Գրքեր

Ինչու՞ մահացավ Հիսուս Քրիստոս

Ահա այն հարցը, որը վստահ եմ գոնե մեկ անգամ հնչել է յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում, քանզի դրա պատասխանը հանդիսանում է քրիստոնեական ճշմարիտ հավատքի հիմնաքարը:

Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք դարերի խորքն ու պատկերացնենք այդ տեսարանը:

Ինչպես հռոմեացի հռետոր Ցիցերոնն է գրում. <<խաչելությունը ամենադաժան և սարսափելի տանջանքն է>>:

Խաչելությունից առաջ նախ Հիսուսին մերկացնում և կապում են սյունից: Ծեծում մտրակներով, որոնք ունեին չորս կամ հինգ լեզվակներ, որոնց ծայրերին ամրացված էին սուր ատամնաձև ոսկորներ և կապարի կտորներ:

Քրիստոնյա պատմագիր և աստվածաբան Եվսեբիոս Կեսարացին հետևյալ ձևով է նկարագրում Քրիստոսի տանջանքները. <<Քրիստոսի երակները կտրված էին, մկաններն ու ջլերը` բացված: Ծեծելուց հետո նրան տանում են Պիղատոսի մոտ, որտեղ Նրա գլխին դնում են փշե պսակը, որի փշերը մխրճվում էին Նրա գլխի մեջ: Նրան ծաղրում ու անարգում էին վեց հարյուր զինվորներ, որոնք խփում էին Քրիստոսի դեմքին և գլխին: Այնուհետև նրա արնահոսող ուսերի վրա դրեցին ծանր փայտե խաչը և ստիպեցին տանել այն խաչելության վայրը մինչև այն ժամանակ, երբ Նա ընկավ և դրանից հետո խաչը տարավ Սիմոն Կյուրենացին:

Երբ նրանք հասան Գողգոթա, Քրիստոսի վրայից պոկեցին շորը: Նրան պառկեցրին խաչի վրա և տասնհինգ սանտիմետր երկարությամբ մեխերով գամեցին Փրկչին խաչի վրա: Նրան խաչի վրա բարձրացրեցին և խաչը տեղադրեցին փոսի մեջ: Նա այդպես կախված մնաց այրող տապի տակ` տանջվելով անտանելի ծարավից, ենթարկվելով ամբոխի ծաղրուծանակին: Այդ անտանելի տանջանքների մեջ Նա մնաց վեց ժամ, որից հետո քիչ-քիչ Նրա կյանքը սկսեց մարել>>:

Ահա այս սարսափելի տեսարանն էր, որ ներկաներին աննկարագրելի ցավի ու տարակուսանքի մեջ էր գցել. <<Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում>> (Ղուկ. 23:48): Նրանք եկել էին ուղղակի իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար, սակայն վերադառնում էին ցնցված` մինչև հոգու խորքը:

Սակայն այդ տեսարանին ականատես էին ոչ միայն մարդիկ, այլև` Աստծո հրեշտակները: Նրանց արդեն չէին հետաքրքրում երկնային երևույթները, այլ` նրանց սարսափով ու խորն ակնածանքով լեցուն հայացքներն ուղղված էին դեպի երկիր` այն վայրն ուր կատարվում էր դա:

Արեգակն իր բարձունքից ևս նայում էր ներքև ու ականատես լինելով այդ անտանելի տեսարանին` չդիմացավ, փակեց իր երեսը, հագավ խավարի թիկնոցը` այդպիսով արտահայտելով այնքան խորը կսկիծ, որքան որ մահվան դառնությունն է (Մատթ. 27:45):

Երկիրն իր հերթին ցնցվեց այն սարսափելի իրադարձություններից, որ կատարվում էին իր երեսին: Ցնցվեց տաճարն ու սարսափելի կորստից խելակորույս սգավորի նման, որ պատառոտում է իր հագուստները` վերից վար պատռեց իր հրաշալի վարագույրը (Մատթ. 27:51):

Բնությունը սարսափեց կատարվածից, քանի որ ճանաչեց իր Արարչին, Որին մարդիկ չճանաչեցին…

