Գրքեր

Կեղծավորություն. անկենդան ճշմարտություն

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, վայ տալով փարիսեցիներին, ասաց. «Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ» (Մատթեոս 23:28):

Հիսուս Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլխում յոթ անգամ կրկնում է. «Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ Օրենքի ուսուցիչներ և փարիսեցիներ»: Քրիստոս կեղծավորներին անվանում է «հիմարներ», «կույրեր» (Մատթեոս 23:19, 24, 26), «օձեր», «իժերի ծնունդներ» (Մատթեոս 23:33), «հափշտակիչներ» (Մատթեոս 23:25)՝ բացահայտելով փարիսեցիների չափ ու սահման չունեցող կեղծավորությունը: Նույն Ավետարանում մեր Տերը կեղծավորներին նմանեցնում է գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ (Մատթեոս 23:27): Ս. Հովհան Ոսկեբերանն այս հատվածի վերաբերյալ մեկնել է. «Երբ մենք արժանի ենք Աստծո տաճարը լինելու, հանկարծ վերածվում ենք գերեզմանների, մեր մեջ խառնելով այնպիսի գարշահոտություն, ինչն արդեն ծայրաստիճան պատուհաս է: Իրականում մեծ աղետ է լինել գերեզման, ում մեջ ապրել է Քրիստոս և գործել Սուրբ Հոգին: Մտածիր, ինչո՞ւ ես ծնվել, ինչի՞ն ես արժանացել, ի՞նչ «հագուստ» ես ստացել, ինչպե՞ս ես դարձել Սուրբ Հոգու տաճար՝ զարդարված ոսկով և մարգարիտներով: Ասա ինձ, եթե որևէ մեկն իր հետ կրեր մահացած մարմին, մի՞թե բոլորը չէին հեռանա և չէին փախչի նրանից: Այդպես դատիր, պատկերացրու սարսափելի մի տեսարան. դու ամենուր կրում ես հոգի՝ մահացած մեղքերից, հոգի՝ հանձնված փտելուն: Ո՞վ կկարեկցի այդպիսի մեկին: Եթե դու չես կարեկցում քո հոգուն, ապա կկարեկցի՞ որևիցե մեկը նրան, ով ինքն իր հանդեպ է դաժան և ոխերիմ թշնամի»:

Կեղծավոր մարդը մեկն է, ով փորձում է ձևանալ այնպիսին, ինչպիսին իրականում չէ: Կեղծ մարդու համար ամեն ինչ կեղծ է. կեղծ են իր խոսքերը, իր բարեպաշտությունը: Պողոս առաքյալը կեղծավորներին անվանում է ստախոսներ (Ա Տիմոթեոս 4:2), քանի որ նման մարդկանց մոտ միայն խոսք է և բացակայում է պատասխանատու գործողությունը: Կեղծավորությունը վարքի ու մտքի անհամապատասխանություն է:

Չկա ավելի վատ բան, քան կեղծավորությունն է: Քանի որ. «Բացահայտ թշնամին ավելի լավ է, քան շողոքորթն ու կեղծավորը. վերջիններս այլանդակում են մարդկությունը» (Պետրոս Մեծ): Հայտնի չարագործներից խուսափում են մարդիկ, իսկ կեղծավորները, չար լինելով հանդերձ, բարի են ձևանում ու խաբում մարդկանց:

Կեղծավորությունը չունի ոչ մի կենսական ուժ, այն անկենդան ճշմարտություն է և անապականություն: Ինչպես դերասանները հագնում են դիմակներ՝ միաժամանակ չդառնալով այն, ինչ իրենք ներկայացնում են, այլ միայն թվացյալ, նույնը և կեղծավորի պարագայում, նրա մոտ թվացյալ բարեպաշտություն է, իսկ ավելի ճիշտ՝ բարեպաշտության ներկայացում: Այդ իսկ պատճառով նման մարդիկ կարծես սպիտակեցրած գերեզմաններ լինեն, որոնք դրսից գեղեցիկ են երևում և արտաքինից արդար նրանց համար, ովքեր չեն կարողանում տեսնել ներսը, իսկ ներսը լեցուն է մեռելների ոսկորներով (Մատթեոս 23:27):

