Գրքեր

Ժամագիրք

Ժամագիրքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ամենահին և ամենաշատ գործածվող ծիսամատյաններից է: Այն իր մեջ պարունակում է ժամերգությունների կատարման կարգը, ժամերգության տեքստերը՝ մաղթանքներ, քարոզներ, աղոթքներ, ընթերցվածքներ Հին ու Նոր Կտակարաններից, սաղմոսներ, երգեր և շարականներ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգությունները, որոնք ընդհանրական աղոթքներ են, թվով ինն են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու երրորդ ժամի, Ճաշու վեցերորդ ժամի, Ճաշու իններորդ ժամի, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան:

Համաձայն Մաղաքիա արք. Օրմանյանի՝ Ժամագիրք անունը հին է և ծագում է «ժամ» կամ «ժամասացություն» բառերից, այսինքն՝ «Գիրք աղօթից պաշտելոյ ըստ ժամուց»: Սակայն Ժամագիրք անունը ավելի ուշ՝ 15-րդ դարից է կոչվել, առաջին անգամ հանդիպում է 1467թ. գրված մի Տոնացույցում: Ժամագրքի հնագույն անունը մեզ է հասել Սբ. Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Սրբուհի Շուշանիկի վարքի միջոցով: Այն կոչվել է «Աղօթանոց», իսկ ավելի ուշ՝ «Աղօթամատոյց» և «Գիրք աղօթից»:

Մեր Ժամագիրքը կազմավորվել ու կարգավորվել է գրերի գյուտից (405-406թթ.) հետո: Այդ ժամանակ թարգմանական աշխատանքների շարքին է դասվում նաև Ժամագիրքը, որն առաջին անգամ ավետարանական ոգով և Սուրբ Հոգու ներշնչանքով Հայ եկեղեցի ներմուծեցին և աղոթքներով ու երգերով ճոխացրին Սբ. Սահակ Պարթևը (387-436թթ.), Սբ. Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.) և նրանց ավագ աշակերտները: Այնուհետև դարերի ընթացքում այն կարգավորվել է տարբեր հեղինակների՝ Սուրբ Գյուտ Արահեզացի հայրապետի (461-478թթ.), Սուրբ Հովհաննես Մանդակունի հայրապետի (478-490թթ.), Եզր կաթողիկոսի (630-641թթ.), Սբ. Գրիգոր Նարեկացու (951-1003թթ.), Սբ. Ներսես Շնորհալու (1166-1173թթ.), Գրիգոր Անավարզեցի հայրապետի (1290-1307թթ.), Սուրբ Գրիգոր Տաթևացու (1346-1410թթ.) կողմից:

Ժամագրքի տիտղոսաթերթի վրա հիշատակվում են Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպի, ինչպես նաև նրանց աշակերտներ Սուրբ Գյուտ Արահեզացի և Սուրբ Հովհան Մանդակունի կաթողիկոսների ու Ներսես Շնորհալի հայրապետի անունները: Հայ եկեղեցու ժամակարգության բարենորոգման և ճոխացման գործում զգալի ավանդ ունեցան նաև Հովհան Օձնեցին, Ստեփանոս Սյունեցին, Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, Հովհան Երզնկացին և ուրիշներ, որոնք գրել են նաև ժամակարգության մեկնություններ: Ժամագիրքը 1432թ-ին վերջնական խմբագրության է ենթարկել և իր այսօրվա տեսքին բերել Թովմա Մեծոփեցին (1378-1446թթ.):

