Գրքեր

Խաչի ուղին ընտրելը և Քրիստոսին հետևելը պատասխանատու քայլ է

Դարեր շարունակ քրիստոնյայի համար պարզ է, որ խաչի ուղին ընտրելը և Քրիստոսին հետևելը պատասխանատու քայլ է: Կյանքը հաստատում է, որ դժվարությունները հաղթահարելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է քաջ, վճռական ու պատասխանատու լինել: Երբ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ահավասիկ մենք թողեցինք մեր ամբողջ ունեցվածքը և եկանք քո հետևից. մենք ի՞նչ կլինենք», Հիսուսը պատասխանեց. «Երկրորդ գալստյան, երբ Մարդու Որդին բազմի Իր փառքի աթոռին, դուք էլ, որ հետևեցիք Ինձ, պիտի բազմեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին: Եվ ով որ թողել է տուն, եղբայրներ, քույրեր, հայր ու մայր, կին ու զավակներ և ագարակներ՝ ինձ համար, հարյուրապատիկը պիտի ստանա և հավիտենական կյանքը ժառանգի» (Մատթ. 19:28-29): Մեծ վճռականություն է պետք, որպեսզի մարդ հրաժարվի այն ամենից, ինչ հեռվացնում է իրեն Աստծուց: Շատ հաճախ քրիստոնյան դժվար իրավիճակում է հայտնվում, քանի որ չի գործում այն պահին, երբ անհրաժեշտ է:  Ցանկանում է հրաժարվել որևէ վատ սովորությունից, բայց երբ գալիս է պահը, որ պետք է գործի, հապաղում է, ինչի հետևանքով անկատար է մնում աստվածահաճո խոսքն ու արարքը, անհաղթահարելի՝ մեղքը: Այդ պահին նրա մեջ գործում է անվճռականությունը, գործը հետաձգելու սովորությունը: Տերն իր օրինակով ցույց տվեց, թե որքան կարևոր է վճռականությունը՝ հրաժարվելու այն ամենից, ինչ աստվածահաճո չէ: Իր ծառայության սկզբին՝ քառասնօրյա ծոմապահությունից հետո, Հիսուս փորձվեց չարից (Ղուկ. 4:1-13), բայց Նա, Աստծու խոսքով հաղթահարելով չարին, վճռականորեն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև Օրենքի գրքում գրված է. «Քո Տեր Աստծո՛ւն պիտի պաշտես և միայն նրա՛ն ծառայես» (Մատթ. 4:10):  Եկեղեցու հայրերից մեկն ասել է՝ ի՞նչ օգուտ քրիստոնյա կոչվելուց, բայց քրիստոնյա չլինելուց:  

Ս. Հովհան Ոսկեբերանն ուսուցանում է, որ չարի համար ոչ մի ժամանակ այնքան հարմար չէ, որքան այն ժամանակը, երբ մարդն անհոգ է, այդ պատճառով պետք է միշտ զգոն ու արթուն լինել: Երբ 19-րդ դարաշրջանի եկեղեցու հայրերից մեկին հարցրին, թե ինչու այժմ սրբեր և ճգնավորներ չկան, նա պատասխանեց՝ որովհետև չկա վճռականություն: Ավետարանում Տերն ասում է. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48), «Դուք սուրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ» (Ղևտ. 11:45), այս դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի: Աստված մարդու առջև չի դրել անհաղթահարելի նպատակներ: Եթե մարդ հեռու է կատարելությունից և իր կյանքում չունի իրական հոգևոր պտուղներ, ապա այն պատճառով, որ լրջությամբ, պատասխանատվությամբ և վճռականությամբ չի ձգտում այդ ամենին: Մարդ իրենից հեռվացնում է կատարելության տանող ուղին և ասում, որ սրբերն ապրել են շատ վաղուց և այժմ չկան սրբեր: Այս մտածումով մարդն արգելափակում է դեպի կատարելություն տանող իր ուղին: Կարևորն այստեղ մարդու ձգտումն է, իսկ դժվարությունները հաղթահարելի են դառնում Աստծու օգնությամբ: Պողոս առաքյալն այս մասին հիշեցնում է. «Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ» (Փիլ. 4:13): Աբրահամ նահապետը բացարձակապես հավատաց Աստծուն և լիարժեք վստահեց Նրա կամքին, նույնը նաև Աստվածամայրը. «Ես Աստծու աղախինն եմ, թող քո ասածը լինի» (Ղուկ. 1:38):

