Գրքեր

Խաչակնքմամբ դավանում ենք Տիրոջն առանց խոսքերի

Տիրոջ խաչելությամբ Խաչից կյանք հորդեց, և մարդը հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17):

Քրիստոսի խաչելությամբ Խաչը դադարեց պատժի խորհրդանշան լինելուց և դարձավ հաղթանակի նշան: Խաչակնքումը չի համարվում միայն կրոնական աստվածպաշտության մի մաս, քրիստոնյաներիս համար Խաչը Աստծո զորությունն է. «Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար դա Աստծո զորությունն է» (Ա Կորնթացիներ 1:18): Քրիստոնյաները խաչակնքվում են ընդդեմ չար զորությունների, քանի որ Խաչն ունի պահպանիչ զորություն, այն անհաղթահարելի հաղթանակ է: Ս. Եփրեմ Խուրի Ասորին գրում է. «Խաչի նշանը քանդում է չարի զորությունը»: Խաչը մեզ դարձնում է լուսավոր ու լուսամիտ մարդ: «Մշտապես քեզ խաչակնքիր Խաչի նշանով ու չարը չի մոտենա քո հոգուն» (Ս. Անտոն Մեծ):

Պետք է խաչակնքվել աղոթքից առաջ, ընթացքում և ավարտին, ինչպես նաև սրբություններին մոտենալիս, եկեղեցի մտնելիս, սրբապատկերների, սրբերի մասունքների առջև: Խաչակնքվել անհրաժեշտ է կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ՝ վտանգի, տխրության, ուրախության, որևէ գործ սկսելուց առաջ և ավարտին, ճաշից առաջ և հետո, տանից դուրս գալուց և վերադառնալիս և շատ ուրիշ դեպքերում: Խաչի կնիքով են օրհնվում բոլոր աստվածային խորհուրդները և այն իրերը, որոնք անհրաժեշտ են կյանքի համար:

Խաչակնքվելով մենք մեզ տյառնագրում ենք և զորացնում, նոր իմաստ հաղորդում  մեր կյանքին: Խաչակնքումը քրիստոնյաներիս համար չպետք է լինի ձևական ու մեքենայական մի շարժում, այլ ամեն անգամ տյառնագրելիս պետք է անդրադառնանք այն մեծ ինքնազոհողությանը, որ Աստված իրականացրեց Խաչի վրա մեր փրկության համար: «Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում» (Ս. Գրիգոր Տաթևացի):  

Խաչի կնիքը մեզ վրա դնելով, հիշում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունը, հիշում ենք, որ Բարձրյալը չմնաց Խաչի վրա, այլ երրորդ օրը հարություն առավ՝ ազդարարելով հավիտենական կյանքի ավետիսը: Խաչակնքվելով՝ առանց խոսքերի դավանում ենք Հիսուս Քրիստոսին, Ով մեզ համար Խաչի չարչարանքներն ու մահը հանձն առավ և մեզ ներման արժանացրեց: «Ամեն անգամ, երբ քրիստոնյան խաչակնքվում է՝ խոնարհվում է Քրիստոսի փրկաբեր չարչարանքների առջև և կանչում է Խաչի զորությունը»,- ասել է Ս. Պաիսիոս Աթոսացին: Խաչակնքվելը լուռ, բայց միևնույն ժամանակ բարձրաձայն և բացահայտ հավատքի խոստովանություն է: Հաճախակի խաչակնքվում ենք նրա համար, որպեսզի մշտապես հիշենք Աստծո մեծագույն բարերարությունը մեր հանդեպ, որպեսզի Խաչի հրաշալի ուժն ավելի վճռականորեն հաստատվի մեր մեջ, որպեսզի մենք էլ Տիրոջ օգնությամբ մեր խաչը տանենք այս կյանքում՝ արժանանալու համար հավիտենական փառքին, քանի որ Խաչը նախակարապետն է երկնային և հավիտենական փառքի: Քրիստոս Իր կյանքը զոհեց մեզ համար, հետևաբար, մենք ևս մեր կյանքը պետք է զոհենք մեր եղբայրների համար (Ա Հովհաննես 3:16), ուստի խաչակնքումը մեզ հիշեցնում է այն մեծագույն շնորհի՝ սիրո մասին, որ պետք է ունենանք մեր նմանի և մեր Արարչի հանդեպ:

Խաչակնքումը, կարելի է ասել, հանդիսանում է հույսի, հավատքի և սիրո նշանը: Հույսի, քանի որ Փրկիչն Ինքն ասել է, որ՝ «Ինչ որ Իմ անունով խնդրեք Իմ Հորից, կտա ձեզ» (Հովհաննես 16:23):

