Գրքեր

Կինը և եկեղեցին

Ըստ կրոնական, քրիստոնեական տեսակետի` որո՞նք են կնոջ և տղամարդու դերակատարության տարբերությունները:

Աստվածաշնչում ասվում է, որ սկզբում ստեղծվեց տղամարդը, հետո` նրա կողից կինը` որպես տղամարդու օգնական (Ծննդ. 2.18): Սակայն Աստծո կողմից երկուսին էլ հավասարապես իշխանություն տրվեց իշխելու բնության, կենդանական աշխարհի վրա: «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»,- ասվում է առաջին մարդկանց (Ծննդ. 1.28): Այս տիրելը, իշխելն առաջին հերթին չի նշանակում սպառելու, օգտագործելու վարմունք, այլ նախ և առաջ խնամքի, հոգածության ցուցաբերում: Աստվածաբանության մեջ աստվածաշնչյան այս համարն է նաև գործածվում` ցույց տալու համար Աստծո կողմից մարդու կարգվելը որպես արարչագործության տնտես: Աստվածաշնչում հենց այս իմաստով է գործածված իշխանություն հասկացությունը, և տղամարդու` կնոջ նկատմամբ գլխավոր լինելը հոգատարության, խնամքի իմաստով պետք է հասկանալ:

Երբ առաջին մարդիկ վտարվեցին դրախտից, Աստված դժվարություններ դրեց այն գործունեությունների մեջ, որոնք հատուկ էին տղամարդուն և կնոջը: Տղամարդուն ասվեց, որ քո երեսի քրտինքով պիտի ուտես քո հացը, իսկ կնոջը ցավ ու դժվարություններ տրվեցին որդեծնության մեջ (Ծննդ. 3.16, 19): Այս իրողությունը ցույց է տալիս, որ հատկապես տղամարդը պիտի զբաղվի ընտանիքի համար հաց հայթայթելով, այսինքն` ընտանիքի խնամքով ու հոգածությամբ, իսկ կնոջը հատուկ է որդեծնությունը, մայրական բնազդը, և դրանցով պայմանավորված` կանացի առանձնահատուկ գործը դաստիարակության ու կրթության կամ կանանց բնորոշ այլ գործունեության: Սակայն եթե կինը, իր կոչումն արժևորելով, զբաղվում է նաև հասարակության մեջ օգտակար գործունեությամբ, ապա դա գովելի է համարվում Եկեղեցու կողմից: Խրիմյան Հայրիկը ընտանիքի մասին իր ստեղծագործության մեջ ընտանիքը նմանեցնում է մի թագավորության, որտեղ թագավորը ամուսինն է, թագուհին` կինը: Ուրեմն, խտրականություն չենք դնում տղամարդու և կնոջ միջև ստորակայության կամ գերակայության իմաստով, այլ նշում ենք մարդկային կյանքում կնոջ ու տղամարդու դերակատարության տարբերությունը:

 

Աստվածաշնչում կարծես թե կնոջ ստորակայությունը նշող խոսքեր կան. «Աղոթքի ժամանակ կինը պետք է գլխաշորով լինի, իսկ տղամարդը` գլխաբաց» (Ա Կորնթ. 11.4-7, 10, 13), «կինը հնազանդ պետք է լինի ամուսնուն» (Ծննդ. 3.16, Եփ. 5.22, 24): Արդյո՞ք Եկեղեցին ընդունում է, որ կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են բոլոր ոլորտներում:

Աստվածաշնչում ասվում է, որ կինն ստեղծվեց տղամարդու համար, և ոչ թե տղամարդն է ստեղծվել կնոջ համար (Ծննդ. 2.18, Ա Կորնթ. 11.8-9): Պողոս առաքյալը նշում է, որ մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը` մարդը, և երբ կինն աղոթքի կանգնի, պետք է գլխին քող դնի: Տղամարդը գլխաբաց կարող է կանգնել, որովհետև, որպես խորհրդանիշ, մարդու իշխանությունը կնոջ հանդեպ արտացոլում է Աստծո իշխանությունն արարածների հանդեպ, իսկ կինը ներկայացնում է նաև իր գլուխը, որը տղամարդն է` մեղավոր արարած: Դրա համար էլ ծածկում է իր գլուխը Աստծո առջև գտնվելու, աղոթքի պահին: Այսինքն` խոսքն այստեղ խորհրդանշանների, համապատասխան իրողությունը խորհրդաբար ներկայացնելու մասին է: Այդ իշխանությունը, ինչպես նշեցինք, հիմնականում ենթադրում է սեր ու հոգածություն և ոչ թե տիրապետության, տիրոջ և ստրուկի հարաբերություն: Եվ քողը խորհրդանշում ու հիշեցնում է նաև Աստծո հոգածությունը արարածների հանդեպ և տղամարդու պարտավորությունը կնոջ հանդեպ` սիրո, հոգատարության, հավատարմության ցուցաբերումով: Ուրեմն, քողը, իբրև խորհրդանիշ, այս հիշեցումն է, և ոչ թե կնոջ ստորադասումը, քանզի քողի գործածության մասին պատվիրած առաքյալը նաև ասում է, որ Քրիստոսով այլևս խտրություն չկա կնոջ և տղամարդու միջև (Գաղ. 3.28):

Կնոջ և տղամարդու իրավունքներին անդրադառնալիս պետք է նշել, որ շփոթում կա այս առումով: Քրիստոնեությունը խոսում է կնոջ և տղամարդու դերակատարության տարբերության մասին, ինչը, սակայն, հաճախ ընկալվում է իրավունքների սահմանափակման առումով: Ե՛վ կինը, և՛ տղամարդն ունեն հավասար իրավունքներ բոլոր առաքինի գործերում, սակայն նրանց դերակատարությունը տարբեր է, քանզի կնոջը հատուկ գործառույթները տղամարդը չի կարող անել: Հին Կտակարանի ժամանակներում կանանց իրավունքների սահմանափակում կար բազմակնության, հասարակության մեջ ընդունված կնոջ ստորակայության սովորությամբ: Սակայն քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ վարկն ու հեղինակությունը: Քրիստոս իր ծննդյամբ և Հարությամբ առաջինը պատվեց կանանց: Աստծո մարդեղացումը եղավ կնոջ միջոցով և Հարության ժամանակ Քրիստոս առաջինը երևաց կին էակին` Մարիամ Մագդաղենացուն (Մարկ. 16.9, Հովհ. 20.11-18): Աստվածածինը համարվեց քրիստոնեության ամենահեղինակավոր սուրբը:

Այսօր, սակայն, մեր իրականության մեջ ընտանիքներում իշխանությունը հաճախ հասկացվում է հեթանոսական և ոչ քրիստոնեական ընկալմամբ: Շատ ընտանիքներում տղամարդիկ բազմոցին բազմած իրենց զգում են պարսից շահի պես, և կինը նրա առջև պետք է մատուցողի, աղախնի, խոհարարի, ափսեներ լվացողի և հետո էլ իր հաճույքը բավարարողի դեր ստանձնի: Սա ճիշտ մոտեցում չէ, մանավանդ երբ կինը նույնպես աշխատում և կամ էլ տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ ծանրաբեռնված է: Տղամարդկությունը կնոջը ծառայեցնելու մեջ չէ, այլ ընտանեկան իրավիճակում իրական տղամարդկությունը կնոջը հարգելն ու օգնելն է, խնամք ու սերը արտահայտելը, անգամ կենցաղային, տնային գործերում միասին լինելը: Պետք է հիշենք առաքյալի խոսքը, ով իմաստուն կերպով ասում է. «Բայց կինն առանց մարդու և մարդն առանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը` կնոջ միջոցով, և ամեն ինչ` Աստծուց» (Ա Կորնթ. 11.11-12):

