Գրքեր

Խաչվերացի քարոզ

«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կորնթացիներ 1:18)

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այս խոսքերը հիմնովին այսօրվա տոնի օրհնյալ բնաբանն են հանդիսանում: Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Խաչվերացը հիշատակությունն է 7-րդ դարում գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և վերամբարձման: 614թ. պարսից Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա և Սուրբ Հարության տաճարից տանում Աստվածընկալ Սուրբ Խաչը: Հունաց Հերակլ կայսրը պատերազմում է պարսիկների դեմ և ետ վերադարձնում Տիրոջ խաչափայտը Երուսաղեմ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտը եղել է հրաշագործությունների առիթ և միջոց: Այս տոնի հիշատակմամբ մենք՝ քրիստոնյաներս, արժևորում և մեր խոնարհումն ենք բերում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը: Խաչելություն, որ հանուն մեզ եղավ, հանուն մեր փրկության, հանուն մարդ-Աստված հարաբերության մի նոր սահմանման, հանուն մարդկության սիրո, հանուն մեր սթափման: Մարդն ապրում է առանց գիտակցելու Աստծո հոգատարությունն ու սերը: Աստված ուղեկցում է մարդուն ամեն րոպե ու ամեն վայրկյան և Իր զավակներին երբեք աչքաթող չի անում: Ահա թե ինչու Քրիստոսի խաչելությունը մի իրողություն է մարդկության ողջ պատմության մեջ, Աստծո սերը փաստող մի մեծ ու անկրկնելի վկայություն, մեզ համար խաչվելու ու չարչարվելու Արարչի պատրաստակամությունը, այն, որ Աստված մարդուն ու նրա փրկությանը առնչվող Իր մեծ ծրագիրը ժամանակին կյանքի կոչեց, Իր Որդուն աշխարհ ուղարկեց և մարդկային աննկարագրելի չարչարանքների միջով անցկացրեց՝ հանուն սիրո, հանուն մարդու հետ մի նոր հարաբերության: Դա իսկապես աշխարհացունց մի իրադարձություն էր, որ մարդուն հանում է իր խոր թմբիրից, անտարբեր ու անհավատ կյանքի խոր քնից, Աստվածամերժ և մեղսալից կյանք վարելու դարավոր ընթացքից, հաճույքներին տրվելու անբավ ցանկությամբ ապրելու կենսակերպից: Իր Արարչին երկրպագելու և Նրա հոգատար գիրկը վերադառնալու մի տիեզերասասան երևույթ է Տիրոջ խաչելությունը: Մեզանից յուրաքանչյուրն իր խաչը վերցնելու և Քրիստոսին հետևելու կոչում ունի. «Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթեոս 10:38): Սակայն խաչի ծանրությունը մարդ միշտ կրում է Աստծո հետ, Աստված չի տալիս խաչն ու դիտողի դերը ստանձնում մեր կյանքում, Նա առաջնահերթ օգնում է այն կրելիս՝ ի տարբերություն մարդու, որ Նրան մատնեց խաչի մահվան, խաչը հանելու պահանջ դրեց և մենակ թողեց Նրան և ուրացավ: Սակայն այդուհանդերձ մարդը աներկբայելի կերպով արժանացավ Քրիստոսի անասելի ներողամտությանն ու ողորմությանը: Խաչը մեր պաշտպանությունն է ու պահպանությունը: Պատահական չեն մեր ժողովրդի մեջ տարածված օրհնանքները. «Խաչը քեզ ու տանդ բարեխոս լինի», «Աստծո աջն ու խաչը մեր տան ու դռան վրա լինի», «Խաչը քեզ պահապան-օգնական լինի»: Խաչը կրելով մեր պարանոցներին՝ մենք ազդարարում ենք, որ մենք Քրիստոսի հետևորդ ենք, քրիստոնյաներ, խաչակնքվելով մենք փաստում ենք մեր ապավինումը երկնքի ու երկրի Արարչին: Խաչակնքվելով