Գրքեր

Կողակցի ընտրության փնտրտուքներում

Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2:18)

Դեպի հավերժության արահետով քայլելու և Աստծուն մոտենալու ուղիների հանգրվաններից մեկն ընտանիքն է, որն արարչագործված է Երկնավոր Հոր հոգատար ձեռքով, որպեսզի մարդն ունենա օգնական՝ ամբողջացնելու համար աստվածային նախախնամության կողմից տրված երկրային առաքելությունը և իր սրտում բացահայտելու Աստծուց պարգևած սիրո հրաշքի երփնագույն երանգներն ու նվիրումը իր նմանի հանդեպ: Արդ, լույս աշխարհ եկած անհատի համար իր կողակցի ընտրությունը դառնում է իր կյանքի վերելքի կամ ձախողման պատճառներից մեկը: Հաջողված ընտրության դեպքում երկուսը կազմում են մեկ միություն՝ ընտանիք, փոխլրացնելով միմյանց և Արարչի առաջնորդությամբ մեկ ուղղությամբ միասին քայլելով դեպի հավիտենականության հորիզոնը:

Ակնթարթներից կազմված այս կյանքում շատ մարդիկ փորձում են գտնել, հանդիպել իրենց կողակցին, կամ ինչպես իրենք են ասում, այն միակ մարդուն կամ «երկրորդ կես»-ին, ում կերպարն իրենց աշխարհայացքի համաձայն իրենց ներաշխարհում կերտում են: Սակայն հարկ է նշել, որ «երկրորդ կես» հասկացությունը անտիկ շրջանի փիլիսոփա Պլատոնի մտահղացումն է, այլ ոչ թե Աստծոu կողմից ի սկզբանե յուրաքանչյուր մարդու համար ստեղծված սահմանում: Այս առումով հետաքրքրական են ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ Դմիտրի Սեմենիկի դիտարկումները: Նա նշում է՝ բնականաբար Աստված գիտի այն մարդու անունը, ում հետ կողակցին փնտրող անձը միահյուսելու է իր կյանքը:  Սակայն Նա գիտի նրա անունը ոչ թե այն պատճառով, որ հենց Ինքն է այդպես որոշել, այլ քանի որ Նրան կանխապես ամեն ինչ հայտնի է մեր կյանքի ապագայի մասին և թե ինչպիսի քայլեր ենք կատարելու, կամ ինչպիսի ընտրություն ենք կատարելու: Աստված ժամանակից դուրս է, և Նա է սկիզբը և վախճանը և Նրան հայտնի է ամեն ինչ: Նա չի բռնանում մարդու կամքի վրա և որևէ մեկին չի պարտադրում կյանքի ուղեկցի ընտրության հարցում: Մենք ազատ մարդիկ ենք և մեր կյանքում տեղ չունի ճակատագիր հասկացությունը: Անշուշտ, Երկնավոր Հայրը և պահապան հրեշտակներն ամեն ինչ անում են, որպեսզի մենք լավագույն ընտրության հնարավորությունն ունենանք, որ կարողանանք ընտրել այնպիսի մարդու, ում հետ երջանիկ կարող ենք լինել: Սակայն ընտրությունը հենց ինքներս ենք կատարում, որովհետև մեզ ի վերուստ տրված է ազատություն և ազատ կամք: Եթե այդ ընտրությունը սխալ է լինում, այդժամ կրում ենք այդ սխալի ամբողջ ծանրությունը և հետևանքները, քանի որ ազատության մյուս երեսը մեր արարքների, ցանկությունների պատասխանատվության ստանձնումն է իր բոլոր հետևանքներով: Այսպիսով` մենք կարող ենք նաև սխալվել: Եվ շատ տխուր կլիներ, եթե այս կյանքում միայն մի մարդ կանխորոշված լիներ մեզ համար ընտրության հարցում: Այդ դեպքում անհրաժեշտ էր լինելու միլիոնավոր մարդկանց մեջ փնտրել, գտնել նրան, և ցանկալի չէր լինի, եթե այդ հանդիպումը լիներ արդեն ծերունազարդ հասակի ժամանակ: Բարեբախտաբար, իրականությունն այl է. իրականություն մեջ գոյություն ունեն շատ մարդիկ, ովքեր համընկնում են մեզ իբրև կյանքի կողակից:

Շատերը ցավ են ապրել բաժանվելով այն մարդուց, ով թվացել է իրենց «միակ կես»-ը, ում համարել են իրենց համար ամենալավ մարդն այս աշխարհում: Սակայն, որոշ ժամանակ անց, նույնիսկ կարճ ժամանակում հնարավոր է հանդիպել այնպիսի մարդու, ով շատ ավելի մտերիմ ու լավն է թվում, ավելի համապատասխան: Ինչպես նաև կարելի է նշել՝ որոշ մարդկանց հավաստիացումը, թե սերը մեկ անգամ է լինում, համոզեցուցիչ չէ: Որտեղի՞ց գիտենք, որ մենք այդպիսին ենք: Պարզապես, ինչպես լույսը, անհրաժեշտ է բացել սրտի դռները, և այդժամ հասկանալի կլինի, թե մարդն արդյո՞ք ունակ է կրկին սիրելու: Եթե մարդը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն որոշում է կայացնում այլևս որևէ մեկին չսիրել, մանավանդ այդ որոշումը մեր իշխանության ներքո է, ապա դա չի նշանակում, թե նա կարող է ընդամենը մեկ անգամ սիրել: Սա ներքին հոգեբանական խնդիր է, որը հնարավոր է լուծել: Եթե այդպես լիներ, կյանքում գարունն էլ մեկ անգամ կլիներ: Մարդու սրտում դրոշմված սիրո զգացումը և ճառագումը չի անհետում, որովհետև մարդը ստեղծված է Աստծու պատկերով և նմանությամբ, իսկ Աստված Սեր է: Այլ հարց է, որ անհատը փակվում է ինքն իր մեջ և համարում, որ կյանքում մեկ անգամ է իրական սեր ծնվում կամ լինում: Սա տվյալ անհատի մոտեցումն է, այլ ոչ թե իրականությունը: Իրականում սիրո զգացումը մշտապես էլ կարող է վերածնվել և ծաղկել, ինչպես նոր գարունն է գալիս ու ջերմացնում սառցակալած հողը, որտեղից վեր են հառնում գարնանային ծաղիկները: Հետևաբար կյանքում կարող ենք հանդիպել ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց, որոնց հետ հնարավոր է հասնել փոխադարձ սիրո: Եթե նույնիսկ մեր կյանքը չկապենք նրանցից որևէ մեկի հետ, չի նշանակում, թե մեր կյանքը կործանել ենք: Ժողովրդի մեջ ընդունված հայտնի խոսք է՝ բարի կին ես ունենում, երջանիկ ես լինում, չար կին՝ փիլիսոփա ես դառնում: Սոկրատեսը մոտավորապես այդպես է ասել, ամենայն հավանականությամբ իր անձնական կյանքի փորձառությունից ելնելով: Անշուշտ, փիլիսոփա դառնալը փոքր ձեռքբերում չէ, բայց շատ ավելի մեծ ձեռքբերում է, երբ կարողանում ես լինել համբերատար, խոնարհ, հավատարիմ, պահպանել խաղաղությունն այն մարդու հետ, ում հետ դժվար է ապրել՝ նրա հետ կիսելով կյանքիդ անմնացորդ օրերը: Եվ այս դեպքում ծնված սիրո խորհուրդն ամենաբարձրերից և պայծառներից մեկն է: Համենայնդեպս, ինքներս մեզ ամենալավն ենք կամենում, առավելևս Երկնավոր Հայրը կամենում է երջանիկ ուղի ամեն մարդու համար:

Մենք լսում ենք մարդկանցից, կամ ինքներս ենք ասում՝ Աստված մեզ սիրում է, Աստված Սեր է: Բայց այս խոսքերը հաճախ շատերի համար հնչում են որպես աբստրակտ ինչ-որ բան, որն այնքան հեռու է, որքան հեռավոր փայլատակող աստղերը՝ տիեզերքի երկնակամարում: Սակայն աղոթքներում, աստվածպաշտության տեքստերում ամփոփված խոսքերը, ուր խնդրում ենք առողջություն, անփորձանք կյանք, թեթևություն տարբեր դժվարությունների մեջ, իրականում Երկնավոր Հայրը շատ ավելին է կամենում մեզ համար և Իր շնորհն է, որ խնդրում ենք այդպես: Ուստի մենք իրավունք ունենք փնտրել և գտնել այն մարդուն, ում հետ մտածում ենք, որ կարող ենք երջանիկ լինել և ում կարող ենք սիրել: Այդպիսի մարդուն էլ պայմանականորեն կանվանենք «մեր մարդը», բայց ոչ «երկրորդ կես»: Այսպես ասած «երկրորդ կես» մարդը դառնում է ամուսնությունից հետո:

Շատերը բողոքում են, թե միայնակ են կամ այն մարդու հետ չեն, ում հետ կցանկանային լինել: Սա զարմանալի չէ. այս պարագայում մանավանդ երիտասարդները չեն ապրում գիտակցաբար, իրենց աշխարհայացքից ներս չեն տեսնում իրենց քայլերի և հետևանքների միջև կապը: Որպեսզի գտնես կամ հանդիպես «քո մարդուն», շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է խանգարում նրան հանդիպել կամ տեսնել: Հաճախ գոյություն ունի անհամապատասխանություն այն հարցում, թե ում մասին երազում ես, իրականության մեջ չի արտացոլում քո երազած ակնկալիքը, որովհետև խնդրի էությունն այն է, թե ինքդ ինչպիսին ես: Եթե ցանկանում ես հանդիպել  արքայազնի կամ արքայադստեր, ուրեմն ինքդ նաև դարձիր այդպիսին՝ արքայազն կամ արքայադուստր: Եթե երազում ես հանդիպել այնպիսի մարդու, ով պետք է լինի ազնիվ, հավատարիմ, բարոյական, սակայն ինքդ այդպիսին չես, այդժամ չես կարողանա գնահատել և նկատել այդ մարդուն, երբ նրան հանդիպես: Երբ հանդիպես, նրա համար դժվար կլինի գնահատել քեզ: Հետևաբար անհրաժեշտ է պահանջների մեջ լինել ավելի համեստ, կամ էլ լինել այնպիսին, ինչպիսին այդ բարձր մակարդակն է, որպեսզի արժանի լինես այդ երջանկությանը: Մտահոգիչ է, որ ժամանակակից երիտասարդների միտքը, ուղեղները մանկությունից ի վեր լվանում են՝ հեռուստատեսությամբ, համացանցով, լրատվամիջոցներով՝ հրամցնելով այնպիսի կերպարներ, որոնք կեղծ երջանկության, անկում ապրած մարդու ուղին են գովազդում, այլ ոչ թե առաքինի, հավատավոր անձանց ու բարոյական արժեհամակարգը: Այդպիսով երիտասարդների համար չափորոշիչ են դառնում ոչ թե Աստվածաշնչում նկարագրված խոնարհություն, մաքրություն, առաքինություն ունեցող կերպարները, այլ ինչ-որ աստղեր, երգիչներ, հանցագործներ, անարդարությամբ հարստություն դիզած մարդիկ: Սակայն այսպիսի օրինակներն աղճատում են երիտասարդների լուսավոր ընկալումները և ուղղորդում նրանց դեպի մեղքը: Արդյունքում աղջիկները չափից ավելի նշանակություն են տալիս ֆինանսական հաջողություն ունեցող տղամարդկանց, իսկ տղաները` սեքսուալ գրավչություն ունեցող կանանց: Մի կողմ է մղվում հոգեղենն ու իրական գեղեցիկի, սիրո ճիշտ ընկալումը, զգացումը և իբրև արժեք դիտվում կիրքը, մարմնավորն ու նյութականը: Այդ իսկ պատճառով ներկայումս նորակազմ բազմաթիվ ընտանիքներ արագ քայքայվում են: Եվ այս դեպքում այն մտայնություն է տիրում, իբր ազնվությամբ, մաքրությամբ, առանց մեծ նյութական հնարավորությունների երջանիկ ընտանիք կազմելն իրատեսական չէ: Այսպիսի երիտասարդները լսում և ընդունում են այն ամենը, ինչ մատուցում ու հրամցնում է նրանց համացանցը, լրատվամիջոցը, հեռուստատեսությունը, ֆիլմերը, երգերը, տեսահոլովակները: Մեզ վրա ազդում են ոչ միայն լրատվամիջոցները, այլև շրջապատը: Ընկերները, բարեկամները կարող են ակնածանքով նայել մեկ ուրիշի «երջանկությանը» և այդպիսի կերպարը ցանկանալ իրենց և մյուսների համար: Բայց առաջին հերթին մենք չգիտենք, թե տվյալ մարդիկ ինչքանով են երջանիկ կամ այդ երջանկությունն ինչքան կարող է տևել: Երկրորդ՝ եթե նույնիսկ երջանկություն է, այն օտար է և կարող է չհամապատասխանել մեզ: Անհրաժեշտ է մեր սեփական երջանկությունը: Մյուս կողմից՝ մեղքը մշտապես բերում է ցավ և տառապանք: Դա ցայտուն երևում է հատկապես ընտանեկան կյանքում: Շատ ավելի բնորոշ վիճակ է, երբ ընտանիքի որևէ անդամ հրապուրվում է ինչ-որ անձով և ընկնում բղջախոհության, շնության մեղքի մեջ: Եվ տվյալ անհատը, վարելով նման կյանքի վարքագիծ, իր խղճի առաջ փորձում է արդարանալ և փոխզիջման գալ և այդպիսով ավելի և ավելի է հեռանում իր երջանկությունից: Եթե մենք հոգևոր կյանքով չենք ապրում և չենք աշխատում ինքներս մեր անձի, հատկապես ներաշխարհի կատարելագործման վրա, նման սխալներ շրջանցելը դառնում է ավելի անխուսափելի: Այդժամ ընտանիքը հայտնվում է փլուզման եզրին: Երբեմն էլ ծնողները կարող են ազդել երեխաների վրա, ինչպես, օրինակ, միայնակ մայրը կարող է իր աղջկան ներշնչել բոլոր տղամարդկանց հանդեպ անվստահություն: Եվ աղջիկը ենթագիտակցորեն կարող է զգուշանալ մարդկանցից և խուսափել նաև լավ, բարեպաշտ անձանցից, երբ իր կյանքում նրանք հանդիպեն, քանի որ չի վստահում նրանց՝ ունենալով իր դժբախտ, միայնակ մոր օրինակը... Նույնիսկ մեկ մանկական տպավորությունը հնարավոր է մեծ ազդեցություն թողնի մարդու վրա, եթե անհատը այն չնկատի և չհաղթահարի: 

