Գրքեր

«Իր համար մեծ պատիժ է պատրաստում նա, ով զրպարտում է արդարին»

Լեզվի մեղքերի մեջ իր վտանգավորությամբ առանձնանում է զրպարտության մեղքը, որը նախանձի, հիշաչարության և ատելության ամենասարսափելի արտահայտությունն է: Նշյալ մեղքերի ցանցում գտնվողի համար այն արդարացման մի միջոց է: Չարը բազմիցս է գործածում այս զենքը՝ տեղյակ լինելով նրա հարվածի ուժգնությանը: «Մեղայ Աստուծոյ» գրքում կարդում ենք, որ չարախոսությունը կամ, ինչպես գրաբար բնագրում, բանսարկությունը սատանային բնորոշ մեղքերից է, որովհետև նրան տրվող անուններից մեկը հենց «բանսարկու» է (Իմաստ. 2:24, Հուդա 9, Հայտ. 12:12; 20:2): «Բանսարկություն»-ը կազմված լինելով գրաբարյան «բանս» (խոսքեր) և «արկանել» (գցել) բառերից, նշանակում է մեկի մասին չար խոսքեր գցել մի ուրիշի ականջը: Սրա պատճառն այն է, որ սատանան Աստծո առջև չարախոսում և զրպարտում է մարդկանց, ինչպես նույնն էր անում երկնքից վտարվելուց առաջ՝ չարախոսելով բարի հրեշտակներից (Հայտ. 12:10):  

Ինչպես հայտնի է, չար լեզուն ավելի սարսափելի է, քան սուրը: Ընդհանրական եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանին բազմիցս են խոցել զրպարտության սրով, նա համբերել է թագավորի զայրույթին և աքսորին: Սուրբը նշում է. «Երբեք մի ընդունիր քո մերձավորի հասցեին ուղղված զրպարտանքը, կանգնեցրու զրպարտչին հետևյալ խոսքերով՝ դադարեցրու եղբայր, ես ամեն օր ավելի ծանր մեղքեր եմ գործում, ինչպե՞ս դատենք ուրիշներին»: Ս. Հովհաննես Սանդուղքը նշում է, որ այդ կերպ երկու բարիք կգործես, մեկ սպեղանիով կբուժես և՛քեզ, և՛ մերձավորիդ: Սա թողության արժանանալու և մարդկանց չդատելու ամենակարճ ուղիներից մեկն է: Իսկ ահա Ս. Եփրեմ Ասորին համարում է, որ «եթե թշնամիդ տրամադրվել է զրպարտելու, ապա պաշտպանիր քեզ լռությամբ»: Ծանր է այս փորձության միջով անցնելը, Ս. Հովհան Ոսկեբերանի նկարագրությամբ առավել ծանր է հպարտ և ուժեղ մարդկանց զրպարտությունը, քանի որ սուտը՝ որպես հենակ ունենալով ուժը, մեծ աղետներ է սփռում իր շուրջը: Իսկ ոմանց համար մահերի մեջ անտանելին այն է, երբ թշնամին, իրենց զրպարտելով, շատերի մոտ իրենց նկատմամբ կասկածներ է հարուցում: Այս պարագայում սուրբը հորդորում է. «Եթե դա ճիշտ է, ուղղվիր: Իսկ եթե սուտ է քո մասին ասվածը, ծիծաղիր այդ ամենի վրա՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում» (Մատթ. 5:11-12)»:

