Գրքեր

Խորհրդատետր-Պատարագամատույց

Խորհրդատետր-Պատարագամատույցը Սբ. Պատարագի արարողության գիրքն է: Այն Հայ եկեղեցու աստվածպաշտական ծիսական գրքերից է, որը պարունակում է Սբ. Պատարագի խորհուրդը, մատուցման կարգը, արարողության ժամանակ երգվող երգերն ու բարձրաձայն և ծածուկ արտասանվող աղոթքները, որ գործածում է պատարագիչ քահանան:

Սբ. Պատարագի արարողության կարգը առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Մեր եկեղեցում սկզբնապես գործածվել է Սուրբ Հակոբոս Տեառնեղբոր կողմից գրված և Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի ծիսարանից լրացված Խորհրդատետրը: Հայ եկեղեցին ժամանակի ընթացքում հայացրել է մի շարք Պատարագամատույցներ, որոնք հայտնի են բարսեղյան, նազիանզյան, ոսկեբերյան, հռոմեական անուններով:

Պատարագամատույցները հետագայում մշտապես փոփոխության են ենթարկվել և վերախմբագրվել եկեղեցու հայրերի կողմից՝ ամեն անգամ լրացվելով Սբ. Պատարագի իմաստը բացահայտող խորհուրդներով, աղոթքների, քարոզների, ծիսական արարողությունների, երաժշտության և այլ փոփոխություններով: Այն լրացրել են մեր եկեղեցու նշանավոր հայրեր՝ Սուրբ Հովհան Մանդակունին և Սբ. Գրիգոր Նարեկացին:

Սբ. Գրիգոր Լուսավորիչը, Կեսարիայից բերելով բարսեղյան Պատարագամատույցը, Սբ. Պատարագի արարողության կարգը ավանդեց Հայ եկեղեցուն և դարձրեց կիրարկելի:

Ժամանակի ընթացքում այդ Պատարագամատույցը հայացվել ու մշակվել է Հայ եկեղեցու հայրերի կողմից և այսօր էլ գործածվում է մեր եկեղեցում: Այն հետզհետե ավելի ճոխացավ և վերջնական ձև ստացավ Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ թարգմանիչների և Սբ. Հովհան Մանդակունի հայրապետի ձեռքով:

10-րդ դարում Հայոց Պատարագամատույցը արդեն ստանում է իր վերջնական ձևը, որի մասին խոսում են ժամանակակից նշանավոր դեմքեր՝ Խոսրով Անձևացին և Ներսես Լամբրոնացին:

Չնայած այսքան փոփոխությունների՝ Սբ. Պատարագի արարողության գլխավոր և էական մասերը այսօր էլ բոլորովին նույնն են, ինչպես որ այն կատարվում էր քրիստոնեության առաջին դարերում:

Կան եկեղեցիներ, որոնք մի քանի Պատարագամատույցներ ունեն, իրարից տարբեր, որոնք բոլորն էլ իրենց համար մնում են գործածական: Օրինակ, Մեծ պահքի ընթացքում Ռումին Օրթոդոսք եկեղեցին, փոխն ի փոխ, տարբեր Պատարագամատույցներով է կատարում Սուրբ Խորհրդի արարողությունը: Սակայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հնուց ի վեր, միաժամանակ մի քանի Պատարագամատույցներ չի գործածել, այլ ընդունել է մեկ Պատարագամատույցի դրությունը:

Այսօր Սբ. Պատարագի արարողությունը, իր նախնական ձևի մեջ, թեև օտար Պատարագամատույցի թարգմանություն է, սակայն դարերի ընթացքում իր կրած փոփոխություններով, իր հայոց լեզվի կատարելությամբ, ծիսական ուրույն նկարագրով և, մանավանդ հայկական երաժշտությամբ ստացել է հայկական գունավորում:

Խորհրդատետր-Պատարագամատույցը միշտ դրված է լինում Սուրբ Սեղանի ձախ կողմում փոքրիկ գրակալի վրա:

Հայերեն Խորհրդատետր-Պատարագամատույց առաջին անգամ տպագրել է Հակոբ Մեղապարտը, 1513թ-ին, Վենետիկում:

Հայոց Խորհրդատետր-Պատարագամատույցը գլխավորապես կազմված է կապադովկյան հայրերի՝ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հեղինակած Պատարագամատույցից: Եվ ըստ հայոց Պատարագամատույցի՝ Սբ. Պատարագի արարողությունը բաժանվում է հետևյալ մասերի.

