Գրքեր

Խնայողություն

«Տեսէ՛ք եւ զգոյշ լերուք յամենայն ագահութենէ» (Ղուկ. 12:15)

Ընդհանրապես կարծիք կա, որ քրիստոնեական կրոնը իր սահմաններից վտարել է հարստությունը, թե քրիստոնեությունը՝ աշխարհուրացություն ասելով [քարոզելով]՝ միայն ճգնավորություն և աղքատություն է հանձնարարում: Եվ իրոք, եթե Ավետարանին մակերևութային մի հայացք նետենք, առանց մանրամասն ուսումնասիրելու, պիտի համարենք, թե այս ասվածը [խոսքը] ստույգ է:

Սակայն պիտի իմանանք, որ քրիստոնեությունը երբեք չի արհամարհում հարստությունը՝ այն պարագայում, երբ այն կյանքը թեթևացնելու միջոց է եղել և ոչ՝ կյանքի նպատակ: Եթե ասենք, որ դրամը Քրիստոսի աչքին ամբողջովին պիղծ և արհամարհված էր, այն ժամանակ ինչպե՞ս պիտի բացատրենք խնայողական այն քսակը, որ ունեին Քրիստոսի առաքյալները, որոնցից մեկն էլ տնտեսվարում էր առաքյալների բոլոր կարիքները:

Քրիստոսը անարգում է միայն դրամապաշտությունը, ագահությունը և ոչ թե դրամի օրինավոր գործածությունը կամ խնայողությունը: Քանզի որտեղ ագահություն կա, այնտեղ չկա հավատի, հույսի, սիրո կյանք. որտեղ ոսկին և արծաթն են ապրում, հոգում հավատքը, մտքում հույսը, սրտում սերը դադարում են գոյություն ունենալ:

Ագահությունը սահմանափակում է մարդու ազատությունը, քարացնում է մարդու իմացականությունը, այն ծայրահեղ մոլություն է և մարդու կյանքը ստորացնող միակ մոլությունը: Ագահ մարդը ինքն իրեն զրկում է միայն և միայն դրամ դիզելու համար. այսպիսին դադարում է զգացմունքներ ունենալուց: Դրա համար է, որ Հիսուս խստիվ պատվիրում է հեռու մնալ ագահությունից:

Դրամը պետք է որպես ծառա գործածենք մեր կարիքների համար և ոչ թե լինենք դրամի գերին. դրամը միայն միջոց է մեր կարիքները և հանգստությունը հոգալու համար: Այն սիրելի է, ոչ թե իր դրամ լինելու համար, այլ դրա ընձեռած դյուրության համար: Ագահ մարդը չգիտի և չի էլ ցանկանում իմանալ այս ճշմարտությունը, այլ դրամը սիրում է դրա դրամ լինելու համար. այն դիզում է դրա փայլուն տեսքից արբեցած, դրան նայելու համար. իր անձից առավել դրամն է սիրում, ի՞նչ եմ ասում, որպես աստված է պաշտում այն: Այսպիսին բնական է, որ քարսիրտ և անզգամ մարդ լինի, ամեն տեսակի գորովանքի, լավ հատկությունների և զգացմունքների փոխարեն իր սրտում բացարձակապես մի մոլություն է տիրում՝ արծաթսիրությունը:

Ագահ մարդը, որքան էլ իր մետաղյա արկղի մեջ փայլուն ոսկի դիզած լինի, աշխարհի ամենաաղքատն է: Ինչքան դրամ է դիզում, կարծես այդքան աղքատ է զգում իրեն, որքան ավելացնում է ոսկիները, այնքան բուռն բաղձանք է ունենում ավելին ունենալու՝ իր ունեցածից գոհ չմնալով. իհարկե այսպիսի վիճակը աղքատություն է նշանակում:

Երբ ագահությունը ծնունդ է առնում մարդու ներսում, նրա հոգին ինչքան էլ մաքուր լինի՝ այդ վայրկյանից ապականվում է. ագահը հագենալ ասված բանը չի հասկանում, ագահը նյութից կառչած, կարծում է, թե երջանկությունը միմիայն դրա մեջ է, չգիտի, որ «հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64), որ հոգին էլ իր բաժինն ունի՝ կարևորագույն բաժինը:

Երբ Հիսուս պատվիրում է. «զգուշանալ ագահությունից», շռայլություն չի հանձնարարում սակայն, քանզի շռայլությունն էլ, որ ագահության հակադիր ծայրահեղությունն է, մի մոլություն է, ասենք՝ հիմարության մի տեսակ: Շռայլը դրամի անհրաժեշտությունն ու արժեքը չգիտի, ընդհանրապես շռայլ լինում են նրանք, ովքեր անխոհեմ, անհեռատես են, և լուրջ աշխատասիրություն չունեն: Շռայլություն է, երբ անպետք բաների համար դրամ ենք վատնում: Ագահությունը զրկանք է անձին, մինչդեռ շվայտությունը անխնա վատնում է: Մսխած լինելու նպատակով ծախսելը անխոհեմություն է, եթե չասեմ՝ հիմարություն:

Շռայլությունը մարդկային հասարակության բարօրության թշնամին է: Այսպիսով, ագահությունը, ինչպես նաև շռայլությունը մոլություններ լինելով, ոչ մեկը և ոչ էլ մյուսն է հանձնարարվում Ավետարանում, քանզի երկուսն էլ մարդու բարոյական նկարագիրը բացարձակապես վտանգում են: Երկուսն էլ սպանում են մարդու կատարյալ լինելու ձգտումն ու բաղձանքը:

Այս երկու իրար հակառակ ծայրահեղություններից զգուշանալը առաքինություն է և ավելի մեծ առաքինություն և իմաստություն է ընտրել այս երկու ծայրահեղությունների միջինը՝ խնայողությունը:

Ոմանք կարծում են, թե խնայողությունը արծաթասիրության տեսակ է, սակայն ո՛չ, սա ֆիզիկական կյանքի ապագան ապահովելու զգուշություն և հեռատեսություն է: Պետք է կառավարել ինչքը և դրամը, պահել ձեռք բերածը և ամբողջը չծախսել, այլ մի մասն էլ ապագայի համար պահել, քանի որ շատ հավանական է, որ ապագան այնպիսի դժբախտ և անհաճո լինի, որ չկարողանանք տոկալ այդ անակնկալ պատահարներին. բայց երբ խնայողություններով կարողացել ենք դրամ հավաքել, պիտի կարողանանք առանց այդ անակնկալներից ընկճվելու՝ անդորրություն վայելել:

Ինչը որ խնայողություն է՝ արդեն շահված է, քանզի խնայողությունն էլ յուրատեսակ եկամուտ է. ծախսեր ունենք, որ կարելի է չանել առանց վնաս կրելու, արդարև անհրաժեշտ պիտանի ծախսերը պետք է անել, առանց որի դժբախտ և թշվառ նյութականացած ագահներ պիտի լինեինք:

Խնայողությունը պարտավորություն է. Հիսուս Ինքն է Իր օրինակով ներկայանում որպես խնայողություն անող. երբ Նա 5000 հոգու 5 հացով կշտացրեց, թույլ չտվեց, որ ավելացած կտորտանքները կորչեն, այլ պատվիրեց որ հավաքեն. այդ խնայողական հանձնարարությամբ էր, որ 12 սակառ հացի կտորտանք հավաքվեց, որով կարող էր ուրիշներին ևս հագեցնել:

Ոմանք ասում են. «Հապա ինչպե՞ս հասկանանք Հիսուսի այն պատվիրանը, թե «հոգ մի արեք վաղվա օրվա համար, վաղվա օրը իր համար կհոգա». բացատրենք Ավետարանի այս խոսքի իմաստը: Հիսուս Իր հավատացյալների հետ այս աշխարհից հետո Երկնքի արքայության մասին խոսելով պատվիրեց, որ հեթանոսների նման բազմահոգ և նյութապաշտ չլինենք, մեր հույսը միայն աշխարհի վայելքների վրա չդնենք այն եսասեր մեծատան նման, որ ասում էր. «Ով իմ անձ, բազում բարիքներ ունես ամբարած բազում տարիների համար, կեր, խմիր և ուրախ եղիր»: Հիսուսը «հոգ մի արեք վաղվա համար» խոսքն ասաց այն անձանց համար, որոնք առանց հոգևորի, երկնայինի մասին մտածելու, ապրում են միայն երկրավոր վայելքներով հղփացած, նրանց համար, ովքեր որպես զորություն և որպես ամեն ինչ միայն մամոնային են ճանաչում:

Նախահոգություն կամ խնայողություն երբեք չի արգելվում նրանց, ովքեր գիտեն Աստծո հովանու ներքո երկնային բաղձանքներով ապրել և ավելի սուրբ կյանքի ձգտել: Պետք է լավ իմանանք, որ ո՛չ Ավետարանը և ո՛չ էլ Ս. Գիրքը չեն պատվիրում, որ մարդը անհոգ լինի, քանի որ մարդը բանական է և նրա նախատեսության հոգածությունը բնական է:

Խնայողությունը խոհեմության դուստրն է, չափավորության քույրը և անհատականության մայրը: Նա ողջախոհության նկարագրի, պատվավորության, ընտանեկան դժբախտությունների դարմանման բացարձակ և աչալուրջ պահապանն է. ընկերական ազնվություն է ներշնչում և գոհունակություն առաջ բերում:

Առանց ծայրահեղության խնայողությունը առաքինություն է, մանավանդ հասարակական առաքինություն, բայց նաև նախ և առաջ անձնական առաքինություն է: Խնայողություն նշանակում է հաճույքների, վայելքների չափավորություն, և հետևաբար խոհեմություն և ժուժկալություն է:

Ո՜վ հավատացյալներ, եթե ցանկանում եք վաղը և ապագան ապահովել, ոչ միայն եկամտի բարվոք կանոնները սովորեք, այլ ավելին՝ խնայելու ձևը: Խնայողությունն է, որ ապահովում է մարդու վաղվա կյանքը: Դարձյալ կրկնում եմ. զգուշացեք ագահությունից, նաև շռայլությունից, խնայողությունն ընտրեք, և թող այն ձեր կյանքի գլխավոր կանոններից մեկը լինի:

Ձեր չափավորությամբ, խոհեմությամբ և խնայողությամբ պիտի կարողանաք կատարել առ Աստված և առ մարդիկ ունեցած ձեր պարտավորությունները, և հավատարիմ տնտեսներ լինել երկրի վրա և Աստծո արժանի որդիներ՝ երկնքում:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

08.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․