Խաչակնքմամբ մենք արտահայտում ենք Քրիստոսի սիրո ամբողջական տարողությունը՝ իր լայնությամբ և երկարությամբ, իր բարձրությամբ և խորությամբ (Եփեսացիներ 3:18): Խաչակնքման լուռ աղոթքը Քրիստոսի կնիքն է մեզ վրա, որի մասին Երգ Երգոցում կարդում ենք. «Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրա…» (Երգ Երգոց 8:6): «Չամաչենք հաճախակի խաչակնքվելուց»,- այսպես են սովորեցնում եկեղեցու հայրերը: Խաչը քրիստոնեական երախտագիտության կնիքն է: Ս. Հովհան Ոսկեբերանն ուսուցանում է հեռու մնալ ուղղակի խաչակնքվելուց, քանի որ հավատով խաչակնքման դեպքում է, որ Քրիստոսի Խաչի նշանն ունի փրկարար ուժ ընդդեմ երևելի և աներևույթ թշնամու: Դեռևս առաջին դարից այս նշանով են պաշտպանվել ճգնավորները և սրբակենցաղ անձինք:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ Խաչի չորս թևերը խորհրդանշում են Քրիստոսի կողմից մեզ շնորհված չորս բարությունները՝ վերևի մասը ցույց է տալիս Երկնքի Արքայության բացվելը, ներքևինը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, ձախը՝ մեղքերի թողությունը: Խորհրդանշում են նաև չորս առաքինությունները, որ հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ. վերևի մասը նշանակում է սերը, ներքևինը՝ խոնարհությունը, աջը՝ հնազանդությունը, ձախը՝ համբերությունը: Ինչպես նաև՝ չորս խորհուրդները. վերին մասը՝ «միշտ վերևի մասին խորհել, ուր Քրիստոս է նստած» (Կողոսացիներ 3:2), ներքևինը՝ մեր կյանքի վախճանն է, աջը և ձախը դատաստանի ընտրությունն է. փառքը՝ աջակողմյաններին, պատիժը՝ ձախակողմյաններին: «Դարձյալ՝ աշխարհի չորս կողմը խաչաձև է՝ արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ: Խաչաձև է նաև մարդը՝ բոլոր կենդանիների գլուխը: Խաչաձև են նաև օդում սավառնող թռչունները: Նաև նավն է ջրի վրա ընթանում խաչաձև, երբ քամին բացում է առագաստը, և պարզած թևերով հասնում են նավահանգիստ. այդպես մարդիկ երկու թևերով հասնում են հավիտենական կյանքի փառքին»,- ասել է Ս. Գրիգոր Տաթևացին Խաչի վերաբերյալ իր մեկնություններում:

Խաչակնքման ուժն արտասովոր մեծ է, այն մեր հոգուն տալիս է ամրություն, աստվածային իմաստություն և պահպանություն: Պատկառանքով, երկյուղածությամբ և ուշադրությամբ խաչակնքվողն ապրում է փրկարար Խաչի խորհուրդը: Սրբերի վարքում հաճախակի ենք հանդիպում Խաչի զորությունը վկայող պատմություններ:

Այսօր էլ մի շարք գիտնականներ իրենց կատարած հետազոտությունների հիման վրա փաստում են խաչակնքման և աղոթքի զորության մասին: Գիտական փորձերը նրանց կողմից բազմիցս վերստուգվել են և ապա նոր արդյունքները հրապարակվել: Գիտնականները ստուգել են «Հայր մեր» աղոթքի և խաչակնքման ազդեցությունն ախտածին մանրէների վրա: Հետազոտման համար տարբեր ջրամբարներից ջուր է վերցվել և փորձարկմանը ենթակա ջրերում հայտնաբերվել են բազմաթիվ վտանգավոր մանրէներ, որոնց քանակը մինչև հազարերորդ անգամ  սկսել է նվազել աղոթքից հետո: Ֆիզիկոս Անգելինա Մալախովսկայան, իր տասը տարվա հետազոտությունների փորձառությամբ, հաստատել է այն մեծագույն հրաշքի մասին, որ ամեն օր կարող է կատարվել հավատքով խաչակնքվող անձի հետ: «Ջուրը հիշում է աղոթքի ազդեցությունը և այն երկար ժամանակ պահպանում: Խաչակնքմամբ վայրկենական փոխվում է ջրի կառուցվածքը: Մարդկային աչքը չի կարող որսալ ջրի կառուցվածքի բուժական փոփոխությունը, բայց սպեկտրագիր սարքավորումը տալիս է այդ երևույթի օբյեկտիվ գնահատականը»,- ասել է ֆիզիկոսը:

Խաչակնքման և աղոթքի զորության բարերար ազդեցությունն են ունեցել նաև փորձակմանը մասնակցող այն մարդիկ, ովքեր արյան զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ են ունեցել: Զարմանալի է այն փաստը, որ նրանց բոլորի մոտ խաչակնքումից և աղոթքից հետո ճնշումը կայունացել է:  

Նկատելի է եղել, որ անփութորեն խաչակնքվողների մոտ դրական արդյունքի ազդեցությունը եղել է քիչ կամ բացակայել է ընդհանրապես: Պարզվում է, որ ջուրը «տարբերակում է» անգամ հավատի աստիճանը՝ այն խոսքի համաձայն, թե «քո հավատի չափով քեզ կտրվի»:

«Պատկերիր Խաչը նախ մտքիդ և հոգուդ վրա. քանի որ, երբ Խաչը մեզ հետ է, ապա դևերը սարսափելի ու վտանգավոր չեն. իսկ մահը մահ չէ, այլ քուն: Խաչով բոլոր թշնամիները պարտված են: Այդ պատճառով Խաչը մեր պարծանքն է. բոլոր բարիքների սկիզբը. մեր համարձակությունն ու զարդարանքը» (Ս. Հովհան Ոսկեբերան):

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

01.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․