Գրքեր

Ինչպե՞ս կիրառել Աստծո Խոսքը

Աստվածաշնչի ընթերցանությունը քրիստոնյայի հոգևոր կյանքի հիմնասյուներից է։ Եթե աղոթելով մենք խոսում ենք Աստծու հետ, ապա Սուրբ Գրքի միջոցով Նա է խոսում մեզ հետ, պատասխանում մեր աղոթքներին, երկխոսություն է դարձնում մեր աղոթքը։ Կարդալ Աստծու Խոսքը՝ նշանակում է երես առ երես անձնական երկխոսության մեջ մտնել կենդանի Աստծու հետ։ Երբ կարդում ենք Ավետարանը, Քրիստոս անձնապես ներկա է և Իր փրկարար խոսքն է ուղղում մեզ։ Սակայն շատ անգամ մեր ընթերցանությունը մնում է անպտուղ, անկյանք, քանզի չի կիրառվում առօրյայում։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Տիրոջ Խոսքը մեզ համար լինի ազդու և կենդանի, փոխակերպի մեր կյանքը Աստծու հետ ջերմ ու լիարժեք հարաբերությունների լույսի ներքո։ Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել հենց Աստվածաշնչում։ Մարդ-Աստված հարաբերությունների էությունը լավագույնս նկարագրում է Սաղմոսների գիրքը։ Հատկանշական է, որ Սաղմոսաց գիրքը Եկեղեցում ամենաընթերցվող, ծեսի մեջ ամենից շատ կիրառվող գիրքն է, քանզի եկեղեցական ծեսը մարդ-Աստված հարաբերությունների ամենավեհ ու խորհրդավոր արտացոլումն է։ Սաղմոսաց գրքի ամենահրաշալի ու բովանդակալից երգերից է 118-րդ սաղմոսը։ Այն ոչ միայն ամենաերկարն է (176 համար), այլև միակն է, որ ցույց է տալիս այն ճանապարհը, որով անհատը կարող է կիրառել Սուրբ Գիրքը իր կյանքում։ Գրեթե յուրաքանչյուր հատված այս կամ այն կերպ վերաբերում է Աստծու Խոսքին։ 118-րդ սաղմոսը ամենապատկերավոր վկայություններից մեկն է, որտեղ խոսվում է Սուրբ Գրքի մասին․ այլ կերպ ասած՝ այն Խոսք է Խոսքի մասին։ Եթե բացենք այս սաղմոսը, ապա կտեսնենք, որ Դավիթն օգտագործում է Աստծու Խոսքը ճիշտ ընկալելու և օգտագործելու մի քանի մոտեցումներ, որոնք հատկանշական են յուրաքանչյուր քրիստոնյայի  համար։ Որո՞նք են այդ մոտեցումները․

 

1. Վստահել Աստծու Խոսքին

Դավիթը վերստին արտահայտում է իր հավատն առ այն, որ Աստվածաշնչի խոսքերը ճշմարիտ են (սաղմոսի 151 համարում)։ Նա հավատում է դրանց (հմր. 66)։ Նա վստահում է դրանց հուսալիությանը (հմր. 43)։ Դավիթը նշում է․ «Քո Խոսքի սկիզբը ճշմարտությունն է»։ (հմր. 160)։ Աստծու Խոսքին վստահելը բանալի է Աստվածաշունչը կյանքում լիարժեք կիրառելու համար։ Եթե հավատացյալ անձը իրապես չի վերաբերվում Աստծու Խոսքին որպես ամբողջովին վստահելի, ապա հաջորդիվ մոտեցումներն իր համար կլինեն անիրականանալի։ Ահա, թե ինչու Եկեղեցին միշտ զգուշորեն է վերաբերվել Սուրբ Գրքի մեկնության քննադատական մեթոդներին, որոնք կարող են կոտրել վստահությունն ու հավատը Աստծու գրավոր հայտնության նկատմամբ։

 

2. Սերտել Աստծու Խոսքը

Սաղմոսերգուն ոչ միայն հավատում է Աստծու Խոսքին, նա սովորում է այն (հմր. 73), փնտրում է և մշտապես հիշում (հմր. 153, 155), որպեսզի խորհի նրա մասին։ Աստծու Խոսքը մեր կյանքում ներկա ու առաջնորդող դարձնելու համար մենք նույնպես պետք է Դավթի պես փնտրենք, պահենք և սերտենք այն։ Սերտել՝ նշանակում է դառնալ աշակերտ, սովորել, հասկանալ խոսքի նշանակությունն ու իմաստը։ Ժամանակ ու ջանք թափել Աստվածաշնչի մեկնությունները ընթերցելու և յուրացնելու համար։

