Իրական հարստության պահպանման և զորացման ճանապարհին | Irakan Harstutyan Pahpanman Ev Zoracman Chanaparhin



Գրքեր

Իրական հարստության պահպանման և զորացման ճանապարհին

Դարեր շարունակ հայ քրիստոնյայի համար հոգու սրբազան պահանջ, հավատքի նորոգման ու զորացման մի ուղի է հանդիսացել ուխտի ճանապարհը: Դեռևս քրիստոնեության արշալույսից Հայոց հավատքը Հայոց հողի վրա երկնել է հավատքի վկայարաններ, որոնցից մեկը Սյունիքի մարզում գտնվող Որոտնավանքն (XI դ.) է, որի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ՝ խոնարհված) հիմնադրել է Հայ եկեղեցու առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը:

Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի աղոթքի ուղին, Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, դեպի այս սրբավայր էր ուղղված, սրբավայր, որ նշանավոր ուխտատեղի է և վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ: Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներով հարուստ Որոտնավանքում 14-15-րդ դդ. գործել են այնպիսի նշանավոր հայրեր, ինչպիսիք են՝ Ս. Հովհան Որոտնեցին, Ս. Գրիգոր Տաթևացին, Թովմա Մեծոփեցին, նույն ժամանակաշրջանում այստեղ Ավետարան է գրչագրել և նկարազարդել Առաքել ծաղկողը:

Որոտնավանքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց բերված օծված վեմ-քարի վրա Տեր Վահանը Սուրբ Պատարագ մատուցեց՝ քարոզին ուխտագնացության կարևորության մասին մասնավորաբար ասելով. «Սրբավայրի մասին տեղեկություն ունենալուց բացի, կարևոր է այցելել սրբավայր, ուր ապրել ու ստեղծագործել են մեր եկեղեցու հայրերը՝ հաղորդակից լինելու համար նրանց աղոթքին ու նրանց կողմից մեզ ավանդված հոգևոր մեծ ժառանգությանը: Ուխտագնացության ճանապարհն անցնում ենք այն հավատքով և վստահությամբ, որ Աստված՝ որպես բարի և սիրող հայր, ունկնդիր կլինի մեր աղոթքներին, կկատարի մեր բարի խնդրանքները՝ Իր հայրական հոգածության ներքո պահելով յուրաքանչյուրիս: Աստված և մարդ փոխհարաբերությունների մեջ Աստված մշտապես Իր օրհնությունն անմնացորդ կերպով բաշխում է մարդուն, այն մարդուն, ով հավատքով դիմում է Իրեն: Յուրաքանչյուրիս կյանքը հոգևոր մի ճամփորդություն է, որ պետք է անցնենք հոգևոր նոր ձեռքբերումներով: Թող ձեր ուխտն ընդունելի լինի, սիրելի՛ ուխտավորներ: Անկեղծորեն ասեմ, ամեն անգամ ուխտագնացության ժամանակ զորանում եմ ձեր հավատքով, ձեր նվիրումով, պատրաստակամությամբ և աղոթասիրությամբ»:

Համայնքի հերթական ուխտագնացությունն ուղղված էր Հայոց երկրի խաղաղությանը, սահմանի անվտանգությանը և ներքին ու արտաքին վտանգների դիմագրավմանը: Հայոց երկրի համար հնչած միասնական աղոթքից առաջ Տեր Հայրը, դիմելով ներկաներին, ասաց. «Աղոթենք Երկնավոր Հորը, որ զորացնի հայ ժողովրդին իր հավատքի մեջ, որպեսզի մեր ժողովուրդն, իր դարավոր հավատքն ունենալով, կարողանա իր հավատքն առավել զորավոր կերպով արտահայտել»:

Ուխտավորներն իրենց ուխտն ու աղոթքը կատարելուց հետո, մինչ Երևան վերադառնալը եղան Սիսիանի շրջանի հնագույն աստղագիտական համալիրում՝ Քարահունջում, որ ժողովրդի կողմից ստացել է նաև «Զորաց քարեր» անվանումը: Ուխտավորները մինչջրհեղեղյան ժամանակաշրջանը հասնող, ժամանակին զարգացած և ավելի քան 7500 տարի ակտիվ գործունեություն ծավալած աստղադիտարանում էին:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտագնացության օրը նախորդել էր մեղքի և չարիքի դեմ պայքարող, հավատքի մեջ նախանձախնդիր մարգարեի՝ Եղիայի հիշատակության օրվան, իսկ մարգարեի կյանքը Հայ եկեղեցու զավակներին հիշեցնում է, որ քրիստոնյայի կյանքի իրական հարստությունը հավատքն է, որը՝ որպես Աստծուց ստացած թանկագին պարգև, պետք է պահպանել, զորացնել և իմաստավորել հավատքի գործերով:

 

Կարինե Սուգիկյան

26.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․