Գրքեր

Իրական Հովիվը

Հրեաների հիմնական զբաղմունքը, ինչպես վկայում է Աստվածաշունչը, հովվությունն էր: Քանանի երկրում բնակություն հաստատելուց հետո, հրեաները, շփվելով տեղաբնակ ժողովուրդների կենցաղին, սովորեցին հողամշակման ձևերը, սակայն նրանց համար հարազատ էր իրենց ազգային զբաղմունքը: Հրեական մտածողությունն այդ շրջանում կապված էր իրենց հիմնական զբաղմունքի հետ: Որևէ երևույթ բացատրվում էր հենց այդ լույսի ներքո: Եսայի մարգարեն հայտնում է Աստծու արարածների միասնության գաղափարը՝ մեկ Աստված և նրա կողմից ստեղծված մեկ ժողովուրդ: Այս գաղափարն ավելի շոշափելի և հասկանալի դարձնելու համար ժողովրդին համեմատում է ոչխարի հոտի, իսկ Աստծուն՝ խնամակալ հովվի. «Հովվի նման հովվելու է Իր հոտերը, Իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց Իր ծոցում…» (Եսայի 40:11): Այս նույն մարգարեությունը հաստատում է Հիսուս. «Ես եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11): Հիսուս ծնվեց որպես բարի հովիվ, որ հովվի ու հավաքի Աստծու կորուսյալ հոտը: Իսկական հովիվը իր ոչխարներին ճանաչում է իրենց անուններով, իսկ ոչխարները հետևում են հովիվին, որովհետև ճանաչում են նրա ձայնը (Հովհ. 10:3-4): Քրիստոս մեր հովիվն է, որովհետև Նա ճանաչում է մեզ, գիտի մեր կարիքները և պատրաստ է օգնելու: Քրիստոս մեր հովիվն է, Նա խնամում, կերակրում և առաջնորդում է մեզ արդարության ճանապարհով՝ թույլ չտալով, որ վախենանք. «Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Նա կենդանացրեց ինձ, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով: Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանն ինձ կմիխաթարեն» (Սաղմոս 22:2-5): Քրիստոս մեր հովիվն է, Նա թույլ չի տալիս, որ մեր կարողություններից ավելի փորձության ենթարկվենք, իսկ փորձության մեջ ընկնելու դեպքում միջոց է շնորհում այն հաղթահարելու. «Այն փորձությունները, որ դուք կրեցիք, մարդկային սահմաններից դուրս փորձություններ չէին: Բայց վստահեցե՛ք Աստծուն. Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա ձեզ այն հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանաք տոկալ» (Ա Կորնթ. 10:13): «Եթե ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես՝ չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի»,- գրում է Եսայի մարգարեն (Եսայի 43:2):   

Քրիստոս նկարագրում է հովվի և վարձկանի հատկանիշները. բարի հովիվն Իր կյանքն է նվիրում ոչխարների համար, «Մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները,- գրում է Հովհաննես ավետարանիչը,- երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով» (Հովհ. 10:11-13): Սուրբ Բարսեղ Մեծն այս հատվածը մեկնաբանելիս նշում է, որ Տերը, այստեղ վարձկան հովիվներ ասելով, նկատի ուներ փարիսեցիներին, որոնք ոչ հանուն ճշմարտության, այլ հանուն սեփական շահի էին ընդունել իրենց հովվական իշխանությունը, որոնք կեղծավորաբար աղոթում էին՝ հափշտակելով այրիների տները: Վարձկան հովիվների մասին Եզեկիել մարգարեն գրել է. «Կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում: Բայց Իմ հոտերը չեք արածացնում. տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք փայփայել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք» (Եզեկիել 34:3-4): Ակնհայտ է, թե որքան չարիք է բերել իր հետ վարձկան հովիվների կեղծավորությունը: Այսպիսինների մասին մեր Տերը Օսէէ մարգարեի միջոցով ասել է. «Վայ նրանց, քանի որ նրանք խույս տվեցին Ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան Իմ դեմ: Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստությամբ բամբասեցին Ինձ» (Օսէէ 7:13):

Երբ փարիսեցիները մեղադրում էին Հիսուսին, որ Նա ուտում և խմում է մեղավորների հետ, Հիսուս, նրանց պատասխանելով, ասաց. «Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի: Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի հետևից, մինչև որ գտնի այն: Եվ երբ գտնի, ուրախությամբ իր ուսերի վրա կդնի և կվերադառնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին և կասի նրան. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»» (Ղուկ. 15:4-6): Ահա այստեղ է կայանում իսկական հովվի իսկական սերը: Այստեղ չկա մարդկային խորամանկություն և կեղծավորություն, այստեղ չկա իմն ու քոնը: Միայն կա բարի հովիվ և մոլորված սիրելի ոչխար, ով տեսել է իրեն սիրող հովվին և ուրախությամբ գնում է դեպի նա, իսկ հովիվը՝ որպես հայր, իր ուսերին դնելով նրան, տանում է դեպի իր հոտը:

Քրիստոս, համբերելով վիրավորանքը, անհամար չարչարանքները և խաչելությունը, Իր կյանքը տվեց Իր ոչխարների համար, որով և արտահայտեց Իր Հովվական սերը: Այդ պատճառով Պողոս առաքյալն ասել է. «Արդարև, Քրիստոսն էլ Ինքն Իր մասին չմտածեց, այլ ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»» (Հռոմ. 15:3): Նա գիտակցաբար ընդունեց մահը՝ հանուն ոչխարների. «Ես Իմ կամքով եմ տալիս Իմ կյանքը: Իրավունք ունեմ այն տալու, ինչպես նաև իրավունք ունեմ վերստին այն առնելու» (Հովհ. 10:18): «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթ. 20:28):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

19.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․