մենք ճանապարհ ենք ընկնում, խաչակնքվելով սեղանի շուրջ ենք նստում՝ փառաբանելով սեղանի բարիքները պարգևողին, խաչակնքվելով մենք խաղաղություն ենք հայցում կյանքի Առաջնորդից մեր և մեր ընտանիքների համար: Խաչակնքվելով մենք հանձնում ենք մեզ Ամենակարող Աստծուն, մենք ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Քրիստոսին հուսացողը երբեք ամոթով չի մնա (Հռոմեացիներ 5:5): Հիշենք Սուրբ Կիպրիանոսին, որ դևերի զորությամբ մեծազոր գործեր էր կատարում և անզոր դարձավ խաչի զորության առջև. երբ իմացավ, որ քրիստոնյա աղջկան անկարող է սիրահարեցնել, սուտ ու փուչ համարեց և՛ այն կուռքերին ու դևերին, որոնց հլու երկրպագողն էր, և՛ նրանց զորությամբ կատարած իր աներևակայելի գործերը: Նա խորհեց խաչի ու Խաչյալի զորության մասին. «Եթէ նշան Խաչին այդչափ զօրութիւն ունիցի, ապա Խաչեալն որչա՞փ ևս առաւել»: Հրաժարվեց դևերի երկրպագությունից և ծառայությունից, քրիստոնյա մկրտվեց, հասավ մինչև եպիսկոպոսական աստիճանի ու քրիստոնեության անհողդողդ վկան դարձավ՝ իր կյանքով օրինակ տվեց մյուսներին ճշմարիտ Աստծու երկրպագությանը դառնալու և դավանելու միմիայն Հիսուս Քրիստոսին՝ Ամենակալ ու Ամենազոր Արարչին: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ խաչին նվիրված բոլոր չորս տոներն էլ՝ թե՛ Խաչի գյուտը, թե՛ Խաչի երևումը, թե՛ Վարագա Սուրբ Խաչի տոնը և թե՛ Խաչվերացը փաստում են այն, որ քրիստոնյաներիս համար Տիրոջ Խաչափայտի հետ կապված ցանկացած իրադարձություն մեծագույն ուրախություն է և մեծանշանակ առիթ՝ տոնախմբելու և ցնծության օրհներգեր առ Աստված վերառաքելու: Բոլոր արարողություններն ու ծեսերը եկեղեցում կատարվում են խաչի գործածությամբ և խաչով է, որ մենք ստանում ենք Աստվածային օրհնությունն ու բժշկությունը: Առանց խաչի չկա օրհնություն, օծություն, մկրտություն, ձեռնադրություն, սուրբ պատարագ: Խաչով են օրհնվում մեր բերքն ու բարիքը, խաչով է մեր հոգին գտնում իր հանգստությունն ու խաղաղությունը, խաչով է մեր միտքը լուսավորվում, մեր մարմինը խաչով գտնում է իր ապաքինումն ու անդորրը: Խաչով մենք վերստին ծնվում ենք մկրտության սուրբ ավազանից: Խաչի լուսեղեն պատկերն ենք ակնկալում տեսնել Տիրոջ Երկրորդ Գալստյան ժամանակ: Այսօր ականատես ենք լինում մեր հայրենիքում վերհառնող բազում խաչերի՝ նորաշեն եկեղեցիների գմբեթներին և խաչքարերի տեսքով, որը մեկ անգամ ևս խոսում ու պատմում է այն մասին, որ հայը հավատարիմ է Խաչյալին և շարունակում է կերտել իր փրկության համար նորանոր եկեղեցիներ, մատուռներ ու խաչքարեր: Չմոռանանք, որ մեզ՝ հայերիս, համարում և կոչում են խաչապաշտներ: Հետևաբար, սիրելի՛ հավատացյալներ, միասնաբար աղոթք վերառաքենք առ Ամենաբարձրյալն Աստված՝ ասելով. «Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Հիսուս, Յորժամ երևիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս, Յայնժամ մեք մի ամաչեսցուք յուսացեալքս ի Քեզ, Այլ զօրութեամբ Քով մեծաւ բերկրեսցուք ընդ Աջմէ Քումմէ Որպէս զորդիս լուսոյ և զորդիս տուընջեան. Ամէն»: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

11.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․