Հովհան Օձնեցի հայրապետը Սուրբ Սահակին է վերագրում գիշերային ժամերգության 4 «Վասն…» քարոզները՝ իրենց աղոթքներով, ինչպես նաև մաղթանքները: Օձնեցին վկայում է, որ Հովհան Մանդակունուն են վերագրվում գիշերային ժամերգության «Զարթուցեալքս…» քարոզը, «Զքեն գոհանամք..» աղոթքը և Ճաշու Երրորդ, Վեցերորդ և Իններորդ ժամերի աղուհացից մեծ քարոզներն ու աղոթքները («Միաբան ամենեքեան… եւ որ է Քրովբեական», «Արթուն Մտօք… և Զգեցո մեզ, Տեր», «Սուրբ Սրտիւ… և եւ Տէր զօրութեանց»): Իսկ «Յիշեսցուք», «Աշխարհ ամենայն», «Առավոտ լուսոյ», «Այսօր անճառ», «Աստված անեղ» և «Նորոգող տիեզերաց» երգերը վերագրվում են Սբ. Ներսես Շնորհալուն: Նորայր արք. Պողարյանը գրում է. «Այս երգերը իրենց քրիստոնեական դավանանքի կուռ բովանդակությամբ և քաղցր եղանակներով շքեղ զարդերը կազմեցին մեր Ժամագրքի» (Ծիսագիտություն, Նյու Յորք, 1990թ.): Շնորհալին «…ոչ միայն խոսքերն է գրել, այլև եղանակներն է ներդաշնակել՝ հավասարապես հմուտ լինելով թե՛ քերթողական, թե՛ երաժշտական արվեստի» (Ազգապատում):

«Յիշեսցուք» երգը Սբ. Ներսես Շնորհալին գրել է Հռոմկլա բերդը պահպանող հայ պահապան զինվորների համար, որը ժամերգության մեջ ներմուծվել է Շնորհալու ավագ եղբայր՝ Գրիգոր Պահլավունի կաթողիկոսի (1113-1166թթ.) օրոք:

Համաձայն Հովհան Օձնեցու վկայության Եզր Փառաժնակերտցի (630-641թթ.) կաթողիկոսն Առավոտյան ժամերգության վերջին մասը զատել, բաժանել է և կազմել Արևագալի ժամերգություն, որոնք նախկինում միացած են եղել իրար: Եզր կաթողիկոսի կարգադրությամբ է եղել նաև «Փառք ի բարձունս»-ից հետո «Եղիցի» սաղմոսն ասելը՝ բժշկության Ավետարանից առաջ (կիրակի օրերին):

Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից մի քանի հատվածներ կարդացվում են Հանգստյան ժամերգության ժամանակ. «Ընկալ քաղցրութեամբ…» (բան ԺԲ), «Որդի Աստուծոյ կենդանւոյ…» (բան ԽԱ), «Աստուած յաւիտենական…» (բան ՂԳ), «Եւ արդ ի վերայ յայսքանեաց…» (բան Ձ):

Այս սրբազան հայրապետների ջանքերով ու ստեղծագործություններով մշակվեցին Հայ եկեղեցու ծիսական դրույթները, ժամերգությունները, խորհուրդները և այլն:

Ժամագիրքը լինում է Ատյանի և Առձեռն կամ Ձեռաց:

Ատյանի Ժամագիրքը դրվում է եկեղեցու ատյանում՝ բեմի վրա, որից օգտվում են օրվա աղոթարար հոգևորականները, սարկավագները և դպիրները:

Իսկ Ձեռաց Ժամագրքերը դրվում են երկու դասերում, որոնցից օգտվում են այնտեղ կանգնած սպասավորները:

Առաջին տպագիր Ժամագրքերը հրատարակվել են 16-17-րդ դարերում: Ամենահին Ժամագիրքը հրատարակել է Աբգար դպիրը 1568թ-ին Կ. Պոլսում, որը սակայն չունենք Հայաստանում: Իսկ Մաշտոցի անվան մատենադարանում պահված հնագույն օրինակը հրատարակվել է 1642թ-ին Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարացու կողմից: 1877թ-ին Նիկողայոս Թաշճյանը Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հովանավորությամբ Վաղարշապատում տպագրել է հայկական ձայնանիշներով գրանցված Ժամագիրք («Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ»): Ներկայիս Հայոց Եկեղեցում գործածվող Ատենի Ժամագիրքը նմանությունն է 1915թ. Երուսաղեմում կատարված տպագրության:

 

Պատրաստեց՝  Կարինե Սուգիկյանը

13.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․