Անհրաժեշտ է վերլուծել անձնական կյանքը, մանկությունից մինչև ներկան, գտնել վարքագծի անձնական պատճառները, նախասիրությունները: Երբ անհատն անկեղծ ինքնաճանաչման այդ փուլով անցնի, ունակ է հաղթահարել հատկապես ներքին խանգարող հանգամանքները:  Խոսքով հասցված վերքը, խոսքով էլ բժշկվում է: Եթե անձը դժվարանում է ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից, կարող է դիմել հոգևորականի, հոգեբանի օգնությանը: Եթե մենք առողջ աշխարհայացք ունենք, հասկանում ենք, թե ինչ է սերը, ընտանիքը, ինքներս մեր անձի հանդեպ աշխատում ենք, ապա ընտրության հարցում սխալի հավանականությունը փոքր է լինում: Եվ մարդու զգացմունքները պետք է սիրո նման լինեն, այլ ոչ թե կրքի, կամ սիրային կախվածության: Համենայնդեպս շատ երիտասարդներ իրական սերը շփոթում են կրքի, սիրահարվածության և դրանցից կախվածության հետ:  Իրականում սերը ներդաշնակ հոգեվիճակ է, այլ ոչ թե հրդեհ, պայթյուն, կրակի հրափայլ լեզուներ կամ փոթորիկ: Ճշմարիտ սիրո առանձնահատկություններից մեկն էլ զգացմունքների փոխադարձ լինելն է: Ընտրության հարցում կարևոր են նաև համընկնումները, որոնք երջանիկ ընտանիք կազմելու գրավականներից են:  Որպեսզի հնարավոր լինի հասկանալ անհատի որակները, ցանկալի է նրա հետ ծանոթ լինել առնվազն մեկ տարի, երբեմն վեց ամիսն էլ է բավարար: Եվ ոչ թե պարզապես միայն ծանոթ լինել, այլ ճանաչել նրան տարբեր իրադարձություններում՝ աշխատանքի, դժվարությունների մեջ, ընկերների և իր ընտանիքի անդամների փոխհարաբերության մեջ: Ինչպես որ նա իր ծնողներին է վերաբերվում, հավանականությունը մեծ է, որ այդպես էլ հետագայում ձեզ հետ է վերաբերվելու: Զուր չեն ասում՝ սիրել, նշանակում է ճանաչել: Ռեալ ճանաչողության մեջ մարդիկ միմյանց ավելի են սիրում, կամ էլ սառում են մեկմեկու հանդեպ: Իրական ճանաչողությունը սիրո փորձաքարն է: Հետևաբար իրական սեր հաճախ ծնվում է ամուսնությունից հետո, երբ մարդիկ սկսում են իրար ճանաչել մանրուքների մեջ կամ էլ փլուզվում են յուրաքանչյուրի սիրո ակնկալիքների պատկերացումները մյուսի նկատմամբ: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միմյանց աշխարհայացքին, արժեհամակարգին: Ի՞նչն է քո ընտրյալի համար կյանքի իմաստը: Ինչպե՞ս է հասկանում ընտանիքի նպատակը, իր դերը ընտանիքում և այլն: Ի՞նչ է մտածում է երեխաներ ունենալու և նրանց դաստիարակության հարցի շուրջ: Քանի՞ երեխա է ցանկանում ունենալ: Ինչպիսի՞ն են նրա կրոնական հայացքները, կրթության և նյութական հարցերում: Ինչքան համընկնումները շատ են, այդքան ավելի ամուր ընտանիք է կազմվում: Եթե ունեք ընկերներ, ովքեր կիսում են ձեր աշխարհայացքը և եթե նրանց վստահում եք, կարող եք հարցնել նաև նրանց կարծիքն ու խորհուրդը ձեր ընտրյալի մասին: Կողմնակի մարդը շատ անգամ ավելին է նկատում, քան ինքդ: Այդպիսի ընկերներ կարող են լինել նաև ծնողները, հոգևորականը:

Հատկանշական է, որ գոյություն ունի մի հստակ նշան, որ տվյալ անհատը կարող է լինել ձեր կյանքի կողակիցը, այսինքն՝ նրա ներկայությամբ լարվածություն չեք զգում, այլ ձեզ լավ եք զգում: Եվ անկախ նրանից, թե ինչ եք անում և ինչպես եք գործում նրա ներկայության դեպքում,  պարզապես ձեզ միշտ լավ եք զգում: Փոխհարաբերություններում ոչ բոլոր մարդկանց հետ հաղորդակցվելիս այդպիսի զգացում է լինում և եթե այդժամ քեզ համապատասխան մարդ է, նրա հետ որտեղ էլ լինես, միանշանակ ինքդ քեզ լավ ես զգում: Եվ ամփոփենք Անտուան դը Սենտ-Էքզյուպերի մտավորականի հայտնի խոսքերով, թե՝ սիրել չի նշանակում նայել մեկմեկու, սիրել՝ նշանակում է նայել միևնույն ուղղությամբ:

 

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

 

19.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․