Ա. Պատրաստություն

Բ. Ճաշու պաշտոն

Գ. Կանոն Սբ. Պատարագի

Դ. Արձակում

«Պատարագ» բառը զանազան իմաստներ ունի՝ զոհ, նվեր, ընծա և այլն: Սբ. Պատարագը Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է: Զոհաբերվողը հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է, որ յուրաքանչյուր Պատարագի ժամանակ՝ որպես բանական զոհ, ընծայաբերվում է Աստծուն մարդկանց մեղքերի քավության և թողության համար: Սբ. Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Սուրբ Հաղորդության խորհուրդը, որը հաստատել է մեր Տեր Հիսուս Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ: Նա վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և բաժանեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, սա Իմ Մարմինն է»: Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն և տվեց Իր աշակերտներին՝ ասելով. «Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա Իմ Արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծո հետ և որը շատերի համար թափվում է իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս 26:26-28): Այնուհետև աշակերտներին պատվիրեց կատարել այդ խորհուրդը. «Կատարեցե՛ք այս Իմ հիշատակի համար» (Ղուկաս 22:19): Հիսուս Քրիստոս բազում չարչարանքներ կրեց, խաչվեց մարդկային ազգի փրկության համար, խաչի վրա հեղված Իր կենարար Արյամբ գնեց մեր մեղքերը. «Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1:29), որով և հաստատեց մեզ համար այնքան թանկ ու նվիրական սրբազան Խորհուրդը՝ իբրև ճշմարիտ Պատարագ: Նա Իր անձը մատնեց մեզ համար՝ որպես անուշահոտ պատարագ ու զոհ՝ Աստծուն: Հիսուս Քրիստոս, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ Իր Սուրբ Մարմինն ու Արյունը: Սուրբ Հաղորդությունը մեր հարատև սնունդն է, ավելացնում է աստվածային շնորհը և դեղ է մեր ամենօրյա մեղքերին: Եվ այնուհետև բոլոր քրիստոնյա եկեղեցիները սրբությամբ կատարում են այդ փրկչական ավանդը՝ Պատարագի Սուրբ Խորհուրդը:

Սբ. Պատարագի արարողությունը կատարողը՝ Պատարագ մատուցողը, պատարագիչ քահանան է: Այս Սուրբ Խորհուրդը իրավունք ունի կատարելու ոչ միայն քահանան, այլ նաև այդ նվիրապետական աստիճանից բարձր մյուս հոգևորականները: Պատարագիչ քահանայի ու ժողովրդի (դպիրների) միջև միջնորդը սարկավագն է: Վերջինս քահանայի օգնականն է և սպասավորը: Դպիրները ներկայացնում են ժողովրդին, և այն, ինչ երգում են, արվում է ժողովրդի անունից, լինի դա պատասխան, թե գոհունակության արտահայտություն, թե խնդրանք:

Սրբազան այս Խորհուրդի համար պետք է գործածվի մաքուր և զուտ ցորենի ալյուրից պատրաստված թարմ բաղարջ (անթթխմոր հաց) և անապական գինի՝ առանց ջուր խառնելու:

Սբ. Պատարագ մատուցվում է եկեղեցում և այն բոլոր մատուռներում, որտեղ օծված վեմ քար կա:

Առաքելական շրջանում Սուրբ Պատարագը ամեն օր ամենապարզ, նախնական ձևով էր կատարվում (Գործք Առաքելոց 2:46), իսկ հետո սովորություն դարձավ Սուրբ Պատարագը մատուցել շաբաթ, կիրակի և սրբերի հիշատակության օրերին:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

15.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․