Գրքեր

Կրկնազատիկ

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Արդեն մեկ շաբաթ է, ինչ միմյանց ողջունում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը փոխանցելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. մեզ և ձեզ՝ մեծ ավետիս»: Այս կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, քանզի Տիրոջ հարությամբ սկսվում է մահկանացուներիս համար բոլորովին մի այլ դարաշրջան, մի այլ կյանք, այլ պատկերացումներ, այլ սպասելիքներ, այլ հոգեկերտվածք, այլ վարքագիծ: Ի վերջո, ի՞նչ է նշանակում «Զատիկ», եթե ոչ՝ զատվել, հեռանալ, առանձնանալ անցայլից, անցյալի խորհուրդներից, գործերից, արարքներից, քայլերից, ձգտել և դառնալ նոր մարդ՝ նոր խորհուրդներով, նոր գործերով, նոր խոսքերով: «Զատկից» են առանձնանում մահն ու հարությունը, զատվում են անցյալն ու ապագան, հին մարդն ու նոր մարդը: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մեջ, որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության՝ հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ: Նրանց թվում և մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով և կատարում մարմնի ու մտքի ցանկությունները. և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք ուրիշների նման: Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետև շնորհով փրկվեցինք): Նրա հետ հարություն տվեց մեզ և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք բոլոր դարերում ցույց տա իր շնորհի անչափելի մեծությունը մեր նկատմամբ՝ քաղցրությամբ ի Քրիստոս Հիսուս. որովհետև Աստծու շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով, և ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծու, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա. որովհետև նրա արարածներն ենք՝ Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք» (Եփեսացիներ 2:1-10): Մեզանից ևս՝ իբրև քրիստոնյաներից, Աստված հարություն է ակնկալում, քանի որ Ինքն իսկ է Հարությունն ու Կյանքը, որը պարգևել է մեզ: Հարություն կլինի, երբ մենք մեր մեղքերի անդունդից վեր բարձրանանք և մեղքերը մեր վրայից թոթափելով՝ սլանանք դեպի Աստված, հարություն կլինի, երբ մենք պատվիրանապահ լինենք, հարություն կլինի, երբ մենք չմոռանանք մեր Տիրոջ շարունակաբար պատարագվելը, չանտեսենք այն և սուրբ հաղորդություն ստանանք, հարություն կապրենք՝ չանտեսելով մեր մայր եկեղեցին և Սուրբ Գրքի ընթերցանությունը, հարություն կապրենք՝ ձեռք մեկնելով և հարություն պարգևելով ընկածին, ինչպես վարվեց բարի սամարացին: Հարություն է, երբ մենք հրաժարվելով մեր մեջ եղած հին մարդուց, կհագնենք նոր մարմին և նոր հոգի: Քանի որ ինչպես ակնահաճո են գարնան զարթոնքը, նորացած ծառերն ու ծաղիկները, նոր կանաչը՝ ձմեռային միապաղաղ ճերմակից հետո, այնպես էլ Մեծի Պահոց հիսնօրյա ապաշխարությունից հետո, պիտի զարթնի մեր հոգին, մեր մտքերը պիտի վեր հառնեն թմբիրից, պետք է փայլի մեր լույսը, մեր սրտերից սեր պիտի ճառագի, մեր ձեռքերով նորանոր բարիքներ պիտի արարվեն, մեր ոտքերը պիտի շտապեն Աստծո տաճարից նոր կյանքի ու հարության ավետիսը տալու մարդկանց, մեր շուրթերը պիտի խոսեն Աստծո մասին, պիտի պատմեն Նրա Արքայության մասին, մեր շուրթերը պիտի սաղմոսներ երգեն մեր Փրկչին: Պետք է հարություն ապրի մեր աղոթքն առ Աստված, պետք է նոր թափ ստանան մեր