Հոգևոր կյանքում սարսափելի ծուղակներ են անվճռականությունը, անպատասխանատվությունն ու փոփոխամտությունը: Անպատասխանատու և փոփոխամիտ մարդու կերպարին է անդրադառնում Քրիստոս «Սերմնացանի առակում». «Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որ Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն: Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը» (Մատթ. 13:20-21): Փոփոխամտությունը մարդուն զրկում է արմատից, այսինքն՝ նաև պտղից: Փոփոխամտությունն անպատասխանատու մարդկանց կենսակերպն է, որ ծնում է միայն քաոս և այն ոչ ամուր հավատի հետևանքն է: Իսկ հավատարիմ և պատասխանատու անձին սաղմոսերգուն նմանեցնում է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի հետ, որն իր պտուղը ժամանակին է տալիս, նրա տերևը չի թափվում, ու ամեն բան, ինչ էլ որ անում է, հաջողում է (Սաղմ. 1:3):

Անձնական խաչից հրաժարվելը Եկեղեցու հայրերն անվանում են անպատասխանատվություն և ուսուցանում են, որ ոչինչ այնպես չի վնասում մարդու հոգին, որքան անհավատի համար գայթակղության պատճառ դառնալը: Երբ անհավատները որևէ փոքր անփութություն են տեսնում քրիստոնյայի մոտ, ապա մեկ հոգու անփութության պատճառով դատավճիռ են կայացնում բոլոր քրիստոնյաների համար: Եթե անձն իր վրա է վերցրել քրիստոնյա անունը, ապա այն պետք է պատվով կրի և կյանքով հաստատի, որպեսզի գայթակղության պատճառ չհանդիսանա: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Աշխատեք այնպես ուղղել ձեր կյանքը, որ երբ անհավատը հարցնի ձեզ. «Որտեղի՞ց իմանամ, որ Աստված պատվիրել է հնարավորը: Ահա քո ծննդյան օրից, քրիստոնյա դաստիարակվելով, այս պատվիրանները չես կատարում»: Անկասկած կպատասխանես՝ ես քեզ ցույց կտամ այն մարդկանց, որոնք պատվիրանապահ են եղել: Մի՞թե չես ամաչի, քրիստոնյա լինելով, ուրիշին մատնացույց անել: Անհավատն այդ դեպքում քեզ կպատասխանի՝ ինչո՞ւ գնամ լեռներն ու անապատները՝ արդար փնտրելու, նշանակում է՝ հնարավոր չէ առաքինի լինել՝ չապրելով լեռներում: Սա մեծ մեղադրանք է քրիստոնեական կյանքի հանդեպ, որի իրագործման համար պարտադիր չէ քաղաքը թողնել և անապատ փախչել»:

Երբ Աստված մարդուն սերմ է տալիս, ցանկանում է, որ այն աճեցնի և ոչ թե վերադարձնի: Նա մարդու մեջ դրել է որոշ տաղանդներ և ընդունակություններ: Քանքարների մասին առակում (Մատթ. 25:14-30) Քրիստոս ցույց է տալիս, որ Աստված է մեր շնորհների և ընդունակությունների աղբյուրը: Նա է ցույց տալիս մեր կոչումը և ցանկանում է, որ մարդը աճեցնի, բազմացնի և պատասխանատու լինի այդ շնորհների համար: «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրեք անմտորեն, այլ իմաստունների նման» (Եփես. 5:15):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

17.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․