Մինչ հազարավոր մարդիկ սկսեցին Հիսուսի շուրջը խռնվել իրար կոխոտելու աստիճան, Նա Իր աշակերտներին ասաց. «Նախ և առաջ զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ կեղծավորությունից: Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի. որովհետև ինչ որ խավարի մեջ ասեք, պիտի լսվի օրը ցերեկով, և ինչ որ առանձին սենյակում փսփսաք միմյանց ականջին, տանիքներից բարձրաձայն պիտի քարոզվի» (Ղուկաս 12:1-3):

Քրիստոս կեղծավորությունն անվանում է «թթխմոր», որովհետև այն, թափանցելով մարդու հոգին, փոփոխում և ապականում է մարդու մտքերը: Ոչինչ այնպես չի փոխում մարդու բնավորությունը, ինչպես կեղծավորությունը: Յուրաքանչյուր կեղծավորություն լի է ստով: Իսկ աշխարհում «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի» (Ղուկաս 12:2) և «Ուստի դուք էլ ոչ ոքի մի՛ դատեք ժամանակից առաջ, մինչև չգա Տերը, որն ի լույս է հանելու մարդկանց մութ գաղտնիքները և հայտնի է դարձնելու մտքերի մեջ թաքնված խորհուրդները» (Ա Կորնթացիներ 4:5): Իրական կյանքում էլ սովորաբար բազում գաղտնիքներ բացահայտվում են, և «ինչ որ խավարի մեջ ասեք, պիտի լսվի օրը ցերեկով, և ինչ որ առանձին սենյակում փսփսաք միմյանց ականջին, տանիքներից բարձրաձայն պիտի քարոզվի» (Ղուկաս 12:3):

«Մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ»,- ասել է Վահան Տերյանը: Այդ ամենաթանկ սեփականությունն ուներ Քրիստոսի առաքյալներից Բարդուղիմեոսը, ում, երբ Տերն առաջին անգամ տեսավ, ողջունեց գովեստի հետևյալ խոսքով. «Ահա արդարև մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհաննես 1:47): Բարդուղիմեոսին ապշեցրել էր այն հանգամանքը, որ որևէ մեկը կարողացավ իր սրտի գաղտնիքները կարդալ, ինչը հատուկ է միայն Աստծուն: Եվ առաքյալն իր անկեղծության շնորհիվ կարողացավ ճանաչել Ճշմարտությունը՝ խոստովանելով Քրիստոսի աստվածությունը. «Դու ես Աստծո Որդին» (Հովհաննես 1:49): Այդ պատճառով Բարդուղիմեոսն ստացավ «Նախադավան» առաքյալի փառավոր կոչումը:

Հեռու մնանք կեղծիքից, անկեղծ լինենք մեր խոսքերում և գործերում, ինքներս մեր հանդեպ: Ինչպես ֆրանսիացի բառարանագիր Պիեռ Բուաստն է ասել. «Ինքն իր հանդեպ բացարձակ անկեղծ լինելը բարոյական հերոսություն է, որին միայն քչերը կարող են հասնել»: Լինենք այնպիսին, ինչպիսին կանք, քանի որ ըստ Շեքսպիրի խոսքի՝ Աստված տվել է մեզ մեկ երես, մնացածը մենք ինքներս ենք ստեղծել: Եվ վերջապես անկեղծ լինենք անկեղծ Տիրոջ առջև, խոստովանենք Նրա դիմաց մեր մեղքերը, և անկեղծ ցանկություն հայտնենք ձերբազատվել նրանցից, և Տերը կձերբազատի մեզ:

 

 

Գայանե Սուգիկյան

28.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․