Գրքեր

Կրքերի դեմ պայքարում տառապող հոգիներն արժանանում են Աստծու մեծ սիրուն ու շնորհին

- Մի բան էլ իմացեք,- մի առիթով ասաց ծերը։- Տառապող, վշտակիր հոգիները, որ տանջվում են կրքերից, արժանանում են Աստծու մեծ սիրուն ու շնորհին։ Նման մարդիկ սրբանում են, իսկ մենք հաճախ քննադատում ենք նրանց։ Հիշե՛ք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը․ «Որովհետև, ուր մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ․ 5։20)։

Երբ հիշեք սա, կզգաք, որ կրքերից տառապող մարդիկ ավելի արժանավոր են քան ես և դուք։ Մենք նրանց տեսնում ենք, որ նրանք տկար են, բայց երբ նրանք բացվեն Աստծու առջև՝ սիրով կլցվեն, բերնեբերան կլցվեն աստվածային սիրով ու Աստծու հանդեպ տենչով։

Թեև նրանք այլ բանի են սովոր, բայց հետո իրենց հոգու ողջ զորությունը տալիս են Քրիստոսին ու կրակի պես բոցավառվում են Քրիստոսի սիրուց։ Այդպես է կատարվում Աստծու հրաշքը այն հոգիներում, որոնց մենք կոչում ենք կորած։

Չհուսահատվենք, չշտապենք, չդատենք մակերեսային ու արտաքին գործոններով։ Եթե, օրինակ, մերկ կամ անպարկեշտ հագուստով կին եք տեսնում, կանգ մի՛ առեք արտաքինի վրա, այլ խորամուխ եղեք նրա հոգու խորքը։

Հնարավոր է, որ դա մի շատ լավ հոգի լինի, որ կյանքի իմաստի փնտրտուքների մեջ է, որն էլ արտահայտում է իր տարօրինակ արտաքին տեսքով։ Նրանում դինամիզմ, ցուցադրական ուժ կա, նա ուզում է մարդկանց հայացքը գրավել։ Սակայն անգիտության պատճառով դա անում է անհեթեթաբար։

Խորհե՛ք, իսկ եթե նա ճանաչի՞ Քրիստոսին։ Նա կհավատա և իր ողջ էներգիան կուղղի դեպի Քրիստոս։ Նա ամեն ինչ կանի Աստծու շնորհը ձգելու համար, և կսրբանա։

Մեր դրսևորման տեսակներից մեկը՝ եսասիրությունը, կայանում է նրանում, որ մյուսներից պահանջում ենք, որ նրանք լավը դառնան։ Իսկ իրականում ինքներս ենք ցանկանում լավը դառնալ, բայց քանի որ չենք կարող, ուրիշներից ենք դա պահանջում ու պնդում․․․ Եվ վիճակը աղոթքով շտկելու փոխարեն, մենք հաճախ տրտմում ենք, զայրանում ու դատում։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

16.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․