Գրքեր

Ժուժկալության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պալատիոնին և ասաց. «Ի՞նչ անեմ, ասա՛, հա՛յր, քանզի արդեն երեք տարի է՝ երկուական օրով պահե­ցողություն եմ անում և չեմ կարողանում ազատվել պոռնկության դևից»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, երբ Տերը Եսայի մարգարեին ուղարկում էր Իսրայելի ժողովրդի մոտ, նրան ասաց. «Գոչի՛ր ողջ զո­րությամբ և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ և պատ­մի՛ր ժողովրդին իր՝ Հակոբի տան մեղքերն ու անօրենությունները … որովհետև ինձ են փնտրում և կամենում են մերձենալ ինձ և ասել. «Մենք ծոմ պահեցինք, բայց դու չիմացար, խոնարհեցրինք մեր ան­ձերը, բայց դու չնայեցիր մեզ» (Եսայի ԺԸ 1-3): Սրանց պատասխան տվեց և ասաց. «Ձեր պահեցողության օրերին ձեր չար կամքն էիք կատարում, վշտացնում էիք նրանց, ովքեր ձեր ձեռքի տակ էին, դա­տաստանների ու կռիվների մեջ էիք պահում»: Եվ Տիրոջից այս լսե­ցին. «Ես ինձ համար այդպիսի պահեցողություն չընտրեցի,– ասում է Տերը,– եթե քո պարանոցը կորացնես երկաթի լծօղակի նման և քուր­ձերով նստես մոխիրների վրա, այդ ևս պահեցողություն չեմ համարի» (Եսայի ԺԸ 5): Ուրեմն, որդյա՛կ, երբ դու պահեցողություն ես անում, ինչպե՞ս ես ապրում կամ ի՞նչ ես անում»: Եղբայրն ասաց. «Ես առա­վոտյան արմավաճյուղեր եմ գործում և բերանացի սաղմոսում, ապա ժամը երեքին և վեցին վեր եմ կենում և աղոթում, մի փոքր ննջում, հետո դուրս եմ ելնում և մի քիչ շրջում, ապա դարձյալ ներս մտնե­լով` նստում եմ ու շարունակում ձեռագործս` մինչև որ երեք մախաղ ավարտեմ: Հետո՝ ժամը իննին և երեկոյան, աղոթում եմ, հարյուր ան­գամ ծունր եմ իջնում, մի փոքր ննջում, վեր կենալով՝ ողջ գիշեր՝ մին­չև առավոտ, աղոթում եմ: Երկրորդ օրը` ժամը իննին, մի փոքր եփած կերակուր եմ ուտում` մինչև հաջորդ լուսաբաց»: Ծերը նրան ասաց. «Դա կատարյալ պահք չէ, քանզի եթե քեզ պահես կերակուրներից, իսկ մեղքերից` ոչ, և կամ ինչ­որ մեկին չար բան ասես, դատես կամ չարախոսես, ախորժես՝ որևէ մեկին չար բան անել և կամ խորհես ախ­տաժետ, զազիր և պիղծ գործերի մասին, ապա քեզ համար ավելի լավ է՝ օրը հինգ անգամ կերակրվել և զգուշանալ սրանցից, որ թվեցի, քան թե քաղցած լինել հացից և հագենալ այդպիսի զազրելի մեղքերով ու չարիքներով, որովհետև ի՞նչ շահ, եթե կերակուրներից զրկվես, սա­կայն լի լինես ամեն տեսակ ախտերով: Ըստ հայրերի՝ ճշմարիտ պահ­քը ամեն տեսակ մեղքերի դադարեցումն է: Իսկ դու չգիտե՞ս, որով սրտով ու մտքով ցանկություններն է կատարում, թեկուզ հացաքաղց և ցամաքած էլ լինի, նա մեղքով հագեցած է և արբած: Սակայն եթե դու կամենում ես Աստծուն հաճելի պահք պահել, նախ ա՛յս պահիր. թո՛ղ երբեք քո բերանից տգեղ խոսք դուրս չգա, հրաժարվի՛ր ըկե­րոջդ դատելուց և ամեն տեսակ չարախոսությունից, ամեն տեսակ դատարկաբանություն լսելուց, որքան կարող ես` սրբի՛ր քո սիրտն ու միտքը, մաքրի՛ր քեզ բոլոր գարշելի ու աղտեղի խորհուրդներից, որոնք հոգին ու մարմինը պղծողներն են, ինչպես նաև՝ ամեն տեսակ ոխակալությունից ու ագահությունից: Եվ որ օրը պահես, հացն ու ջուրը թո՛ղ քեզ բավական լինեն, իսկ որ օրը չուտես, հաշվի՛ր այդ օրվա կամ օրերի ուտելիքի ծախսը և այն տո՛ւր տառապած եղբորն ու բաժանի՛ր աղքատներին, որպեսզի նրանք էլ աղոթեն քեզ համար: Թառամեցրո՛ւ մարմինդ տքնությամբ, ծնրադրությամբ, աշխատանքով և մահվան հիշողությամբ, իսկ երբ ննջես, նստա՛ծ ննջիր, այն էլ` մի փոքր: Մախաղի գործը թո՛ղ և զամբյո՛ւղ հյուսիր, և հիշի՛ր, որ եթե երիտասարդությունը չվարժեցվի մեծամեծ վշտերով, նեղություննե­րով, պահքերով, ճգնությամբ, տքնությամբ ու գետնախշտությամբ, չի կարողանա դևերից ազատվել: Սրա համար էլ մեր երանելի հայ­րերը երիտասարդներին սենյակներ չէին կանչում և ոչ էլ թույլ էին տալիս առանձնախցերում բնակվել, այլ կարգադրում էին եղբայրների միաբանությունում կենալ, համբերել և վարժվել: Փափուկ հագուստ­ներ չէին հագցնում, այլ՝ հին, կարկատված և խարազն, և ճգնավոր ծերի էին հանձնում և խիստ զգուշացնում, քանզի պարապությունն ու մարմնի հանգիստը, երկու անգամ ուտելն ու քունը և նմանատիպ բաները ոչ միայն պոռնկության դևերին են մեզ վրա գրոհել տալիս, այլև ձանձրույթ, ամբարտավանություն և այլ բազում չարիքներ են արմատավորում մեր մեջ, և թո՛ղ այդ ամենից մեզ Տերը փրկի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․