Հին Ուխտում ողջախոհ Հովսեփին բանտ գցեց կնոջ զրպարտանքը, բայց նա հետո բարձր պատվի արժանացավ, և Տերը նրա միջոցով երկիրը փրկեց սովից (Ծննդոց 39 և 41 գլխ.): Մովսես մարգարեն չարախոս լեզուների պատճառով փախավ Եգիպտոսից և բնակվեց Մադիամի երկրում, բայց նա այնտեղ արժանացավ տեսնելու այրվող մորենու հրաշքը և լսել Աստծուն, Ով խոսում էր իր հետ մորենու միջից (Ելք 2:15-22; 3:2-7): Դանիել մարգարեին ուղղված զրպարտանքը նրան գցեց առյուծների գուբը, բայց Տերը փակեց կենդանիների երախը և բարձրացրեց նրան առավել, քան նախկինում (Դանիել 6:16-28): Ավետարանը վկայում է, որ Քրիստոսին բազմիցս զրպարտում էին փարիսեցիները, նրանց զրպարտանքները Փրկչին ուղղված թունավոր նետեր էին: Ահա, թե ինչպիսին էին այդ թունավոր նետերը, ասում էին, թե Քրիստոս սիրում է ուտել և խմել, ընկերակից լինել մաքսավորներին, մեղավորներին և սամարացիներին, որ Նա Իր մեջ դև ունի, մոլորեցնում է ժողովրդին, արգելում է կայսրին տուրք տալ (Ղուկաս 23:2), և այս զրպարտանքներն ուղղված էին նրան, Ով սովորեցնում էր «գնացե՛ք, ինչ որ կայսրին է պատկանում, կայսրի՛ն տվեք, և ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծո՛ւն տվեք» (Մարկոս 12:17), Ում խոսքի զորությամբ դևերը սարսափում էին և փախչում: Իսկ խաչի վրա Նա ներեց Իրեն զրպարտողներին՝ ասելով՝ Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում (Ղուկաս 23:34):

«Իր համար մեծ պատիժ է պատրաստում նա, ով զրպարտում է արդարին: Ինչպես ցեցն է վնասում հագուստը, այնպես էլ զրպարտանքը՝ հոգուն»,- ասել Է Ս. Եփրեմ Ասորին: Սուրբ Բարսեղ Մեծը համարում է, որ հաճախ ճշմարտությունը կարող է դիտվել որպես զրպարտանք. «Բացակայող եղբոր մասին չպետք է ոչինչ ասել՝ նրան սևացնելու միտումով, դա զրպարտանք է, անգամ եթե ասվածը ճշմարիտ է: Թույլատրելի է ուրիշի մասին վատը (բայց ճշմարտությունը) ասել այն դեպքում միայն, երբ անհրաժեշտ է խորհրդակցել ավելի փորձառու մարդկանց հետ՝ մեղքի մեջ ընկածին օգնելու նպատակով»:

Ս. Հովհաննես Սանդուղքը պատմում է. «Մի օր, երբ լսեցի, թե ինչպես են որոշները չարախոսում իրենց մերձավորի մասին, արգելեցի նրանց այդ չարիքը գործել, իսկ նրանք ներողության փոխարեն պատասխանեցին, որ այդ անձի հանդեպ սիրուց մղված են գործում: Նրանց ասացի՝ «թողեք այդպիսի սերը», որպեսզի կեղծ չլինի հետևյալ խոսքը՝ «Ով ծածուկ խոսեց ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի» (Սաղմոս 100:5): Եթե դու ճշմարտապես սիրում ես մերձավորիդ, մի՛ ծանակիր նրան, այլ թաքուն աղոթիր նրա համար, քանի որ այդպիսի կերպարն է հաճելի Աստծուն: Մեղավորին դատելուց կզգուշանաս, եթե միշտ հիշես, որ Հուդան առաքյալների շարքում էր, իսկ ավազակը՝ մարդասպանների, բայց մեկ ակնթարթում նրանց հետ կատարվեց զարմանահրաշ փոփոխությունը»:

Զրպարտանքից առաջ եկած վշտի և դառնության դեմ կարևոր դեղամիջոց է աղոթքը. «Այն չափով, ինչ չափով, որ կաղոթես զրպարտչի  համար, նույն չափով էլ Աստված կբացահայտի գայթակղության մեջ ընկածին քո մասին ճշմարտությունը»,- ասել է երանելի Մաքսիմոս Խոստովանողը: Դավիթը զրպարտվեց չարախոս լեզուներից, բայց աղոթքի մեջ հարատևելով՝ մեզ հաղորդակից դարձրեց սաղմոսներին: Ըստ եկեղեցու հայրերի՝ նա, ով մեծահոգաբար համբերում է զրպարտանքին, մեծ պարգևների կարժանանա, ինչն իր համար որպես ապաշխարանք և Աստծո ողորմածությունը կհամարվի:

«Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա. նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտություն է խոսում իր սրտում» (Սաղմոս 14:1-2):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

25.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․