Գրքեր

Կարմիր կիրակիի քարոզ

«Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, Ո՞ւր է գերեզման քո խայթոցը» (Ա կորնթացիներ 15:54):

Գերաշնո՛րհ Սրբազան հայր, արժանապատի՛վ քահանա հայրեր և սիրելի՛ հավատացյալներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությանը հաջորդող չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերը անվանել են Կարմիր Կիրակի:

Կարմիրը նախ և առաջ խորհրդանշում է մեր Տիրոջ փրկարար արյունը, որը հեղվեց մեր փրկության համար: Քրիստոսի արյամբ շարունակաբար ոռոգվում է եկեղեցին: Նրա թափած արյամբ է, որ մաքրվում ենք մեր մեղքերից: Նա մեկ անգամ Իր արյունը հեղեց խաչի վրա, սակայն առ այսօր փրկագործ տնօրինությամբ մարդկությանը պարգևում է մեղքերի քավություն և հավիտենական կյանքի հույս: Քրիստոս ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում է Իմ արյունը, հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 6:54,55): Նրա պատարագվելը մեր կյանքի և մեր գոյության զորությունն է: Նրա խաչի ճանապարհն անգամ հարության հույս է տալիս մեզ: Քրիստոս Իր խաչով մեր՝ քրիստոնյաներիս սրտերին բերում է դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու կորով, քանի որ մենք սպասում ենք լսելու Նրա հարության ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Կիրակիի «կարմիր» անվանումը խորհրդանշում է նաև այն բոլոր մարտիրոսների ու նահատակների հեղած արյունը, որոնք ուրանալով իրենց անձը, մինչև վերջին շունչը հավատարիմ մնացին Սուրբ Երրորդությանը՝ կյանքի կոչելով Քրիստոսի պատգամը. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը վերցնի և գա Իմ հետևից» (Ղուկաս 9:23, 24): Քրիստոս՝ Աստծո Որդին, աշխարհ եկավ մարդկությանը ճշմարիտ ճանապարհի վրա դնելու համար: Աստծո Որդին Իր Աստվածային զորությամբ օրհնեց նրանց, ովքեր հավատացին Իրեն: Հարության իրողությունը խորհուրդ է դարձել Քրիստոսին յուրաքանչյուր հետևողի համար: Հարության խորհուրդը զորություն է պարգևում ամեն մի քրիստոնյայի՝ իր կյանքը ապրելու հավիտենական կյանքի հույսով: Քրիստոս չմնաց մեղքի կամ մահվան գերեզմանի մեջ և Իր աստվածային զորությունը և Աստծո Որդի լինելու հանգամանքը մեզ համար բացահայտեց Իր հարությամբ: Քրիստոնյան Հիսուս Քրիստոսին ընդունում է իբրև Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք, և Նրանով է, որ կյանք է ունենում և առավել ևս՝ հավիտենական կյանք: Մեր հավատքի առանցքը հարությունն է, և մենք գտնվում ենք հարության շնորհի ներքո: Հառնելը մեր կյանքի առանձնահատուկ մի շնորհն է՝ Աստծուց պարգևված: Ու այդ շնորհով զարդարված է, որ մենք հարության հավատքն ու հույսը մեր սրտերի մեջ հառնում ենք մեր մեղքերից: «Մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը, քանզի մի մարդով մահ եղավ և մի մարդով՝ մեռելների հարություն» (Ա Կորնթացիներ 15: 20, 21): Քրիստոսի հարությունը ցնծություն է պարգևում մեզ բոլորիս, և այլևս մարդու համար սարսափ չեն հարուցում մահվան պատկերացումները, անհայտությունը, գերեզմանաթումբը, քանի որ Հարուցյալ Հիսուս ոչնչացրեց մահվան բոլոր կապանքները՝ Իր հրաշափառ հարությամբ: Ինչպես Մեծ Պահքի ընթացքում մարդիկ ապաշխարության շրջանի մեջ են, այնպես էլ Հինունքի ժամանակ մարդիկ, հիշելով Տիրոջ հարության մասին, ցնծում և ուրախանում են, քանի որ Աստվածորդին հարություն է առել՝ հարություն խոստանալով ողջ մարդկությանը: Հարությունը փոխում է տիեզերքի ողջ ընթացքը: Ամեն ինչ նոր երանգ է ստանում Քրիստոսի հարությամբ: Ամեն ինչ նոր երանգավորում է ձեռք բերում հարության լույսի ներքո: Քրիստոսով է որ ունենք հարության հույս, և փորձում ենք չկրկնել մեր մեղքերն ու սխալները, մենք փորձում ենք դառնալ հարության գաղափարի կրողները, հարության լույսն ու ավետիսը փոխանցել մյուսներին: Հարությունը մարդկության ընթացքի մի նոր շրջադարձ է: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի» (Հովհաննես 3:16, 17): Այս խոսքերը վկայում են այն մասին, որ Քրիստոսի խաչելությամբ և հարությամբ դրսևորվում է Հայր Աստծո մեծագույն սերը իր արարածների նկատմամբ: Քրիստոս հարություն է առել, հարություն է խոստացել մեզ՝ Իրեն հավատացողներիս: Ուրեմն չկա այլևս մահվան սարսափը: Հարության կիրակիները մեզ սովորեցնում են Հարության խորհուրդը ըմբռնել, իմաստավորել կյանքը Քրիստոսի հարությամբ, հեռու վանել հուսալքության շղարշը մեր կյանքից, անկումներից ու վայրէջքներից հետո հառնել և վեր կանգնել, հիշել, որ Աստված մեզ հետ է, երբեք չի թողնում մեզ: Սիրելինե՛ր, թող Տերը զորացնի մեզ բոլորիս, Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի մեր ազգին, որպեսզի արժանանանք Քրիստոսի հարության հավատարիմ հետևորդները լինելու, դառնալու Նրա հարության ավետիսը անվախ փոխանցողները, որպեսզի մեր սրտի աչքերը կարողանան տեսնել հարուցյալ Փրկչին: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

07.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․