 

3. Գործադրել Աստծու Խոսքը

Մի բան է տեսականորեն ճանաչել Սուրբ Գրքի բովանդակությունը, այլ է՝ գործնականում կյանքի վերածել Տիրոջ պատգամները, առաջնորդվել դրանցով, դարձնել այն ներշնչման աղբյուր ամբողջ կյանքի համար։ Սաղմոսերգուի համար Աստծու Խոսքը «խորհրդատու» է (հմր․ 24), «զորակցում» (հմր․ 28) «մխիթարություն» (հմր․ 50)։ Դավիթն ասում է «Քո Խոսքը ճրագն է իմ ոտքերի և լուսավորում է իմ շավիղները» (հմր․ 105)։ Միով բանիվ՝ Տիրոջ խոսքը կենդանարար աղբյուր է ընթերցողի համար։ Քրիստոս Ինքը ցույց տվեց Իր կյանքով, թե ինչպես պետք է գործադրել Աստծու Խոսքը․ Նա սատանայից փորձվելով Աստծու Խոսքով հաղթեց նրան: Իր ամբողջ քարոզչության առանցքը օրենքի լրումն էր, Նա անգամ խաչի վրա 21-րդ սաղմոսն էր ասում «Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ ինչո՞ւ լքեցիր ինձ»։ Այդպես և քրիստոնյան պետք է առաջնային համարի Տիրոջ Խոսքը կյանքի բոլոր պարագաներում։

 

4Ուրախանալ Աստծու Խոսքով

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ սաղմոսերգուն չի բավարարվում Աստծու Խոսքը ընդունելով, սերտելով և գործադրելով, նա ևս մի քայլ առաջ է ացնում՝ դեպի հոգևոր ուրախություն և բերկրություն։ Նա այնքան է «սիրում» Աստծու պատվիրանները (հմր․ 159), որ բացականչում է «ցնծացի Քո Խոսքով» (հմր․ 162), զարմանում է նրա սքանչելիքներով (հմր․ 18)։ Այդ ուրախությունը վեր է բոլոր նյութական արժեքներից․ «Քո Խոսքը լավ է քան հազարներով արծաթն ու ոսկին» (հմր. 72) և «ավելի քաղցր են, քան մեղրն իմ բերանին» (հմր․ 103)։ Դավիթը իսկապես սիրում է Աստծուն և սիրում է Աստծու Խոսքը․ այս երկուսը անբաժան են իրարից։ Աստծու Խոսքը ուրախության աղբյուր է իր համար և ամեն մեկի համար, ով բացում է իր սիրտը Տիրոջ համար և ընդունում Տիրոջ փրկաբեր Խոսքը որպես ճանապարհ և կյանք։

 

5 Հնազանդվել Աստծու Խոսքին

Վերոհիշյալ չորս բնորոշումների տրամաբանական հանգումն է Աստծու Խոսքին հնազանդվելն, ու այն սեփական կամքից բարձր դասելը։ «Ունկնդրիր» լինելը նշանակում է ոչ միայն ուրախությամբ ընդունել Աստծու Խոսքը, այլ՝ պտղաբեր հող դառնալ Տիրոջ՝ Սերմնացանի համար։ Դավիթ մարգարեն հնազանդվում է Աստծու Խոսքին ոչ թե ինչ-որ նպատակի հասնելու համար, այլ դա իր սիրո արդյունքն է։ Հնազանդվել՝ նշանակում է կատարել, կյանքի վերածել Աստվածաշնչի պատգամները ոչ միայն երբ դրանք հարմար են մեր կյանքի ընթացքին, այլ միշտ՝ ամեն ընտրության ժամանակ։ 118-րդ սաղմոսը մարդու կողմից Աստծու Խոսքի ճշմարիտ ընկալման գեղեցիկ օրինակ է։ Անշուշտ Աստվածաշնչում Աստծու Խոսքը կիրառելու վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան, և յուրաքանչյուր ոք կարող է իր հոգևոր կյանքի համար քաղել այդ օրինակներն ու վերածել կյանքի՝ միշտ հիշելով Տիրոջ պատգամը․ «Ով սիրում է Ինձ, կպահի Իմ պատվիրանները» (Հովհ․ 14․21)։

 

 

Դավիթ սարկավագ

13.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․