իրեն, երրորդը` դեպի Աստված: Աղոթքի առաջին ձևը բնութագրվում է երևակայությամբ, երկրորդը` հայեցողության մեջ խորասուզվելով: Իսկական, ճիշտ աղոթք է համարվում աղոթքի երրորդ ձևը, սակայն, քանի որ անհնար է անմիջապես սովորել աղոթել այդ կերպ, անհրաժեշտ է առաջին հերթին սուրբ հայրերի երկերը կարդալ աղոթելու վերաբերյալ, քանի որ աղոթքի առաջին ձևը մարդուն պահում է երևակայության աշխարհում, մոլորության մեջ: Իսկ աղոթքի երկրորդ ձևի ժամանակ սրտի և մտքի ներքին դռները լայնորեն բացված են լինում արտաքին ամեն ինչի ներթափանցման համար, այդ պատճառով մարդն ապրում է` ենթարկվելով արտաքին տարբեր ազդեցությունների, չգիտակցելով, թե իրականում ինչ է տեղի ունենում իր հետ: Իր կյանքում հարաբերական բարեպաշտության և կրոնական որոշակի գիտելիքներ ձեռք բերելով մարդը բավարարվում է իր վիճակով, աստիճանաբար շեղվում է դեպի դատողություններով հագեցած փիլիսոփայական հայեցողություն: Իսկ եթե մարդը նաև հպարտանում է, ապա աղոթքի այս ձևը անխուսափելիորեն հանգեցնում է հոգևոր կործանման: Աղոթքի կատարյալ ձևն այն է, երբ միտքը միավորվում է սրտին: Մտքի և սրտի միավորումը մարդը զգում է այն դեպքում, երբ ի սրտե ուշադիր աղոթում է: Մտքի և սրտի միավորումը անձն առավել մեծ չափով է զգում, երբ նրան համակում են խանդաղատանքը, Աստծու նկատմամբ սերը, խանդաղատալից արտասուքը: Աղոթքի երրորդ ձևի դեպքում միտքը աղոթական ուշադրությամբ պետք է գտնվի սրտում: Այս երևույթի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դադարում է երևակայության գործողությունը, միտքն ազատվում է բոլոր պատկերներից: Միայն այդ դեպքում ամբողջապես դառնում է լսողություն և տեսողություն, տեսնում և լսում է ամեն մի խորհուրդ, որ մոտենում է սրտին և թույլ չի տալիս, որ նման խորհուրդները ներթափանցեն սիրտը:     

Ինչպես տեսնում ենք աղոթքի ժամանակ միտքը պետք է հաղորդակից լինի սրտին, սակայն դա չպետք է բառացի, զգայական հասկանալ, այլ հոգևոր կերպով: Ալեքսանդր Մենն այս մասին ասում է, որ միտքը իմանալի կերպով պետք է գտնվի սրտում, այլ ոչ թե մարմնական սրտում: Միտքը միացնել սրտին` նշանակում է միտքը լիովին կտրել արտաքին աշխարհի իրերից և հոգսերից: Սա ցույց է տալիս, որ միտքը և զգացմունքները ուղղված են Աստծուն: Ինչպես նա շեշտում է, թե այդժամ մարդն ամբողջապես  պետք է ապրի ներկա պահով, լիովին միավորվի Աստծու կամքին, մի կողմ դնի բոլոր հոգսերը:

 

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

02.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․