Գրքեր

Խաչվերացի քարոզ

«Քո մահվան Խաչը կենաց աղբյուր դարձավ մեր մահկանացության համար» (Սբ. Եփրեմ Ասորի):

Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու անխախտ հետևելով Եկեղեցու հայրերի հաստատած կանոնին՝ այսօր տոնում է Տաղավար տոներից հինգերորդը՝ Խաչվերացը, որի առթիվ էլ մեծ խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս: Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչին նվիրված այս տոնը, որ նշվում է համայն քրիստոնեական աշխարհում, շատ սիրելի ու նվիրական է հատկապես հայ քրիստոնյաների համար, քանի որ մենք անմիջական մասնակիցն ենք եղել այս տոնի հիմք հանդիսացող իրադարձությունների՝ այն է՝ տերունական խաչափայտի ազատագրմանն ու ետ վերադարձին պարսկական գերությունից:

Գերությունն ինքնին մերժելի ու խիստ դատապարտելի երևույթ է ազատ կամքով արարված մարդու համար, աստվածապատկե՛ր մարդու համար, և այս է պատճառը, որ պատերազմների ժամանակ զինվորները հաճախ վերջին փամփուշտը իրենց էին պահում՝ մահը նախընտրելով գերությունից: Ուստի խնդրանքս է, սիրելի՛ հավատացյալներ, որ այսօր հատկապես ձեր աղոթքներում հիշատակեք աշխարհի բոլոր և հատկապես մեր հայրենակից գերյալներին, որպեսզի Տիրոջ փրկչական խաչը շուտափույթ կերպով կործանի նրանց երևելի կապանքներն, ու բոլոր տառապյալները վերջապես վերադառնան իրենց հայրենի օջախները:

Իսկ դառնալով Քրիստոսի խաչի գերությանը, պիտի նշեմ, որ տասնչորս տարի անհավատ արքայի գանձարանում անազատության մեջ պահվելով, այն միայն երկյուղած մեծարանքի արժանացավ թե՛ արքայի, թե՛ նրա հպատակների կողմից և ավելին. խաչի ժամանումն ուղեկցող հրաշքները տեսնելով՝ հեթանոս պարսիկներն անգիտակցաբար փառաբանություն էին մատուցում Աստծուն՝ ասելով, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց երկիր ժամանել: Եվ կրկին սրբազան երկյուղ ես ապրում Աստծու մեծության ու ամենազորության առջև, երբ տեսնում ես, որ անգամ հեթանոս ազգի համար ճշմարիտ աստվածությունն ու սրբությունը բացահայտ ու անժխտելի իրականություն են դառնում: Այո՛, սիրելինե՛ր, խաչը լոկ պատկեր կամ նշան չէր պարսիկների համար, այլ ի դեմս խաչի՝ նրանք կարողացան Խաչյալին տեսնել:

Ավետարանին ծանոթ, սուրբ Պատարագներին մասնակցող, քարոզին ունկնդիր հավատացյալը մեկ անգամ չէ, որ լսել է խաչի քարոզությունը, որ ըստ առաքյալի՝ Աստծու զորություն է մեզ համար: Մեկ անգամ չէ, որ, ի տարբերություն աղանդների եղծված ուսմունքի, լսել եք առաքելահաստատ եկեղեցու ճշմարիտ դավանությունն այն մասին, որ Քրիստոսի աստվածային արյան հեղմամբ խաչը մահվան գործիքից վերափոխվեց մեր փրկության գործիքի՝ դառնալով հաղթության խորհրդանիշ յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Քանի որ Քրիստոս չմնաց խաչի վրա մեռած, այլ «հարյավ ի մեռելոց»՝ խաչը մահվան ու խայտառակության գործիք դարձնելով սատանայի ու պարտության՝ մահվան համար (հմմտ. Կողոս. 2:15): Այս է պատճառը, սիրելի՛ հավատացյալներ, որ մենք չենք տխրում խաչը հիշատակելիս, ընդհակառակը՝ ազատարար ու փրկարար ուրախություն ենք զգում և իրավամբ շնորհավորում միմյանց, քանի որ Երկնային Անմահ Արքան իմ և ձեզնից յուրաքանչյուրի համար իջավ երկնքից, որպեսզի ների մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացնի հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացնի այն և մեխի խաչափայտին (հմմտ. Կողոս. 2:14): Քրիստոսի խաչը եկավ փոխարինելու հինկտակարանյան զոհասեղանին, որ թեև սրբություն էր համարվում և բազմաթիվ զոհեր էին մատուցվում դրա վրա, սակայն, այնուամենայնիվ, անկարող էր վերացնել մեղքերը: Ուստի փրկչական արյամբ սրբագործված խաչը դարձավ կատարյալ զոհասեղան, որի վրա մեկընդմիշտ պատարագվեց Տեր Հիսուս Քրիստոսի անմեղ մարմինը՝ սրբելով ու ազատագրելով մեղավոր մարդկությանը (տե՛ս Եբր. 10:10):