Արդ ինչու՞ այդ սարսափելի տանջանքներն ու մահը կրեց Հիսուս, քանզի բոլորին է հայտնի, որ Նա անմեղ էր:

Մեղք:

Արդարադատության նորմերը սահմանում են, որ օրենքի խախտումը մեղք է հանդիսանում և արժանի է պատժի միջոցով` քավության: Եվ մարդկային էության մեջ էլ է դրված արդարության զգացումը, որ յուրաքանչյուր մեղավոր պետք է արժանի պատիժ կրի:

Մեղքի հիմնական պատճառը Աստծո դեմ խռովություն բարձրացնելն էր, իսկ նրա պտուղը` Աստծուց մեր բաժանումը:

Մարկոս ավետարանիչն ասում է. <<Ինչ-որ մարդուց դուրս է գալիս, ա´յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները` շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն>> (Մրկ. 7:20-22):

Այս արարքները պղծում են մեր կյանքը: Մեզնից ոմանք կարող են ասել, որ դրանցից գրեթե ոչ մեկը չեն անում: Սակայն պետք է հիշենք, որ մեր կյանքը պղծելու համար բավական է գործել դրանցից միմիայն մեկը: Հնարավոր է, որ մենք ուզենայինք կատարել տասը պատվիրաններից մի քանիսը միայն: Բայց Նոր Կտակարանում ասվում է, որ եթե մենք խախտենք օրենքի ցանկացած մաս, մենք խախտում ենք ողջ օրենքը:

Ամեն մի մեղք առանձին վերցրած և բոլոր մեղքերը միասին ունեն բազմաթիվ գերիներ, որոնք կապված են նրանցով, ինչպես շղթաներով: Եվ ավելի մեծ ստրկություն չկա, քան մեղքին գերի լինելը: Մեղքը ամենադաժան տերն է: Դժբախտություններ և հիասթափություններ, հուսահատություն և վերջում` դժոխք. ահա մեղքի միակ հատուցումը իր ծառաներին:

Մեր պարագայում խոսքն իհարկե Ադամական մեղքի մասին է, քանզի այն Աստծո Օրենքի խախտումն է և Աստվածային արդարության վերականգնման համար այդ հանցագործությունն ու մեղքը պետք է փրկագնվեին:

Եթե տեսականորեն քննարկենք հարցը, ապա խոսքը կարող էր գնալ համատիեզերական քավության մասին: Այսինքն, յուրաքանչյուր ոք, ով ապրել է, ապրում է և պիտի ապրի երկրի վրա` պետք է քավի այդ մեղքը: Սակայն դա անհնարին է դառնում մարդու բարոյական անկարողության պատճառով` հոժարակամ իր վրա վերցնելու քավության տառապանքները: Հետևաբար, Աստված` մեծագույն սիրով լցված մարդկության հանդեպ, որոշում է կայացնում Իր վրա վերցնելու քավության ծանր բեռը: Ինչպես Հովհաննու ավետարանում է ասվում. <<Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը>> (Հովհ. 3:16):

Այսպիսով Նա աշխարհ եկավ, մարդացավ` Հիսուս Քրիստոսի կերպարանքով և լինելով կատարյալ անմեղ`Իր վրա վերցրեց մարդկային ցեղի ողջ մեղքն ու Իրեն զոհաբերեց` մարդկության փրկության համար:

Հին Կտակարանից բոլորս էլ գիտենք, որ հրեաները զոհաբերության տարբեր ծիսակարգեր ունեին` Աստծո ողորմածությանն արժանանալու, մաքրվելու, երախտագիտություն հայտնլու և այլնի համար: Նմանատիպ երևույթի հանդիպում ենք նաև գրեթե բոլոր ազգերի մշակույթներում: Բանն այն է, որ մարդիկ զգալով իրենց մեղավորությունն Աստծո առջև` այդ կերպ էին փորձում քավել իրենց մեղքերը: Համարվում էր, որ զոհը մատուցած անձը, երբ համտեսում էր զոհաբերված կերակուրից, ինքն էլ էր միանում զոհին` այդ կերպ կապ հաստատելով Աստծո հետ:

Այսպիսով Հիսուս Քրիստոս, որ ի բնէ անմեղ էր, Իրեն զոհաբերեց Աստծո արդարադատությանը` ողջ մարդկության մեղքերի դիմաց, որպեսզի նրանց արժանացնի Աստծո ողորմածությանը, այսինքն` փրկությանն ու հավիտենական կյանքին: Նա Աստծո այն Անմեղ Գառն էր, որն ինքն իրեն զոհաբերեց` աշխարհի մեղքերի դիմաց:

Ի դեմս Քրիստոսի` խաչի վրա չարչարվեց ու մահացավ ողջ մարդկությունը և քանի որ մահացավ, ապա նաև հարություն առավ Քրիստոսի հետ միասին: Մահացավ Հին Ադամը և վերածնվեց Նորը: Հիսուս իրավմամբ ստանձնեց մարդկության Նախահոր կարգավիճակը:

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմցին գրում է. <<Մենք թշնամացել էինք մեղքի պատճառով և Աստված մահ էր սահմանել մեղավորի համար: Արդ երկուսից ո՞րը պիտի կատարվեր. մա՞հը` ի նշան արդարադատության, թե՞ այդ սահմանման խախտումն` ի նշան մարդասիրության: Ահա այստեղ էլ ի հայտ է գալիս Աստվածային ողջ Իմաստությունը: Նա պահպանեց և՛ արդարադատությունը, և՛ մարդասիրությունը: Քրիստոս << մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք>> (Ա Պետրոս 2:24): Եվ չպետք է զարմանանք, որ ամբողջ աշխարհը փրկագնվեց այդ մի զոհով, քանզի Նա, Ով մեռավ աշխարհի փրկության համար, մի հասարկ մարդ չէր, այլ` Աստծո Միածին Որդին:

Մահն անխուսափելի էր, անհրաժեշտ էր, պարտադիր էր, որպեսզի քավվեր այն ընդհանուր մեղքը, որ դրված էր համայն մարդկության վրա: Այդ նպատակով, Աստծո Որդին, որ Իր էությամբ անմահ էր, ընդունեց մահկանացու մարմին, որպեսզի այն որպես Իր սեփական մարմին` զոհ մատուցի ողջ մարդկության համար և դառը մահը ճաշակի` բոլորի փոխարեն:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս և՛ Հովվապետն է, և՛ Գառը մի անձում, և Իր սեփական արյան գնով վճարեց մեր փրկության համար և փոխարենը միայն հավատք պահանջեց մեզանից>>:

Որպեսզի Քրիստոսի առաքյալները և նրանց միջոցով` նաև մենք, մասնակիցը լինենք այդ զոհի, Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ Տերն օրհնեց հացն ու գինին, այսպիսով վերածելով դրանք Իր իրական մարմնի ու արյան ու ավանդեց աշակերտներին ճաշակել, որպեսզի նրանց վրա էլ տարածվի Փրկչագործական Զոհաբերության ազդեցությունը:

Այդ առումով Փրկչի զոհաբերությունը սկսվեց վերնատանը` Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ և ավարտվեց Գողգոթայի գագաթին` խաչի վրա կրած մահով: Ավարտվեց Անմեղ Գառան զոհաբերմամբ, Որն Իր արյան գնով մաքրեց մարդկության ցեղի վրայից ադամական մեղքի անեծքը:

Բայց միևնույն է, մենք բոլորս շարունակում ենք մեղք գործել ու ինչքան շուտ սա հասկանանք, այնքան շուտ կգնահատենք այն, ինչ մեզ համար արեց Քրիստոս:

Մեր հավատքի գլխավոր կետը` Քրիստոսի մահն է խաչի վրա` մեր մեղքերի համար: Որքան շուտ և խորը ըմբռնենք, որ մեր փրկությունը Աստծո մեջ է, այքան շատ կսիրենք և կծառայենք մեր Տիրոջը:

Քրիստոնեության հիմնական գաղափարը նրանում է, որ Աստված սիրում է մեզ և միայնակ չթողեց այս քաոսի մեջ, որը ստեղծեցինք մեր ապրած սխալ կյանքով: Աստված մեզ փոխեց Իրենով:

Ի՞նչ է սա նշանակում. <<Աստված մեզ փոխեց Իրենով>>: Կա մի իրական պատմություն, որ պատահել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռազմագերիների մի խումբ աշխատում էր Բիրմայի երկաթուղում: Աշխատանքային օրվա ավարտին աշխատողների մոտից հավաքում էին գործիքները: Մի անգամ հսկիչ զինվորն ասում է, որ մի բահ է կորել, և պահանջում պարզել, թե աշխատողներից ո՞վ է այն վերցրել: Նա բարձր բղավում էր բոլոր ռազմագերիների վրա և հրամայեց մեղավորին մեկ քայլ առաջ գալ: Ոչ ոք տեղից չշարժվեց: Եվ նա, մատը դնելով ավտոմատի ձգանին, պահում է ռազմագերիների վրա.

-Դուք բոլորդ հիմա կմեռնեք:

Այդ ժամանակ գերիներից մեկը առաջ եկավ: Ճապոնացի զինվորը ավտոմատի կոթով մահվան աստիճան ծեծեց նրան: Մարդը նույնիսկ չէր փորձում պաշտպանվել: Երբ նրանք ճամբար վերադարձան, նորից հաշվեցին բահերը և պարզվեց, որ բոլորը տեղում էին: Այդ մարդը առաջ էր եկել` փրկելու համար մյուսներին:

Այսպես եկավ նաև Քրիստոս, որպեսզի, խաչի վրա մահանալով, փրկի մեզ: Նա խաչվեց մեզ համար:

Խաչի վրա զինաթափ եղան չարի ուժերը, և պարտվեց մահը: Պողոս առաքյալն ասում է. <<Այդպիսով նա զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին ու պետություններին` նրանց հայտնապես խայտառակելով ու պարտության մատնելով Քրիստոսի ձեռքով նրա հարության ժամանակ>> (Կողոս. 2:15):

Խաչի վրա Աստված բացեց իր սերը մեր հանդեպ: Նա ցույց տվեց, որ Աստված անտարբեր չէ տառապանքների հանդեպ: Նա աշխարհ եկավ և գիտեր ամեն բան: Խաչի վրա Հիսուս ցույց տվեց օրինակը` զոհաբերված սիրո. <<որովհետև այդ բանի համար իսկ կոչվեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք>> (Ա Պետր. 2:21):

Կյանքի տարբեր պատմություններից վերցված հետևյալ օրինակները ակնհայտորեն բացահայտում են, թե ինչ արեց մեզ համար Քրիստոս՝ խաչի վրա.

Առաջին համեմատությունը կապված է արդարացման հետ: Պողոս առաքյալը ասում է, որ Քրիստոսի մահով մենք արդարացում ունեցանք. <<Ուրեմն հավատով արդարացված խաղաղություն ունենանք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով>> (Հռոմ.5:1): Արդարացումը իրավաբանական տերմին է: Եթե դատարանում ձեզ ազատել են ձեր կատարած հանցանքի պատասխանատվությունից, նշանակում է, որ դուք արդարացված եք:

Երկու մարդ միասին սովորել են նույն դպրոցում ու  համալսարանում և դարձել մոտ ընկերներ: Կյանքը շարունակվում է, և նրանցից ամեն մեկը գնում է իր ճանապարհով` կորցնելով կապը: Մեկը դառնում է դատավոր, մյուսը կյանքի ընթացքին անկում է ապրում և վերջապես դառնում է հանցագործ: Եվ ահա մի օր նա, որպես հանցագործ, կանգնում է դատավորի առջև: Նա հանցագործություն է կատարել, նրան մեղավոր են ճանաչել: Դատավորը, ճանաչելով հին ընկերոջը, ապշեց: Նա օրենքն էր ներկայացնում և իրավունք չուներ ազատելու մեղավորին: Մյուս կողմից նա չէր ուզում պատժել այդ մարդուն, որովհետև սիրում էր նրան: Արդարությունը պահելու համար նա հայտարարեց, որ մեծ տուգանք է նշանակում: Այնուհետև գնաց ներս` իր սենյակը, չեկ գրեց տուգանքի չափով և փոխանցեց իր հին ընկերոջը, այսինքն` նրա փոխարեն ինքը վճարեց: Այսպես հաղթանակեց սերը:

Այս օրինակը շատ լավ ցույց է տալիս, թե ինչ արեց Աստված մեզ համար: Աստված, քանի որ արդար է, դատում է մեզ` մեղավորներիս, բայց հետո, քանի որ մեզ շատ է սիրում, եկավ և Քրիստոսի անձով կրեց մեր պատիժը: Այսինքն` Աստված և´ դատում է, քանի որ չի թողնում մեղքն առանց պատժի, և´ արդարացնում է բոլորին, քանի որ Նա Ինքը մեր փոխարեն վճարեց մեր մեղքի դիմաց` Իր Որդուն զոհաբերելով, տալով մեզ ազատություն: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. <<ապացույց իր արդարության ներկա ժամանակում, ապացույց այն բանի, որ ինքն արդար է և կարդարացնի նրան, ով Հիսուսին է հավատում>> (Հռոմ.3:26): Ուրեմն Նա և´ մեր դատավորն է, և´ մեր Փրկիչը: Նա կողքից դիտող մարդ չէ, այլ Աստված, որն անձամբ մեզ կփրկի: Անկեղծ ասած, Նա տալիս է  չեկը և տալիս ընտրություն, թե ցանկանու՞մ ենք արդյոք, որ Նա վճարի մեզ համար, թե ցանկանու՞մ ենք կանգնել Աստծո դատաստանի առջև մեր կատարած հանցանքների համար:

Սակայն այս ներկայացրած պատմությունը լիարժեք չէ երեք պատճառով.

Առաջին, որ մեր վիճակը ավելի վատ է: Մեզ սպասվում է ոչ թե տուգանք, այլ մահ:

Երկրորդ. հակառակ դատավորի և դատապարտյալի հարաբերությանը, մեր դեպքում ոչ թե ուղղակի ընկերություն է, այլ  հարաբերություն երկնային Հոր հետ, ով մեզ սիրում է առավել, քան որևէ ծնող կսիրի իր երեխային:

Երրորդ. գինը մեծ է, դա Աստծո համար դրամ չարժեցավ, այլ միակ Որդին, որը մեր մեղքերի համար սարսափելի տանջանքներ կրեց:

Երկրորդ համեմատությունը մենք կարող ենք վերցնել շուկայական հարաբերություններից:

Պարտք. սա նորություն չէ, այլ եղել է նաև հնում: Եթե մեկը մեծ պարտքերի մեջ էր, ուղղակի վերցնում և վաճառում էին նրան` դարձնելով ստրուկ: Պատկերացնենք մի պահ, որ մարդը կանգնած է շուկայում և առաջարկում է իրեն որպես ստրուկ: Որևէ մեկը խղճում է նրան և հարցնում` որքա՞ն է պարտքը: Ենթադրենք պարտքատերը ասում է` հարյուր միլիոն: Գնորդը առաջարկում է վճարել այդ գումարը, որից հետո ազատ արձակել նրան: Նա գնում է նրան` վճարելով պարտքը:

Նույնպես և մենք. ձրի արդարացում ենք ստանում` գնվելով Հիսուս Քրիստոսի կողմից: Պողոս առաքյալն ասում է. <<բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ>> (Հռոմ.3:24):  Հիսուս Քրիստոս խաչի վրա իր մահով վճարեց մեր փրկագինը: Ավետարանում կարդում ենք. <<որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու և տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն>>(Մրկ.10:45):

Եվ մենք ազատվեցինք մեղքի ուժից: Սա իսկական ազատություն է:  Աստված ասաց. <<Եթե Որդին ազատի ձեզ, դուք իրականում ազատ կլինեք>>: Սա չի նշանակում, որ մենք էլ երբեք մեղք չենք գործի, բայց մեղքի իշխանությունը մեզ վրա արդեն տապալված է:

Երրորդ համեմատությունը. հինկտակարանյան տաճար: Հին Կտակարանում տրված են շատ որոշակի օրենքներ նրա մասին, թե ինչպես վարվել մարդու հետ, եթե մեղք է գործում: Գոյություն ուներ մի ամբողջ զոհաբերության համակարգ, որը խոսում էր մեղքի աստիճանի և մաքրվելու անհրաժեշտության մասին:

Սովորաբար մեղավորը բերում էր հորթ, այծ, ոչխար և, որ կարևոր էր, ամենալավը: Նա դնում էր ձեռքերը նրա վրա և խոստովանում իր մեղքերը: Նրանք մտածում էին, որ այդպես մեղքերը մարդուց փոխանցվում են կենդանուն, որին հետո սպանում էին:

Քրիստոսի մեջ արտահայտվեց կատարյալ զոհը: Մեկ անգամ, բոլորի և բոլոր ժամանակների համար: Նրա արյունը մեզ մաքրում է բոլոր մեղքերից և հեռացնում է կեղտը: Հովհաննես առաքյալն ասում է. <<Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու` Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից>> (Ա Հովհ. 1:7):

Եբրայեցիներին ուղղված թղթում ասվում է. <<քանի որ նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքը>> (Եբր.10:4): Դա ուղղակի սիմվոլիկ մի բան էր կամ թողության ստվեր.  <<Արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը: Այն նույն պատարագները, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին>> (Եբր.10:1):

Բայց մենք իրականում մաքրվում ենք Հիսուս Քրիստոսի` մեզ համար կատարած զոհաբերությամբ: Երբ Հովհաննես Մկրտիչը տեսավ Քրիստոսին, ասաց. <<Ահա տեսեք Տիրոջ գառը, որը վերցնելու է աշխարհի մեղքը>>:

Այսպիսով Քրիստոս հաշտեցրեց մեզ և վերականգնեց մեր հարաբերությունը Աստծո հետ: Մեղքով կատարված բաժանումը վերացվեց: Այն ինչ պատահեց անառակ որդու հետ, կարող է պատահել նաև մեզ հետ, քանի որ Քրիստոսի մահվամբ մենք ընդունեցինք նաև որդեգրությունը: Մենք կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և ընդունել նրա սերը: Նրա օրհնությունը տարածվում է ոչ միայն մեր երկրային կյանքի վրա, այլ տրվում է հավիտենապես: Մի օր մենք մեր Հոր հետ երկնքում կլինենք, մենք այնտեղ ազատ կլինենք ոչ միայն մեղքի պատժից, մեղքի ուժից, մեղքի ապականությունից և բաժանումից, այլ ընդհանրապես մեղքից: Դա հնարավոր դարձրեց Աստված` խաչի վրա մեզ փոխելով Իր հետ:

Աստված սիրում է մեզ, և Իր ցանկությունն է լինել մեզ հետ, ինչպես ծնողն ու զավակը: Նա մահացավ մեզանից յուրաքանչյուրիս համար: Հիսուս Քրիստոս մահացավ աշխարհի համար, և աշխարհն ընդգրկում է մեզ բոլորիս, և այդ երևույթը շատ անհատական է: Պողոս առաքյալն ասում է. <<Աստծո Որդին սիրեց ինձ և Իր կյանքը տվեց ինձ համար>>:

Ու հիշենք, որ եթե մեզանից մեկը այս աշխարհում լիներ միակը, Հիսուս Քրիստոս նորից կմահանար այդ մի մարդու համար:

Պահենք մեր սրտերում Աստվածային Սիրո լույսը, որի համար սուրբ նահատակներն իրենց արյունը հեղեցին, հոգևոր այրերը հրաժարվեցին աշխարհից ու մարմնական ցանկություններից, բազում մեղավորներ իրենց սրտից բխած արցունքի գետեր հոսեցրին` խոստովանելով իրենց մեղքերն ու բժշկություն ստանալով իրենց հոգիների համար: Արդ մենք էլ մեր սրտերում վառ պահենք Տիրոջ սերը` մեր ապրած կյանքով հետևելով նրա պատգամներին, քանզի միայն դա է պահանջում մեզնից մեր Փրկիչը. <<Եթե մէկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կ՚օթևանենք։ Եվ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ՝ Հորը, որ ինձ ուղարկեց>> (Հովհ. 14:22,23):

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

01.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․