Գրքեր

«Խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ»

Աստծո կողմից արարված ամեն ինչ իր նպատակն ու նշանակությունն ունի: Խոսքը մարդու մտքի, զգացմունքների և ընդհանրապես մարդու ներքին բարոյական վիճակի արտահայտությունն է, ինչի շնորհիվ ճանաչվում է մարդը, ինչպես ծառը՝ իր պտղից: Մարդկային փոխհարաբերությունները ոչ միայն մարդուն են բնութագրում, այլ նաև Աստծո հանդեպ նրա հարաբերությունը: Աստվածահաճո մարդկային փոխհարաբերությունը պահանջում է ջանք ու եռանդ. ոչ միշտ է անհրաժեշտ խոսել, երբեմն անհրաժեշտ է լռել, լինել զուսպ և համբերատար: Գուցե դժվար է լինել համբերատար, երբ գործ ունես մեծամիտ մարդու հետ, ով բոլոր դեպքերում իրավացի է և ում հետ խոսակցությունը հիմնականում  վերածվում է վիճաբանության և ինքնաարդարացման: Ցավալիորեն, նման հարաբերության հիմքում հպարտության մոլուցքն է և ոչ թե ցանկությունը բացահայտելու իրերի կամ իրադրության ճշմարտացի լինելը: Ս. Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում գրել է. «Իսկ եթե ձեր սրտերում դառը նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը… որովհետև, ուր հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան» (Հակոբոս 3:14-16): Դառը նախանձն ու հակառակությունը վեճ և անհանդուրժողականություն են տարածում՝ անարգելով մարդու մեջ աստվածայինը:

Մարդուն արդարացնում է իր բարի և շինիչ խոսքը, իսկ չար խոսքը, հակառակը՝ դատապարտում է: Բարի խոսքը բարի սրտի նշանն է, իսկ չար խոսքը՝ չար: Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին ասել է. «Հարկավոր է անարժան և անվայել խոսելուց զուսպ լինել, որպեսզի չդատապարտվես ըստ Տիրոջ վճռի. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս 12:37)»: Ըստ Սուրբ Գրքի՝ դատաստանի ժամանակ մարդը Տիրոջ առջև պատասխան է տալու իր մտքերի, խոսքերի և գործերի համար: «Ոչ ուրիշի խոսքերի, այլ քո իսկ խոսքի հիման վրա է Դատավորը դատը կայացնելու: Ինչը կարող է սրանից ավելի արդար լինել, որովհետև քո իշխանության ներքո է խոսել կամ չխոսել: Այդ պատճառով ոչ թե չար խոսքերից պետք է վախենալ, այլ չարախոսելուց»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Իսկ Հովհաննես Սանդուղքն ասել է. «Նա, ով խոսակցության ընթացքում համառորեն ցանկանում է պարտադրել իր կարծիքը, թեև նա արդարացի լինի, թող իմանա, որ բռնված է դիվական ախտով»: Կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար եկեղեցու հայրերը հորդորում են չարդարանալ, անգամ, եթե վստահ ես քո ճշմարտացի լինելու մեջ: «Հոգեշահ գրքեր»-ում եկեղեցու հայրերն ինքնաարդարացման վերաբերյալ նշել են, որ ինքնաարդարացումը մարդուն դժոխք է տանում, ինքնաարդարացումից հրաժարումը խոնարհություն է սովորեցնում: Շատ դժվար է զիջել ուրիշներին: Սա կարող են անել զորեղները, իսկ թույլերը պնդում են իրենցը: Մի օր եղբայրը հարցնում է ծերին՝ ի՞նչ է մեծամտությունը, ծերը պատասխանում է՝ անձն արդարացնելը: Մեր նախահայրն ու նախամայրը՝ Ադամն ու Եվան, անհնազանդության մեղքի մեջ ընկնելով, փոխարենը խոնարհությամբ իրենց սխալն ընդունելու և զղջալու, Տիրոջ առջև արդարացան և զրկվեցին կյանքից:

Աստվածահաճո փոխհարաբերության ընթացքի մեջ գտնվելու համար Ս. Պողոս առաքյալը հորդորում է. «Մի՛արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպպեցիներ 2:3): Սույն համարը Ս. Հովհան Ոսկեբերանը մանրամասնելով մեկնել է. «Ահա, թե որտեղից բոլոր չարիքների՝ վեճերի, զրպարտությունների, հակաճառությունների պատճառը, ահա, թե որ դեպքում է սերը սառչում, երբ ձգտում ենք մարդկային փառքին, երբ դառնում ենք փառասիրության ստրուկներ: Փառասիրության ստրուկը չի կարող դառնալ Աստծո ճշմարիտ որդին: Ինչպե՞ս կարող ենք խուսափել փառասիրությունից, այդ ուղին ցույց է տալիս առաքյալը՝ խոնարհ հոգով ձեր ընկերներին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ: Եթե դու ենթադրես, որ ուրիշն ավելի լավն է, և դու քեզ դրանում կատարելապես համոզես ոչ միայն խոսքով, այլ գործով՝ նրան պատիվ մատուցելով, դու վատ չես զգա՝ տեսնելով, թե ինչպես են պատվում նրան, ում դու ևս պատվի ես արժանացրել: Դու չես բարկանա անգամ, եթե նա, ում դու պատվի ես արժանացրել, քո հանդեպ չարիք գործի: Չես էլ նախանձի նրան, քանի որ ոչ ոք չի նախանձում նրան, ով իրենից բարձր է: Եվ եթե նա, ով քեզանից պատվի է արժանացել, նույնպիսի տրամադրվածություն ունենա քո հանդեպ, ապա պատկերացրու, թե ինչպիսի բարեհոգության կրկնակի պատնեշ կձևավորվի»:

Խորհենք, խոսենք, թե գործենք, այսինքն՝ մեր կյանքի յուրաքանչյուր պահը համեմենք խոնարհությամբ, քանի որ «ինչպես առանց աղի ամեն կերակուր անհամ է, այդպես էլ առանց խոնարհության՝ յուրաքանչյուր առաքինություն» (Իսահակ Ասորի):

 

Կարինե Սուգիկյան

 

05.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․