Գրքեր

Իսկական սերն իր մասին իմաց է տալիս երիտասարդներին

- Հա՛յր, նրանք, ովքեր ցանկանում են հասարակությունը կործանել, դրա հիմքերին, արմատներին են անցել՝ երեխաներին: Փչացրել են նրանց:

- Այդ ամենը երկար չի տևի: Չարիքն ինքն իրեն է կործանում: Ռուսաստանում ամեն ինչ կործանեցին, բայց միայն տես, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, երբ երեք սերունդ անցավ: Աստված մարդկանց չի թողնում բախտի քմահաճույքին: Եվ այդ դարաշրջանի երիտասարդների մեղքերն այնպես չի դատելու, ինչպես նախկին՝ մեր ժամանակների երիտասարդներինը:

- Հա՛յր, պատահում է, որ աշխարհիկ կյանքով ապրող երիտասարդները շատ ճիշտ պատասխաններ են տալիս, երբ խոսքը հավատին է վերաբերում: Ինչո՞ւ:

- Այդ երիտասարդները բարուն էին հակված, բայց չկարողացան կանգնեցնել իրենց և տարվեցին աշխարհիկ կյանքով: Այդ բարի հակվածության պատճառով է, որ ճիշտ պատասխաններ են տալիս հավատի վերաբերյալ: Ուզում եմ հետևյալն ասել. Օրինակ՝ մարդն ուզում է որևէ ճանապարհով գնալ, բայց չի կարող: Սակայն հարգանքով է վերաբերվում նրանց, ովքեր գնում են այդ ճանապարհով: Աստված չի լքի նման մարդկանց, որովհետև նրանց մեջ չարություն չկա: Կգա ժամանակ, և նրանց մեջ առաջ գնալու ուժ կհայտնվի:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս կարելի է մոտեցում գտնել դեպի այն պատանիները, ովքեր շեղվել են ճանապարհից:

- Նրանց պետք է սիրով մոտենալ: Եթե իրական, վեհանձն սերը ներկա է, ապա այն միանգամից տեղեկացնում է իր մասին պատանիներին և զինաթափում նրանց: Իմ խուց երիտասարդներ են գալիս՝ հազարավոր տարբեր արտերի պտուղներ, տարբեր խնդիրներով: Ես նրանց բարի խոսքով եմ դիմավորում, ինչ-որ բան եմ հյուրասիրում, խոսում եմ նրանց հետ և մենք արագ ընկերանում ենք: Նրանք բաց են անում իրենց սրտերը և ի պատասխան ընդունում իմ սերն իրենց հանդեպ: Որոշ դժբախտներ այնքա՜ն զրկված են: Նրանք սեր են տենչում: Միանգամից երևում է, որ ո՛չ մորից են սեր տեսել, ո՛չ հորից: Նրանք չեն կարողանում հագենալ սիրուց: Եվ եթե ցավ ապրես նրանց համար, եթե սիրես նրանց, ապա նրանք մոռանում են իրենց խնդիրների մասին, մոռանում են նույնիսկ թմրանյութերի մասին, ապաքինվում են հիվանդություններից և դադարում սանձարձակությունները, իսկ այնուհետև Սուրբ լեռ են գալիս արդեն որպես ակնածալից ուխտավորներ: Դա այն պատճառով է, որ նրանք ինչ-որ կերպ լուր են ստանում Աստծո սիրո մասին: Եվ նկատելի է, որ նրանց մեջ վեհանձնություն կա, որը ճեղք է առաջացնում քո սրտում: Նրանք ֆինանսապես կարիքի մեջ են, բայց չնայած դրան՝ ուրիշներից գումարային օգնություն չեն ընդունում, նախընտրում են աշխատանք գտնել, իրենց հացը վաստակել, իսկ երեկոյան՝ սովորել: Նման պատանիներին արժե օգնել: Սալոնիկում երկաթգծի կայարանի մոտ տներ կան, որտեղ շատ դեռահասներ են միասին բնակվում՝ տղաներ և աղջիկներ: Մի երեքտեղանոց սենյակում նրանք տասնհինգ հոգով էին ապրում: Նրանք բոլորն էլ քայքայված ընտանիքներից էին: Ոմանք գողություն են անում, իսկ մյուսները չեն կարող անել, որովհետև պատվախնդրություն ունեն: Ես քանի՜ տարի խնդրեցի մտերմանալ այդ երեխաների հետ, օգնել նրանց: Խնդրեցի մի եկեղեցի կառուցել՝ այդ խեղճերին այնտեղ հավաքելու համար: Այժմ կայարանում մի փոքրիկ եկեղեցի են բացել սուրբ Փիլիպպոս սարկավագ առաքյալի պատվին, ով երկաթուղայինների հովանավորն է:

Ես հասկացա, որ այսպես, թե այնպես, եթե մարդը փոքրուց չի օգտագործում այն պատեհ առիթները, որ տրվում են իրեն, ապա սատանան օգտվում է դրանից: Ասացվածքն ինչո՞ւ է ասում. «Երկաթը տաք-տաք են ծեծում»: Որովհետև նախկինում դարբինները երկաթն այնպես չէին զոդում, ինչպես այժմ՝ այդ թթվածնով զոդումներն ու դրա պես բաներ չկային: Դարբինները երկաթը կրակի վրա էին դնում, ցողում էին եռման ջրով ու բորակով*, հենց հանում էին կրակի միջից, միանգամից միմյանց էին կռում երկաթի կտորները, քանի դեռ դրանք շիկացած էին ու կայծեր էին արձակում: Այդ երկաթի կտորները միանգամից ձուլվում էին իրար, իսկ եթե հասցնում էին սառչել, ապա ոչինչ չէր ստացվում: Ուզում եմ ասել, եթե պատանին անտարբեր մնա իրեն տրված բարենպաստ հնարավորությունների նկատմամբ, իսկ հետո սկսի ուրիշներով զբաղվել, դատի, քննադատի, այնպես որ Աստծո շնորհը հեռանա նրանից, ապա նրա հետ կկատարվի նույնը, ինչ սառած երկաթի հետ: Այն ժամանակ, երբ աստվածային ջերմություն կա, նա կառաջադիմի, եթե իհարկե ուշադիր լինի: Այդ պատճառով էլ ծնողները պետք է որքան հնարավոր է օգնեն իրենց երեխաներին, քանի դեռ նրանք փոքր են: Երեխաները մագնիտոֆոնի մաքուր ձայներիզներ են: Եթե նրանց վրա Քրիստոս ձայնագրված լինի, ապա նրանք միշտ Նրա հետ կլինեն: Իսկ եթե ոչ, ապա երեխաներն ավելի դյուրությամբ դեպի չարը կհակվեն, երբ մեծանան: Եթե մարդը մանկության տարիներին հոգևոր օգնություն է ստացել, ապա եթե նույնիսկ հետո շեղվի ճանապարհից՝ կրկին կսթափվի: Եթե ծառը օլիֆով է ներծծված, ապա չի փտում: Եթե երեխաներին էլ մի փոքր ակնածանք, Աստծո երկյուղ սնուցենք, ապա դա նրանց ողջ կյանքում կօգնի:

 

* Բորաթթվի նատրիումային աղ:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

15.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․