 

Հայ կնոջ դերը մեծ է եղել ընտանիքի պահպանման, զավակների կրթության, դաստիարակության հարցում, նախկինում` նաև եկեղեցական կյանքում: 8-րդ դարում Հայ Առաքելական Եկեղեցին ունեցել է կին շարականագիր՝ Սահակադուխտ Սյունեցին, ինչպես նաև գրչուհիներ ու կույսեր, ովքեր իրենց կյանքը նվիրել են Եկեղեցուն, հավատքին: Ինչո՞ւ նրանցից շատ տեղեկություններ չեն պահպանվել:

Մեր շարականագիրները հիմնականում եղել են Կաթողիկոսներ, ազգային-եկեղեցական նշանավոր գործիչներ, և նրանց մասին լայն տեղեկությունները պայմանավորված են նրանց առաքելության կարևորությամբ, որոնց մասին հիշատակել են պատմիչները: Կին շարականագիրների մասին տեղեկությունները սակավ են, որովհետև նրանք լայն գործունեության շրջանակ չեն ունեցել, եղել են միանձնուհի կամ ընտանեկան շրջանակի անձ: Կին շարականագիրներից հայտնի են Սահակադուխտը և Խոսրովիդուխտը: Սահակադուխտը Դվինի կաթողիկոսարանի ավագերեց Սահակի դուստրն էր, Ստեփանոս Սյունեցու քույրը, ով վաղ հասակից կուսության ուխտ անելով` մինչև մահը ճգնել է Գառնիի կիրճի քարանձավներից մեկում: Իսկ Խոսրովիդուխտը Սուրբ Վահան Գողթնեցու քույրն է, ում գրած շարականը նվիրված է իր եղբորը, և եկեղեցիներում երգվում է Վահան Գողթնեցու տոնի օրը:

Հայ գրիչների հետ եղել են նաև կին գրչուհիներ: Մինչ այժմ հայտնի են 22 կին գրչուհիներ, ովքեր մեծ մասնակցություն են ունեցել ձեռագրերի ընդօրինակման և նկարազարդման աշխատանքների մեջ: Հայտնի է Վասպուրականի Գագիկ թագավորի կին Մլքե թագուհու Ավետարանը, ով այդ Ավետարանը պահպանել է և հանձնել եկեղեցուն, հորդորել իր ամուսնուն կառուցել Վանի Սուրբ Խաչ եկեղեցին, որի վրա և պահպանված է թագուհու պատկերաքանդակը: Թագուհին ներկա է գտնվել բարձրաստիճան հյուրերի, դիվանագետների ընդունման արարողություններին, բանակցություններին: Սյունյաց Մարիամ իշխանուհին կառուցել է Սևանավանքի Սուրբ Առաքելոց, Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Սանահինի վանքի Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է Աշոտ Գ Ողորմած թագավորի կին Խոսրովանույշը, գրատունը` Հրանուշ թագուհին: Խոսրովանույշը կառուցել է նաև Հաղպատավանքի Սուրբ Նշան եկեղեցին:

Մեր պատմիչները հիացմունքով են խոսում կանանց մասին, ովքեր տղամարդկանց հետ կողք կողքի պայքարել են նաև հավատքի ու հայրենիքի պաշտպանության համար: Սամուել Անեցի պատմիչը հիշատակում է Այծեմնիկ անունով հայուհուն, ով հերոսաբար պայքարում էր Անիի պաշտպանության համար, Սուրբ Եղիշե պատմիչը մեծ հիացմունքով է խոսում Վարդանանց պայքարին կանանց մասնակցության մասին` նրանց անվանելով հայոց աշխարհի փափկասուն տիկնայք, ովքեր, իրենց փափկությունը մի կողմ դնելով, կնոջ բնությանն ու ֆիզիկական կառուցվածքին հատուկ տկարությունը մոռանալով, ամենայն քաջությամբ լծվեցին պայքարի գործին: Եկեղեցական տոնացույցում ընդգրկված են նաև կին սրբուհիներ, ովքեր քրիստոնեական կյանքի օրինակ են ծառայում տղամարդ և կին բոլոր քրիստոնյաների համար:

Այսպիսով, Եկեղեցու կողմից կանանց սրբադասումը, մեր պատմիչների մեծ հիացմունքը, հասարակական և հայրենիքի պաշտպանության գործին տղամարդկանց կողքին նաև կանանց մասնակցությունը, Եկեղեցու ծիսական արարողակարգում նաև կանանց ստեղծագործությունների ներգրավումը և նրանց ստեղծագործությունների կանոնականացումը ցույց են տալիս, որ հայ կյանքում մեր նախնիները հեռու են եղել կանանց ստորակարգելու ընթացքից, և մեծապես գովելի են համարել նաև կանանց ազգօգուտ ու օգտաշատ գործունեությունը:

 

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը:

Պատմության մեջ մինչև 20-րդ դարը կին հոգևորականներ չեն եղել: 20-րդ դարում ֆեմինիստական շարժումը բերեց այն գաղափարը, որ քաղաքական, հասարակական, տնտեսական բնագավառներում կանայք ևս կարող են տղամարդկանց համահավասար գործունեություն իրականացնել: Այս շարժումն աշխուժացավ հատկապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում միլիոնավոր տղամարդիկ էին զոհվել, և, հետևաբար, կանայք պետք է առավել գործուն դեր ստանձնեին հասարակական կյանքում: Պետք է ասել, որ կանայք չունեին քվեարկության իրավունք, սահմանափակ էին քաղաքական, տնտեսական գործունեության իրավունքները: Եվ արդարացիորեն պայքարելով այս ամենի դեմ` ֆեմինիզմը հասավ ծայրահեղության` ցուցումներ բերելով նաև սեռական հարցերում կանանց ազատության ու նաև սանձարձակության, իր մարմնի տնօրինման իրավունքի գաղափարով արհեստական վիժեցման, նույնասեռական հարաբերությունների մեջ գտնվելու ցանկության իրավացիության և այլ մերժելի իրողությունների վերաբերյալ: Տղամարդկանց հետ համահավասար գործունեություն իրականացնելու ձգտումը ծայրահեղության հասավ նաև եկեղեցական ոլորտում, որտեղ կանայք պայքարում էին նույնպես քահանայական աստիճանին բարձրանալու համար: Ի վերջո, բողոքական եկեղեցիները սկսեցին ազատ մեկնաբանություն ցուցաբերել քրիստոնեական ավանդույթների առնչությամբ, քանզի ի սկզբանե ընդհանրապես մերժում են սրբազան ավանդությունը: Սրանից զատ արևմտաեվրոպական բողոքական եկեղեցիները քրիստոնեական ավանդական ընկալումներն ու արժեքներն աղավաղեցին՝ ըստ սեփական հայեցողության: Այս եկեղեցիներում նախ ընդունելի ու գովելի համարվեց միասեռականությունը, այնուհետև սկսեցին միասեռականներին օրհնել եկեղեցիներում, հետո նաև այդպիսիների պսակի արարողություն կատարել, և այն բոլոր եկեղեցիները, որոնք ընդունեցին միասեռականությունն իբրև սովորական երևույթ քրիստոնյայի համար, այսօր հենց այդ նույն եկեղեցիներն են, որ ընդունում են կանանց ձեռնադրությունը, քահանայությունը, եպիսկոպոսացումը: Ուրեմն, սա ցույց է տալիս, որ այդ եկեղեցիների դիրքորոշումները կամայական են:

Պատմականորեն առաքյալները միայն տղամարդիկ են եղել, Քրիստոս միայն տղամարդկանց ընտրեց Իր պատվիրած առաքելության իրականացման համար: Առաքյալի հորդորներում ևս պատվերներ կան միայն տղամարդկանց հոգևոր ծառայության կոչելու (Ա Տիմ. 5.17, Տիտ. 1.5-7): Աստվածաշնչի մեկնության տեսակետից սա բացատրվում է հարուցյալ Քրիստոսի արգելքով, երբ Քրիստոս արգելում է Մարիամ Մագդաղենացուն մոտենալ իրեն (Հովհ. 20.17), ինչը բացատրվում է նաև եկեղեցական ծառայության ոլորտում կնոջն ուղղված արգելքի իմաստով: Կանայք չեն կարող եկեղեցու խորան բարձրանալ, եկեղեցական կանոններով Մկրտության ժամանակ նույնիսկ արգելված էր կանանց մոտենալու մկրտության ավազանին, որովհետև մկրտությամբ ժառանգորդ ենք դառնում Երկնքի արքայության և հավիտենական կյանքի, որից մարդիկ զրկվել էին կնոջ մեղքի պատճառով: Սակայն այս սահմանափակումը ոչ թե դատապարտություն է կանանց հանդեպ, այլ արարողության ծիսական-խորհրդանշական լեզվով հիշեցում առաջին մարդկանց մեղսագործության ու անկման, որպեսզի մարդիկ միշտ զգոն լինեն, դիմակայեն չարի փորձություններին և կարողանան ապրել աստվածային կամքի համաձայն:

Հայ իրականության մեջ, սակայն, եղել են սարկավագուհիներ, ովքեր օգնել են քահանային եկեղեցական սպասավորություն կատարելու: Բայց դա կրել է միայն տեղական բնույթ, համընդհանուր և կանոնական չի համարվել ողջ Եկեղեցու համար, և գործադրվել է հատկապես կանանց վանքերի, կուսանոցների պարագայում: Եկեղեցում հարգվել է կին սարկավագների ծառայությունը, և երբ անհրաժեշտություն է եղել, եպիսկոպոսի թույլտվությամբ նաև կանայք են եկեղեցական այդ աստիճանը ստանձնել և եկեղեցուն մեծ օգտակարություն բերել նաև այս ոլորտում: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գլխավոր մուտքի դուռը Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս վանքի միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին 1889 թ., ինչը և վկայում է դռան վրայի փորագրությունը:

 

Մայր Թերեզան իր առաքելությամբ չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք Հայ Եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:

Մայր Թերեզան մարդկանց ծառայելու կոչված տղամարդկանց ոչնով չի զիջել և շատ անգամներ նույնիսկ գերազանցել է սոցիալական ծառայության, դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու սպասավորության մեջ: Նա կին հոգևորական չի եղել, այլ Կաթոլիկ Եկեղեցու կանացի միաբանության անդամ: Իհարկե, այսօր էլ բոլոր հասարակություններում նման նվիրյալ կանանց կարիքը կա: Մենք սփյուռքի թեմերում ունենք կանանց կազմակերպություններ, որոնք նաև Հայաստանում են գործունեություն ծավալում: Այդ կազմակերպություններում համախմբված կանայք իրենց խնամատար, սոցիալական ծառայությունն են մատուցում: Հայաստանում ևս կան ընտանիքների, կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, որոնցում ներգրավված են հիմնականում կանայք, և գովելի է, որ կանայք այդպիսի օգտաշատ գործունեություն են ծավալում:

 

Տղամարդը միշտ կես-կատակ, կես-լուրջ, կնոջը մեղադրել է դրախտից վտարվելու համար: Սուրբ Մարիամ Աստվածածնի միջոցով վերաբերմունքը կարծես փոխվում է կնոջ կերպարի հանդեպ: Հայ եկեղեցին տոնում է նշանավոր սրբուհիների տոները, որոնցից են Սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Մարիանեն և այլք, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Քրիստոսի: Ժամանակակից կինը թե՛ մտավոր, թե՛ հոգևոր առումով մեծ փոփոխություն է կրել: Այսօր հայ կինն ինչպե՞ս կարող է ներգրավվել Եկեղեցու գործունեության մեջ:

Եկեղեցական տոնացույցում ներգրավված են կին սրբեր, ովքեր օրինակ են հանդիսանում բոլոր ժամանակների կին թե տղամարդ քրիստոնյաների համար: Տղամարդ և կին սրբերին նվիրված տոներ կարգելով, վարքագրություններով նրանց օրինակը հավասարապես մատուցելով բոլոր հավատացյալներին` Եկեղեցին նույնապես գնահատել է սրբերի և սրբուհիների անձնազոհությունը, նվիրյալ կյանքն ու գործունեությունը` հանուն Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու: Հայ եկեղեցական անդաստանում գործում են տիկնանց կազմակերպություններ: Այս կազմակերպությունները կանոնակարգված գործունեություն են իրականացնում հատկապես կազմակերպված ծուխերում: Տիկնանց կազմակերպության անդամներն օգնում են և աջակից են եկեղեցական արարողությունների, միջոցառումների կազմակերպման, հանդիսությունների իրականացման գործում: Եկեղեցական տարբեր կառույցներում, ծխական, թեմական խորհուրդներում, գրասենյակային, վարչական աշխատանքներում ներգրավված են կանայք, ովքեր ըստ իրենց ունակությունների նաև կարող են ստանձնել բարձր պաշտոններ: Այսօր էլ Եկեղեցին կարիքն ունի նվիրյալ կանանց և սիրով սպասում է, որ առավել կստվարանան կանանց շարքերը, ովքեր բարեսիրական, տիկնանց, ծխական, թեմական կազմակերպությունների կամ եկեղեցական կառույցների մեջ ներգրավվելով` իրենց բարի ծառայությունը կբերեն մեր Սուրբ Եկեղեցուն:

 

Արդյոք ճիշտ չէ՞ նաև Եկեղեցու կողմից կնոջ և տղամարդու միջև հավասարությունը շեշտելն ու հաստատելը:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու ակնառու հոգևորականներից քահանա Ալեքսանդր Շմեմանը, ով հայտնի է աստվածաբանական ու եկեղեցաբանական լուրջ աշխատություններով, ասում է, որ հավասարության հիմքում ընկած համեմատությունը չարիքի աղբյուրն է. այն բերում է ապստամբության և բաժանումի: Դա սատանայի ծագումնաբանությունն է: Հավասարությունը հաստատվում է որպես տարբերությունների անպիտանություն: Հավասարության սատանայական սկզբունքին քրիստոնեությունը հակադրում է սերը, որի էությունը համեմատության բացակայության մեջ է: Աշխարհում չկա և չի կարող լինել հավասարություն, քանի որ աշխարհն ստեղծված է սիրով և ոչ թե սկզբունքներով:

Աշխարհը կարիք ունի սիրո և ոչ թե հավասարության: Հենց սիրո մեջ է արմատավորված մարդու երկվությունը` որպես տղամարդու և կնոջ: Դա սխալ չէ, որը մարդկությունը կարող է ուղղել հավասարությամբ, և կամ թերություն, պատահականություն չէ, այլ կյանքի էության առաջին և գոյաբանական արտահայտությունը: Սա նշանակում է, որ ոչ մի հավասարություն չկա, այլ կա գոյաբանական տարբերություն, որ հնարավոր է դարձնում սերը, այսինքն` միավորությունը և ոչ թե հավասարությունը: Հավասարությունը միշտ ենթադրում է հավասարների բազմակիություն` երբեք միավորություն չդարձող, մինչդեռ տարբերությունը բերում է միավորություն, որում տարբերությունը չի ոչնչանում, այլ դառնում է միություն, կյանք, ստեղծագործություն:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

08.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․