ուխտագնացությունները: Մենք չպիտի վախենանք փորձություններից, քանի որ դրանք էլ մեր հոգու արթնության դրսևորումն են, դրանք նույնպես միտված են նպաստելու մեր հարությանը և մեր զգաստությանը: Մենք գիտենք, որ մեր Տերը չի լքել մեզ: Մեր Տիրոջ հարությամբ փոխվում է ամեն բան այս աշխարհում, Նրա հարությամբ վերարժևորում են ստանում ամեն տեսակ հարաբերություն, յուրաքանչյուր գաղափար, յուրաքանչյուր միտք, խոսք, գործ, աշխատանք, զգացմունքներ և զգացումներ, հիշողություններ և վերաբերմունք: Ամեն ինչ մենք փորձում ենք հետայսու անցկացնել Քրիստոսի հարության քուրայով: Եթե այն չանհետանա, այլ ավելի թրծվի, նշանակում է՝ լիովին արժանի է հարատևման: Մինչդեռ եթե որևէ իրողություն, որևէ երևույթ հարության մաղով չանցնի, նշանակում է՝ Արարչի կողմից դատապարտված է ոչնչացման: Իզուր են ամեն ջանադրություն, ամեն տեսակ չարչարանք, եթե դրանք հարության գաղափարով ողողված չեն, քանի որ Աստծո Միածին Որդու մահն ու հարությունն են կազմում ողջ արարչագործության առանցքը: Արհամարհել ու անտեսել Աստծո սահմանած մեռելների հարությունը և ընթանալ առաջ, սեփական կյանքը կառուցել, աշխարհներ շրջել, տիեզերական հեղաշրջումներ կատարել ունայնություն է: Չճանաչել և չսիրել ողջ տիեզերքի Արարչին, չհավատալ հարությանը, նշանակում է ապրել կարճատև մի կյանք, զրկել սեփական հոգին արարած բարիքով ցնծալու հնարավորությունից, Արարչի պես սեր հորդելուց, ներելու, հոգ տանելու, մխիթարիչ խոսքեր ասելու քաղցր զգացումից: Եթե մենք կարևորում ենք մեր հավատն առ Աստված, ապա հարության անհրաժեշտություն են ստանում ծնողների հետ մեր հարաբերությունները, մեր զավակների դաստիարակությունը, վերադասների և ենթակաների հետ մեր ունեցած փոխհարաբերությունները, թշնամիների նկատմամբ մեր վերաբերմունքը, հարևանների հետ մեր նիստուկացն ու խոսքն ու զրույցը, ամուսնաընտանեկան մեր պատկերացումներն ու գաղափարները, հայրենիքի նկատմամբ մեր պարտականությունները: Եթե հարություն ապրի այս ամենը, հարություն կառնենք մենք ինքներս, նոր մարդը կծնվի մեր մեջ, և մենք միշտ պատրաստ կլինենք մեր Տիրոջ Գալստյանը: Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակում Պողոս առաքյալն ասում է. «Չքնենք մնանք, ինչպես ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև ովքեր ննջում են, գիշերն են ննջում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում, իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթուն լինենք և սիրո ու հավատի զրահները և փրկության հույսի սաղավարտը դնենք. որովհետև Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ փրկությունը ժառանգելու համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով. Նա մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե ննջենք, նրա հետ միասին ապրենք» (Ա Թեսաղոնիկեցիներ 5: 6-10):

Սիրելինե՛ր, հիշենք, որ առանց հոգու հարության՝ չկա փրկություն, ինչպես առանց գործերի՝ չկա ճշմարիտ հավատ: Ուստի ամենակարևոր հարությունը պատվիրանապահությունն է, դրանով է, որ երևալու է թե՛ մեր հոգու վերածնունդը, թե՛ քրիստոնյա լինելը, թե՛ մեր սպասումը: Դրանից հետո միայն մենք կարող ենք ակնկալել նաև հարությանը հաջորդող փրկությունը, որ մեր Տերը խոստացել է մեզ: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

23.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․