Գրքեր

Ժամանակի մասին

«Իբրեւ իմաստունք, գնեցէք զժամանակս» (Եփես. 5:16)

Ինչպես գետը բաղկացած է ջրի կաթիլներից, այդպես էլ մեր կյանքը բաղկացած է ժամանակի ամենափոքր մասնիկներից՝ ժամեր, վայրկյաններ և ակնթարթներ: Եթե ժամանակի այդ փոքրիկ մասնիկների արժեքը չգիտենք և ունայն ենք ացկացնում [այն], մեր կյանքն էլ է դատարկ և ունայն լինում: Մարդու կյանքը, ինչ տարիքի էլ որ լինի [նա], միշտ անցյալին է կապված, եթե անցյալի նշանակությունն ու արժեքն իմացել է և թափուր չի թողել, այլ օգտակար կերպով է գործածել ժամանակը, ապա կյանքն էլ է լինում հույժ օգտակար:

Շատ հեշտ կլիներ, եթե ժամանակը դրամով գնվեր, սակայն երբեք ու երբեք ժամանակը դրամով չի գնվում, քանզի ժամանակը վատնելով, երբեմն այնպիսի պարագաներ և առիթներ ենք [մեր] ձեռքից բաց թողնում, որ [այլևս] հնարավոր չէ դրամով վերագտնել: Ժամանակի կորուստը բացարձակ և անփոխարինելի կորուստ է: Երբ հարստությունդ կորցնես, հարատև տքնությամբ կարող ես նորից տիրանալ նախկին վիճակիդ, երբ գիտելիքդ մոռացար՝ կորցրիր, ուսման  անխոնջ պարապմունքներով կարող ես վերստանալ մտքիդ պաշարը, երբ առողջությունդ վատնեցիր, դեղ ու դարմանով կարող ես ձեռք բերել նախկին առողջ վիճակդ, բայց երբ ժամանակը կորցնես՝ այլևս ոչ մի կերպ չես կարող գտնել, վերստանալ [այն]: Այդ իսկ պատճառով Առաքյալը հանձնարարում է. «իմաստունների նման ժամանակը ծախու գնել». նայեցեք [զգույշ եղեք], որ հիմարների նման չկորցնեք, ջանացեք իմանալ ժամանակի արժեքը և օգտակար [նպատակահարմար] օգտագործեք այն:

Ինչպե՞ս կարող ենք գնել, ծախու առնել ժամանակը, քանի որ դրամով հնարավոր չէ գնել [այն]: Այն պետք է օգտակար գործածել՝ մեր և այլոց օգուտի համար, ծուլությամբ և դատարկությամբ չվատնել այն, այլ հատկացնել բարուն և օգտակարին: Նաև ժամանակի հանդեպ պետք է ագահ լինել, այսինքն չթողնել, որ պատեհ առիթները կորչեն և գնան անէության գիրկը, վայրկյաններից [գեթ] մեկն առանց փոխարժեքը ստանալու չթողնել, թույլ չտալ, որ մեր ձեռքի տակ եղած ժամանակն անխնա, առանց արդյունքի վատնվի:

Ժամանակի արժեքը չիմանալն այն է, երբ ասում ենք. «Վաղը գործերս կկարգավորեմ և այն, ինչ այսօր չարեցի՝ վաղն անպայման կանեմ», բայց լավ իմացեք, որ վաղն այսօրվա թշնամին է, «այսօրվա գործը վաղվան թողնելն» իմաստություն չէ, որովհետև այն գործը, որն այսօր պիտի անեիր և վաղվան ես թողնում՝ արհամարհում ես նրա կարևորությունը և արժեքը մասամբ, և ուժդ ու եռանդդ ջլատվում են:

Ժամանակի արժեքն իմանալն այն է, ո՛վ հավատացյալ, երբ առավոտները վաղ արթնանում և աղոթելու համար առանձնանում ես: Արշալույսին արթնանալը մեզ առողջություն, զորություն և իմաստություն է տալիս. երեք կարևոր բաներ, որոնք ամենաթանկն են աշխարհում: Ընդհանրապես նրանք, ովքեր վաղ են արթնանում, գիտեն, թե որքան թարմ և արթուն մտքով կարող են առույգորեն աշխատել և սովորել: Առավոտյան ժամերը հարմարագույներն են հայեցողության, լուրջ հետազոտության և խորը մտորումների համար:

Ֆրանսիացի մեծանուն բնագետ և փիլիսոփա Բյուֆոնը, ժամանակի արժեքը լավ գնահատելով, միշտ արշալույսին էր արթնանում և իր աշխատություններից կարևորագույներն ու դժվարագույներն այդ պահին էր անում և հաջողում էր: Թեև սկզբում մեծ դժվարություններ ունեցավ վաղ արթնանալու հետ կապված, որովհետև շատ էր սիրում քնել, և այս ծուլությունը [նրա] ժամանակի մեծ մասը գողանում էր: Իր սպասավորին խստիվ հանձնարարել էր իրեն վաղ արթնացնել և մահճակալից հանել, նույնիսկ, [եթե անհրաժեշտ լինի] բռնության միջոցով, և դրա համար պարգև էր խոստացել: Եվ Բյուֆոնն իր հիանալի գործերից առնվազն տասը կամ տասներկու հատորներն, ամբողջությամբ, առավոտները վաղ աթնանալով աշխատելուն է պարտական:

Արդարև առավոտը օրվա երիտասարդությունն է, այդ պահինն ամեն ինչ ավելի ժպտուն և դյուրին է, մենք մեզ այդ պահին ավելի զորեղ ենք զգում, ավելի հանգիստ, մեր կարողությունները զորացած են: Պետք չէ այդ ժամանակն ուշ արթնանալով, կամ մեղկ դեգերումներով վատնել, կյանքի գերընտիր մասերից մեկն առավոտն է. երեկոն՝ ընդհակառակը, օրվա ծերությունն է:

Հանգիստը մտքի և մարմնի համար անհրաժեշտ է, քանզի առանց այդ հանգստի միտքը կամ մարմինը չեն կազդուրվում: Ո՛չ մարմինը և ո՛չ էլ միտքը չեն կարող մշտապես լարված, գործուն վիճակի մեջ լինել, այլապես վնասն անխուսափելի է: Բայց ցավալի է տեսնել, որ շատերն այդ հանգիստն արտակարգ [չլսված] զվարճանքներով են անցկացնում և հանգիստը վայելելու փոխարեն զեխություններով և շվայտություններով բթացնում են միտքը և փչացնում՝ մարմինը: Որքա՜ն լավ և օգտակար է հանգիստը, երբ [այն] աշխատանքի փոփոխման կամ զանազանության մեջ ենք գտնում: Որքա՜ն լավ են գիտակցում ժամանակի արժեքը նրանք, ովքեր մտավոր և ֆիզիկական աշխատանքից հետո իրենց ժամանակը հատկացնում են բարեսիրական և օգնություն ցուցաբերող միություններին անդամակցելուն, կամ զվարճություններին տրամադրելու փոխարեն մեծ ծառայություններ մատուցող փոքրիկ բարեգործությունների են նվիրում:

Որքա՜ն մարդիկ կան այսօր, որ հասարակության մեջ ավելի մեծ տեղ պիտի ունենային, եթե երբևէ իմանային ժամանակի արժեքը և օգտակար կերպով գործածեին այն: Այն մարդիկ, ում այսօր հարգում են, մեծարում, պատվում և արժանավորում, իմացել են ժամանակի արժեքը:

Ջանացեք ժամանակի արժեքն իմանալ, գնել իմաստունների պես, զուր տեղը չվատնել, մի կարծեք, որ առանց աշխատելու ժամանակը կարող է գործ և հաջողություն բերել: Որքա՜ն են սխալվում նրանք, ովքեր, բախտի թևերին ապավինելով, ժամանակն անգործ են անցկացնում, և կարծում են, որ պիտի կարողանան հաջողության հասնել, առաջ գնալ ու պատիվ գտնել: Այսպիսի կյանքը անմիտ մարդու կյանք է և եթե կես դար էլ ապրած լինի՝ դարձյալ ամուլ և ունայն կմնա: Դատարկ ժամանակը միայն ու միայն չարիք է ծնում: Ո՛վ հավատացյալներ, ժամանակը մի՛ կորցրեք, մի՛ սպանեք [այն] սին հաճույքների մեջ, այլ արդյունավետ և շքեղ դարձրեք, տքնեք կյանքի հաղթության պսակը հյուսելու համար ձեր ամեն մի օրն անթառամ և անբիծ ծաղիկ դարձնել, որը, ապագայում, երջանիկ սրտով պիտի կարողանաք կրել ձեր գլխին, և երբ ժամանակը գա և ձեր կյանքի շրջանն ավարտվի, ամեն մի շրթունք ձեզ պիտի օրհնի և գովի, և երկնավոր Հայրը ձեզ, իբրև Իր հարազատ զավակներ, Իր մոտ պիտի կանչի:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

29.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․