Սակայն եկեղեցին հերթական անգամ այս ամենը ձեզ հիշեցնելով, չի ակնկալում, որ ասվածը լսելով՝ միայն ասեք «ուռա» ու գնաք ձեր սովորական առօրյային, սիրելի՛ քրիստոնյաներ: Այլ այսօր՝ Խաչվերացի տոնին, երբ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում փրկչական խաչն է, որ հեթանոս ազգը «քրիստոնյաների Աստված» կոչեց, հարկ է, որ ձեզնից յուրաքանչյուրը հարց տա իրեն՝ իսկ իմ Աստվածն ո՞վ է, և այդ հարցի պատասխանը միմիայն իր արարքներում ու իր ապրած կյանքում փնտրի: Որպեսզի չստացվի հանկարծ, որ ոմանց մասին Պողոս առաքյալի խոսքը նաև իրեն վերաբերի. «Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ և ամեն բարի գործի համար՝ անպետք» (Տիտոս 1:16):

Այս հարցի պատասխանը չափազանց կարևոր է ձեր հոգու համար, սիրելի՛ հավատացյալներ: Այն գտնելու համար երբեմն օգտակար է ուղղակի գալ եկեղեցի, լուռ նստել եկեղեցու զով կիսալույսի մեջ, մարմնավոր ու հոգևոր հայացքն ուղղել խաչին ու Խաչյալին և թույլ տալ, որպեսզի եկեղեցու անդորր լռության մեջ տեղի ունենա ձեր հոգու անխոս զրույցը Բարձրյալի հետ: Փորձե՛ք, սիրելի՛ հավատացյալներ: Մեկ անգամ, երկու, երեք և կտեսնեք, որ պատասխանը կստանաք շուտով: Այն կգա մաքրագործ արցունքների տեսքով միգուցե, կամ աննկարագրելի խաղաղության, կամ անստվեր ուրախության, զգացմունքների հորդումի կամ էլ մեկ այլ կերպով, որն Ամենակալի ողորմածությամբ լավագույն միջոցը կլինի ձեր հոգու հետ երկխոսելու համար: Եվ երբ գտնեք պատասխանն ու այլևս վստահ լինեք դրանում, թող այն երուսաղեմյան երկնակամարում ցոլացած խաչակերպ լույսով լցնի ձեր հոգին և պայծառ շողարձակի ամեն անգամ, երբ մերկ ու սոված, հիվանդ ու անխնամ, անօթևան ու անպաշտպան և, ընդհանրապես, որևէ օգնության կարիք ունեցող մեկի կհանդիպեք: Սուրբ խաչի նշանն ամեն անգամ թող որպես հիշեցում լինի, որ երբ հայտնվեք ճշմարիտ Աստծուն ուրանալու և ժամանակակից կուռքեր պաշտելու վտանգի առջև, քանի որ հպարտի աստվածը անվան ու փառքի մոլուցքն է, որկրամոլինը՝ բազմատեսակ ու անհաշիվ խորտիկների տենչանքը, ագահինը՝ անվերջ ձեռքբերվող ունեցվածքինը, շնացողինը՝ սեփական մարմնին հաճոյանալն ու տարատեսակ խելացնոր ցանկություններին տրվելը, նախանձինը՝ մերձավորին չարաբանելու, անիծելու և ատելությամբ վերաբերվելու կործանարար մոլուցքը և այլն: Իսկ չարի այս գործիքներից ո՞րը կարող է մշտամնա երջանկություն և առավել ևս փրկություն պարգևել ձեզ, սիրելի՛ հավատացյալներ. իհարկե ոչ մեկը: Եվ այս ամենի մեջ, բնականաբար, տեղ չի կարող լինել Փրկչի համար: Որովհետև եթե մեր Աստված Քրիստոս է, եթե մենք խոնարհվում ենք սուրբ Խաչի առջև և ընդունում, որ մեր փրկությունը միմիայն նրա մեջ է, ապա մեր շունչն անգամ պիտի թելադրված լինի հանուն մեզ Խաչվածի խոսքով ու Նրա պատվիրաններով: Ինչպես եկեղեցու հայրերից մեկն է ասում՝ Խաչն իրենով ծածկում է ողջ տեսադաշտս և այլևս ոչինչ չեմ տեսնում նրա ետևում… Այսօրվա գայթակղիչ աշխարհում այդպես ապրելը դժվար է, իհարկե, սակայն ինչպես երանելի Պողոս առաքյալն է ասում. «Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4:13): Ու նաև վստահ եղեք, սիրելինե՛ր, որ սրտագետ Աստված հրաշալի տեսնում է ամեն ինչ, այն բոլոր պայմանները որոնցում գտնվում եք ու պայքարում, ուստի և գնահատում է այն փոքր ու աննշան թվացող քայլերն անգամ, որ անկեղծորեն անում եք արդարության ճանապարհին: Կողքից նայողը հաճախ չի տեսնում ձեր անձնական պատերազմը, չի տեսնում, թե քանի որոգայթի եք հանդիպել և քանիսից եք հաջողությամբ խույս տվել: Չի տեսնում, թե քանի մեղավոր սովորությունից եք հրաժարվել ու քանի գայթակղություն մերժել: Ուստի և արտաքնապես է դատում: Իսկ Ամենագետ Աստված հաշվի է առնում ամեն ինչ ու առանց վարձքի չի թողնելու և ոչ մեկի ջանքը:

Ուստի Սուրբ Խաչի ազատագրման ու կանգնեցման այս հրաշալի տոնին Խաչյալ Քրիստոսի ողորմությամբ թող փարատվեն ճշմարիտ հավատի հանդեպ կասկածները, գերության մեջ գտնվողներին ազատություն շնորհվի, տկարները զորանան, մաքառողները ուժ, կարողություն ստանան ամենազոր Խաչից, և բոլոր քրիստոնյաները, իրենց կոչումի համաձայն, ապրեն ու արարեն ի փառս Սուրբ Խաչի և Սուրբ Երրորդության: Մենք էլ հետևենք սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու խոսքին, որում ասվում է. «Չամաչե՛նք Խաչյալին դավանելուց: Խիզախո՛րեն պատկերենք Խաչի նշանը մեր ճակատին և ամեն ինչի վրա՝ հացի, որ ուտում ենք, գավաթների, որոնցից ըմպում ենք: Պատկերենք այն ելումուտ անելիս, քնելիս ու արթնանալիս, ճանապարհ գնալիս և հանգստանալիս: Այն մեծագույն պաշտպանություն է՝ աղքատներին տրված՝ որպես շնորհ և տկարներին՝ առանց ջանքերի: Քանի որ այն Աստծու շնորհն է՝ նշանակ՝ հավատարիմների համար և սարսափ՝ չար ոգիների». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

13.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․