Գրքեր

Կարմիր կիրակի

Սիրելի՛ հավատարիմ հետևորդներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու,

Տիրոջ հրաշափառ հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում ենք ահա գտնվում, երբ Ամենակալ Աստծո օգնությամբ անցել ենք Մեծ պահքի ինքնամաքրման շրջանը, անկեղծ ինքնաքննության միջոցով ճանաչել ինքներս մեզ, ապաշխարության ամոքիչ զորությամբ փորձել հաղթահարել մեր մեղավոր «ես»-ը, և այժմ լիարժեքորեն վայելում ենք Սուրբ Հարության տոնի պարգևած աստվածաբույր հոգևոր ուրախությունը, որ հատուկ է Եկեղեցու հայրերի կողմից սահմանած այս շրջանին: Սակայն, ինչպես գիտենք, սիրելինե՛ր, մարդկության թշնամին երբեք քնած չէ, և իր զանազան նենգ հնարքներն ու գործիքները յուրաքանչյուր առիթով օգտագործում է՝ մեզ մեղքի ծուղակը գցելու և փրկության ճանապարհից հեռացնելու համար: Ուստի, երբևէ չպետք է կորցնենք մեր հոգևոր արթնությունը և թուլացնենք զգոնությունը, այլ եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ Աստծո սպառազինությունը հագնենք, որպեսզի կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարանքներին (Եփես. 6:11) և մինչև վերջ հավատարիմ մնալ Տեր Հիսուս Քրիստոսին:

Ինչպես գիտեք, սիրելի՛ հավատացյալներ, այս կիրակին Կարմիր կամ Նահատակաց կիրակի է կոչվում, և խորհրդանշում է Գողգոթայի բարձունքին հեղված Քրիստոսի սրբասուրբ արյունը, որ ոռոգեց ճշմարտություն տենչացող ծարավակեզ սրտերը և նրանց կենդանացնելով՝ հաստատվեց Աստծո Եկեղեցին: Սա նաև գույնն է այն արյան, որ Կենդանի Աստծո հավատարիմ հետևորդները հեղեցին հանուն իրենց սուրբ հավատի՝ ավելի ամրացնելով աստվածահիմն եկեղեցու հիմքերը: Աստվածային արյունը հեղվեց ի նշան այն անհատնում սիրո, որ Երկնավոր Հայրն է տածում Իր արարածների նկատմամբ: Սուրբ նահատակներն իրենց արյունը հեղեցին ի նշան այն անսահման երախտագիտության, որ ունեին առ Աստված՝ դրանով կարծես համամասնակից լինելով Քրիստոսի չարչարանքներին: Նրանք զոհեցին իրենց կյանքը այն հաստատուն համոզումով, որ եթե մեռնում են հարուցյալ Քրիստոսին իրենց հոգում ունենալով, ապա Նրանով էլ կյանք են ունենալու այն արքայությունում, որը Տերը խոստացավ Իր համար հալածվողներին (Մտթ. 5:10-12): Երկնային Արքայությունը սոսկ հեռավոր մի երազանք չէր նրանց համար, այլ հստակ մի իրականություն, որ արդեն հաստատվել էր նրանց հոգիներում, եթե նրանք պատրաստ էին առանց վայրկյան իսկ երկմտելու՝ հրաժարվել իրենց կյանքից հանուն դրա: Նրանք ապրում ու շնչում էին Քրիստոսով, և նույնիսկ ուրախ էին, որ ժամ առաջ պիտի թողնեն մահկանացու մարմիններն ու անմահ հոգիներով միանան իրենց բաղձալի Տիրոջը՝ արժանանալով մարտիրոսության անթառամ պսակներին: Նրանց ցուցաբերած արիությունը, հաստատուն հավատն ու խոնարհությունը ոչ միայն զարմացնում ու հիացնում էր անհավատներին, այլև շատ-շատերի դարձի պատճառը դառնում: Քանի որ նրանց մահը կենդանի վկայություն էր ճշմարիտ հավատքի, անմարդկային տանջանքներին գոհությամբ համբերելը՝ իսկական քարոզ՝ բոլոր խոսքերից էլ առավել պերճախոս: Եվ պատահական չէ, որ սուրբ նահատակները կոչվում են նաև մարտիրոսներ, քանի որ «մարտիրոս» բառը հունարենից թարգմանաբար «վկա» է նշանակում:

Սիրելի՛ հավատացյալներ, սուրբ նահատակները դաժանագույն չարչարանքներին արիաբար տոկալով և մինչև վերջին շունչը Քրիստոսին հավատարիմ մնալով՝ վկայեցին միակ ճշմարիտ Աստծո մասին, և օրինակ եղան հետագա մարտիրոսների և Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Ճիշտ է, մարտիրոսության ժամանակաշրջանն անցել է, և մենք այժմ այլ ժամանակներում ենք ապրում, երբ այլևս չենք հալածվում մեր հավատքի համար և կարիք չկա կյանքի գնով ապացուցել, որ հավատարիմ ենք մեր Տեր Աստծուն: Սակայն, եկեք մի պահ պատկերացնենք, որ ապրում ենք այն հեռավոր ժամանակներում և արյունարբու Դիոկղետիանոսի կամ Մաքսիմիանոսի սուրը մեր գլուխներին էլ է կախված: Հիշենք Սեբաստիայի քառասուն մանկանց, սուրբ Անանիայի, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Ստեփանոս Նախավկայի և այլ սրբերի վարքերը: Ուղղակի սարսուռ է անցնում մարմնովդ, երբ կարդում ես այն վայրագությունների մասին, որոնց ենթարկվել են երանելիները և մինչև վերջ համբերելով՝ չեն ուրացել Քրիստոսին: Ես անպայման ուզում եմ հիշել նաև մի երանելի սրբուհու վարքի մասին, որին վարքագիրը «գեղեցիկ ծաղիկ» և «Քրիստոսի հաղթող վկա» է անվանում: Խոսքս սուրբ Հուղիտայի և նրա մանուկ որդու՝ Կիրակոս վկայի մասին է: Այս երանելի կնոջ խիզախությունն ու նվիրվածությունն ուղղակի ապշեցնում ու հիացնում է նրա վարքը կարդացողներին: Եվ ես ուզում եմ հիշեցնել ձեզ նրա անվախ պատասխանն իր դահիճներին, որ արեց ահասարսուռ խոշտանգումների ենթարկվելուց և սեփական մանկան սարսափելի մահը տեսնելուց հետո: Երանելի սուրբն ասաց. «Ես դևերին զոհ չեմ մատուցում, քանի որ պաշտում եմ Քրիստոսին` Աստծու միածին Որդուն, որ ստեղծեց ամեն ինչ, և` Տեր Աստված ամենակալ Հորը` և գնում եմ իմ տղայի` աստվածակերտ մանկան հետ, որ նրա հետ արժանի լինեմ արքայության»: Եվ, վստահաբար, Ամենակալ Աստված գնահատեց Իր հավատարիմ աղախնու նման զոհաբերությունն ու Իր հոգատար գիրկն առավ նրան ու նրա խիզախ մանկանը: Արդար Դատավորը, վստահաբար, արժանացրեց նրանց անթառամ պսակների, ինչպես որ Հայտնության գրքում է խոստանում. «Եղի՛ր հավատարիմ մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը պիտի տամ (2:10): Եվ ես այժմ մտածում եմ, թե մենք ինչպե՞ս կվարվեինք, եթե այս երանելիների տեղում հայտնվեինք… Արդյոք այդքան ամուր հավատ կգտնվե՞ր մեր մեջ, չգիտեմ: Կկարողանայի՞նք այդպես անմնացորդ նվիրվել Քրիստոսին, նույնպես հարց է:

Փա՜ռք Ամենակալին, նահատակության ժամանակներն անցել են, և այժմ մենք կարիք չունենք կյանքի գնով վկայելու Միակ ու Ճշմարիտ Աստծո մասին և ապացուցելու, որ իսկապես Նրա հավատարիմ հետևորդներն ենք: Մենք մեր հավատը դավանում ենք առանց տանջանքների ու մահվան երկյուղի, առանց թաքնվելու: Շատ հաճախ նույնիսկ խոսքով քարոզելու կարիքը չունենք, այլ միայն բարի վարք ու առաքինության գործեր են մեզնից պահանջվում: Երբեմն միայն եկեղեցուց դուրս խաչակնքվելուց չամաչելը բավարար ապացույց ու վկայություն է դառնում մեր հավատի, երբ չենք վախենում չհասկացված կամ ծաղրված լինելուց: Համաձայնեք, որ Աստծո գործած զոհաբերության դիմաց սա այն չնչինն է, որ կարող ենք անել:

Երբ այսօր տուն գնաք, սիրելի՛ հավատացյալներ, մեկ անգամ ևս կարդացեք սուրբ նահատակներից որևէ մեկի վարքը և մտածեք, թե դուք ինչպես կվարվեիք, եթե նրա փոխարեն լինեիք: Մտածեք նաև այն մասին, թե ինչու եք Եկեղեցում և ինչ հարաբերություններ ունեք Աստծո հետ: Արդյո՞ք եկեղեցի եք գալիս, որպեսզի ձեզ նվիրեք Աստծուն, թե՞ միայն Նրանից ինչ-որ բան ակնկալողի դերում եք: Հարցրեք ինքներդ ձեզ՝ սիրո՞ւմ եմ արդյոք ողջ սրտով իմ Տեր Աստծուն ու Նրա նմանությամբ արարված իմ մերձավորին: Ի՞նչի եմ պատրաստ հանուն նրանց: Եվ եթե պարզվի, որ անկեղծ ինքնազննման արդյունքներն այնքան էլ սփոփիչ չեն, ապա մի՛ վհատվեք: Այլ դա թող հրաշալի առիթ լինի ձեզ համար սթափվելու և կյանքի կոչելու ձեր հավատն ու այն վեհ կոչումը, որ կրում եք: Ուստի, աղոթենք Ամենատես Աստծուն, որ զորացնի մեզ, մեր հավատը և ուժ տա գործելու: Մեր սրտերում ավելացնի Իր հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը, վառ պահի մահվան երկյուղն ու Երկնային Արքայության բաղձալի պատկերը: Փորձության պահին Ամենազոր Աստծո աջակցությանն ապավինենք՝ հետևելով Դավիթ մարգարեի սաղմոսին, որում ասվում է. «Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ» (Սղմ. 90:1): Խնդրենք նաև երանելի նահատակների բարեխոսությունը, որ երբեք չտկարանանք մեր ընտրած ճանապարհի վրա և չընկրկենք դժվարություններից, այլ հաստատվենք կենդանի հավատի մեջ և հաստատուն քայլերով հետևենք սուրբ նահատակների հարթած ուղուն, որպեսզի երբ հասնի այս կյանքին հրաժեշտ տալու ժամանակը, մենք էլ կարողանանք երանելիների պես ասել. «Տեր Հիսուս Քրիստոս, մեր հոգիներն ընդունիր խաղաղությամբ և կարգիր Քո անփոփոխելի անանց արքայության մեջ, ընդունիր մեզ Քո հավատի մի փոքր խոստովանությամբ` արդարության ու մեր մեղքերի թողության համար»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

22.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․