Գրքեր

«Կա ծնվելու ժամանակը և կա մեռնելու ժամանակը»

«Կա ծնվելու ժամանակը և կա մեռնելու ժամանակը» (Ժող. 3:2)

Սիրելի հավատացյալներ, անցյալ շաբաթ պահքի հնգօրյա շրջան էր, կիրակի օրը` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, իսկ այսօր` մեռելոց: Ուրախ տոնից հետո մեռելոցը մեզ կարծես հիշեցնում է, որ այս կյանքում ուրախություն ու տխրություն այսպես լինում են կողք-կողքի, իսկ այն, որ Եկեղեցին կարգել է ամեն անգամ պահեցողությամբ պատրաստվել եկեղեցական մեծ տոնակատարության, մեզ հիշեցնում է, որ այսպես պահեցողությամբ, մեղքերի համար զղջալով ու ապաշխարությամբ պիտի պատրաստվենք նաև հանդերձյալ կյանքին:

Պահեցողությանն ու մահվանն առնչվող մի խրատական և հետաքրքիր պատմություն կա Հին Կտակարանում: Դավիթ թագավորի նորածին որդին մահամերձ էր: Եվ Դավիթը մանկան համար աղաչեց Աստծուն, ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց: Պալատականները ելան-գնացին նրա մոտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց վեր կենալ և նրանց հետ հաց չկերավ: Յոթերորդ օրը, երբ մանուկը մեռավ, պալատականները վախենում էին Դավթին հայտնել, որովհետև ասում էին. «Քանի դեռ մանուկը կենդանի էր, այսպես խիստ էր, իսկ հիմա ի՞նչ կանի, եթե ասենք` մեռավ»:

Դավիթը տեսնելով, որ պալատականները փսփսում են և հասկանալով, որ մանուկը մահացել է, ասաց պալատականներին. «Մի՞թե մանուկը մեռավ»: Նրանք ասացին. «Մեռավ»: Եվ Դավիթը գետնից վեր կացավ, լվացվեց, օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծո տունն ու երկրպագեց Նրան: Ապա նա իր տունը մտավ և ուզեց հաց ուտել: Պալատականները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջվում, իսկ երբ մանուկը մեռավ, վեր կացար, կերար ու խմեցիր»: Եվ Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի և մանուկն ապրի»: Հիմա, որ մանուկը մեռավ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թե կարող եմ նրան ետ` կյանքի կոչել: Ես եմ նրա մոտ գնալու, իսկ նա ինձ մոտ չի վերադառնա»:

Ահա այսպիսի իմաստուն խրատ է տալիս մեզ աստվածաշնչյան այս պատմությունը: Սակայն եթե այդպես է, ուրեմն մենք ի՞նչ անենք, այլևս չլացե՞նք մեր մահացած սիրելիների համար. չէ՞ որ նույնիսկ Քրիստոս Ինքը արտասվեց Իր սիրելի Ղազարոսի համար: Կամ Աստվածաշնչում կարդալով հարության մասին՝ չվախենա՞նք մահից. չէ՞ որ անգամ Քրիստոս Ինքը որպես մարդ վախեցավ` Իր Հորը ասելով. հեռացրու այս բաժակը ինձանից: Կամ խնդրենք Աստծուն, որ երկար կյանք տա մեզ. բայց Աստված անգամ Իր սիրելի Որդուն երկարամյա երկրային կյանք չշնորհեց, մե՞զ արդյոք պիտի շնորհի ծերության երջանկությունը, մե՞զ, որ Քրիստոսի անմեղության համեմատ ծանրաբեռնված ենք մեղքերով և բարձրաձայնելու համար ամոթալի ահավոր հանցանքներով:

Այս հարցերն էին հավանաբար հուզում նաև եկեղեցական մեր Սուրբ Հայրերից Սուրբ Հովհան Ոսկեբերանին, ով այս մասին մտորելով` մեզ ասում է. «Կյանքը Աստված է տալիս: Ու երբ Աստված Իր տվածն է առնում, ոչ ոք չի կարող Նրան մեղադրել, որովհետև Իրենն է և իշխանություն ունի: Երբ մեզ պարտքով փող են տալիս, շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակահատվածի համար, որ տալիս են, և չենք մեղադրում այն բանի համար, որ վերցնում են մեզանից իրենց սեփականությունը: Մի՞թե պիտի մեղադրենք Աստծուն, որ վերցնում է Իր սեփականությունը»,- ասում է Հովհան Ոսկեբերանը:

Այսպես նաև Հոբը չմեղադրեց Աստծուն իր զավակների անժամանակ մահվան համար: Իսկ բոլոր մարդկանց աչքին իրենց սիրելիների մահը միշտ էլ անժամանակ է երևում, ու վշտացած սիրտը չի սփոփվում միայն մեկ պատասխանով: Եվ ահա մեզ մխիթարելու է գալիս նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին իր իմաստուն խոսքերով. «Ոմանց Աստված թույլ է տալիս  վաղաժամ մեռնել` ազատելով նրանց հետագա կյանքի ահավոր ընթացքից կամ դժոխքի դատապարտող դեպքերից»:

Հետևաբար, ոմանցից Աստված նրանց իսկ օգտի համար վերցնում է այս կյանքը` տալով հանդերձյալ կյանքը, վերցնում է ժամանակավորը` տալով հավիտենականը: Սակայն ահա անօրեններ կան, որ գռփում են և հափշտակում, հանիրավի ծեծում են և սպանում ու դեռ ապրում են, և ահա կյանքեր, որոնք հանգչում են կիսավառ մոմերի պես: Շատ ամբարիշտների Աստված դեռ թույլ է տալիս երկրի վրա մնալ հիմնավոր պատճառներով: Նախ չարերից երբեմն բարի մարդիկ են ծնվում, և բարի զավակների համար Աստված պահպանում է չար ծնողներին: Ինչպես որ Աստծո հրեշտակն ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի շառավիղներից Հուսիկ Կաթողիկոսին նրա չար և ամբարտավան որդիների մասին. «Հուսի՛կ, որդի Գրիգորի, մի՛ երկնչիր, ահա քո զավակներից այլ զավակներ պիտի ծնվեն, որոնք Հայաստան աշխարհի համար հոգևոր իմաստության աղբյուրներ կլինեն, որոնք Եկեղեցու սյուներ կլինեն, հավատի հիմքեր, Քրիստոսի պաշտոնյաներ»: Եվ գիտենք, որ Հուսիկի ամբարիշտ որդի Աթանագինեսից ծնվեց Սուրբ Ներսես Կաթողիկոսը, ով նոր լուսավորություն բերեց Հայաստան աշխարհին:

Դարձյալ չարերին Աստված երբեմն չի սատակեցնում, որովհետև նրանց ձեռքով հոգևոր բարիք է լինում, ինչպես քրիստոնեության վաղ շրջանում չար բռնավորները նեղում էին քրիստոնյաներին, իսկ նրանք համբերելով` բազմացնում էին իրենց վարձն ու պսակը: Եվ մեկ այլ պատճառն այն է, որ Աստված չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձի գալը և ապրելը, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, որպեսզի բազում հանցանքներից հետո ապաշխարի և չզրկվի Երկնքի Արքայությունից, ինչպես մեր Սուրբ Տրդատ թագավորը, ով սրբերի չարչարեց ու նահատակել տվեց, բայց վերջում դարձավ հեզ և խոնարհ գառ:

Հավիտենական օգտի համար հավատացյալներից ոմանց վաղամեռ լինելու Աստծո թույլտվության մասին իմանալով` պետք է գիտենանք նաև, որ այս մասնահատուկ դեպքից զատ Աստված երկարակեցության խոստում է տալիս Իրեն պաշտողներին: «Որդյա՛կ, մի՛ մոռացիր Իմ խրատները և Իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները» (Առակաց 3:1-2),- ասում է Աստված:  «Ընդունիր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները պիտի շատանան և պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները» (Առակաց 4:10),- դարձյալ ասում է Տերը: «Տիրոջ երկյուղն ավելացնում է կյանքի օրերը»,- ասվում է Առակաց գրքում (10:27), «Պատվիր քո հորն ու քո մորը, որպեսզի երկար ապրես երկրի վրա»,- ասում է Աստված Տասնաբանյա պատվիրաններում (Ելք 20:12):

Պողոս առաքյալը, այս պատվիրանի մասին խոսելով, ասում է, որ սա Աստծո կողմից մարդկությանը տրված առաջին խոստումով պատվիրանն է (Եփես. 6:2), այսինքն` այն պահելու դեպքում անպայման ստանալու ենք խոստացվածը: Այժմ տեսնենք, թե ո՞ւր են այսօր՝ մեռելոցի օրը, այն հավատացյալները, ովքեր ուրախությունների, հարսանիքների, մկրտությունների ժամանակ հաճախ ոչ թե հանուն Աստծո, այլ հանուն ուրախության ու տոնախմբության լցնում են եկեղեցիները բազմահարյուր ներկայությամբ: Եթե հատկապես Սուրբ Զատկի կամ Խաչվերացի մեռելոցներին գերեզմանատներ գնաք, կտեսնեք մեքենաների ու մարդկանց բազմություն և կլսեք, թե ինչպես մեռյալներին ամփոփող լուռ գերեզմանները լի են ողջերի ձայներով:

«Կա ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը»,- ասում է աստվածաշնչյան իմաստունը: Եկեղեցին հոգևոր ծննդյան ու կյանքի վայր է, իսկ գերեզմանատունը` մեռելավայր: Եվ ծննդյան ու մահվան նույն հերթականությամբ պետք է լինի նաև հաճախելը նախ եկեղեցի, ուր կյանքն է և աղոթք ննջեցյալների կենդանի հոգիների համար, և ապա` գերեզմաններ, որոնք Քրիստոսի նկարագրմամբ «դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականությամբ» (Մատթ. 23:27):

Ղազարոսի մահվան առիթով Քրիստոս արտասվեց: Սակայն Նա լալիս էր ոչ միայն Ղազարոսի համար, այլև, ինչպես ասում է Սուրբ Եփրեմ Ասորին,  Տերը նախ և առաջ արտասվում էր այն բոլոր մարդկանց համար, ովքեր մարմնով ապրում են, բայց հոգեպես մեռած են և հավիտենապես հոգևոր մահվան մեջ, այսինքն` Աստծուց հեռու: Մենք էլ այսօր Քրիստոսի նմանողությամբ աղոթենք և ներքին կամ արտաքին արտասուքներով լաց լինենք ոչ միայն մեր ննջեցյալների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այսօր, ցավոք սրտի, իրենց սխալ ընթացքով մեզ հասկացնում են, թե ինչ նկատի ուներ Քրիստոս, երբ ասում էր` թող մեռելները թաղեն իրենց մեռելներին (Մատթ. 8:22, Ղուկ. 9:60): Եվ ինչպես որ Դավիթ թագավորը իր մանկան մահից հետո մտավ Աստծո Տուն ու երկրպագեց Նրան, մենք էլ նրա բարի օրինակին հետևելով և արդեն նոր իմաստությամբ խորհելով, որ կա՛ ժամանակը ծնվելու և ժամանակ՝ մեռնելու, ժամանակավոր վիշտը արգելք չդարձնենք աստվածպաշտության՝ միշտ փառավորելով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Տ. Ադամ քհն. Մակարյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ս. Աստվածածնի տոնի մեռելոցին մատուցված Ս. Պատարագին, 15 օգոստոսի 2005թ.)

 

13.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․