Գրքեր

«Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողով Գերմանիայում

Սեպտեմբերի 10-12-ը, Գերմանիայի Մյունստեր և Օսնաբրյուք քաղաքներում տեղի ունեցավ «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողովը` կազմակերպված Սանտ Էջիդիո միջազգային խաղաղարար կազմակերպության կողմից:

Համաժողովին մասնակցում էին տարբեր կրոնների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին իր մասնակցությունը բերեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Համաժողովի հանդիսավոր բացմանը Մյունստերի եպիսկոպոս Գերաշնորհ Ֆելիքս Գեննի և Մյունստերի քաղաքապետ Մարկուս Լեվեի ողջույնի խոսքերից հետո ընթերցվեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, ապա խոսքը տրվեց հիմնական բանախոսներին` Սանտ Էջիդիոյի հիմնադիր Անդրեա Ռիկարդիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Նիգերի Հանրապետության նախագահ Մահամադու Իսուֆուին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին և Ալ-Ազհարի (Եգիպտոս) գերագույն իմամ Ահմադ Մուհամադ Ալ-Թայեբին:

Համաժողովի առաջին օրը բանախոսություններով հանդես եկան Կոլումբիայի համալսարանի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն դոկտ. Ջեֆրի Սաչսն` ԱՄՆ-ից, Սանտ Էջիդիո համայնքի անդամ Ալբա Ռուիս դե Անդրեսն` Իսպանիայից, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Հովհաննես Ժ-ն, Ֆրանկֆուրտի ռաբբի Աչիվայի Ապելը և Ռիսշո Կոսեի Կաի Բուդդիզմի նախագահ Կոշո Նիվանոն` Ճապոնիայից:

Համաժողովի երկրորդ օրը «Քրիստոնեական նահատակություն. անցյալը և ներկան» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Հովակիմ եպիսկոպոսը: Տեղի ունեցան նաև մի շարք քննարկումներ, որոնց իրենց մասնակցությունը բերեցին տարբեր կրոնների ու կրոնական համայնքների ներկայացուցիչներ:

Համաժողովն ավարտվեց սեպտեմբերի 12-ին` խաղաղության թափորով և խաղաղության հաստատման կոչով:

12.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․