Գրքեր

Խոնարհության մասին

Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց և ասաց. «Ինչո՞ւ խոնարհվեմ և ընկնեմ նրա առաջ, ով իմ հանդեպ թշնամություն ունի և չի մաքրում իր սիրտն իմ նկատմամբ»: Ծերն ասաց. «Ինձ ճշմարի՛տն ասա` դու քո սրտում քեզ արդար չե՞ս համարում, երբ քեզ խոնարհեցնում ես նրա առաջ, թե` նա՛ իմ հանդեպ հանցանք գործեց, իսկ ես հանուն պատվիրանի խոնարհվում եմ նրա առաջ»: Եղբայրն ասաց.«Այո՛, այդպես է»: Ծերը նրան ասաց. «Դրա համար էլ Աստված չի օգնում նրան՝ անսալու քեզ և մաքրելու իր սիրտը քո նկատմամբ, որովհետև դու չես գնում նրա մոտ իբրև հանցավոր, այլ քեզ արդար ես համարում և կարծում ես` մեղավորն ինքն է: Բայց եթե նա նույնիսկ հանցանք գործած լինի քո հանդեպ, քո մտքում այսպես ասա` ե՛ս հանցանք գործեցի նրա նկատմամբ, և քո եղբորը արդարացրո՛ւ, այնժամ Աստված կկատարի քո կամքը, քանզի կմաքրվեն նրա խորհուրդները քո հանդեպ: Եվ ծերը այսպիսի մի օրինակ պատմեց. «Մի քանի երկյուղած աշխարհականներ կային, որոնք, միաձայն խորհուրդ անելով, գնացին և մենակյացներ դարձան: Եվ Աստծո նախանձախնդրությունից դրդված, Ավետարանական խոսքը չհասկանալով՝ ներքինացրին իրենց` կարծելով, թե դա հանուն երկնքի Արքայության է: Ալեքսանդրիայի եպիսկոպոսը, լսելով այդ, հեռացրեց նրանց սուրբ Հաղորդությունից: Իսկ նրանք, կարծելով, թե իրենք ազնիվ արարք են կատարել, զայրացան նրա վրա և ասացին. «Մենք հանուն երկնքի Արքայության ներքինացրինք մեզ, իսկ սա մեզ մերժում է: Եկե՛ք գնանք Երուսաղեմի եպիսկոպոսապետի մոտ և ասենք դրա մասին»: Եվ գնացին ու ամեն ինչ պատմեցին նրան: Երուսաղեմի եպիսկոպոսապետն ասաց. «Ես էլ եմ ձեզ մերժում»: Խռովված ետ դարձան և գնացին Անտիոքի եպիսկոպոսապետի մոտ և պատմեցին ողջ եղելությունը, և նա էլ մերժեց նրանց: Միմյանց ասացին. «Եկե՛ք գնանք Հռոմի հայրապետի մոտ, և նա մեր վրեժը կառնի սրանցից»: Գնալով Հռոմի պապի մոտ՝ պատմեցին նրան, թե ինչ ասացին իրենց եպիսկոպոսապետերը, և ասացին. «Ահա քեզ մոտ եկանք, քանզի դու ես բոլորի գլուխը»: Եպիսկոպոսապետն ասաց. «Ես ևս մերժում եմ ձեզ, և դուք հեռացված եք (եկեղեցուց)»: Այնժամ վարանումի մեջ ընկնելով` ասացին. «Սրանք ընկերն ընկերոջը հաճոյանում են` սինոդոսում ժողովվելիս իրար պաշտպանելու համար. եկե՛ք գնանք Աստծո սուրբ Եպիփան Կիպրացու մոտ, որովհետև մարգարե է և աչառություն չի անում»: Եվ երբ մոտեցան սուրբի քաղաքին, նրան հայտնություն եղավ նրանց մասին, և մարդ ուղարկեց նրանց հանդիման, հալածեց նրանց և ասաց. «Իմ քաղաքը ևս մի՛ մտեք»: Այնժամ սկսեցին խոսել միմյանց հետ և ասել. «Արդարև մենք հանցանք գործեցինք, ինչո՞ւ ենք արդարացնում մեզ: Ասենք` նրա՛նք անիրավությամբ մերժեցին մեզ, մի՞թե և այս մարգարեն. չէ որ Աստված հայտնեց նրան մեր մասին»: Եվ սաստիկ մեղադրեցին իրենց` կատարած հանցանքի համար: Այնժամ սրտագետն Աստված, գիտենալով, որ իրենք իրենց ճշմարտապես դատապարտեցին, հայտնեց հայր Եպիփան Կիպրացուն և Ինքն իսկ ուղարկեց նրան` մխիթարելու նրանց: Եվ Եպիփանը նրանց հավաքելով մի տեղ՝ գրեց Ալեքսանդրիայի եպիսկոպոսապետին և ասաց. «Ընդունի՛ր քո որդիներին, որովհետև ճշմարտությամբ ապաշխարեցին»: Ահա այս է մարդու բժշկությունը, և այս է կամենում Աստված, որ մարդը հանձն առնի իր հանցանքներն Աստծու առաջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․