Գրքեր

Կաթողիկե Սուրբ Էջմիածին

«….իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց. և նրանք գալու են իմ հետևից. և ես նրանց կտամ հավիտենական կյանք. և նրանք չեն կորչի հավիտյան» (Հովհ. 10:27, 28):

Հավատարի՛մ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Սիրտս լի է որդիական ջերմ սիրով և ուրախությամբ, քանի որ այսօր յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար ամենանվիրական ու սուրբ տոնն է՝ Մայր եկեղեցու ծննդյան, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ամենքիս: Աղոթում եմ առ Երկնային Քահանայապետ Քրիստոս՝ աղերսելով, որպեսզի Իր աստվածային զորությամբ անսասան պահի հայոց քահանայապետության աթոռն ու սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ առավել ծաղկեցնելով՝ հասցնի մինչև ժամանակների լրումը: Շնորհավորում եմ մեր սիրելի հոգևոր հայրերին ու եղբայրակիցներին և, բնականաբար, ձե՛զ, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ միայն հոգևորականի և հավատացյալի միասնությամբ է, որ ամբողջական ու հաստատուն է Եկեղեցին:

Այսօրվա տոնը շարունակությունն ու լրումն է սուրբ Հռիփսիմյանց և սուրբ Գայանյանց կույսերի տոնի, որոնց մարտիրոսական արյամբ սնված հողից է, որ աճեց ու հզոր արմատներ նետեց Երկնային Փեսայի եկեղեցին: Շարունակությունն ու լրումն է երեկվա տոնի, քանի որ սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապից հաղթությամբ դուրս գալն ամբողջանում և իսկապես հաղթանակի է վերածվում Մայր տաճարի ծնունդով միայն: Ուստի համարձակությամբ կարող ենք ասել, որ Էջմիածինը ծնունդն է Լուսավորչի տառապանքի, պտուղը՝ տասնչորս տարվա երկունքի ցավերի: Եվ փա՜ռք ու գոհություն Երկնավոր Հորն ու Զորությունների Տիրոջը մեր Մայր եկեղեցու, մեր Մայր Տաճարի օրհնյալ ծնունդի համար: Այսօր միասնաբար օրհնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծնած մոր արգանդը, և երախտագիտությամբ հիշում քրիստոնյա Գրիգոր դաստիարակած դայակին: Այսօր օրհնությամբ հիշատակում ենք սուրբ Տրդատ Գ արքային, որի հրամանով Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկիրն աշխարհում, և որն իր թիկունքին դրած և Արարատի սրբազան լանջերից իջեցրած ապառաժ քարերով դրեց հայոց սրբության սրբոց Էջմիածնի ամենաօրհնյալ հիմքերը: Այսօր օրհնությամբ ու երախտագիտությամբ հիշում ենք մեր հայրապետներին, հոգևորականներին և այն բոլոր հավատավոր զավակներին, որոնց թվում այսօր նաև դուք եք, սիրելինե՛ր, որոնք իրենց հավատի, իրենց նվիրումի և իրենց կարողության քարերն են ավելացրել ու ավելացնում՝ ի շինություն և ի բարօրություն մեր սուրբ Էջմիածնի:

Հոգու աչքերով դարձե՛ք դեպի Էջմիածին և ծո՛ւնկ խոնարհեք այն սուրբ վեհության առջև, որ մեր Մայր Տաճարն ունի: Ողողվե՛ք այն օրհնաբաշխ լույսով, որ Միածնի էջքից ցայսօր բխում է Մայր Տաճարից: Վայելե՛ք այն աստվածային խաղաղությունը, որ սիրող մայրն է պարգևում իր զավակներին: Էջմիածինը սրբություն է յուրաքանչյուր հայի համար և համարձակորեն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հայ իր հայ լինելը, հայի ինքնությունը կարող է չափել սրբության և ակնածանքի այն զգացումով, որ ունի Էջմիածնի հանդեպ: Էջմիածինն աստվածային ճշմարտության, Ավետարանի ճշմարտության վկայությունն է, Լուսավորչի հավատի իսկության վկայությունը: Այն սրբազան վայրը, Հայոց աշխարհի այն անգին գոհարը, որն օրհնվել է Քրիստոսի էջքով և սրբվել Երկնքից կաթող լույսով, ինքն է դարձել աստվածակիր լույս, որ մերկացնում է կեղծիքն ու անեացնում խաբկանքը, իսկ ճշմարտությունը որոնողների համար փարոս է, որ ստանձնել է նրանց՝ Քրիստոսի խաղաղ հանգրվանին հասցնելու առաքելությունը:

«Հայի դառը ճակատագիր», «հայի բախտ» արտահայտությունները ծնվել են հայ ժողովրդին բաժին հասած փորձությունների դժվարին ճանապարհից, սակայն ինչպես ամեն պատմության, այնպես էլ մերի մեջ կան նաև բազում լուսավոր էջեր: Եվ այդ էջերին հստակորեն երևում է Քրիստոսահիմն Հայ եկեղեցու կարևորագույն դերն ու նշանակությունը ազգապահպանության և մշակույթի մեջ, որն անհերքելի է և անջնջելի: «Էջմիածին քո վանքը, լիքն Աստծո բանքը: Աղաչեմ Լուսավորչին՝ պահե իմ տղի կյանքը»,- երգել է հայ շինականն ու ապրել՝ հայացքն Աստծու տաճարին ուղղված: Անմոռանալի են Հայ եկեղեցու ծոցից ծնված և նրա կամարների տակ սրբված նվիրյալ այրերի անունները, որ ոսկե տառերով են գրվել հայոց պատմության մեջ: Սակայն դառնալով եկեղեցու գերագույն նպատակին՝ քրիստոնեական սուրբ հավատքի տարածմանն ու պահպանմանը, ուզում եմ ձեզ համար ընթերցել այսօրվա սուրբգրային ընթերցվածքներից մեկը, որ Առակների գրքից է. «Իմաստությունը շինեց իր տունը և կանգնեցրեց յոթ սյուներ, մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաև իր սեղանը: Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրավիրեն իր հացկերույթին, և ասաց. «Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»: Իսկ պակասամիտներին ասաց. «Եկեք կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: Թողե՛ք հիմարությունը և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեցեք և դուք կփրկվեք, իմացությա՛մբ ուղղեցեք ձեր խոհեմությունը և ճի՛շտ իմաստով հասկացեք խրատը» (9:1-6): Սքանչելի ու մեծախորհուրդ տողեր, որոնք մեկնելիս՝ սուրբ հայրերն ասում են, որ խոսքը և՛ Քրիստոսի և՛ Նրա մարմնի՝ Եկեղեցու մասին է, որից ներս աստվածային՝ բարձրագույն իմաստությունն է և առաջնորդությունը, ուստի, նրանից դուրս անզգամություն է, անմտություն ու հոգևոր կուրություն և նրանից դուրս եղողներն էլ այդ ամենի իշխանության տակ են: Հետևաբար, եթե որևէ մեկը կամենում է ճշմարտապես խելամիտ լինել, ապա պիտի դառնա դեպ Եկեղեցին և նրա շեմից անդին պիտի թողնի իր՝ աշխարհից ծնունդ առած միտքն ու իմաստակությունը: Եթե ուզում է ճշմարտություն գործել, ապա պիտի հրաժարվի ինքնագործունեությունից: Եվ եթե կամենում է ճշմարտապես իրեն տիրապետել, ապա պիտի ամբողջովին հրաժարվի իրենից: Եվ մեկնությունն ավարտելով՝ հայրերից մեկն ասում է. «Ա՛խ, ե՞րբ պիտի աշխարհն այս իմաստությունն ըմբռնի: Սակայն այն ծածկված է նրանից:

Աստծու իմաստությունը չհասկանալով՝ [աշխարհն] աղաղակում է դրա դեմ և շարունակում անմիտ խելամիտներին կուրացնել»:

Այո՛, սիրելի՛ հավատացյալներ, այսօր, երբ տոնում ենք մեր Մայր եկեղեցու ծնունդը, դրանով իսկ տոնում ենք Աստծու ճշմարտության, հոգածության և ողորմության հաստատումը մեր մայր հողի վրա: Քրիստոս չհամբարձվեց երկինք՝ անխնամ թողնելով Իր այգին և առանց առաջնորդության՝ Իր հոտը, և առաքելահաստատ յուրաքանչյուր եկեղեցի դրա վկան ու ապացույցն է: Եկեղեցու վրա է, որ իջել է Աստծու Հոգին՝ իմաստության և հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին.[և] Աստծու երկյուղի հոգին, որ լցրել է այն (Եսայի 11:2, 3): Եկեղեցին Քրիստոսի սրբալույս պատվիրանի կրողն է ու առաքյալների սրբահյուս ճանապարհի շարունակողը: Տասնյոթ դարից ավելի է արդեն, որ Հայ եկեղեցին, Բարձրյալի ամենախնամ Աջի ներքո, ամենայն սրբությամբ պահպանում և շարունակում է առաքյալների հաստատած և հայրերից փոխանցված ավանդությունը: Հայոց երկնակամարում վառ է պահում աստվածային շողակաթ լույսը, որ պատասխանն է հայոց մեծ հայրապետի սրտաբուխ աղոթքների: Կամենո՞ւմ եք այդ լույսը կրողները լինել, Մայր եկեղեցու ջերմ գիրկը միշտ բաց է ձեր առջև: Կամենո՞ւմ եք խուսափել մոլորությունից և ճշմարտությունը նախընտրո՞ւմ եք կեղծիքից, եկեղեցին համբերությամբ սպասում է ձեզ: Կամենո՞ւմ եք լինել մեկն այն ճշմարիտ հավատացյալներից, որոնք լսում են իրենց Հովվի ձայնը, Որը ճանաչում է նրանց ու հավիտենական կյանք տալիս (Հովհ. 10:27-30), ուրեմն եկե՛ք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Հրաժարվե՛ք ձեր հպարտությունից սնվող ու ձեր հպարտությունը սնող կեղծ ուսմունքներից և դարձե՛ք միակ ու ճշմարիտ Ակունքին: Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների Հայաստան աշխարհ բերած՝ Քրիստոսի երկնաբերձ շավիղը շարունակվեց սուրբ Գրիգոր Լուսավորչով, և իր փրկչական հաստատուն ընթացքն ապահովում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միջոցով, որին անդամագրվելով է միայն, որ կարող եք վստահ լինել, որ ձեր փրկության տապանի ղեկին ինքը՝ Քրիստոս է:

Երկնային Ճարտարապետի գծագրով կառուցվեց Սուրբ Էջմիածինն ու դարձավ մայրը հայկական մյուս բոլոր եկեղեցիների: Եվ եթե մայրը սրբություն ու մեծագույն արժեք է հայի համար, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարօրությունն ու պահպանությունն էլ պիտի լինի յուրաքանչյուր հայորդու պատիվն ու սրբազան պարտականությունը: Արդ, աղոթենք այսօր, սիրելինե՛ր, մեր Մայր եկեղեցու շինության և անսասանության համար: Թող սուրբ խաչը, որ պսակում է յուրաքանչյուր եկեղեցու գմբեթ, անխա՛խտ պահի Հայ եկեղեցու հիմքերն ու մշտական հիշեցում լինի բոլորին, թե որտե՛ղ իջավ Խաչյալ ու Հարուցյալ Միածինը: Սուրբ կույսերի արյամբ, սուրբ Լուսավորչի արտասուքով և Քրիստոսի էջքի լույսով սրբագործված հայոց հողը թող որ անմատչե՛լի լինի երևելի ու աներևույթ թշնամու համար: Թո՛ղ որ հայի արարչագործ միտքը հավետ ուղղված լինի դեպի Երկինք, որդիական սիրով ու հավատարմությամբ լի սիրտը բաբախի Երկրորդ Բեթղեհեմ Սուրբ Էջմիածնում, իսկ աստվածակերպ հոգին մշտավառ պահի մեր հավատի հոր հիշատակն ու հարատև աղոթքի սրբագործ ուժով զգեստավորվելով՝ աղերսի.

Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր Սուրբ Գրիգոր,

որ Հայաստան աշխարհում եկեղեցու հիմքերը

հաստատեցիր առաքելական ավանդության վրա,

այսօր մեր անձերը հաստատիր ճշմարտության հավատով

Սուրբ եկեղեցու հիմքերի վրա. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

14.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․